#իվենթաPAN
April 6, 2023

Ջիպով բուժքույրերը, ֆուտբոլի վետոն և կրթության գինը. Աֆղան կանանց՝ մի խոհանոցի չափ իրավունքները

Կանանց միայն խոհանոցում պատկերացնող և նրանց այդ նույն խոհանոցի տարածքից էլ ավելի փոքր իրավունքներ տվող երկրները քիչ չեն նույնիսկ այս դարում, երբ հաղթարշավի է դուրս եկել անգամ արհեստական բանականությունը։ Այն, ինչը մեծ դժվարությամբ դուրս է գալիս տասը կողպեկի տակ փակված պետական պրոպագանդայի քողից, շատերի համար անհավանականի ժանրից է, մյուսների՝ ամենաիսկական իրականությունը։ Կանանց միամսյակն ամփոփում ենք նրանց նվիրված հերթական ծանր նախադեպով։ Ուշադրության կենտրոնում թալիբների ղեկավարած Աֆղանստանն է։

Աֆղանստանում իշխանությունը զավթած ծայրահեղական Թալիբան շարժումը 2021֊ին եկավ ու հայտարարեց, թե կանանց իրավունքները պաշտպանելու են շարիաթի օրենքներով։ Այս ուղերձի իրական ասելիքն էլ այն էր, որ կանայք կարող են հույսեր չփայփայել։ Քիչ թե շատ ձեռք բերված ազատությունների վերջը մոտ է։ Բայց Աֆղանստանում կանանց իրավունքները միշտ չէ, որ այսչափ ոտնահարված են եղել։ Քննարկենք աֆղան կանանց գոյապայքարի մի քանի փուլ։

ԵՐԲ ԱՖՂԱՆ ԿԱՆԱՅՔ ԱԶԱՏ ԷԻՆ

Եթե ձեզ հիմա ասեն` մտքում պատկերացրեք աֆղան կանանց և ասեք, թե ինչ նկարագիր ունեն, ապա վստահաբար ոտքից գլուխ հագուստով ծածկված կանանց եք մտաբերելու կամ էլ հիշելու եք նշանավոր կին գործիչների, որոնք արտաքսվել կամ նույնիսկ սպանվել են Աֆղանստանում կանանց իրավունքները պաշտպանելու համար։ Բայց միշտ չէ, որ իրավիճակն այդպիսին էր։ 21֊րդ դարում ծնված երիտասարդ աղջիկը չի տեսել, բայց մայրիկից և տատիկից է լսել, թե ինչպիսին էր կյանքը նախորդ դարում։

«Նրանք կիսաշրջազգեստ էին կրում, կինոթատրոն գնում, պիկնիկ անում։ Մորաքույրս Քաբուլի համալսարանն է ավարտել»:

Մինչև 1970-ականների հակամարտությունը, 20-րդ դարն Աֆղանստանում կանանց իրավունքների նկատմամբ համեմատաբար կայուն առաջընթաց էր գրանցել: Աֆղան կանայք առաջին անգամ քվեարկելու իրավունք ստացան 1919 թվականին։ Ի դեպ, համեմատության համար՝ Մեծ Բրիտանիայում կանայք այս իրավունքը ստացել էին միայն մեկ տարի առաջ՝ 1918֊ին,  իսկ Միացյալ Նահանգներում նրանք քվեարկելու իրավունք են ունեցել աֆղան կանանցից մեկ տարի հետո միայն՝ 1920-ին։ 1950-ականներին վերացան սեռով պայմանավորված տարանջատումները, իսկ արդեն 1960-ականներին նոր սահմանադրությունը հավասարություն բերեց կյանքի բազմաթիվ ոլորտներում։

Քաբուլը 1970֊ականներին

Այս որոշումներում և առաջընթացում կանանց դերը հսկայական էր: 1964 թվականին հենց կանայք օգնեցին մշակել Սահմանադրությունը, և մինչև 1970-ականները խորհրդարանում կար առնվազն երեք կին օրենսդիր: Մինչև 1990-ականների սկիզբ կանայք հիմնականում աշխատում էին որպես ուսուցիչներ, պետական աշխատողներ, բժիշկներ, իրավաբաններ, դատավորներ, լրագրողներ և գրողներ: Ավելին, կանայք կազմում էին Քաբուլի բժիշկների 40%-ը, դպրոցի ուսուցիչների 70%-ը, Քաբուլի համալսարանի դասախոսների 60%-ը և համալսարանի ուսանողների 50%-ը: Տղամարդկանց և կանանց համար արտասովոր չէր պատահական հանդիպել ու շփվել կինոթատրոններում և համալսարաններում:

Աֆղանստանի կանանց պատմության այս շրջանից մի ուշագրավ դրվագ բացահայտում է պատկերն ամբողջապես։ Կառավարությունը վերահսկում էր գյուղական զարգացման տարբեր ծրագրեր, որտեղ կին բուժքույրերը ջիպերով ուղարկվում էին հեռավոր շրջաններ և գյուղեր` բնակիչներին պատվաստելու այնպիսի հիվանդություններից, ինչպիսին է խոլերան: Այս իրավիճակի իրագործման անհնարինությունն այսօր ակնհայտ է: Կանայք ո՛չ կարող ենք ազատ ճամփորդել, ո՛չ անծանոթ տղամարդկանց հետ որևէ շփում ունենալ և առավել ևս՝ թեկուզ բժշկական նպատակներով՝ դիպչել նրանց։

