Մաշնեքի մեծ թալանը. Համառոտ` GTA լեգենդար սերիայի մասին
Դեկտեմբերի 5-ին ցուցադրվեց վերջին ժամանակների ամենասպասված համակարգչային խաղի` GTA VI-ի առաջին թրեյլերը։ Խաղը դուրս կգա 2025թ-ին, սակայն արդեն առաջին կարճ հոլովակը յութուբում տասնյակ միլիոնավոր դիտումներ ունեցավ առաջին իսկ օրը։ Պատճառը շատ պարզ է։ GTA-ն ոչ միայն խաղերի ոլորտում, այլև ընդհանրապես համաշխարհային մեդիայում խիստ կարևոր պրոդուկտ է, որի յուրաքանչյուր նոր մաս նույնպես համաշխարհային մասշտաբի իրադարձություն է։
PAN-ը համառոտ պատմում է շարքի խաղերի մասին։
Grand Theft Auto-ն, կամ, ինչպես բոլորը կրճատ ասում են՝ GTA-ը, action-adventure ժանրի ամենապոպուլյար և ազդեցիկ խաղային շարքերից է։ Այն ստեղծել ու մեծամասամբ մշակել է բրիտանական Rockstar North ընկերությունն ու հրատարակել Rockstar Games-ը։
GTA
Շարքի առաջին խաղը` Grand Theft Auto-ն, դուրս է եկել 1997թ-ին` MS Dos-ի, Windows-ի, առաջին PlayStation-ի ու Game Boy Color-ի համար։ Արդեն առաջին խաղից այն իրենից ներկայացնում էր բաց աշխարհ, որում խաղացողը կարող էր ազատ տեղաշարժվել երեք հորինված քաղաքներով` Լիբերտի Սիթիով, Սան Անդրեասով ու Վայս Սիթիով։
Կարելի էր ավտոմեքենաներ առևանգել (ինչը կդառնա խաղային շարքի ֆիրմային այցեքարտը), սպանել անցորդներին, մասնակցել հանցավոր առաքելությունների ու դիմադրել ոստիկանությանը։
Խաղի պատկերը վերևից էր, այն ուներ բավականին պարզ գրաֆիկա, սակայն դրա փոխարեն խաղացողին առաջարկում էր գործողությունների մեծ ազատություն ու տարատեսակ հնարավորություններ։ Դուրս գալու ժամանակ GTA-ն բարձր գնահատականներ ստացավ քննադատներից ու կոմերցիոն առումով բավականին հաջողակ դարձավ` վաճառվելով ավելի քան 10 մլն օրինակով։
Երկու տարի անց` 1999-ին, դուրս եկան առաջին խաղի երկու DLC-ները` Grand Theft Auto: London 1969-ն ու Grand Theft Auto: London 1961-ը, որոնք իրադարձությունները տեղափոխեցին 1960-ականների Լոնդոն։
Սրանք շարքի միակ խաղերն են, որոնց իրադարձությունները ծավալվում են իրական քաղաքում ու ԱՄՆ-ից դուրս։ DLC-ներն առաջարկում էին նոր առաքելություններ, ավտոմեքենաներ, զենք ու երաժշտություն, սակայն գրաֆիկայում ու գեյմփլեյում շոշափելի փոփոխություններ տեղի չունեցան։
DLC-ներն այնքան էլ ջերմ չընդունվեցին` չնայած ոչ վատ վաճառքներին։
GTA 2
Նույն 1999-ին դուրս եկավ սիքվելը` Grand Theft Auto 2-ը։ Իրադարձությունները տեղափոխեցին 2010-ականների սկիզբ։
Խաղը պահպանեց վերևից պատկերը ու բաց աշխարհը` համալրվելով նոր էլեմենտներով. օրվա ժամի ու եղանակային պայմանների դինամիկ փոփոխություններ, քաղաքի բաժանում երեք սեկտորի` բարդության տարբեր աստիճաններով, վարկանիշային համակարգ տարբեր հանցավոր խմբերով, որոնք կարող էին խաղացողի գործողություններից կախված օգնել կամ դիմակայել նրան, ինչպես նաև խաղային գումարի դիմաց խաղը պահպանելու հնարավորություն։
Սիքվելը լավ վաճառվեց ու դրական գնահատականներ ստացավ, սակայն չկարողացավ գերազանցել առաջինի հաջողությունը։
