#իվենթաPAN
August 24, 2023

Կոլիզեումի «գինը», Իլոնի մայրն ու 3րդմասցի Ցուկը. Մասկն ընդդեմ Մարկի՝ պատմության ամենադիտված չկայացած մենամարտը

Դժվար է պատկերացնել, որ պատմության մեջ ամենադիտված մենամարտը կարող է լինել ոչ թե երկու աշխարհահռչակ մարզիկների, այլ երկու տեխնոլոգիական միլիարդատերերի միջև։ Տեխնոհսկաները, պարզվում է, ոչ միայն մտքի, այլև բազկի ուժով են պատրաստ մրցել։

Այս ամառ Իլոն Մասկի և Մարկ Ցուկերբերգի մենամարտի մասին «հեռակա մենամարտը» սոցցանցերի թոփ թեման էր։ Այս պահին իրավիճակը հուշում է, որ մենամարտն այնուամենայնիվ հեռակա էլ կավարտվի, բայց պիտի փաստենք, որ այս ֆորմատը ևս պակաս դիտարժան չէր։

Քայլ առ քայլ, թվիթ առ թվիթ հասկանանք, թե ինչ ճաշ եփեցին Մասկն ու Մարկը։

ՏԱՐԻՆԵՐ ՏԵՎՈՂ ՀԵՌԱԿԱ ՄԵՆԱՄԱՐՏԸ

Կարող էինք պնդել, թե ամեն ինչ սկսվեց, երբ Իլոն Մասկն իմացավ, որ Ցուկերբերգի գլխավորած Meta-ն մեր իրականություն է մտցնում մեկ այլ խաղացողի՝ Twitter-ի հակառակորդ Threads֊ին։ Իհարկե, այս պնդումն ամենևին  էլ սխալ չէ։ Ամեն ինչ հենց այս կետից էլ սկսվեց, բայց սա ավելի շատ առիթն էր, քան պատճառը։

Իրականում Մասկի ու Ցուկերբերգի ջրերը երբեք էլ մի առվով չեն հոսել։ Երբ 2016 թվականին SpaceX-ի հրթիռը ոչնչացրեց Ցուկերբերգի 200 միլիոն դոլար արժողությամբ արբանյակը՝ Facebook-ի հիմնադիրն ամենևին էլ հանգիստ չտարավ այս լուրը։ Սոց. Ցանցերում բարկացած հրապարակումներ արեց՝ հայտարարելով, թե որքան հիասթափված է այս ձախողումից։

Իլոն Մասկի հակահարվածն ուշացավ ընդամենը երկու տարի։ 2018-ին, երբ Facebook-ը ոտքից գլուխ թաթախված էր Cambridge Analytica-ի սկանդալի մեջ՝ Իլոն Մասկը ցուցադրաբար Facebook-ից ջնջեց իր կազմակերպությունների՝ SpaceX-ի ու Tesla-ի էջերն ու մարդկանց էլ հորդորեց նույն կերպ վարվել։ Իլոն Մասկի այս արշավը տարբեր դրսևորումներով շարունակվում է մինչև օրս։ Նախորդ տարի էլ Մասկը հայտարարեց, որ Ցուկերբերգը չպետք է գերիշխի սոց. ցանցերում և մարդկանց կրկին առաջարկեց ջնջել իրենց ֆեյսբուքյան օգտահաշիվները։

ՍՈՑՑԱՆՑԵՐԻ ԱՐՔԱՅԻ ՏԻՏՂՈՍԸ

Ամեն բան ավելի թեժացավ, երբ Իլոն Մասկը չբավարարվեց տիեզերքով և որոշեց մի ոտքով էլ մտնել սոցիալական ցանցերի ոչ այնքան պարզ աշխարհ։ Երկար բանակցություններից, չեղարկում-հաստատումներից հետո Մասկը վերջապես գնեց Twitter-ն ու սկսեց դրա ամբողջական ռեբրենդինգը։ Twitter-ը դարձավ X, իսկ Մասկը հայտարարեց, որ աշխարհում որևէ նորմալ սոց. կայք չի մնացել, ու ինքն ամեն ինչ անելու է, որ  X-ը դառնա հենց այդ հարթակը։

