Էմոցիոնալ «քաղցկեղը», փառքի թակարդն ու առեղծվածային մահերը. «27 Ակումբ»֊ի մշակութային ֆենոմենը
Սովորաբար երաժիշտներին ու, առհասարակ, արվեստի մարդկանց համախմբում են երաժշտությունը, համերգները, հանդիսատեսը և բազմաթիվ այլ առիթներ ու հանգամանքներ։ Շատ հազվադեպ պատահում է նաև, որ նրանց միավորում է որևէ դժբախտ միջադեպ։ Եզակի են դեպքերը, երբ տարբեր տարիների ու նույնիսկ տարբեր միջավայրերում ստեղծագործող արտիստներին միավորում է մահը։
«27 Ակումբ»֊ը նման «միավորման» եզակի օրինակ է։ Սա եզրույթ է, որ, կարծես, դարձել է մշակութային ֆենոմեն, որի շուրջ երբեմն նույնիսկ դավադրության տեսություններ են գծվում։ PAN֊ը պատմում է, թե ինչպես ստեղծվեց «27 Ակումբը», և թե ովքեր են դրա անդամները։
ԱԿՈՒՄԲԻ ԳԱՂԱՓԱՐՆ ՈՒ «ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ»
«27 Ակումբը» երաժշտական աշխարհի ամենատխուր ու առեղծվածային ակումբն է։ Այստեղ հավաքված են երաժիշտներ, որոնք մեծ ազդեցություն են ունեցել ռոքի և բլյուզի զարգացման մեջ, դարձել են համաշխարհային անուններ, իսկ նրանցից որոշները մինչև օրս էլ լեգենդներ են համարվում։ Այս մարդկանց կապող միակ բանը երաժշտությունը չէ։ Բանն այն է, որ նրանք բոլորն էլ մահացել են 27 տարեկանում, բոլորն էլ՝ փառքի գագաթնակետին, և բոլորն էլ առեղծվածային ու, երբեմն, այդպես էլ չբացահայտված պայմաններում։
Գաղափարն առաջին անգամ ծագեց 1969-1971 թվականներին, երբ երկու տարվա ընթացքում 27 տարեկանում մահացավ լեգենդար չորս երաժիշտ։ Երկրպագուներն այս դեպքերը միանգամից կապեցին իրար։ Սովորական պատահականությունից մինչև առեղծվածային դավադրություն. Քննարկվում էին բոլոր տարբերակները։ «27 Ակումբ» տերմինն առավել շատ սկսվեց օգտագործվել և, կարծես, վերջնականորեն հաստատվել 1994 թվականին, երբ ակումբին «միացավ» Կուրտ Քոբեյնը։ Արդեն այդ ժամանակ մարդիկ սկսեցին ինչ֊որ օրինաչափություն նկատել և կապել այս հայտնի ու տաղանդավոր երիտասարդ արտիստների մահերը։
Երբ ասում են, որ նրանք բոլորն առեղծվածային հանգամանքներում են մահացել, սա իսկապես տարբերակների լայն շրջանակ է ընդգրկում։ Թմրանյութերի և ալկոհոլի չարաշահումից մինչև սպանություն, ինքնասպանություն ու դժբախտ պատահարներ։ Որոշ դեպքերում անգամ մինչև օրս էլ հստակ չէ՝ արտիստի մահվան պատճառը թմրանյութերի չարաշահո՞ւմն էր, թե՞ ինքնասպանությունը, դժբախտ պատահա՞րը, թե՞ սպանությունը։
Թեև սկզբնական շրջանում ակումբը հիմնականում կապում էին միայն երաժիշտների հետ, ժամանակի ընթացքում այս ցանկն ընդլայնվեց, որովհետև նույն տարիքում մահացան նաև երիտասարդ ու խոստումնալից դերասաններ, նկարիչներ, արվեստի մարդիկ։ Թե ի՞նչ են ասում փաստերն ու վիճակագրական հետազոտությունները՝ կքննարկենք ավելի ուշ, բայց այն, որ «27 Ակումբը» առնվազն «քաղաքային առասպել» է դարձել՝ փաստ է։ Այս գաղափարին նվիրվել են ցուցահանդեսներ, ֆիլմեր, բեմադրություններ ու անգամ գրքեր։ Իսկ ակումբի ամենահայտնի անդամների և նրանց մահվան հանգամանքների մասին առաջարկում ենք կարդալ հերթով։