Ժանրում իսկական հեղափոխություն ու բեկում մտցրեց երրորդ խաղը. Grand Theft Auto III-ը դուրս եկավ 2001-ին։
Սա շարքի առաջին խաղն էր եռաչափ գրաֆիկայով ու երրորդ դեմքից պատկերով, ինչը թույլ տվեց ստեղծել ավելի ռեալիստիկ ու մանրակրկիտ աշխարհ։ Ներդրվեցին նաև նոր էլեմենտներ` ավելի զարգացած սյուժե հնչյունավորված կերպարներով, ավելի բարդ ու հետաքրքիր առաքելություններ, ավելի բազմազան գեյմփլեյ` ոչ միայն ավտոմեքենաներ, այլև մոտոցիկլետներ, նավակներ, ուղղաթիռներ ու անգամ տանկ վարելու հնարավորությամբ, հակառակորդների ու դաշնակիցների ավելի առաջադեմ արհեստական բանականություն, զենքի ու կերպարի կաստոմիզացման ավելի լայն ընտրություն։
Խաղն ավելի ընդգծեց երգիծանքն ու սև հումորը, ինչը դարձավ շարքի յուրահատկություններից մեկը։ Երրորդ խաղն արժանացավ քննադատների ու խաղացողների հիացական գնահատականներին` դառնալով պատմության ամենաբարձր գնահատված ու վաճառված խաղերից մեկը։
Այն վաճառվեց ավելի քան 17 մլն օրինակով ու արժանացավ բազմաթիվ մրցանակների, այդ թվում` մի շարք պարբերականներ այն անվանեցին տարվա խաղ։
GTA: VICE CITY
Մեկ տարի անց` 2002-ին դուրս եկավ չորրորդ խաղը` Grand Theft Auto: Vice City-ն։ Իրադարձությունները տեղափոխվեցին 1986 թվական` հորինված Վայս Սիթի քաղաք, որի նախատիպն է Մայամին։
Խաղը պահպանեց երրորդի բոլոր առավելությունները` ավելացնելով նոր հնարավորություններ. ինքնաթիռների ու ուղղաթիռների կառավարում, անշարժ գույքի ձեռքբերում ու բարելավում, բազմաթիվ լրացուցիչ զբաղմունքներ, ինչպիսիք են` գոլֆ խաղալը, վազքարշավները, պարերը և այլն։
Երաժշտությունը նույնպես ավելի բազմազան դարձավ` հիմնված 80-ականների թրեքերի վրա, ու, ի տարբերություն երրորդ խաղի, Vice City-ն ավելի վառ ու գունեղ է։ Խաղի սյուժեն ու կերպարները նույնպես ավելի հիշվող ու տպավորիչ էին` հիմնված այն ժամանակվա ֆիլմերի ու սերիալների, այդ թվում` Scarface-ի ու Miami Vice-ի վրա։
Խաղի գլխավոր հերոսին` Թոմի Վերսետիին հնչյունավորում էր հայտնի դերասան Ռեյ Լիոտան։ Խաղը ևս բարձր գնահատականների արժանացավ ու ֆինանսապես գերազանցեց երրորդին` վաճառվելով ավելի քան 20 մլն օրինակով։
GTA: SAN ANDREAS
2004թ-ին դուրս եկավ հինգերորդ մասը` Grand Theft Auto: San Andreas, որն այն ժամանակ շարքի ամենամասշտաբային ու հավակնոտ խաղն էր։ Իրադարձությունները տեղի էին ունենում 1992թ-ին` հորինված Սան Անդրեաս նահանգում` հիմնված Կալիֆորնիայի ու Նևադայի վրա։
Խաղն իրենից ներկայացնում էր ահռելի բաց աշխարհ` բաղկացած երեք մեծ քաղաքներից (Լոս Սանտոս, Սան Ֆիեռո ու Լաս Վենտուրաս), ինչպես նաև բազմաթիվ գյուղական ու բնական լոկացիաներ` գյուղեր, ֆերմաներ, անտառներ, լեռներ, անապատներ, լճեր ու գետեր։
Ավելացվեցին նաև բազմաթիվ նոր հնարավորություններ` հեծանիվներ, ուղղաթիռներ, գնացքներ, ինքնաթիռներ, հիդրոպլաններ, մոտոցիկլետներ, նավեր և այլ միջոցներ վարելու հնարավորությամբ։
GTA IV
2008-ին դուրս եկած Grand Theft Auto IV-ի իրադարձությունները կրկին տեղափոխեցին Լիբերտի Սիթի։
