Մեզի խելացի անալիզատոր, էմոցիոնալ սեդան ու 3D առանց ակնոցների. CES 2023-ի հետաքրքիր նորույթները
Հունվարի 5-ից 8-ը Լաս Վեգասում անցկացվեց սպառողական էլեկտրոնիկայի ամենամյա Consumer Electronics Show (CES) ցուցահանդեսը։ 174 երկիր ներկայացնող ավելի քան 3200 ընկերություն ցուցադրեց իր տեխնոլոգիական ձեռքբերումներն ու ապագային ուղղված կոնցեպտները։ PAN-ը պատմում է առավել հետաքրքիր 10 լուծման մասին։
Aska A5 ԱՎՏՈՄԵՔԵՆԱ-ԻՆՔՆԱԹԻՌ-ՔՎԱԴՐՈԿՈՊՏԵՐ
Չորս տեղանոց A5-ը ճանապարհով ընթանում է, ինչպես ավտոմեքենա, թռչում է, ինչպես ինքնաթիռ և ուղղահայաց թռնում ու վայրէջք է կատարում, ինչպես քվադրոկոպտեր։ Մեքենան կարող է հաղթահարել 450 կմ գետնին կամ օդում և զբաղեցնում է սովորական ավտոկայանատեղի։ A5-ը կարելի է լիցքավորել բենզինով ու էլեկտրականությամբ։
CES-2023-ին մեքենան ներկայացրել էր Սիլիկոնյան հովտում գործունեություն ծավալող Aska մասնավոր ընկերությունը, որը պլանավորում է ոչ միայն վաճառել իր թռչող ավտոմեքենաներն, այլև տրամադրել դրանք վարձակալությամբ կամ էլ օդային տաքսի ծառայության տեսքով։ Ստարտափի պնդմամբ` արդեն 2026-ին A5-ի օդաչուն կկարողանա մոտենալ անմիջապես ուղևորի տանն ու տեղափոխել նրան ցանկալի վայր կիլոմետրի համար $1-ից պակաս արժեքով։
Այս պահին ընդունվում են A5-ի նախնական պատվերները` $789,000-ով, մատակարարումները կմեկնարկեն 2026-ին։
ԳՈՒՆԱՓՈԽՎՈՂ BMW i Vision Dee ՍԵԴԱՆ
Գերմանական BMW ավտոհսկան ցուցահանդեսին ներկայացրեց քամելեոն-սեդան, որը կարող է գույների միջոցով արտահայտել էմոցիաներ։ Կոնցեպտի թափքը բաժանված է 240 առանձին կառավարվող սեգմենտների, որոնցից յուրաքանչյուրը E Ink լիագույն էլեկտրոնային թանաքի տեխնոլոգիայի շնորհիվ կարող է գույնը փոխել հասանելի 32 երանգներից որևիցե մեկով։ Դա տալիս է ավտոմեքենայի ստեղծագործական կերպարանափոխման անսահման հնարավորություններ։
i Vision Dee-ն կոչված է ամրապնդելու կապը մարդկանց ու իրենց ավտոմեքենաների միջև։ Լուսարձակներն ու ռադիատորի ցանցը հրամանով կարող են վերարտադրել դեմքի տարբեր արտահայտություններ։ Այսպես, վարորդը կարող է, օրինակ, իր ուրախությունը կամ զայրույթն արտահայտել հետիոտնի կամ այլ վարորդներից վարքագծի նկատմամբ։
Flex Hybrid ՃԿՎՈՂ ՈՒ ՁԳՎՈՂ ԴԻՍՓԼԵՅ
Հարավկորեական Samsung-ը ներկայացրել է սմարթֆոնի, պլանշետի ու նեթբուքի Flex Hybrid անունով հիբրիդը։ Սարքի ձախ կողմը կարող է ծալվել, իսկ աջը` դուրս բերվել։ Այսպիսով, կոմպակտ սարքը կարելի է վերածել 10 դյույմանոց OLED էկրանի, ապա` ձգել ու վերածել 12 դյույմանոցի։
Flex Hybrid տեխնոլոգիան կօգնի գրպանում տեղավորել մեծ անկյունագծով էկրաններ ունեցող գաջեթներ։ Samsung-ում կարծում են, որ ակտիվ գործարար մարդիկ, ովքեր տրանսպորտում օգտվում են ծանր նոութբուքերից, կցանկանան փոխարինել դրանք թեթև ճկվող ու ձգվող դիսփլեյներով։