ԲՐԱՅԱՆ ՋՈՆՍ
The Rolling Stones-ի հիմնադիր և կիթառահար Բրայան Ջոնսն իր երաժշտական տաղանդով դարձավ այդ ժամանակների ամենահայտնի անուններից մեկը, բայց որքան մեծ էր նրա փառքը, այնքան ցավոտ ու կտրուկ էր անկումը։ Փառքը, անունը, մեծ գումարները, միլիոնավոր երկրպագուներն ու անդադար համերգները մեկ մարդու համար չափազանց ճնշող ու շատ կարող են լինել։ Հատկապես, երբ խոսքը զգայուն արվեստագետի մասին է։ Արդյունքում Ջոնսը դեպրեսիվ հոգեվիճակի մեջ հայտնվեց և այդ վիճակից դուրս գալու համար ընտրեց ամենավտանգավոր միջոցը՝ թմրանյութերն ու ալկոհոլը։
Կարճ ժամանակում սկսվեցին խնդիրները՝ անձնական, առողջական, գործնական ու նույնիսկ օրենքի հետ։ Մահից մեկ տարի առաջ՝ 1968 թվականին, խմբի մյուս անդամների ցանկությամբ նաև Ջոնսը դադարեց ելույթներ ունենալ և մեկ տարի լռությունից հետո նրա մասին լսեցին վերջին անգամ՝ Ջոնսին մահացած էին գտել սեփական տան լողավազանում։
Բրայան Ջոնսը մահացավ 1969 թվականի հուլիսի 3֊ին։ Սա ձևակերպվեց որպես դժբախտ պատահար։ Գլխավոր վարկածն էլ այն էր, որ երաժիշտն ալկոհոլի ու թմրանյութերի ազդեցության տակ մտել է լողավազան, ինչը, ըստ երկրպագուների, առնվազն նշանակում էր լողալ մահվան գիրկը։ Ջոնսի ընկերներն այս վարկածին չէին հավատում ու վստահ էին, որ կատարվածը կանխամտածված սպանություն էր։ Քիտ Ռիչարդսը մի առիթով նույնիսկ ասել է, որ «Ջոնսի մահվան առեղծվածը բացահայտված չէ»։ Պաշտոնական վարկածը կասկածի տակ են դնում նաև երկրպագուներից շատերը։ Նրանց մի մասը սպանության փոխարեն ինքնասպանության վարկածն է առաջ քաշում, բայց այս երկու տարբերակն էլ պաշտոնապես որևէ հաստատում չեն ստացել։
ՋԻՄԻ ՀԵՆԴՐԻՔՍ
Թե ինչպես երիտասարդ երաժիշտը դարձավ ռոքի պատմության ամենամեծ անուններից մեկը՝ քննարկման այլ թեմա է, բայց հիմա կրկին՝ տխուր ավարտի մասին։ Ջիմի Հենդրիքսը ևս կարիերայի տարբեր փուլերում անկումային պահեր է ունեցել, ընդհուպ մինչև խլացնող սուլոցների տակ բեմից հեռացում։
Հենդրիքսի մահը ևս երկրպագուները դեպրեսիվ ֆոնի հետ են կապում։ 1970-ի սեպտեմբերի 18֊ին նրա դին գտան Լոնդոնի հյուրանոցներից մեկում։ Ըստ բժիշկների, պատճառը քնաբերի չարաշահումն էր։ Կես հաբ օգտագործելու դեպքում հնարավոր էր քնել ութ ժամ, Հենդրիքսը խմել էր մոտ 9 հաբ։ Ու սա էլ քիչ էր՝ հաբերի հետ ալկոհոլ էր օգտագործել։ Ինքնասպանությո՞ւն, թե՝ ամեն դեպքում՝ դժբախտ դեպք։ Պատասխանը կրկին միանշանակ չէ։
Ամեն դեպքում, ի տարբերություն Բրայան Ջոնսի, Հենդրիքսի դեպքում ընկերներն ավելի հակված են դժբախտ դեպքի վարկածին, որովհետև պնդում են, թե այդ շրջանում Հենդրիքսն «օգտագործում էի ամեն հիմարություն, նույնիսկ առանց իմանալու, թե ինչ է խմում»։
ՋԵՆԻՍ ՋՈՊԼԻՆ
Բլյուզի սպիտակ թագուհին իր ժամանակների ամենաառանցքային անուններից էր։ Ջենիս Ջոպլինն այն երգչուհիներից է, որ նույնիսկ հետմահու արժանացավ իր ասպարեզում ամենահեղինակավոր մրցանակների, իսկ նրա ստեղծած երաժշտական փիլիսոփայությունը որպես առանձին ուղղություն մինչև հիմա էլ ասոցացվում է Ջոպլինի անվան հետ։
