Հայտնիների վառվող տները, ուժեղ քամիներն ու այրվող Հոլիվուդը. Հրեշտակների քաղաքը՝ կրակների մեջ
Լոս Անջելեսը կրակների մեջ է, և իրավիճակը հայաշատ ու աստղաշատ այս քաղաքում իսկապես ծանր է։ Թեև այս օրերին արհեստական բանականության տաղանդին ծանոթանալու շատ առիթներ ունեցանք ու տարածվող սկանդալային և ապշեցնող լուսանկարների մի մասն իրականում AI-ի ձեռքով էին ստեղծվել, այնպես չէ, որ իրականում պատկերն ավելի թեթև էր։ Մի քանի կարևոր թիվ, փաստ ու մեջբերում PAN-ը հավաքել է մի տեղում՝ հասկանալու համար, թե ինչ պատկեր է այժմ Լոս Անջելեսում։
ՀՐԴԵՀՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԵՎ ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՅՍ ՊԱՀԻՆ
Լոս Անջելեսում մոլեգնող անտառային հրդեհները, որոնք սկսվել են հունվարի 7-ին, արդեն խլել են առնվազն 25 մարդու կյանք և ստիպել տարհանվել մոտ 180,000 բնակչի: Կալիֆոռնիայի նահանգապետի խոսքով՝ սա անգամ կարող է դառնալ ԱՄՆ պատմության մեջ ամենածավալուն և ռեկորդային վնաս պատճառած բնական աղետներից մեկը:
AccuWeather ընկերության գնահատականով՝ հրդեհներից պատճառված տնտեսական վնասը կազմում է 250-275 մլրդ դոլար: Աղետի մասշտաբները պատկերացնելու համար՝ սա գերազանցում է 2024 թվականին «Հելեն» փոթորկի և 2020 թվականի անտառային հրդեհների ամբողջ ընթացքում պատճառված վնասը: Այրվել է առնվազն 16,100 հա տարածք, ավերվել՝ 12,300 շինություն:
Զոհերի պատմությունները մեկը մյուսից ցավալի ու ծանր են։ 85-ամյա Անետ Ռոսսիլին հրաժարվել էր լքել Փալիսեյդսի իր տունը, քանի որ չէր կարող մենակ թողնել շանը, թութակներին ու կրիային: Էնթընի և Ջասթին Միթչելները՝ հայր ու որդի, այրված տանը միասին են եղել. հայրը մենակ չի թողել ուղեղային կաթված ունեցող 20-ամյա որդուն, նրանց գտել են տղայի մահճակալի մոտ:
Զոհերի թվում է նաև 32-ամյա ավստրալիացի Ռորի Քալըմ Սայքսը: Ի ծնե կույր և ուղեղային կաթվածով ծնված երիտասարդը հաղթահարել էր բազմաթիվ դժվարություններ և իր պատմություններով ոգեշնչում էր մյուսներին: Նրա մայրը կոտրված ձեռքով չի կարողացել որդուն դուրս բերել տնից:
Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ
Մինչ մարդիկ պայքարում են հրդեհների դեմ, օգնության կարիք ունեն նաև տնային կենդանիները։ Pasadena Humane անվանումով կենդանիների ապաստարանն արդեն օգնություն է ցուցաբերել ավելի քան 350 ընտանի կենդանու, որոնց տերերը չեն կարողացել նրանց տարհանման կենտրոններ տանել։
ՀՈԼԻՎՈՒԴՅԱՆ ԱՍՏՂԵՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ
Մարդկային կորուստների դեմ ֆինանսական կամ գույքային կորուստները ոչինչ են, բայց այս ուղղությամբ ևս պատկերը ծանր է։ Բնական աղետը չի նայում հարուստ ու աղքատ, հայտնի ու անհայտ։ Հրդեհների հետևանքով իրենց տները կորցրել են բազմաթիվ հայտնի դեմքեր: Ավելին, տպավորություն է, որ այս անգամ հրդեհների «թիրախում» հե՛նց մեծահարուստներն ու աստղերն են։ Օսկարակիր դերասան Ջեֆ Բրիջեսը կորցրել է Մալիբուում գտնվող իր տունը, որը ժառանգել էր ծնողներից: Մել Գիբսոնի՝ Մալիբուում գտնվող առանձնատունը նույնպես ամբողջությամբ այրվել է։
Էնթոնի Հոփկինսը և նրա կինը Փասիֆիկ Փալիսեյդսում կորցրել են միանգամից երկու տուն: Instagram-ում արված գրառման մեջ Հոփկինսը նշել է.
