#իվենթաPAN
December 26, 2024

Պատերազմներ, սկանդալներ, թանկացումներ ու AI-ը՝ ամենուր. Ինչպես կհիշվի խառն ու անկայուն 2024-ը

«Այստեղ ամեն բան փոքր-ինչ խառն է». Time ամսագիրը 2024 թվականն այսպես է բնութագրել։ Երբ հետադարձ հայացք ես գցում անցնող տարուն՝ տպավորություն է, թե Time-ը բավականին մեղմ է արտահայտվել։ Սա այն տարին էր, երբ արհեստական բանականությունը սկսեց պոեզիա գրել, գիտնականներն առաջին անգամ մարդուն խոզի երիկամ փոխպատվաստեցին, Թեյլոր Սվիֆթն ավելի շատ գումար վաստակեց, քան որոշ պետությունների պետական բյուջեն է, հայտնի ռեփերները հայտնվեցին մեղադրյալի աթոռին, Թրամփը կրկին դարձավ նախագահ… Միակ անփոփոխ և կայուն երևույթը, թերևս, այն էր, որ այս տարի ևս Երևանում Չկայացավ Սնուփ Դոգի համերգը։

Վստահաբար, այս ցանկում շատ «թերի» հատվածներ կարելի է գտնել, բայց մեծ ցանկության դեպքում էլ անհնար կլիներ անդրադառնալ բոլորին ու ամեն ինչին։ Հետևաբար, «ավել-պակասի» համար ներողություն չենք խնդրում և առաջարկում, որ դուք էլ ավելացնեք ձեր մտքին եկած իրադարձությունները։

ՄՇԱԿՈՒՅԹ. ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՀՈԼԻՎՈՒԴ

Տարվա ամփոփումը սկսենք ամենահաճելի արձանագրումներից։ Օրինակ՝ 2024-ը Հայաստանում նշանավորվեց կարևոր հոբելյաններով։ Տարին առանձնահատուկ էր Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի հարյուրամյակի միջոցառումներով, որոնք ներառեցին համերգներ, ֆիլմերի ցուցադրություններ և գրքերի շնորհանդեսներ՝ նվիրված այս երկու հանճարեղ արվեստագետին:

Հայ կինոն նույնպես հագեցած տարի ունեցավ, բայց օբյեկտիվորեն պետք է առանձնացնել Շողակաթ Վարդանյանի «1489» վավերագրական ֆիլմը։ 44-օրյա պատերազմում անհետ կորած եղբոր և իր ընտանիքի անցած բարդագույն ճանապարհի մասին Շողակաթը պատմեց կինոյի լեզվով։ Այս պատմությունն արժանացավ միջազգային ճանաչման, ֆիլմը ցուցադրվեց միջազգային փառատոների շրջանակում, ստացավ մրցանակներ։ Ֆիլմի հաղթարշավը սկսվել էր դեռևս Ամստերդամի IDFA կինոփառատոնից, որտեղ «1489»-ը ճանաչվել էր «Լավագույն ֆիլմ»։

Միջազգային կինոասպարեզում հայերի հաջողությունները շարունակվեցին Կաննի կինոփառատոնում, որտեղ Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմն արժանացավ գլխավոր՝ «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին։ Սա առաջին ամերիկյան ֆիլմն էր 2011 թվականից հետո, որն արժանացավ այս մրցանակին։

Սահուն անցում կատարենք համաշխարհային կինոյի վերջին տարիների ամենաքննարկված ու հաջողված ֆիլմերից մեկին։ Տարին նշանավորվեց «Օփենհայմեր»-ի տպավորիչ հաջողությամբ, որը ստացավ «Օսկար»-ի յոթ արձանիկ, ներառյալ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: Քրիստոֆեր Նոլանի այս աշխատանքը վերջապես բերեց նրան վաղուց արժանի մրցանակներն ու արձագանքը։

