#իվենթաPAN
March 21

«Նամուս» ծխախոտը, Չարենցի այրված «Ստանդարտն» ու Կոնսի ուսանողներով սիմֆոնիկը. 1 դար առաջվա Հայաստանի իվենթները

Եթե մեկ դար առաջ մեր նախնիներին ասեին, որ 100 տարի անց մարդիկ երբ ուզեն ու որքան ուզեն՝ պնդելու են իրենց կարծիքը Facebook-ում, կիսվելու են նախաճաշով Instagram-ում ու պարելու են TikTok-ում, մեծ հավանականությամբ, նրանք ոչինչ չէին էլ հասկանա։ Ու երանի իրենց։ Բայց մենք հնարավորություն ունենք վերհիշելու, թե ինչ էր կատարվում Խորհրդային Հայաստանի մշակութային կյանքում ուղիղ 100 տարի առաջ։ Դե, կամ էլ` +- 100 տարի առաջ։

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գուցե սկսենք նրանից, որ 1924 թվականի սեպտեմբերին Եղիշե Չարենցն ավարտում է «Երկիր Նաիրի» վեպի երրորդ մասն ու առաջին անգամ վեպը տպագրվում է 1925 թվականին։ Բայց 1924 թվականը կարևոր է նաև Չարենցի ու գրական մամուլի պատմության համար այլ, պակաս հայտնի իրադարձությամբ։ 1924 թվականին Չարենցի, Կարո Հալաբյանի և Միքայել Մազմանյանի համագործակցությամբ լույս է տեսել «Ստանդարտ» գրական հանդեսի առաջին և միակ համարը։


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


«Ստանդարտը» պիտի իրականացներ «Երեքի» դեկլարացիայի հիմնադրույթները։ Հիշեցնենք, որ «Երեքի» դեկլարացիան գրական առաջին մանիֆեստն էր Խորհրդային Հայաստանում, որ հեղինակել էին Եղիշե Չարենցը, Գևորգ Աբովը և Ազատ Վշտունին։ Այն տպագրվել է 1922 թվականին ու կոչ էր անում հեղաշրջել գրական սովորույթները և հաստատել նոր բովանդակություն։ Ահա հատված «Երեքի» դեկլարացիայից՝

«Ներկա հայ բանաստեղծությունը մի թոքախտավոր է, որ անխուսափելիորեն դատապարտված է մահվան: Նրա գոյության միակ արդարացումը—մահամերձ լինելն է։ Նրա տրադիցիաները նման են թոքախտավոր երեխաների, որոնք, բացի վարակումից, ոչինչ չեն առաջացնելու… …Մենք հանդես ենք գալիս որպես ախտահանողներ: Մենք բերում ենք մեզ հետ մաքուր օդ և երկաթե առողջություն։ Քաղքենի նացիոնալիզմին մենք հակադրում ենք պրոլետարական ինտերնացիոնալիզմը»:

Վերադառնալով «Ստանդարտ» հանդեսին։ Անուշ Թասալյանի վերլուծությունը հանգում է այն եզրակացությանը, որ «Ստանդարտը» ոչ միայն գրականություն, այլ նաև նկարչություն, ճարտարապետություն, կինո և թատրոն լուսաբանող յուրօրինակ շտեմարան պիտի դառնար, որովհետև «գրվում էր ոչ թե հեղափոխության մասին, այլ հենց հեղափոխության համար»:

Բայց սպասելիքները չարդարացան։ «Ստանդարտ»-ն էլ թիթեռնիկի կյանք ունեցավ։ Չարենցը մի օրինակ տվել էր Ալեքսանդր Մյասնիկյանին։ Մյասնիկյանն էլ կարդացել, քննադատել էր անընդունելի գաղափարներն ու հորդորել վերացնել բոլոր օրինակները։

«Հենց նույն երեկոյան, հուլիսի 1-ին, վառեցինք մեր հանրակացարանի խոհանոցի մեծ պլիտան ու կրակին տվինք այնքան սիրով գլուխ բերած մեր «Ստանդարտը», ֊ Միքայել Մազմանյան, «Հիշողություններ Եղիշե Չարենցի մասին», 1961 թ.