88 սյուժետային առաքելությունների հետ միասին ավանդաբար խաղում կային լրացուցիչ առաքելություններ, որոնց քանակը նախորդ խաղերի համեմատ զգալիորեն կրճատվել էր։ Բացի այդ, զրոյից ստեղծվել էին խաղի հրաձգության ու ձեռնամարտի մեխանիկաները։
Օրինակ, ինչպես Gears of War-ում, խաղացողը հնարավորություն էր ստացել կրակ բացել մոտակա թաքստոցի հետևից։ Հակառակորդի մարմնի տարբեր մասերի խոցումը տարբեր հետևանքների էր բերում. կարելի էր ուղղակի վիրավորել հակառակորդին` կրակելով վերջույթին, կամ գլխին կրակելով անմիջապես սպանել։ Բարդացվել էր նաև ձեռնամարտը, ներդրվել էր հակառակորդի ձեռքից զենքը հարվածով գցելու հնարավորություն։ Ռադարն ու ներդրված GPS-ը հեշտացրեցին քաղաքում ցանկացած լոկացիա գտնելու հնարավորությունը, այլ կերպարների հետ շփումն իրականացվում է նաև բջջային հեռախոսի կամ նոութբուքի միջոցով։ Ընկերների հետ ակտիվ շփումը, նրանց հետ տարբեր տեսակի զբաղմունքները բարելավում էին խաղացողի նկատմամբ վերաբերմունքը, ինչը որոշակի առավելություններ էր տալիս։
Վաճառքների առաջին շաբաթում խաղը վաճառվեց ավելի քան 6 մլն օրինակով` ընդհանուր առմամբ $500 մլն-ի, որից $310 մլն-ը` առաջին օրը։ Խաղի բյուջեն կազմում էր $100 մլն։ 2021-ի սկզբի դրությամբ վաճառվել էր խաղի ավելի քան 28 մլն օրինակ` ապահովելով $2 մլրդ մաքուր եկամուտ։
GTA V
Այս պահին շարքի թագն եւ պսակը Grand Theft Auto V-ն է, որը դուրս եկավ 2013-ին ու արդեն տասը տարի է, ինչ գտնվում է ամենավաճառվող խաղերի թոփերում, իսկ օնլայն տարբերակը ամենապոպուլյար օնլայն խաղերից է։
Վաճառվել է խաղի ավելի քան 190 մլն օրինակ, եկամուտը կազմում է մոտ $8 մլրդ։ Իրադարձությունները ծավալվում են հորինված Լոս Սանտոս քաղաքում ու շրջակայքում։
Առաջին անգամ հնարավորություն կա խաղալու երեք տարբեր կերպարների համար, ընդ որում, խաղացողը կարող է փոխել կերպարներին թե առաքելությունների ընթացքում, թե դրանցից դուրս։ Յուրաքանչյուր կերպարի հմտությունները հնարավոր է զարգացնել տարբեր պարամետրերով` ելնելով տարատեսակ զբաղմունքներում կերպարի ձեռք բերած փորձից։
Բջջային հեռախոսն ու ռադարը նախորդ մասից պահպանվել են, սակայն ընդլայնվել է դրանց ֆունկցիոնալությունը։ Եթե նախորդ խաղերում ստորջրյա աշխարհին ուշադրություն չէր դարձվում, ապա այստեղ այն մշակված է ոչ պակաս մանրակրկիտ, քան ցամաքը։ Այն կարելի է ուսումնասիրել բաթիսկաֆով կամ էլ դայվինգով զբաղվելով։ Գլխավոր նորամուծություններից բանկեր թալանելու, սպորտով զբաղվելու, բորսաներում ու խանութներում առևտուր անելու, կենդանիների հետ փոխազդելու ու բազմաթիվ այլ հնարավորություններն են։
GTA V-ը բեկումնային խաղ էր ոչ միայն խաղային ինդուստրիայի, այլև ամբողջ համաշխարհային մեդիայի համար։ Բեկումնային ու անգերազանցելի, չնայած անցած տասը տարիներին շատերն են փորձել։ Եթե լինի խաղ, որը կկարողանա գերազանցել GTA V-ը, ապա դա վստահաբար կարող է լինել միայն GTA VI-ը։ Դրա մասին կիմանանք միայն 2025-ին։