Իհարկե, ամեն բան այսքան պարզ չի կարող լինել, հատկապես, երբ խոսքը գնում է մեծ գումարների, ահռելի մեծ լսարանի ու անհերքելի ազդեցության մասին։ Մինչ Մասկը որոշների համար անարդյունավետ, մյուսների համար անխուսափելի փոփոխություններ էր անում X-ում, Ցուկերբերգը հայտարարեց նոր սոցիալական կայքի՝  Threads-ի մասին։ Եթե արդեն հասցրել եք գրանցվել Threads-ում, ապա անմիջապես հասկացել եք, որ Ցուկերբերգն անթաքույց կերպով X-ի ուղիղ մրցակից է առաջ բերել։ Սկզբնական փուլում Threads-ն այնպիսի աննախադեպ ռեկորդներ էր սահմանում, որ Իլոն Մասկի երբեմն չափից շատ էմոցիոնալ թվիթներին մարդիկ նույնիսկ ըմբռնումով էին մոտենում։ Բայց  կարճ ժամանակ անց տեմպերը նկատելի նվազեցին այն նույն ռեկորդային արագությամբ, որով նոր սոցիալական ցանցը տարածվել էր աշխարհում։

ՄԵՆԱՄԱՐՏԻ ԳԱՂԱՓԱՐԸ

Վերադառնալով բուն թեմային։ Ամեն ինչ սկսվեց, երբ Մասկը հրապարակավ, իսկ ավելի կոնկրետ՝ X-ում հայտարարեց, որ պատրաստ է Ցուկերբերգի հետ ռինգում մենամարտել։ Պատասխանը չուշացավ։ Ցուկերբերգն էլ իր սոց. կայքերի միջոցով անուղղակիորեն համաձայնեց մենամարտի գաղափարին՝ գրելով՝ «ուղարկիր հասցեն»։ Եթե սա թարգմանենք միջին վիճակագրական հայ տղաների օնլայն լեզվակռվի հետ, որը փողոցային կռիվ դառնալու պոտենցիալ ունի, ապա Ցուկերբերգն ասաց՝ «Տեղդ ասա, արա»։

Մնացածն արդեն ժանրի բոլոր կանոններով։ Իլոն Մասկը կարճ ու կոնկրետ պատասխանեց՝ «Լաս Վեգաս, Octagon»։Octagon-ը այն արենայի անվանումն է, որտեղ մենամարտեր է կազմակերպում «Ultimate Fighting Championship-ը»՝ UFC-ն։ Ի դեպ, UFC-ի նախագահ Դեյնա Ուայթի կանխատեսմամբ, Մասկի և Ցուկերբերգի հնարավոր մենամարտը կդառնա պատմության ամենադիտված մենամարտն ու ավելի քան  1 միլիարդ դոլար կբերի։ Մինչ այս պահը ամենադիտված մենամարտը եղել է 2017 թվականին։ Քոնոր Մաքգրեգորի հանդիպումը Ֆլոյդ Մեյվեզերի հետ ավելի քան 600 միլիոն դոլարի եկամուտ է բերել։ UFC-ի նախագահը կարծում է, որ տեխնոլոգիական հսկաների միջև մենամարտը կարող է մինչև անգամ եռապատկել եկամտի չափը։

ՄԱՐԶԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ

Ամբողջ ամառ մարդիկ խաղադրույքներ էին անում, թե ով կհաղթի այս մենամարտում։ Կանխատեսելն իրականում իսկապես բարդ է։ Ֆիզիկական տվյալների առումով Մասկը որոշ առավելություններ ունի, ավելի բարձրահասակ  ու ծանր է։  187 սմ հասակով Մասկը կշռում է մոտ 85 կգ, իսկ Ցուկերբերգը՝ 171 սմ հասակով, 70 կգ-ից պակաս։