«Միակ բանը, որ տանում ենք մեզ հետ, մեր տված սերն է»:
Փերիս Հիլթոնը, Բիլի Քրիսթալը, Ադամ Բրոուդին և մի շարք այլ հոլիվուդյան աստղեր ևս հայտնվել են տուն կորցրածների ցանկում: Բիլի Քրիսթալն ու նրա կինը դժվարացել են զսպել էմոցիաները՝ այրված տանն ապրել են 1979 թվականից: When Harry Met Sally ֆիլմի աստղը հայտարարության մեջ նշել է.
«Մենք այստեղ մեծացրել ենք մեր երեխաներին ու թոռներին: Մեր տան յուրաքանչյուր անկյուն լի էր սիրով: Գեղեցիկ հիշողություններ, որոնք ոչ ոք չի կարող խլել»:
Netflix-ի հիթային սերիալ Nobody Wants This-ի աստղ Ադամ Բրոուդիի և Gossip Girl-ի աստղ Լեյթոն Միսթերի տունը նույնպես ավերվել է: Մայլզ Թելերն ու սիրելին էլ կորցրել են Փասիֆիկ Փալիսեյդսում գտնվող իրենց 7.5 միլիոն դոլար արժողությամբ տունը, որը գնել էին 2023 թվականին:
Բեն Աֆլեքի առանձնատունը, բարեբախտաբար, չի վնասվել, բայց այրվող քաղաքի տեսարանը դերասանին շոկի է ենթարկել։
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ՝ ԱՆՀԱՏՆԵՐԻՑ ՈՒ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Աղետի հետևանքները մեղմելու համար բազմաթիվ հայտնիներ և խոշոր ընկերություններ նվիրատվություններ են կատարում: YouTube-ը և Google-ը հայտարարել են տարբեր կազմակերպությունների 15 միլիոն դոլարի օգնություն տրամադրելու մասին, այդ թվում՝ Emergency Network Los Angeles-ին, Ամերիկյան Կարմիր խաչին և աղետների կառավարման կենտրոնին:
Verizon հեռահաղորդակցման հսկան չեղարկել է զանգերի, հաղորդագրությունների և ինտերնետի վճարները տուժած շրջանների բաժանորդների համար և 500-ական հազար դոլար է նվիրաբերել Ամերիկյան Կարմիր Խաչին ու Լոս Անջելեսի հրշեջ ծառայության հիմնադրամին:
Airbnb-ն անցյալ շաբաթ հայտարարեց տեղական հասարակական կազմակերպության հետ համագործակցության մասին՝ տեղահանվածներին անվճար ժամանակավոր կացարան տրամադրելու նպատակով: Ընկերությունն արդեն հազարավոր դիմումներ է ստացել։
Walmart առևտրային հսկան 2.5 միլիոն դոլարի կանխիկ գումար, սնունդ, ջուր և այլ առաջին անհրաժեշտության պարագաներ է տրամադրել, Kroger սուպերմարկետների ցանցը խոստացել է 1 միլիոն դոլար, իսկ Disney-ը հայտարարել է 15 միլիոն դոլարի օգնության մասին՝ ուղղված տուժած աշխատակիցներին և տարբեր կազմակերպություններին:
Los Angeles Clippers-ի սեփականատեր, միլիարդատեր Սթիվ Բալմերը Ballmer Group-ի միջոցով 15 միլիոն դոլար է հատկացրել Ալթադենայի հրդեհներից տուժածներին: Amazon-ը 10 միլիոն դոլար է խոստացել տեղական և ազգային արձագանքման խմբերին, իսկ լոսանջելեսյան Skechers-ը՝ 1 միլիոն դոլար:
The Eagles ռոք խումբը 2.5 միլիոն դոլար է խոստացել FireAid-ին, իսկ Metallica-ի՝ All Within My Hands հիմնադրամը 500 հազար դոլար է նվիրաբերել տեղական բարեգործական կազմակերպություններին: Լոս Անջելեսի խոշորագույն անկախ բանկը՝ Banc of California-ն, 1 միլիոն դոլարանոց վերականգնման հիմնադրամ է ստեղծել։ Բազմաթիվ մեծ ու փոքր ընկերություններ էլ հստակ գործնական քայլերով են օգնում՝ տասնյակ ընտանիքների համար հյուրանոց վարձում, հագուստ ու սնունդ բաժանում, առաջին օգնություն ցուցաբերում։
