#իվենթաPAN
April 11

Իր երգից «անտեղյակ» Bad Bunny-ն, Ցիմերի մրցակիցն ու «վերակենդանացած» Հյուսթոնը. Ինչպես սենյակում նստած համաշխարհային հիթ ստեղծել

Արհեստական բանականության շուրջ հումորները քիչ-քիչ իրականություն են դառնում ու արդեն ընդհանրապես ծիծաղելի չեն։ ChatGPT-ն արդեն վաղուց չարյաց փոքրագույնն է դարձել, իսկ AI-ի հզորագույն գործիքների աճն արագորեն փոխում է աշխարհը՝ լուսանկարներից մինչև սցենար և երաժշտություն։

Մի պահ պատկերացրեք, որ ռադիոյով լսում եք մի երգ, շատ եք հավանում, shazam եք անում՝ հասկանալու համար, թե ո՞ր տաղանդավոր արտիստի ստեղծագործությունն է, ու պարզվում է, որ երգը «ոտքից գլուխ» արհեստական բանականության ձեռքի գործն է։ Սա լավ երևակայության արդյունք չէ, այլ արդեն շատ շոշափելի իրականություն։ AI գործիքները այսօր ամբողջական երգեր կարող են գրել՝ բառեր, երաժշտություն, գործիքավորում։ Ու սա էլ հերիք չէ՝ կարող են նաև կատարել այդ երգերը։


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


Բայց ամեն ինչ սրանով չի ավարտվում, միայն սկսվում է։ Թիրախի տակ է ամբողջ երաժշտական արդյունաբերությունը։ DJ-ների մտահոգված հատվածը վստահ է, որ մի քանի տարի հետո իրենց կարիքն այլևս չի լինի, soundtrack-եր գրող կոմպոզիտորների գործը ևս վտանգված է, սրանում կհամոզվեք, երբ լսեք AI-ի գրած soundtrack-երը ու վախով արձանագրեք, որ Հանս Ցիմերին շատ չեն զիջում։ Կարճ ասած՝ այս զարգացումները ոչ միայն փոխում են խաղի կանոնները, այլև կասկածի տակ դնում մարդկային ստեղծագործական բնույթը և ազդարարում թվային տեխնոլոգիաների հերթական հաղթարշավի մասին։

Անշուշտ, այս հարցով միայն մենք չէ, որ անհանգստացած ենք։ Ոլորտի մեծ խաղացողները սեփական մաշկի վրա են զգում AI-ի ազդեցությունը։ 200 արտիստներ, նրանց թվում Բիլլի Այլիշը, Նիկի Մինաժը, Քեթի Փերին, Կամիլա Կաբելլոն և այլք, ստորագրել են բաց նամակի տակ, որը նախազգուշացնում է արհեստական բանականության սպառնալիքի մասին։

Նամակը ուղիղ տեքստով արձանագրում է, որ արտիստների ու նրանց երգերի «թվային պատճենները» սպառնում են փոխարինել երգիչներին և ստեղծագործողներին։ Նամակի տակ ստորագրած արտիստները կոչ են անում թվային երաժշտություն մշակողներին դադարեցնել արվեստագետների իրավունքները ոտնահարելու և արժեզրկելու գնով AI-ի օգտագործումը։

Նամակում նաև ահազանգում են՝ AI գործիքներ մշակողները առանց թույլտվության օգտագործում են երաժշտական ստեղծագործությունները ու այդ կերպ «վարժեցնում» արհեստական բանականությանը։ Արդյունքում էլ ստեղծվում են պատճեններ, ու պատճենվում է ոչ միայն երաժշտական ոճը, այլ անգամ երգիչների ձայնը։

«Երաժիշտներն արդեն իսկ պայքարում են համացանցի դարում ծայրը ծայրին հասցնելու համար, և այժմ նրանք լրացուցիչ բեռ ունեն՝ պիտի մրցեն արհեստական բանականության առաջացրած աղմուկի հետ։ Սա արժեզրկում է ամբողջ երաժշտական էկոհամակարգը՝ ինչպես արտիստների, այնպես էլ երկրպագուների համար»։

