#cyberPAN
March 27, 2023

Գեներացնենք հայկականը. Նկարազարդ լոնգրիդ այն մասին, թե ինչպես են նեյրոցանցերը պատկերացնում Հայաստանը

2022-ի վերջն ու 2023-ի սկիզբը տեքստային նկարագրությամբ պատկերներ գեներացնող նեյրոցանցերի իսկական բում են։ Ու քանի դեռ համացանցը հեղեղվում է նորահայտ «նկարիչների» ստեղծագործություններով, իսկ իսկական նկարիչներն ու դիզայներները մտածում են նոր «փեշակ» սովորելու մասին, հայտնվում են նորանոր ծրագրեր ու ալգորիթմեր, որոնք զարգանում են ոչ թե օրերով, այլ ժամերով։

Այդուհանդերձ, նեյրոցանցերը կարող են նկարել ոչ ամեն ինչ ու ոչ միշտ այն, ինչ ուզում եք։ Ամեն ինչ կախված է նեյրոցանցից, տեքստային նկարագրությունից (փրոմթից), նաև` նրանից, թե աշխարհագրական ինչ տարածք եք նկարագրում։

Պարզվում է՝ Հայաստանի մասին նեյրոցանցերի «գիտելիքները», մեղմ ասած, բավարար չեն։ Ու այստեղ փրոմթի մանրամասն լինելը, առաջին հայացքից, այնքան էլ էական գործոն չէ։ PAN-ը փորձարկել է երեք նեյրոցանց` Midjourney, Stable Diffusion ու Neural.love (Dall E-ն փորձարկման պահին անհասանելի էր), ու պարզել, թե ինչ գիտեն (չգիտեն) նրանք Հայաստանի մասին։

ՍՓՈՅԼԵՐ. Վերնիսաժում նկարներ վաճառողները կարող են դեռ չանհանգստանալ։

(ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ստորև ներկայացված փորձարկումը հիմնված է նյութի հեղինակի հորինած փրոմթերի վրա, ու, ամենայն հավանականությամբ, շատ ավելի մանրամասն, լավ գրված փրոմթի ու վարիացիաների կիրառման դեպքում արդյունքները կարող էին շատ ավելի լավը լինել։ Մեր նպատակը պարզագույն մոտեցման արդյունքները ցույց տալն էր` շեշտելու համար, որ անգամ նեյրոցանցերով աշխատելու դեպքում մարդու ստեղծագործական շատ ակտիվ մասնակցությունը պարտադիր է)։

Գնացինք

Բնականաբար, առաջին փորձը պիտի վերաբերվեր Հայաստանի սրտին` Հանրապետության հրապարակին։ Ու այստեղ պարզեցինք, որ նեյրոցանցերը չգիտեն անգամ, թե ինչ տեսք ունի այն։

ԿԱՐՃ ՓՐՈՄԹ. Քաղաք Երևան, Հանրապետության հրապարակ, արևոտ օր

Midjourney-ն գոնե փորձում է, հայկական ճարտարապետությունը նշմարվում է, բայց ակնհայտորեն սա Հանրապետության հրապարակը չէ
Stable Diffusion-ի պատկերածը Գյումրու ու Հռոմի տարօրինակ խառնուրդ է
Neural.love-ի մոտ անտիկ ճարտարապետության նմուշներ են

ԵՐԿԱՐ ՓՐՈՄԹ. Հայաստան, Երևան, Հանրապետության հրապարակ։ Մեծ քանակությամբ ավտոմեքենաներ հրապարակի կենտրոնի օղակաձև շրջադարձում։ Շատրվաններ, «Մարիոթ հյուրանոց, Կառավարության մասնաշենք, Պատմության թանգարան, ԱԳՆ նախկին շենք, տուֆ, ծառեր։ Երեխաները խաղում են շատրվանների մոտ։ Արևոտ օր։ Լուսանկար)

Midjourney-ն ոչ միայն լուսանկար չի անում, այլև պատկերը բացարձակ նման չէ Հանրապետության հրապարակին
Stable Diffusion-ի մոտ ավելի աուտենտիկ է ստացվել այն առումով, որ հիշեցնում է Հյուսիսային պողոտայի սկզբնամասը
Neural.love-ն ավելի լավ բան չի գտել, քան անհայտ եվրոպական քաղաք պատկերելը