Ջոպլինը երկրպագուներին հայտնի էր իր հատուկ աշխարհընկալմամբ ու կյանքի հանդեպ փիլիսոփայությամբ։ Նա ասում էր, որ սիրում է կյանքը և խորհուրդ էր տալիս մարդկանց չծանրացնել այն։ Ինքը՝ երգչուհին, կյանքի տարբեր փուլերում պայքարել է դեպրեսիայի դեմ։ Էմոցիոնալ այս «քաղցկեղը», որ շատ հաճախ ֆիզիկականից ավելի ուժեղ է ցավեցնում ու ավելի արագ տարածվում՝ հասել էր նաև Ջոպլինին։
Ինչպես շատերն այս օրինակներում, Ջոպլինը ևս փրկությունը թմրանյութերի մեջ էր գտնում, և նրա մահվան պաշտոնական պատճառը հենց այդ թմրանյութերի չարաշահումն էր։ 1970 թվականի հոկտեմբերի 4֊ին երգչուհու մարմինը գտնում են հյուրանոցի հատակին։ Ինքնասպանության և սպանության վարկածներն այս դեպքում ևս քննարկվում էին, բայց դրանցից և ոչ մեկը չապացուցվեց։
ՋԻՄ ՄՈՐԻՍՈՆ
Հերթական առեղծվածային մահը 27 տարեկանում, ու հերթական ռոք աստղը։ Իրար հաջորդող չորս դեպքից Ջոն Մորիսոնինը վերջինն էր, ու հենց նրա մահվան շուրջ էլ տարածվեցին առեղծվածային 27֊ի մասին խոսակցությունները։ The Doors խմբի վոկալիստի մահվան պաշտոնական պատճառը սրտանոթային անբավարարությունն էր, բայց նրա անվան շուրջ քննարկվող տարբերակները շատ ավելին էին։
Մորիսոնը մահացավ 1971 թվականի հուլիսի 3֊ին։ Ի դեպ, թմրանյութերի հանդեպ Մորիսոնի և The Doors-ի մյուս անդամների հետաքրքրությունը ոչ ոքի համար նորություն չէր։ Ավելին, մամուլում այդ թեմայով հոդվածների պակաս չկար։ Հետևաբար, վարկածը, թե մահը վրա էր հասել թմրանյութի չարաշահման հետևանքով, շատերի համար տեղավորվում էր տրամաբանության մեջ։
Եթե երկուսը կամ երեքը կարող էին պատահականություն լինել, ապա չորրորդի դեպքում մարդիկ արդեն օրինաչափություն էին փնտրում։ Հատկապես, որ երաժիշտների մահվան պատճառները ևս նույն տարբերակների շուրջ էին պտտվում, իսկ իրենք էլ ստեղծագործում էին նույն ժանրում։ Ի դեպ, Մորիսոնի ընկերուհին ևս 27 տարեկանում է մահացել, ու այս փաստը պարզապես լրացուցիչ անգամ ընդգծում էր իրավիճակի առեղծվածային բնույթը։
ԿՈՒՐՏ ՔՈԲԵՅՆ
Մահերի շղթայից երկու տասնամյակ անց Կուրտ Քոբեյնի մահը միանգամից ցնցեց ամբողջ երաժշտական աշխարհը, իսկ երբ ֆիքսեցին Քոբեյնի տարիքը՝ «27 Ակումբի» դիսկուրսը շատ արագ ակտիվացավ։ Թվում էր, թե Nirvana֊ի վոկալիստը պիտի վայելի կյանքն ու փառքը, իսկ 27֊ը միայն սկիզբն էր։ Բայց 1994 թվականի ապրիլի 5֊ին Կուրտ Քոբեյնին գտան սեփական տանը՝ ինքնասպանություն գործած։
Ըստ վարկածի, Կուրտը նախ թմրանյութ է օգտագործել, հետո կրակել է ինքն իրեն։ Երկրպագուները նույնիսկ համոզված էին, որ սա ինքնասպանության առաջին փորձը չէր. դեպքից մեկ ամիս առաջ նման փորձ կրկին եղել էր։ Իհարկե, սպանության վարկածը ևս լայնորեն շրջանառվում էր, բաց փաստերն ու պաշտոնական վարկածը տանում են ինքնասպանության կողմ։