Նամակում նաև հստակ նշված է՝ եթե AI-ն օգտագործվի պատասխանատու կերպով, ապա հսկայական ներուժ կունենա և բոլորի համար շահավետ արդյունքներ կգեներացնի։ Հակառակ դեպքում ականատես կլինենք խիստ անհավասար պայքարի։

«Արհեստական բանականությունը պատասխանատու կերպով օգտագործելու դեպքում կարելի է զարգացնել մարդու կողմից ստեղծված երաժշտությունը և հնարավորություն տալ նոր ու հետաքրքիր փորձառություն ստեղծել երաժշտասերների համար։ Բայց ցավոք, որոշ հարթակներ օգտագործում են արհեստական բանականությունը՝ երգահաններին, երաժիշտներին, երգիչներին ու իրավատերերին սաբոտաժի ենթարկելու և վնասելու համար»։

2023 թվականի հոկտեմբերին երեք խոշոր երաժշտական ընկերություններ՝ Universal Music Publishing Group-ը, Concord Music Group-ը և ABKCO-ն, դատի էին տվել Anthropic ընկերությանը։ Anthropic-ը ստեղծում է արհեստական բանականության մոդելներ՝ տեղեկատվությունը հավաքագրելով համացանցից և մոդելներին սովորեցնելով ստեղծել իրենց «արտադրանքը»՝ այդ աղբյուրների հիման վրա: Մեղադրող կողմը պնդում էր, որ Anthropic-ը խախտել է տասնյակ երգերի հեղինակային իրավունքները։

«Մարդկային ստեղծագործության դեմ այս հարձակումը պետք է դադարեցվի։ Մենք պետք է պաշտպանվենք արհեստական բանականության գիշատիչ օգտագործումից։ Այդ հարթակներից շատերը գողանում են երգիչների ձայնը, ոտնահարում են ստեղծագործողների իրավունքները և ոչնչացնում են երաժշտական էկոհամակարգը։ Մենք կոչ ենք անում թվային երաժշտության բոլոր հարթակներին չմշակել և չկիրառել տեխնոլոգիաներ, բովանդակություն կամ գործիքներ, որոնք խաթարում կամ փոխարինում են երգահանների և երգիչների արվեստը կամ մերժում են փոխհատուցել մեզ»։

Իրականում այս բաց նամակն առաջին քայլը չէր։ Երաժիշտների իրավունքները պաշտպանելու համար ԱՄՆ որոշ օրենսդիրներ դիտարկում են օրենսդրական փոփոխություններ առաջարկել, որոնք կպարտադրեն արհեստական բանականության միայ պատշաճ օգտագործումը կամ էլ կփոխհատուցեն արտիստներին։

Ի դեպ, նամակը ստորագրողների թվում են նաև մահացած արտիստների ներկայացուցիչները։ AI գործիքները այսօր թույլ են տալիս վերականգնել թե՛ մահացած երգիչների ձայնը, թե՛ նրանց պատկերը ու արդյունքում ստեղծել ամբողջովին իրական թվացող տեսանյութեր։ Վերջին տարիներին մահացած մի շարք դերասաններ և երաժիշտներ հայտնվել են կինոյում, վիդեո խախերում, տեսահոլովակներում՝ առաջացնելով լուրջ էթիկական բանավեճեր։

Հետաքրքիր է, որ թե՛ այս նամակում, թե՛ սրան նախորդող քննարկումներում երաժշտական ոլորտի ներկայացուցիչները երբեք էլ չեն ասել, որ AI-ի կիրառումը պետք է ամբողջությամբ արգելել։ Ավելին, շեշտում են, որ դրա պատասխանատու կիրառումը կարող է լուրջ օգուտներ բերել ոլորտին։ Օգուտների մասին բոլորս էլ գոնե մոտավոր պատկերացում կազմում ենք, դրա համար թույլ տվեք շարունակել վտանգների մասին պատմություններով։

Գուցե հիշեք, որ նախորդ տարի տեղեկություն տարածվեց, որ Bad Bunny-ն պատրաստվում է Ջասթին Բիբերի հետ նոր երգ թողարկել։ Bad Bunny-ն միանգամից արձագանքեց այս խոսակցություններին ու հերքեց՝ «կեղծ լուրեր են, դուք երբեք չեք կարող իմանալ, թե որն է լինելու իմ հաջորդ քայլը»։