Spatial Vision ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ` ԱՌԱՆՑ ԱԿՆՈՑՆԵՐԻ 3D ՆԱՅԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Asus ընկերությունը ներկայացրել է նոութբուքեր, որոնց էկրանին անզեն աչքով կարելի է 3D պատկեր նայել։ Տեխնոլոգիան ստացել է Spatial Vision անվանումը։ Այն ստեղծում է պատկերների խումբ յուրաքանչյուր աչքի համար` օգտագործելով դիսփլեյում տեղադրված երկկողմանի ուռուցիկ ոսպնյակներ, ինչպես նաև տեսախցիկներ, որոնք իրական ժամանակում հետևում են օգտատիրոջ գլխի ու աչքերի դիրքին։
Asus-ում հայտարարում են, որ Spatial Vision-ի թիրախը պրոֆեսիոնալներն են, ճարտարապետներն ու ինժեներները։ Սակայն փորձագետները կարծում են, որ 16 դյույմանոց 3D էկրանները դուր կգան նաև զվարճանքների սիրահարներին, ովքեր ցանկանում են 3D ֆիլմեր նայել կամ խաղեր խաղալ առանց հատուկ ակնոցների կամ VR-սաղավարտի։
Spatial Vision տեխնոլոգիայով 16 դյույմանոց ProArt Studiobook նոութբուքերը վաճառքում կհայտնվեն 2023-ի վերջին։
ՄԵԶԻ U-Scan ԽԵԼԱՑԻ ԱՆԱԼԻԶԱՏՈՐ
U-Scan անլար գաջեթն ամրացվում է զուգարանակոնքին ու անալիզի ենթարկում օգտատիրոջ մեզը, մասնավորապես` pH-ի, C վիտամինի ու հորմոնների մակարդակը։ Տվյալները U-Scan-ը Wi-Fi-ի միջոցով փոխանցում է ամպային ծառայության, իսկ օգտատերը կարող է իր անալիզների մասին իմանալ Withings-ի հատուկ հավելվածում։
Սարքի արժեքը կկազմի $530, ևս $31 դոլար կարժենա փոխարինելի քարթրիջը, որով կարելի է անցկացնել 100 էքսպրես անալիզ։
ՇԵՆՔՈՒՄ ՕԴԻ ՄԱՔՐՄԱՆ Neo P1 ՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԲՈՒՅՍ
Ֆրանսիական Neoplants ստարտափը ներկայացրել է կենսաինժեներական տեխնոլոգիաների իր արդյունքը` Neo P1 սենյակային բույսը։ Այն օդից հեռացնում է 30 անգամ ավելի շատ առողջության համար վնասակար օրգանական նյութեր, քան սովորական բույսերը։
Neo P1-ը ստացվել է ոսկեգույն էպիպրեմնումի գենետիկ մոդիֆիկացիայի արդյունքում։ Ոսկեգույն էպիպրեմնումը բույսերի սիրահարների մոտ բավականին պոպուլյար է անպահանջկոտության, արագ աճի ու ծաղկափոշու բացակայության շնորհիվ։ Neoplants-ի պնդմամբ` Neo P1-ի ԴՆԹ-ում ներդրվել են գեներ, որոնք թույլ են տալիս բույսին որպես ֆոտոսինթեզի համար անհրաժեշտ ածխածնի աղբյուր օգտագործել ոչ միայն ածխաթթու գազը։ Բույսը վերամշակում է նաև ֆորմալդեգիդը, բենզոլը, տոլուոլն ու քսիլոլները` վերածելով դրանք շաքարների, ամինաթթուների ու այլ անվնաս միացությունների։
Բույսի նախնական պատվերները արդեն հասանելի են` մեկ հատը $179-ով, մատակարարումները կմեկնարկեն 2023-ի առաջին եռամսյակին։
BHeart ԻՆՔՆԱԼԻՑՔԱՎՈՐՎՈՂ ՍՄԱՐԹ-ԹԵՎՆՈՑ
Առողջության մոնիթորինգի գաջեթներ արտադրող Baracoda ընկերությունը ներկայացրել է մարտկոցի «անվերջ» լիցքով առաջին խելացի թևնոցը։ BHeart-ը էներգիա է ստանում օգտատիրոջ շարժումներից, մարմնի ջերմությունից ու շրջակայքի լուսավորությունից։