Բայց միայն ֆիզիկական տվյալները բավարար չեն։ Ցուկերբերգն արդեն տևական ժամանակ զբաղվում է  մարտարվեստով, մասնակցում ու հաղթում է տարբեր մրցաշարերում, կարճ ասած՝ լավ մարզավիճակում է։ Իսկ Մասկը՝ կես կատակ, կես լուրջ պնդում է, որ մարզվում է միայն այն ժամանակ, երբ խաղում է իր երեխաների հետ ու նրանց վեր է նետում։

Բուքմեյքերական ընկերությունների մի մասի ֆավորիտը Ցուկերբերգն է՝ հաշվի առնելով նրա մարզավիճակը։ Որոշ բուքմեյքերներ էլ կարծում են, որ իրականում Իլոն Մասկը շատ ավելին կարող է, քան ցույց է տալիս։ Խաղադրույքներ են անում և իրենց աջակցությունը հայտնում նաև հայտնի մարզիկներ։ Օրինակ, UFC-ի ծանր քաշային կարգում գործող չեմպիոն Ջոն Ջոնսը արդեն հրապարակավ հայտնել է, որ Ցուկերբերգի թիմից է ու անգամ պատրաստ է մարզումների հարցում օգնել նրան։

Ի դեպ, հայկական տիրույթում ևս թեժ քննարկումներ էին, իսկ լրագրողներն արդեն այս թեմայով vox pop-եր էին անցկացնում։

ՄԵՆԱՄԱՐՏԻ ՎԱՅՐԸ

Այս քննարկումներում ու «կազմակերպչական հարցերում» թերևս ամենախնդրահարույց հարցերից մեկը մենամարտի անցկացման վայրն է։ Նախ Մասկն առաջարկեց Octagon-ի տարբերակը։ Ավելի ուշ առաջ բերեց մի այնպիսի էպիկ թեզ, որ անգամ ամենասկանդալային ռեալիթի շոուների սցենարիստները չէին կարող մտածել։

Մասկը հայտարարեց, որ խոսել է Իտալիայի վարչապետի, ինչպես նաև մշակույթի նախարարի հետ ու իրեն մի ցնցող տարբերակ են առաջարկել։ Հետո պարզվեց, որ ցնցող տարբերակի անունը Կոլիզեում է։ Իլոն Մասկի խոսքով իրենք պետք է մենամարտեին Կոլիզեումի տարածքում, իսկ մենամարտի ամբողջ հասույթը բարեգործական նպատակներով օգտագործվեր հենց Իտալիայում։ Մենամարտն էլ ուղիղ եթերով հեռարձակվելու էր Մասկի և Մարկի սոց. Ցանցերում։

Ավելի ուշ Մասկը հայտարարեց, թե Ցուկերբերգը հրաժարվել է Հռոմի Կոլիզեումում մենամարտից։ Իսկ պաշտոնական Հռոմից ավելի հետաքրքիր արձագանք եղավ։ Պարզվեց, որ իրենք չեն էլ առաջարկել Կոլիզեումի տարբերակը։ Նախարարությունը մանրամասն ուսումնասիրում է Կոլիզեումի տարածքում ցանկացած միջոցառում անցկացնելու յուրաքանչյուր հայտ, որպեսզի հասկանա, արդյոք միջոցառումը համատեղելի է իրենց կարգ ու կանոնի, ինչպես նաև հանգիտական վայրի պահպանության հետ։ Իսկ այս մենամարտը որևէ չափանիշով չի համապատասխանում տվյալ կանոններին։