2024-ը հատկանշական էր նաև իմպրեսիոնիզմի 150-ամյակի տոնակատարություններով: Ճիշտ 150 տարի առաջ Կլոդ Մոնեն, Պոլ Սեզանն ու ևս 28 արվեստագետ կազմակերպեցին առաջին իմպրեսիոնիստական ցուցահանդեսը, որը թեև սկզբում քննադատների կողմից մերժվեց, սակայն հետագայում դարձավ արվեստի պատմության ամենաազդեցիկ ուղղություններից մեկը:

Այս տարի երաժշտական աշխարհը մեծ կորուստ ունեցավ։ 91 տարեկանում մահացավ լեգենդար պրոդյուսեր և կոմպոզիտոր Քուինսի Ջոնսը: Նրա ժառանգությունը ներառում է գործակցություն ջազի, ռոքի, R&B-ի, փոփի և հիփ հոփի առաջատար արտիստների հետ: Ջոնսի թողած ժառանգությունն ու ազդեցությունը դեռ երկար կարևոր ուղենիշ կլինեն երաժշտական ասպարեզում։

Բայց, ինչպես ասում են՝ կյանքը շարունակվում է, նոր սերնդի արտիստներն էլ նոր ռեկորդներ են սահմանում։ Թեյլոր Սվիֆթի ռեկորդային հաջողություններից ամենատպավորիչը նրա Eras համաշխարհային շրջագայությունն էր, որը դարձավ ամենաեկամտաբերը՝ հասնելով 2 միլիարդ դոլարի։

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ՏԻԵԶԵՐՔ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ

Տոնական տրամադրությունն օդի աղտոտվածությամբ կտրենք, ու մի պահ վերադառնանք փոշոտ իրականություն։ Ըստ օդի աղտոտվածության մոնիտորինգի ցուցանիշի` Երևանում օդի աղտոտվածությունը 5-7 անգամ գերազանցում է համաշխարհային առողջապահական չափանիշները։ Սա 2024-ի ավարտի «նվերն է» մեր բնակիչներին, որի խնդրահարույց ու խիստ վտանգավոր մասշտաբները դեռ խորապես չենք ընկալում։

Նորմայում աղտոտվածության ինդեքսը պետք է չգերազանցի 50-ը, սակայն Երևանում վերջին օրերին այն հասել է 430–ի։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն օդի աղտոտվածությունն անվանում է «անտեսանելի կիլլեր»։ Մարդիկ փոփոխությունները չեն տեսնում ու չեն նկատում, բայց օրգանիզմը պարտադիր զգում է։

Իհարկե, այս իրավիճակը գոնե մի փոքր շտկելու հարցում մեզ բացարձակ չօգնեցին 2024-ին մայրաքաղաքի մասսայական ծառահատումներն ու նոր՝ ճապոնական սակուրաները։

Անցնենք առավել դրական թեմաների։ 2024-ին առաջին անգամ Հայաստանում անցկացվեց «Գիտության շաբաթ»-ը։ Միջազգային այս ձևաչափը կենտրոնացավ Ազատության հրապարակում և տարածվեց ամբողջ Հայաստանում՝ ապակենտրոն միջոցառումների միջոցով։ Միջոցառումը ներառեց «Գիտությունն ամենուրեք է», «Մասնագիտական կողմնորոշում» և «Գիտական ֆանտաստիկա» թեմատիկ բաժիններ՝ նպատակ ունենալով հանրահռչակել մեր երկրում գիտությունն ու տեխնոլոգիաները։

Համաշխարհային մասշտաբներով տարին հիշարժան էր մի շարք նշանակալի իրադարձություններով։ Ապրիլի 8-ին տեղի ունեցավ դարի արևի խավարումը, որը դիտելու հնարավորություն ունեցան Հյուսիսային Ամերիկայի տասնյակ միլիոնավոր բնակիչներ։ Այս իրադարձությունը, ըստ մասնագետների, դարձավ պատմության մեջ ամենադիտված աստղագիտական երևույթը։

Տիեզերական հետազոտությունների բնագավառից. NASA-ն գործարկեց Europa Clipper առաքելությունը դեպի Յուպիտերի արբանյակ։ Հիմնական խնդիրն է ուսումնասիրել այն պայմանները, որոնք կարող են ապահովել օրգանական կյանք արբանյակի վրա, որի սառցե շերտի տակ հսկա օվկիանոս կա:

Այս տարի SpaceX-ը բաց տիեզերք դուրս բերեց առաջին մասնավոր անձին։ Միլիարդատեր Ջարեդ Այզեկմանը դուրս եկավ Dragon տիեզերանավից և մի քանի րոպե մնալով բաց տիեզերքում վերադարձավ տիեզերանավ։ Սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ մասնավոր անձը դուրս է գալիս բաց տիեզերք։ Այս տարի SpaceX-ը գերազանցել է նաև իր նախորդ տարվա ռեկորդը՝ արձակված հրթիռների քանակով։

Տարին նշանավորվեց նաև բժշկության մեջ պատմական առաջընթացով: Մարտին Մասաչուսեթսի հիվանդանոցի բժիշկները կատարեցին խոզի երիկամի առաջին հաջող փոխպատվաստումը մարդուն: Թեև հիվանդը մահացավ այլ բարդություններից, սա հսկայական քայլ էր օրգանների փոխպատվաստման ոլորտում:

ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում տեխնոլոգիական առաջընթացի մասին միջազգային կարևոր քննարկումներ կայացան WCIT 2024-ի շրջանակում։ Այս տարին հատկապես նշանավորվեց հայ օգտատերերի՝ արհեստական բանականության հետ ավելի մոտիկից ծանոթանալու առումով։ Կտրուկ ավելացավ մարդկանց թիվը, որոնք ամենօրյա անձնական ու գործնական հարցերով դիմում են արհեստական բանականությանը։

Համաշխարհային մասշտաբով արհեստական բանականության զարգացումը շարունակեց ապշեցնել, ոգևորել ու անգամ վախեցնել: Google-ը թողարկեց Gemini Advanced, Gemini 2.0 և Gemini 1.5 Pro մոդելները: OpenAI-ը ներկայացրեց Sora Turbo-ն՝ արհեստական բանականություն, որը կարող է մշակել տեքստ, պատկերներ և ձայն: Տարվա ընթացքում արհեստական բանականությունը լայնորեն կիրառվեց առողջապահության, կրթության և արտադրության ոլորտներում, օգնեց շատերին, «փոխարինեց» որոշներին, երբեմն էլ ապացուցեց մարդու՝ անփոխարինելի լինելու հանգամանքը։

Տարին նաև բերեց մարտահրավերներ՝ կապված հեղինակային իրավունքների հետ: Բազմաթիվ ստեղծագործողներ և հեղինակներ դատական հայցեր ներկայացրեցին OpenAI-ի, Stability AI-ի և Adobe-ի դեմ՝ պնդելով, որ իրենց աշխատանքներն օգտագործվել են առանց համաձայնության:

Նոբելյան մրցանակի հանձնախումբն առաջին անգամ ճանաչեց ոլորտի կարևորությունը՝ ֆիզիկայի և քիմիայի մրցանակները շնորհելով ԱԲ հետազոտողներին: Կարճ ասած՝ 2024-ը դարձավ տարի, երբ ԱԲ-ն վերջնականապես դուրս եկավ լաբորատորիաներից և մտավ մեր առօրյա: Բայց ամենահետաքրքիրը դեռ առջևում է: Այս առումով անհամբեր սպասենք 2025-ի զարգացումներին։

ՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ

Հայաստանի համար 2024-ը մարզական նվաճումների տարի էր։ Իհարկե, ֆուտբոլային «նվաճումների» մասին համեստորեն կլռենք ու լուռ կսպասենք՝ հասկանալու համար, թե 2025-ին ո՞վ կդառնա մեր հավաքականի գլխավոր մարզիչը:

Մեր բռնցքամարտիկները փայլուն արդյունքներ ունեցան՝ աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, Եվրասիայի գավաթում և Ասիական խաղերում նվաճելով 45 մեդալ, այդ թվում՝ 8 ոսկե: Ընդամենն օրեր առաջ էլ հպարտանալու առիթ դարձավ Վարազդատ Լալայանի հաղթանակը՝ նա դարձավ ծանրամարտի աշխարհի չեմպիոն։