Էլ ի՞նչ Հայաստան առանց Արարատ լեռան համայնապատկերի։ Այստեղ էլ նեյրոցանցերը դրսևորում են աշխարհագրական օբյեկտների անթույլատրելի չիմացություն։

ԿԱՐՃ ՓՐՈՄԹ. Արարատ լեռը Հայաստանից, արևոտ օր

Midjourney-ի մոտ բավականին լավ է ստացվել, եթե պատկերվածը համարենք Մասիսի ինտերպրետացիա
Իսկ այ Stable Diffusion-ի մոտ Կիլիմանջարոն է
Neural.love-ը պատկերել է Սիսը, ու եթե միացնենք Midjourney-ի ստացածին, ահագին համոզիչ կլինի, չնայած շինությունները տարօրինակ ոչ հայկական են

ԵՐԿԱՐ ՓՐՈՄԹ. Արարատ լեռը` երկու գագաթներով, մի գագաթը մյուսից բարձր, պատկերը Արարատյան դաշտավայրից։ Արևոտ օր, գյուղացիները զբաղված են բերքահավաքով։ Երևում է Արաքս գետը։ Ամենուր բարդիներ են։ Լուսանկար)

Midjourney-ի դեպքում ամեն ինչ լավ կլիներ, եթե լեռը գոնե մի փոքր հիշեցներ Արարատը։ Նեյրոցանցը համառորեն հրաժարվում է լուսանկար պատկերել
Stable Diffusion-ի մոտ ճապոնացի գյուղացիներ են Ֆուձի լեռան ստորոտին
Neural.love-ն էլ ավելի լավ բան չի գտել, քան երկրորդ գագաթն առաջինի վրա տեղադրելը

Նարդին հայկական գլխավոր սեղանի խաղն է, ու այստեղ, կարծես, ալգորիթմերը պիտի չսխալվեին։

ԿԱՐՃ ՓՐՈՄԹ. Երկու հայ տղամարդ նարդի են խաղում

Ի՞նչ պիտի այնպես չգնար։

Midjourney-ի ծերունիները խաղում են ամեն ինչ, բացի նարդուց
Stable Diffusion-ը սյուռեալիստիկ էքսպերիմենտներ է անում, բայց, ընդհանուր առմամբ, բավականին աուտենտիկ է
Neural.love-ի մոտ առաջին երկուսն ակնհայտ ոչ հայկական ծագում ունեն

ԵՐԿԱՐ ՓՐՈՄԹ. Հայկական ծագման երկու տղամարդ նարդի են խաղում ու խմում հայկական կոնյակ զրուցարանում (беседка), մեծ կաղնու հովի տակ։ Կողքին երեխաները ֆուտբոլ են խաղում, պատին կախված են Այվազովսկու ծովանկարները։ Լուսանկար)

Midjourney-ն ոչ միայն լուսանկար չգեներացրեց, այլև պատկերեց ոչ հայկական կոլորիտով նկար
Այ Stable Diffusion-ի մոտ, չնայած, դեմքերը, մեղմ ասած, չեն ստացվել, բայց մթնոլորտը լրիվ Սարյանի այգուց է
Անգամ չենք փորձի մեկնաբանել Neural.love-ի ստեղծածը

Էլ ո՞ւր առանց Տիգրան Մեծի։

ԿԱՐՃ ՓՐՈՄԹ. Տիգրան Մեծ արքան` իր սև նժույգի վրա։

Midjourney-ի պատկերածը կարելի է շատ մեծ կասկածամտությամբ բավարար հաջողված համարել
Stable Diffusion-ը կոնկրետ գլխառադ է արել հարցումը
Neural.love-ի դեպքում անգամ չգիտենք, ինչպես բնորոշել

Երկար փրոմթում որոշեցինք մի փոքր ֆենթեզի էլեմենտներ ներառել։ Ավելի լավ է չանեինք։

ԵՐԿԱՐ ՓՐՈՄԹ. Հայոց Տիգրան Մեծ արքան, իր սև նժույգի վրա, կռիվ է տալիս հսկա հրաշունչ վիշապի դեմ` Արարատ լեռան ֆոնին։ Մռայլ պատկեր, պաթոս, էպիկական ճակատամարտ)