Իտալացի պաշտոնյաները մրցակիցներին առաջարկել են մենամարտի փոխարեն հին ժամանակներում հայտնի մի մրցույթ կազմակերպել, որի ընթացքում մասնակիցները պետք է պատասխանեն պատմության և դիցաբանության վերաբերյալ հարցերի։ Ու որպեսզի մրցույթն ավելի հետաքրքիր լինի, իտալացիներն առաջարկել են այն անցկացնել լատիներեն։ Սրանից բացի, իտալացի պաշտոնյաների պահանջն այն է, որ մրցակիցները պարտավորվեն առատաձեռն նվիրատվություն կատարել Իտալիայի մշակութային ժառանգության պահպանման համար։ Իհարկե, այս տարբերակը դւոք գուցե չեք էլ լսել, որովհետև այն անհրաժեշտ hype չապահովեց։

Ի ՎԵՐՋՈ, ՄԵՆԱՄԱՐՏ ԼԻՆԵԼՈ՞Ւ Է, ԹԵ՞՝ ՈՉ

Մենամարտը, կարծես, հետաձգվում է անորոշ ժամանակով։ Մրցակիցները համաձայնության չէին գալիս մեկ վայրի, մեկ ժամկետների, մեկ էլ ֆորմատի շուրջ։

Մասկը պնդում է, որ Ցուկերբերգը հրաժարվել է Հռոմի Կոլիզեումում մենամարտից, ինքն էլ համաձայնել է թեկուզ Ցուկերբերգի առանձնատանը մենամարտել։ Այս տարբերակը ևս չի աշխատել, որովհետև Մարկը ասել է, թե ինչ֊որ ուղևորության է գնացել։ Հիմա Իլոն Մասկը հռետորական հարց է բարձրացրել՝ «Ընդհանրապես կա՞ որևէ տեղ, որտեղ նա կմենամարտի»:

Մարկ Ցուկերբերգն էլ փոխադարձ մեղադրանքով պնդում է, որ ինքը մենամարտի հստակ օր է առաջարկել՝ օգոստոսի 26-ը, բայց Մասկն այդպես էլ չի հաստատել օրը, հետո էլ ասել է, որ վիրահատության պետք է գնա։ Ցուկերբերգի կարծիքով Իլոնը լուրջ չի ընդունում այս ամենը ու հետևաբար ժամանակն է անցնել առաջ։ Ցուկերբերգը թեման փակել է՝ ասելով, որ լրջանալու դեպքում Մասկը գիտի, թե ինչպես կապվել իր հետ։ Կամ ինչպես 3-րդ մասում կասեին՝ «մենք փախնող տղա չենք, տեղս գիտես»։

Ի դեպ, այնպես չէ, որ այս մենամարտով բոլորն էին ոգևորված։ Իլոն Մասկի մայրը՝ Մեյ Մասկը որդուն դեռ սկզբից էր արգելել մենամարտել Ցուկերբերգի հետ ու հայտարարել էր, որ իրականում ինքը վաղուց չեղարկել է այդ մենամարտը, պարզապես դեռ մրցակիցերին տեղյակ չի պահել։ Իլոն Մասկն էլ արձագանքել էր այնպես, ինչպես իրեն հարգող յուրաքանչյուր չարաճճի երեխա կաներ՝ «մայրիկ, ես միևնույն է մենամարտելու եմ նրա հետ, վերջ տուր»։

Մենամարտը կարծես գրվում է սառույցին, բայց եթե դուք էլ լուրջ էիք տրամադրվել ու անհամբեր սպասում էիք զարգացումներին, ապա այս փուլում ձեզ համար այլ առաջարկ ունենք։ Թեման այնքան է տարածվել աշխարհում, որ կանադական մի ընկերություն թողարկել է Zuck v Musk խաղը։ Անվճար 2D խաղը հասանելի է կայքում։ Կարող եք մտնել ու ռինգում որքան ուզում եք «կռվացնել» Մարկին ու Մասկին։


✍️ Նանե Մանուկյան / PAN