Բայց պարզվեց, որ Bad Bunny-ն չի որոշում, երգը թողարկվելու է, թե՝ ոչ։ Կարճ ժամանակ անց TikTok-ում սկսեց շրջանառվել մի երգ, որում հնչում էին նրա և Բիբերի ձայները։ Արդյունքում, իհարկե, միլիոնավոր դիտումներ ու like-եր։ Բայց փաստն այն էր, որ Bad Bunny-ն հարցազրույցում իսկապես չէր ստել։ Երգը ստեղծվել էր արհեստական բանականության միջոցով։ FlowGPT-ն AI գործիքների միջոցով ստեղծել էր Bad Bunny-ի, Բիբերի ու Daddy Yankee-ի ձայները:

Ի դեպ, երաժշտական ոլորտում AI-ի օգտագործումը քարոզողները պնդում են, որ տեխնոլոգիական առաջընթացը կօգնի երաժշտության «ժողովրդավարացմանը», թույլ կտա բոլոր նրանց, ովքեր ցանկություն ու գաղափար ունեն՝ ստեղծել սեփական երաժշտությունը ննջասենյակից։

Ու չմոռանանք, որ պետք եղած ժամանակ երաժշտական պրոդյուսերները շատ մեծ սիրով օգտվում են AI-ի բարիքներից։ «Անմեղ» հարցերում, օրինակ՝ ձայնի բարձրությունը շտկել, գործիքավորման տեխնիկական հարցեր լուծել կամ մաքրել ձայնը, բոլորն էլ գոհ են արհեստական բանականությունից։ Էլ չենք խոսում հոսքային հարթակների, օրինակ Spotify-ի և Apple Music-ի մասին, որոնք ապավինում են AI ալգորիթմներին՝ օգտատերերի ճաշակի ու ցանկության հիման վրա երգեր առաջարկելու համար։

Վերջում ներկայացնենք մի քանի գործիքներ բոլոր նրանց համար, ովքեր ուզում են դառնալ ապագա Հանս Ցիմեր կամ էլ Քեթի Փերիի։ Այս ցանկում ամենահայտնի ու իրենց մեծ հնարավորություններով ամենավախեցնող գործիքները վերջերս են ի հայտ եկել։ Մեկը Suno-ն է։ Գրում եք մի քանի բանալի բառ և վերջ՝ ձեր նախընտրությամբ ցանկացած երաժշտական ստեղծագործություն պատրաստ է։

Իռլանդական ֆոլկի ու ծանր ռոքի մի՞քս եք ուզում՝ խնդրեմ։ Կամ գուցե ջազն ու ռեփն եք ուզում միքսել արևելյան էլեմենտների հետ՝ կրկին, ոչ մի խնդիր։ Իսկ համացանցում այս գործից արդեն լավ հասկացող երիտասարդները մի քանի ժամանոց tutorial-ներ են նկարում ու խոստանում ձեզ սովորեցնել, թե ինչպե՞ս գրել ավելի լավ երգեր, քան գրում են ձեր սիրելի արտիստները։

Այս շարքում նորություն է Udio-ն, որը դեռ առավել մանրամասն ուսումնասիրման կարիք ունի։ Բայց այս գործիքը ևս ձեզ թույլ կտա գրել ամբողջական երաժշտական ստեղծագործություններ՝ բառերից մինչև գործիքավորում։

Եթե մի փոքր ավելի համեստ եք ձեր ցանկություններում և պարզապես ուզում եք ձեր վիդեո հոլովակին ուղեկցող երաժշտություն գեներացնել, ապա կարող եք օգտվել Soundful-ից, իսկ եթե ձեզ գրավում են ֆիլմերի soundtrack-ները, ապա ձեր լավագույն ընկերը կդառնա AIVA-ն։

Կարճ ասած՝ այս դարում արհեստական բանականությունը կարող է լինել ձեր լավագույն բարեկամը կամ ոխերիմ թշնամին։ Ամեն ինչ կախված է նրանից, թե այդ պահին բարիկադների որ կողմում եք գտնվում։ Հստակ է մի բան՝ AI-ը նահանջելու պլաններ չունի, հետևաբար հեռատես մարդիկ սովորում են օգտագործել AI գործիքներն ու թույլ չտալ, որ AI-ն օգտագործի իրենց։


✍️ Նանե Մանուկյան / PAN