Տխուր թեմաներից շեղվելով փաստենք, որ այս շրջանում նաև կարևոր ձեռքբերումներ են եղել։ Օրինակ՝ 1924 թվականի հունվարին Երեւանում հիմնադրվեց «Գիրք» հրատարակչական ընկերությունը՝ Մարտիրոս Սարյանի ղեկավարությամբ։

Ուղիղ 100 տարի առաջ է սկսվել նաև «Հայաստանի աշխատավորուհի» հասարակական–քաղաքական, գրական–գեղարվեստական պատկերազարդ ամսագրի տպագրությունը։ Այս շրջանում ամսագիրն անդրադառնում էր կանանց խնդիրներին, պայքարում աշխատավոր կնոջ իրավունքների համար, փորձում ներկայացնել և ամրապնդել հայ կնոջ դերն ու կարևորությունը տարբեր բնագավառներում։

1920-ականներին կտրուկ ավելացել է նաև գրադարանների թիվը։ 1924 թվականին բացվել է Ստեփանակերտի մարզային գրադարանը: Ի դեպ, թույլ տվեք մի պահ շեղվել 100 տարվա սկզբունքից ու փաստել, որ Հայկական բարեգործական ընկերության Շուշիի բաժանմունքի ջանքերով դեռ 1859 թվականին Շուշիում հիմնվել է առաջին գրադարան-ընթերցարանը: Իսկ 1889-1896 թվականներին գրադարանից օգտվողների 85 տոկոսը հայեր էին, 8 տոկոսը՝ ռուսներ, ու միայն 4 տոկոսը թուրքեր։

ՖԻԼՄ

Հարյուրամյա հետադարձ հայացքը թերևս ամենադիպուկ արտացոլումը հայկական կինեմատոգրաֆի դեպքում է ստանում։ 1923 թվականին որոշվում է ազգայնացնել մասնավոր կինոթատրոնները և հիմնել «Պետկինո» կազմակերպությունը։ Սա հայկական կինոարտադրության սկիզբն էր և այս սկիզբն ազդարարվեց հայ գեղարվեստական կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանի «Նամուս» գեղարվեստական ֆիլմով։

1924 թվականին Պետկինոյի տնօրեն Դանիել Դզնունին է նախաձեռնել հայկական առաջին խաղարկային կինոնկարի ստեղծումը և հենց ինքն էլ կինոբեմադրությունն առաջարկել է Համո Բեկնազարյանին: Տարիներ անց Բեկնազարյանն ասում էր՝

«Կարդալով Շիրվանզադեի վեպը` ես տեսնում էի իմ ապագա ֆիլմը… Ես տեսա ֆիլմն ավելի շուտ, քան դերասանները կկանգնեին կինոապարատի առջև»:

1925 թվականին նկարահանված ֆիլմը Հայֆիլմի առաջին արտադրանքն է։ Նկարահանվել է Շիրվանզադեի համանուն դրամայի հիման վրա ու սկիզբ դրել հայ համր կինոյի տասնամյա շրջանին։

«Նամուս» ֆիլմը մեծ հաջողություն էր գրանցել ոչ միայն Երևանում, այլև՝ Մոսկվայում։ Մեծ էկրան բարձրանալուց շուրջ կես տարի անց ֆիլմը սկսեց ցուցադրվել նաև Մոսկվայում՝ Малая Дмитровка կինոթատրոնում: Ֆիլմի պատվին կինոթատրոնի նախամուտքն այդ շրջանում կովկասյան ոճի մեջ էին ձևավորել։

Դեռ այն ժամանակ PR արշավները բավականին արդյունավետ էին։ Օրինակ «Նամուս» ֆիլմը դիտողների թիվն ավելացավ, երբ մոսկովյան «Յավա» ծխախոտային ֆաբրիկան հատուկ խմբաքանակով համանուն ծխախոտ սկսեց արտադրել։