Կուրտ Քոբեյնի մահը «27 Ակումբի» գաղափարով հետաքրքրվածներին ու այս հասկացության մեջ իմաստ, դավադրություն ու օրինաչափություն փնտրողներին դրդում էր ամենածայրահեղ վարկածների։ Կար նույնիսկ խոսակցություն, թե Կուրտը հատուկ է որոշել մահվան տարիքը, որպեսզի սիմվոլիկ կերպով միանա ռոք երաժիշտների այդ ակումբին։
ԷՄԻ ՈՒԱՅՆՀԱՈՒՍ
Բրիտանացի ամենահայտնի R&B և ջազ երգչուհիներից մեկը, ամենահզոր ձայնն ու ամենտարբերվող կերպարը։ Էմի Ուայնհաուսը շատ լավ գիտեր իր եզակի տաղանդի ու արժեքի մասին, ու ինչպես, օրինակ, Կուրտ Քոբեյնի կամ Ջիմի Հենդրիքսի դեպքում էր, բրիտանացի երգչուհին ընկել էր սեփական իմիջի «թակարդը»։ Գրեմմիի բազմակի մրցանակակիր Ուայնհաուսը, չնայած կարճ կյանքին՝ հասցրեց թողնել իր հետքը և դառնալ իսկապես լեգենդար արտիստ։
Կյանքի վերջին տարիներին, իսկ ավելի կոնկրետ՝ 2007 թվականից, Էմին կախվածություն ուներ ալկոհոլից և թմրանյութերից, ու սա ազդում էր նաև նրա հանրային կյանքի ու կարիերայի վրա։ Անընդմեջ սկանդալներ, բուժման կուրսեր, նարկոլոգիական կլինիկաներ։ Այս ամենին զուգահեռ անընդհատ չեղարկվող ու հետաձգվող համերգներ և, հետևաբար, նաև երկրպագուների քիչ֊քիչ լցվող համբերության բաժակ։ Այս ամենը գումարվում էր իրար և կախվածությունն ավելի էր սրվում։
Էմին մահացավ 2011-ի հուլիսի 23֊ին։ Նրա մահվան պաշտոնական պատճառը մինչև օրս էլ հստակ չէ։ Ալկոհոլային թունավորումը գլխավոր պատճառն էր, բայց ինքնասպանության վարկածը դեռևս շրջանառվում է։ 27 տարեկան այս երգչուհու մահը Քոբեյնի մահից մոտ երկու տասնամյակ անց էր, և կրկին թեժացրեց «27 Ակումբի» շուրջ խոսակցություններն ու դավադրության տեսությունները։
ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԴԻՏԱՆԿՅՈՒՆԸ
Եթե կարճ՝ ապա «27 Ակումբ»֊ի ֆենոմենը գիտահետազոտական ֆաստարկված հիմքեր չունի, ու պարզապես սահմանափակվում է հուզական դաշտի վրա մարդկանց ստեղծած մշակութային դիսկուրսով։ Այս մասին փաստում է նաև մի քանի հետազոտություն։ Դրանց ամփոփ նկարագիրը տվել են, իհարկե, բրիտանացի գիտնականները։
Այդ տարիքում երաժիշտների մահվան «վիճակագրական աճի» մասին պնդումը սխալ է։ 2011 թվականին հրապարակված բրիտանացի գիտնականների ուսումնասիրությունը եզրակացնում է, որ 27 տարեկանում երաժիշտների համար մահացության վտանգի աճ չի գրանցվել։ Ավելին, այդ ցուցանիշը նույնն է 25 և 32 տարեկանների դեպքում։ Հետազոտությունը նշում է, որ երիտասարդ չափահաս երաժիշտներն ունեն մահացության ավելի բարձր մակարդակ, քան ընդհանուր երիտասարդ չափահաս բնակչությունը՝ ենթադրելով, որ «փառքը կարող է մեծացնել երաժիշտների շրջանում մահվան վտանգը, սակայն այդ ռիսկը չի սահմանափակվում 27 տարեկան լինելով»։
Պատահականություն, օրինաչափություն, թե դավադրություն՝ ցույց կտան ժամանակն ու փաստերը։ Հստակ է միայն մի բան։ Այս արտիստներից յուրաքանչյուրը շատ կարճ ժամանակում հասցրել է անել այն, ինչ մեծամասնությանը չի հաջողվում անել տասնամյակների ընթացքում։ Ու միայն պատկերացնել կարելի է, թե երաժշտական ինչ ձեռքբերումներ կունենար աշխարհը, եթե չլիներ «27 Ակումբը»։