Midjourney. - Վիշապ տեսնո՞ւմ եք։ Ես էլ չեմ տեսնում։ Բայց ինքը կա
Stable Diffusion-ը փորձում է որքան հնարավոր է աբստրակտ պատկեր ստանալ
Neural.love-ի մոտ էլ արքան չկա, իսկ նժույգը վերածվել է վիշապի։ Պոստմոդեռնիստական արվեստ

Անցնենք Երևանին։ Հայաստանի մայրաքաղաքի ճարտարապետական ու քաղաքաշինական առանձնահատկությունները նույնպես անծանոթ են ուսումնասիրվող նեյրոցանցերին։

ԿԱՐՃ ՓՐՈՄԹ. Հայաստանի մայրաքաղաք Երևանը` թռչնի թռիչքի բարձրությունից

Midjourney-ն ազնվորեն փորձում է, բայց, կրկին, շատ հեռու ասոցիացիաներից բացի ոչ մի ընդհանուր բան
Stable Diffusion-ի մոտ ավելի շատ կոլումբիական Մեդելյինն է, քան Երևանը
Neural.love-ն էլ Երևանը շփոթել է Հռոմի հետ

ԵՐԿԱՐ ՓՐՈՄԹ. Հայաստանի մայրաքաղաք Երևանը` թռչնի թռիչքի բարձրությունից։ Շինությունները` հայկական վարդագույն տուֆից։ Երևում է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը։ Երևում է Մաշտոցի պողոտան։ Լուսանկար)

Midjourney-ն բարեխղճորեն պատկերել է թե օպերայի շենք, թե պողոտա, բայց սա Երևանը չի
Stable Diffusion-ի մոտ Մասիվի կամ Յոնջլախի համայնապատկերն է
Neural.love-ը շարունակում է իր ոճի մեջ, այս անգամ Հռոմի փոխարեն ինչ-որ արևելյան քաղաք է

Վերջում` հայուհիների մասին։

ԿԱՐՃ ՓՐՈՄԹ. Գեղեցիկ հայ կին

Ավելի կարճ նկարագրություն անհնար է պատկերացնել, բայց նեյրոցանցերից յուրաքանչյուրն ունի գեղեցկության մասին սեփական պատկերացումները։

Ազնվորեն, Midjourney-ի մոտ շատ լավ է ստացվել
Նույնը չի կարելի ասել Stable Diffusion-ի մասին
Neural.love-ն էլ ծայրահեղ տրիվիալ է

Լավ։ Քանի որ թեման զգայուն է, որոշեցինք ավելի երկար փրոմթ հորինելը վստահել մեկ այլ նեյրոցանցի` ChatGPT-ին։ «Գեղեցիկ հայ կին» ու «ազգային տարազ» բառերի հիման վրա ChatGPT-ն գրեց փրոմթ, որի վրա ժամերով պիտի չարչարվեինք։

(ԵՐԿԱՐ ՓՐՈՄԹ. Խնդրում եմ, ստեղծիր գեղեցիկ հայուհու դիմանկար` հագին ավանդական ազգային տարազ։ Կինը պետք է լինի ուշադրության կենտրոնում, իսկ նրա դիմագծերն ու տարազի դետալները` պատկերված ամենայն մանրամասնությամբ։ Ֆոնը պետք է համալրի կնոջ ու նրա ազգային տարազի գեղեցկությունը, պարունակի հայկական մշակույթի ու բնության տարրեր։ Ընդհանուր առմամբ, կերպարը պետք է փառաբանի հայ կանանց էլեգանտությունն ու վեհաշքությունը, ու նրանց հարուստ մշակութային ժառանգությունը)։

Մնացյալը ներկայացնում ենք առանց մեկնաբանության։

Midjourney
Stable Diffusion
Neural.love

Այս նյութը ոչ մի դեպքում նեյրոցանցերի աշխատանքի գնահատական չէ։ Ճիշտ մոտեցման ու բավարար ջանքերի գործադրման դեպքում լիովին հնարավոր է ցանկալի արդյունքին շատ մոտ պատկեր ստանալ։ Փրոմթերը պիտի լինեն բավարար մանրակրկիտ, հեղինակը պետք է անդադար փորձի առավել ստացված պատկերների վարիացիաները, խմբագրումներ անի, իսկ վերջում, բնականաբար, ավարտուն պատկերը ստանա արդեն սեփական միջամտությամբ։


✍ Արման Գասպարյան / PAN