Առհասարակ, ծանոթ լինել Բեկնազարյանի ժառանգությանը նշանակում է ծանոթ լինել հայկական կինոարվեստի առաջին տասնամյակին։

Այդ ընթացքում նկարահանվել են «Կիկոս», «Գիքոր», «Շոր եւ Շորշոր» ու այլ համր ֆիլմեր։ Եվ միայն տասը տարի հետո՝ 1935 թվականին ստեղծվել է հայկական կինեմատոգրաֆի առաջին հնչյունային ֆիլմը՝ «Պեպոն»։

Վերադառնալով «Նամուս» ֆիլմին։ Սեյրանի և Սուսանի ողբերգական սիրո մասին ֆիլմը «Հայֆիլմ» կինոստտուդիայում վերականգնվեց և ձայնագրվեց 1969 թվականին։

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

Ուղիղ հարյուր տարի առաջ է կազմավորվել Հայաստանում առաջին սիմֆոնիկ նվագախումբը և նույն՝ 1924 թվականին Երևանում տեղի է ունեցել առաջին սիմֆոնիկ համերգը՝ Ալեքսանդր Սպենդիարյանի ղեկավարությամբ։

Հիմա ամեն ինչ հերթով։ 1924 թվականին Ռոստովից Երևան տեղափոխված և նորաստեղծ կոնսերվատորիայում դասախոսող երաժշտագետ Դավիթ Սոլոմոնյանը Երևանի զբոսայգիներում նախաձեռնում է «ամառային սիմֆոնիկ համերգների շարք»։ Երևանում անհրաժեշտ կատարողական ուժեր չկային և Սողոմոնյանի ջանքերով ու ստորագրված պայմանագրի համաձայն Թբիլիսիից երաժիշտների խումբ է ժամանում Երևան։

Ու հենց այսպես 1924 թվականի ամռանը Երևանի զբոսայգիներում առաջին անգամ հնչում է սիմֆոնիկ երաժշտություն, իսկ Թբիլիսիից ժամանած նվագախումբը ղեկավարում էր հայ դիրիժոր Ալեքսանդր Մելիք-Փաշաևը։

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի փոխանցած տեղեկություններով 10 երաժշտից բաղկացած նվագախմբի կազմում էին երկու առաջին ջութակ, երկու երկրորդ ջութակ, մեկ ալտ, մեկ թավջութակ, մեկ կոնտրաբաս, մեկ սրինգ, մեկ կլարնետ և դաշնամուր:

«Շատերի համար եվրոպական երաժշտական գործիքները նորություն էին։ Այդ տարիներին Սողոմոնյանի արածը իսկական սխրանք էր»:

Ու կրկին 1924 թվական։ Ալեքսանդր Սպենդիարյանը Հայաստանում համերգ ունենալու հրավեր է ստանում ու ժամանում Երևան։ Բայց Սպենդիարյանին համերգի համար նվագախումբ էր անհրաժեշտ։ Նա հանդիպում է կոնսերվատորիայի տնօրեն Արշակ Ադամյանին ու ասում, որ պիտի սիմֆոնիկ նվագախումբ ստեղծեն՝ հենվելով կոնսերվատորիայի ուժերի վրա։

Արշակ Ադամյանի համար սա ոչ միայն զարմանալի, այլև խիստ «վտանգավոր» առաջարկ էր, որովհետև կոնսերվատորիան նորաստեղծ էր, իսկ ուսանողները դեռ բավարար մասնագիտական հմտություններ չունեին։ Ավելին՝ փողային գործքներ նվագող երաժիշտներ էլ չկային։ Բայց Սպենդիարյանին ոչ մի պատճառաբանություն չէր հետաքրքրում։ Արձագանքը մեկն էր՝

«Ոչինչ, Արշակ Աբգարովիչ, այդ ամենը մենք կհաղթահարենք»:

Միայն տարիներ անց տարբեր հուշերից հավաքվում է այս օրերի պատկերը։ Կոնսերվատորիայում Սպենդիարյանին դիմավորելիս Ռոմանոս Մելիքյանն ուսանողներին ասել էր՝