Չմոռանանք Փարիզի ամառային Օլիմպիական խաղերը։ Հայաստանի արդյունքներն այստեղ ավելի համեստ էին։ Մեր երկիրը գրավեց 66-րդ հորիզոնականը՝ նվաճելով 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ: Թեև արդյունքը համեստ էր, սակայն յուրաքանչյուր մեդալ, անշուշտ, հպարտության առիթ է։

Փարիզի Օլիմպիական խաղերն իսկապես տարվա ամենահիշարժան սպորտային իրադարձությունն էր: Ֆրանսիայի մայրաքաղաքը ներկայացրեց աննախադեպ հանդիսավոր բացման արարողություն և երկշաբաթյա մրցաշար, որն իսկական սպորտային տոն դարձավ:

ՏԱՐՎԱ ՍԿԱՆԴԱԼՆԵՐԸ

2024-ը մի շարք ցնցող բացահայտումների ու սկանդալների տարի էր, բայց համաձայնեք, որ այս ցանկում Փի Դիդդիի և Ջեյ Զիի շուրջ սկանդալն իրեն հավասար մրցակից չունի։ Հետևաբար թույլ տվեք կարճ անդրադարձով վերհիշել այս երկու փոխկապակցված սկանդալները։ Ի դեպ, թեմային մեր բոլոր անդրադարձները կարող եք գտնել #PANdiddy հեշթեգով։

Ամեն ինչ սկսվեց 2023-ի նոյեմբերին, երբ Դիդդիի նախկին ընկերուհին՝ երգչուհի Քեսսի Վենտուրան մեղադրեց ռեփերին ավելի քան տասը տարի (սկսած 2005 թվականից) իրեն ֆիզիկական և հոգեբանական բռնության ենթարկելու մեջ։ Ըստ Քեսսիի, որն իրենց հարաբերությունների սկզբում ընդամենը 19 տարեկան էր, այն ժամանակ արդեն չափազանց ազդեցիկ ռեփերն իրեն թմրանյութեր էր տվել, վերահսկել ամեն քայլը, բազմաթիվ անգամներ ծեծել, ստիպել սեռական հարաբերություն ունենալ և տեսանկարահանել ընթացքը։

Քեսսիի մեղադրանքից հետո տարբեր մարդիկ, հիմնականում՝ անանուն, սկսեցին պատմել Փի Դիդդիի այլ հանցագործությունների մասին ևս։ Դրանց ճնշող մեծամասնությունը կրկին կապված էին սեռական բռնությունների, թրաֆիքինգի, սպառնալիքների ու շանտաժի, հարկադրաբար թմրանյութեր առաջարկելու և այլ երևույթների հետ։

Սեռական բռնություն, մարդկանց թրաֆիքինգ, զենքի վաճառք, թմրանյութերի տարածում, և այս ցանկը շարունակական է։ Փի Դիդդիի անվան հետ կապվող այս մեղադրանքները հետաքննության մի մասն են միայն։ Եթե ​​Փի Դիդդին մեղավոր ճանաչվի իրեն հասցեագրվող բոլոր մեղադրանքների համար, ապա, ըստ ամերիկյան օրենքների, նա բանտում կանցկացնի մի քանի տասնամյակ, կամ, գուցե, ամբողջ կյանքը։

Իսկ ի՞նչ կապ ունի Ջեյ Զին։ Դեկտեմբերի 9-ին նոր ռումբ պայթեց։ Մի կին, ով այժմ 38 տարեկան է (թվաբանությունը թողնում ենք ձեզ), պնդում է, որ 2000 թվականին, երբ ինքը 13 տարեկան էր, MTV Video Music Awards-ի afterparty-ի ժամանակ Փի Դիդդին և Ջեյ Զին բռնաբարել են իրեն։