Լեոնարդո դի Կապրիոն 1 միլիոն դոլար է նվիրաբերել Կալիֆոռնիայում հրդեհների դեմ պայքարի համար։ Բեյոնսեի BeyGOOD հիմնադրամը 2.5 միլիոն դոլար է նվիրաբերել Լոս Անջելեսի հրդեհների օգնության հիմնադրամին՝ աջակցելու Ալթադենայում և Փասադենայում տուն կորցրած բնակիչներին: Ի դեպ, Բեյոնսեն ու Jay Z-ն Մալիբուում ունեն 200 միլիոն դոլար արժողությամբ առանձնատուն:
Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը դրամական նվիրատվություններ են կատարել, նաև հագուստ ու անհրաժեշտ պարագաներ նվիրաբերել երեխաներին։ Մեգանը նաև հետաձգել է Netflix-ով իր նոր՝ With Love, Meghan-ի թողարկումը։
Իհարկե, ցանկացած իրավիճակում գտնվում են «մարդ» բնորոշմանը ոչ այնքան արժանի կերպարներ, որոնց քայլերն ու որոշումները որևէ կերպ չեն տեղավորվում բանականության սահմաններում։ Ոստիկանությունն այս օրերին 30-ից ավելի մարդու է ձերբակալել, որոնք զբաղված էին մոխրացած ավերակների թալանով: Քաոսային իրավիճակից օգտվել փորձող հանցագործները անցել են բոլոր չափերն ու անգամ հրշեջի համազգեստ են հագել, որպեսզի կողոպուտն առանց ավելորդ խնդիրների անցնի։
ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ ԱՂԵՏԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
Փորձագետները նշում են մի քանի գործոն, որոնք նպաստեցին հրդեհների արագ տարածմանը: 2022-2023 թվականների անսովոր խոնավ եղանակը բերել էր բուսականության աննախադեպ աճի, իսկ անցյալ տարվա չոր եղանակի, կարելի է ասել՝ երաշտի պատճառով այդ բուսականությունը չորացել էր՝ արդյունքում վերածվելով իդեալական «վառելանյութի»:
Ի դեպ, վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ շատ խոնավ եղանակից շատ չոր եղանակի կտրուկ անցումը, որը հայտնի է որպես «հիդրոկլիմայական հարված», 20-րդ դարի կեսերից ի վեր 31-66 տոկոսով ավելի հավանական է դարձել աշխարհում:
Լոս Անջելեսի կենտրոնում հոկտեմբերից սկսած ընդամենը 0.4 սանտիմետր տեղումներ են եղել: Այս պայմաններին գումարվեցին Սանտա Անա կոչվող հզոր քամիները, որոնց ուժգնությունը երբեմն հասնում էր ժամում 160 կիլոմետրի: Այս քամիները ոչ միայն արագացրել են կրակի տարածումը, այլև տարածել են այրվող մասնիկները՝ նոր վայրերում հրդեհներ առաջացնելով:
Թեև հրդեհների անմիջական պատճառը սովորաբար ուժեղ քամիներն ու անձրևների բացակայությունն են, փորձագետները պնդում են, որ կլիմայի փոփոխությունը ևս փոխում է ֆոնային պայմանները և բարձրացնում նման հրդեհների հավանականությունը:
Հրշեջները կարողացել են վերահսկել առավել փոքր մասշտաբի հրդեհները և մասամբ սանձել երկու խոշորագույնները, սակայն ուժգին քամիների վտանգը դեռ առկա է։ Այս փուլում մեղադրյալի աթոռին են բոլորը՝ քամիներից մինչև քաղաքապետեր, դե իսկ միակ անքննելի հերոսներն, իհարկե, հրշեջներն են։