Թևնոցի ինքնալիցքավորվող մարտկոցը սնում է գոտու մեջ տեղադրված տվիչները, որոնք տվյալներ են հավաքում օգտատիրոջ առողջության` նրա ակտիվության, քնի որակի ու հոգեբանական կայունության վերաբերյալ։ Թևնոցը համատեղելի է Android ու iOS սարքերի հետ, դրանով կարելի է կրել նաև սովորական ժամացույցներ։
Վաճառքները կմեկնարկեն 2023-ի ապրիլին` $100 արժեքով։
ՆԵՐԴՐՎԱԾ ՏԵՍԱԽՑԻԿՈՎ Bespoke AI Oven ՎԱՌԱՐԱՆ
Samsung ընկերությունը ներկայացրել է Bespoke AI Oven խելացի խոհանոցային վառարանը, որի հիմնական առանձնահատկությունը տեղադրված տեսախցիկն է` AI-ալգորիթմի համակցմամբ։ Այն սահմանում է ուտեստի պատրաստման օպտիմալ ջերմաստիճանը, ռեժիմն ու ժամանակը, ինչպես նաև կարող է օգտատիրոջ սմարթֆոնին հաղորդագրություն ուղարկել ուտեստի վառվելու վտանգի մասին։
Խելացի վառարանը համալրված է 7 դյույմանոց սենսորային էկրանով` պատրաստման պարամետրերը ձեռքով կարգավորելու ու ուտեստի վիճակին հետևելու համար։ Օգտատերը կարող է նաև վառարանից հեռարձակումը տեղափոխել այլ միացված սարքի էկրանին ու հետևել ընթացքին` գտնվելով ավտոտնակում կամ լոգարանում։ Samsung-ի կարծիքով` Bespoke AI Oven-ը դուր կգա խոհարարներին, ովքեր սիրում են ցուցադրել սննդի պատրաստման ընթացքը ընկերներին, հարազատներին ու սոցցանցի բաճանորդներին։ Վառարանի վաճառքն արդեն մեկնարկել է Եվրոպայում` $3000 արժեքով։
LG ԹԱՓԱՆՑԻԿ ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑ
LG-ի հեռուստացույցի նման թափանցիկ էկրանը ոչ այնքան հեռուստացույցի մասին է, որքան տեխնոլոգիաների ապագայի։ Օրինակ, արդեն այսօր LG-ն առաջարկում է թափանցիկ էկրաններ առևտրի կենտրոններում դռների կամ պատերի տեսքով։
Կոմերցիոն կատարմամբ տեխնոլոգիան ունի հետևյալ տեսքը։ Հեռուստացույցը թափանցիկ է, սակայն ցուցադրում է 400 նիտ պայծառությամբ պատկեր։ Երբ էկրանին պատկեր է, այն այլևս թափանցիկ տեսք չունի։
Պարզ է, որ $6000 արժեքով այս սարքը տանն այնքան էլ անհրաժեշտ չէ, սակայն իր կիրառումը կգտնի առևտրի կենտրոններում ու գրասենյակներում։ Օրինակ, նիստերի դահլիճում նման էկրանը կարելի է տեղադրել սեղանի մեջտեղում` չվախենալով ինչ-որ մեկի տեսադաշտը փակելուց։
ՌՈԲՈՏ` ՋԵՐՄՈՑՈՒՄ ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ ՀԱՄԱՐ
Եվս մեկ բավականին պարզ, սակայն օգտակար գաղափար` ճապոնական ռոբոտ ջերմոցային քաղցր պղպեղի բերքահավաքի համար։ Սովորաբար, յուրաքանչյուր պղպեղ աճում է սեփական տեմպով, այնպես որ ջերմոցի աշխատակիցները ստիպված օրական մի քանի անգամ անցնում են բույսի շարքերով` գտնելով հասունացած պղպեղները, գնահատելով դրանք` ճիշտ ժամանակին քաղելու համար։
Ճապոնացիների գաղափարի համաձայն, շարքերի միջև ձգվում է հատուկ մետաղալար, որով շարժվելու է ռոբոտը։ Դրա շնորհիվ կարիք չի առաջանա վերափոխել ջերմոցը, ինչպես դա կլիներ անվավոր ռոբոտի դեպքում։ Ռոբոտը կարող է ինքնուրույն գտնել պղպեղը, գնահատել այն բոլոր կողմերից ու քաղել։ Միաժամանակ, այն կառուցում է պղպեղի վիրտուալ պատկերը` նշելով դրանց հասունության աստիճանը։