Այս պատմությունը, կարծես, հոլիվուդյան սարսափ ֆիլմի սցենար լինի։ 13-ամյա աղջիկը փորձում է մտնել MTV-ի փարթիին (այստեղ բազմաթիվ հարցեր են առաջանում աղջկա ծնողներին)։ Հետո Դիդդիի վարորդներից մեկը նրան տանում է ինչ-որ առանձնատուն։ Հետո աղջկանից պահանջում են ստորագրել գաղտնիության պայմանագիր, դրան հաջորդում է խմիչք, գլխապտույտ… Կինը պնդում է, որ խմիչքից հետո գլխապտույտ է զգացել և գնացել է հանգստանալու մի սենյակ, որտեղ էլ տեղի է ունեցել ենթադրյալ հանցագործությունը։

Ջեյ Զին կտրականապես մերժում է մեղադրանքները։ Նրա փաստաբան Ալեքս Սպիրոն, որը, ի դեպ, նախկինում պաշտպանել է Ալեք Բոլդուինին, դեկտեմբերի 16-ին հատուկ ճեպազրույց էր հրավիրել Roc Nation-ի գրասենյակում։ Առանցքում երկու կարևոր միտք էր. Նախ, կտրականապես հերքել մեղադրանքներն ու ի ցույց դնել կնոջ պատմության մեջ առկա անհամապատասխանությունները, և երկրորդ՝ շեշտել, որ Ջեյ Զին Փի Դիդդիի հետ կապ չունի, ընդամենը «գործընկերական հարաբերություններ» են։

Հոլիվուդից հեռու չգնալով վերհիշենք նաև Բլեյք Լայվլիի անվան շուրջ սկանդալը։ Օգոստոսի սկզբից համաշխարհային կինովարձույթ դուրս եկավ Բլեյք Լայվլիի մասնակցությամբ «Այն ավարտվում է մեզանով» (It Ends with Us) դրաման։ Ո՞վ կմտածեր, որ իրական դրաման այս ֆիլմի կադրից դուրս է։ Հոլիվուդում ծավալվեց վերջին շրջանի ամենաթեժ սկանդալներից մեկը, Լայվլին անձամբ ճաշակեց «չեղարկման մշակույթի» դառը պտուղները, նրան մեղադրեցին ընտանեկան բռնության թեման արժեզրկելու և սեփական ապրանքանիշի PR-ով զբաղվելու մեջ։ Այս պատմությունը հիմա նոր թափ է առել, որովհետև Բլեյքը դատական հայց է ներկայացրել ֆիլմի ռեժիսորի դեմ և մի շարք մեղադրանքներ է առաջ քաշել։

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈԹՈՐԻԿՆԵՐ ԵՎ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախ՝ Հայաստան։ Այստեղ քաղաքական փոթորիկների պակաս երբեք չենք զգում, հետևաբար բարդ է առանձնացնել մեկ կամ երկու իրադարձություն։ Փոխարենը կնշենք դրանցից ամենաթարմը՝ տրանսպորտի թանկացումը, նոր համակարգի ներմուծումն ու դրա շուրջ մարդկանց քննարկումները։

Քաղաքապետարանում ասում են՝ «տրանսպորտի վճարն ավելացնում ենք, որովհետև տրանսպորտի միջոցն էլ ենք փոխել»: Ընդդիմադիրներն էլ թանկացման դեմ ստորագրահավաքներ են կազմակերպում։ Ամեն դեպքում՝ հունվարի 1-ից թանկացող հանրային տրանսպորտով 90 րոպեանոց մեկանգամյա օգտագործման 300-ից մինչև տարեկան 90 հազար դրամ արժողությամբ փաթեթներ կգործեն։

Տխուր լուրերի շարքից մեկ այլ հիշեցում ևս։ Եկամտային հարկի վերադարձի օրենքը 2025 թվականի հունվարի 1-ից չի գործելու Երևանում ձեռք բերվող գույքի համար։ Այնպես որ, 2024-ին փակում ենք այս գեղեցիկ էջը ևս։

Գնանք աշխարհ ու անդրադառնանաք առավել գլոբալ թեմաների։ 2024-ը դարձավ բեկումնային տարի համաշխարհային քաղաքականության համար: Ավելի քան 60 երկրներում՝ աշխարհի բնակչության գրեթե կեսը, մասնակցեցին ընտրությունների: Մեքսիկան ընտրեց իր առաջին կին նախագահին՝ Կլաուդիա Շեյնբաումին, որը նաև առաջին հրեա ղեկավարն է երկրի պատմության մեջ:

ԱՄՆ-ում տեղի ունեցավ պատմության մեջ ամենաարտառոց ընտրապայքարը: Դոնալդ Թրամփի վերադարձը նախագահի պաշտոնին համարվում է ամերիկյան քաղաքականության պատմության մեջ ամենատպավորիչ քամբեքը: Հունիսին նրա դեմ իրականացված մահափորձը, երբ Պենսիլվանիայում կազմակերպված նախընտրական միջոցառման ժամանակ անհայտ անձը կրակ բացեց՝ վնասելով Թրամփի ականջը, էլ ավելի դրամատիկ դարձրեց ընտրապայքարը: Բայդենի նախագահության վերջին շրջանն էլ նշանավորվեց իր որդու՝ Հանթեր Բայդենի համար ներում շնորհելով, չնայած Սպիտակ տունը բազմիցս հավաստիացրել էր, որ նման բան չի լինի:

Միջազգային ասպարեզում նշանակալի այլ փոփոխություններ ևս եղան: Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին զոհվեց ուղղաթիռի վթարում, նրան փոխարինեց Մասուդ Փեզեշքիանը: Սիրիայում էլ 13 տարվա քաղաքացիական պատերազմից հետո տապալվեց Բաշար ալ-Ասադի վարչակարգը։

Անցնենք հակամարտություններին։ Հայաստանում անվտանգային բազմաթիվ ռումբեր ամեն օր պայթելու վտանգի առաջ են ու այս պայմաններում դժվար է առանձնացնել մեկ կամ երկու հստակ իրադարձություն։ Միայն հիշեցնենք, որ 2024-ին շարունակվեց 2023-ին Արցախի կորստի հոգեբանական, սոցիալական, քաղաքական և բարոյական ճգնաժամը։ Այս տարի մեկնարկեց սահմանազատման գործնական փուլը։ Իսկ մեկնարկեց այն Տավուշի սահմանամերձ գյուղերից. Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր։

Չմոռանանք նաև, որ Արցախի ամբողջական օկուպացումից հետո այս տարի ևս Ադրբեջանի իշխանությունները շարունակեցին բանտերում պահել Արցախի երեք նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին, պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյաին, հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին և Ազգային ժողովի խոսնակ Դավիթ Իշխանյանին։ Ռազմաքաղաքական վերնախավից զատ Բաքվում շարունակում են գերեվարված մնալ բազմաթիվ հայ զինվորներ։ Բաքուն էլ իրեն հատուկ ցինիկությամբ շարունակում է անտեսել միջազգային հանրության ու կառույցների հորդորներն ու պահանջները։

Միջազգային պատկերը ևս խիստ ցավալի է։ Մերձավոր Արևելքում 2024 թվականը նշանավորվեց հակամարտության էսկալացիայով: Իսրայելա-պաղեստինյան հակամարտության պատճառով զոհվեցին, սովի մատնվեցին ու շրջափակման մեջ հայտնվեցին տասնյակ, անգամ հարյուր հազարավոր մարդիկ։ Ռուս-ուկրաինական պատերազմը մտավ երրորդ տարի: 2024-ին լրացավ հակամարտության 1000-րդ օրը:

Այսպիսով՝ 2024 թվականը ցույց տվեց, կամ էլ կրկին ապացուցեց, որ մենք ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում, որտեղ տեխնոլոգիական առաջընթացը, քաղաքական անկայունությունը և մշակութային վերափոխումները ձևավորում են նոր իրականություն: Տարին ավարտվում է անորոշությամբ, բայց նաև հույսով, որ գուցե հենց քաոսի մեջ են ծնվում նոր կարգերն ու զտվում ճշմարտությունը։ Ի վերջո, կյանքում միակ հաստատուն երևույթը գուցե հենց փոփոխությունն է։


✍️ Նանե Մանուկյան / PAN