«Այսօր բոլորիս համար պատմական նշանակալից օր է: Մեր սիրելի Ալեքսանդր Աֆանասեւիչի գլխավորությամբ եւ ղեկավարությամբ հիմք ենք դնում լարային նվագախմբին, եղե՛ք լրջամիտ եւ ուշադիր: Շնորհակալ ենք մեր մեծ երաժշտից, որ համաձայնեց հանձն առնել այս կարեւոր գործի ղեկավարությունը, եւ որի նշանակությունն այնքան մեծ է մեր մշակութային կյանքում»:

Սիմֆոնիկ նվագախմբի առաջին, նախատիպային կազմում 18 երաժիշտ կար։ Նվագախմբի անդամներից Խորեն Թորջյանը հիշում է՝

«Մենք պատկերացնել անգամ չէինք կարող, թե որքան դժվար է անփորձ ուսանողներով եւ թերակազմ նվագախմբով, որտեղ բացակայում են փայտյա եւ պղնձյա փողային մի շարք գործիքներ, կատարել լրիվ կազմի համար գրված սիմֆոնիկ երկեր»:

Պատկերացնել անգամ չէին կարող, բայց ստացվեց։ Ուսանողական նվագախումբը հաջողեց և հաջորդող տարիներին ընդլայնեց իր կազմը։

Կոմիտասի անվան քառյակը ևս ստեղծվել է հարյուր տարի առաջ՝ Մոսկվայի կոնսերվատորիայի ուսանողներ Ավետ Գաբրիելյանի, Լևոն Օհանջանյանի, Միքայել Տերյանի և Սարգիս Ասլամազյանի նախաձեռնությամբ: ԽՍՀՄ տարբեր քաղաքներում, նաև Հայաստանում մի քանի տարի հաջող ելույթներից և արժանացած կոչումներից հետո, 1932 թվականին Հայկական ԽՍՀ կառավարությունը քառյակին շնորհել է Կոմիտասի անունը։

ԹԱՏՐՈՆ

Խորհրդային Հայաստանի թատերական կյանքի մասին խոսելիս ևս շուրջ 100 տարի հետ պիտի գնանք։ 1922 թվականին Երևանում բացվեց առաջին պետական դրամատիկական թատրոնը, որը 1937 թվականին կոչվեց Գաբրիել Սունդուկյանի անունով։

Թատրոնում բեմադրված առաջին ներկայացումը Սունդուկյանի «Պեպոն» էր, բայց տարիների ընթացքում թատրոնի խաղացանկը հագեցավ թե՛ հայ դրամատուրգիայի նմուշներով՝ «Նամուս», «Պատվի համար»…, թե՛ համաշխարհային դասականններով՝ «Օթելլո», «Լիր Արքա»…

Իսահակ Ալիխանյանը և Լևոն Քալանթարը կարողացան համատեղել ազգային թատրոնի առանձնահատկություններն ու Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի մեթոդաբանությունը և ստեղծեցին ժամանակի շունչն արտահայտող, ավանդականն ու նորարարականը միաձուլող թատրոն։

Հենց այս բեմում էլ բացահայտվեցին հայ բեմի մեծ անունները՝ Վահրամ Փափազյան, Հովհաննես Աբելյան, Հրաչյա Ներսիսյան, Օլգա Գուլազյան, Գուրգեն Ջանիբեկյան, Դավիթ Մալյան, և այս ցանկը երկար է շարունակվում։

Ամփոփելով՝ վերհիշենք նաև հարյուր տարի առաջ ծնված մեծանուն հայերին։ 1924 թվականին են ծնվել կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը, նկարիչ Լևոն Կոջոյանը, բանաստեղծ Պարույր Սևակը, օպերային երգչուհի Գոհար Գասպարյանը, ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը։ Մշակութային այս գործիչները շարունակեցին զարգացնել ու համեմել մինչև 1924 թվականը ձևավորված մշակութային կյանքը և կերտեցին հաջորդող հարյուրամյակի մշակութային Հայաստանը։


✍️ Նանե Մանուկյան / PAN