Եթե ամփոփենք, ապա պիտի նշենք, որ մինչև 1979 թվականն Աֆղանստանում կանայք ունեին ազատության այնպիսի մակարդակ, որը համեմատելի էր այլ երկրների կանանց հետ: Կոմունիստական հեղաշրջման արդյունքում ամեն բան փոխվեց: Պատերազմ, ներխուժում, բզկտված երկիր, ծայրահեղական խմբավորումների ավելի մեծ վերահսկողություն. արդյունքում կանայք միանգամից սեփական մաշկվի վրա զգացին իրենց ազատության աճող սահմանափակումները:

ԹԱԼԻԲՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ «ԳԱԼՈՒՍՏԸ»

1970-ականներին հեղաշրջումների և խորհրդային օկուպացիայի ժամանակ, 80-ական և 90-ական թվականներին մոջահեդների խմբերի և կառավարական ուժերի միջև քաղաքացիական հակամարտությունների արդյունքում, իսկ հետո թալիբների իշխանության ներքո, Աֆղանստանում կանանց իրավունքներն ավելի ու ավելի սահմանափակ էին դառնում։ Վերջին երեք տարին միակ շրջանը չէ, երբ թալիբները երկրում իշխանության գլխին են։ Նրանք Աֆղանստանում կառավարել են նաև 1996-2001 թվականներին և հենց այդ ժամանակ էլ աֆղան կանայք զգացել են, թե ինչ է նշանակում վերացնել, ժխտել ու սահմանափակել իրենց իրավունքները։

Թալիբանի օրոք կանայք և աղջիկները խտրականության էին ենթարկվում բազմաթիվ առումներով։ Աղջիկ ծնվելը կարծես «հանցագործություն» լիներ: Թալիբները գործադրում էին իսլամական շարիաթի իրենց տարբերակը: Կանանց և աղջիկներին արգելվում էր դպրոց ու համալսարան հաճախել, աշխատել, օգտվել տղամարդկանց կողմից մատուցվող բուժօգնությունից, ցուցադրել մարմնի որևէ հատված, առանց տղամարդու դուրս գալ տնից, զբաղվել քաղաքականությամբ կամ հրապարակային ելույթներ ունենալ։

Կանայք, ըստ էության, անտեսանելի էին հասարակական կյանքում և բանտարկված էին իրենց սեփական տանը: Քաբուլում բնակիչներին նույնիսկ հրամայվել էր ծածկել առաջին հարկի պատուհանները, որպեսզի ներսում գտնվող կանանց փողոցից չտեսնեն: Եթե կինը դուրս էր գալիս տնից, ապա դա միայն տղամարդու թույլտվությամբ և ուղեկցությամբ էր։

Այս նոր իրականությունը կանանց համար հատկապես բարդ էր, քանի որ նրանք տեսել էին ու գիտեին, թե ինչ է ազատությունը։ Իսկ խտրական օրենքներին չհնազանդվելն այնպիսի խիստ պատիժներ էր նախատեսում, որ նույնիսկ ամենաազատատենչ կանայք որոշում կայացնելիս մի քանի անգամ մտածում էին: Կնոջը կարող էին մտրակել միայն այն բանի համար, որ մարմնի որևէ հատված մի քանի սանտիմետր երևացել է։ Նրանց կարող էին ծեծել՝ կրթություն ստանալու ցանկության ու փորձի համար, քարկոծել կամ նույնիսկ սպանել, եթե պարզվեր, որ կինն անբարոյական կյանք է վարում։ Գրանցվել է նաև դեպք, երբ կնոջ մատների ծայրը կտրել են՝ եղունգները հարդարելու համար։

Իհարկե, կային նաև տղամարդիկ, որոնք շատ ավելի առաջադեմ էին կամ պարզապես հասկանում էին, որ պետք է պահպանել կանանց նվազագույն հիմնարար իրավունքները։ Բայց այս տղամարդկանց ևս չէին ներում։

«Նրանք գնդակահարեցին հորս հենց իմ աչքի առաջ։ Գիշերվա ժամն ինն էր։ Նրանք եկան մեր տուն և ասացին, որ նրան սպանելու հրաման ունեն, քանի որ նա ինձ թույլ է տվել դպրոց գնալ։ Չեմ կարող նկարագրել, թե ինչ արեցին ինձ հետ՝ հորս սպանելուց հետո...». 15 տարեկան աղջիկ /անանուն/, Քաբուլ, 1995 թ.:

ՄԱՍՆԱԿԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԸ

2001 թվականից մինչև 2021-ի օգոստոս ընկած շրջանը մասնակի ազատությունների մասին էր։ Քսան տարի առանց թալիբանի։ Սա նշանակում էր, որ ծայրահեղական շարժման հետ հեռանում են նաև նրանց բերած ծայրահեղական օրենքները, բայց, անշուշտ, 20֊րդ դարի առաջին կես ևս վերադարձ չեղավ։

Միացյալ Նահանգները և դաշնակիցները Աֆղանստան ներխուժեցին սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո: Համաշխարհային առաջնորդները, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից, պարբերաբար ընդգծում էին աֆղան կանանց իրավունքների բարելավման անհրաժեշտությունը՝ որպես միջամտության հիմնավորումներից մեկը։ Իհարկե, հաճախ աֆղան կանանց գործոնը նաև քաղաքական խաղերի գործիք էր դառնում։

«Աֆղանստանում իրական խաղաղություն և վերականգնում չի կարող լինել առանց կանանց իրավունքների վերականգնման»,- նշել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը: «Աֆղանստանի վերականգնումը պետք է ենթադրի աֆղան կանանց իրավունքների վերականգնում, իսկապես, առանց նրանց դա հնարավոր չի լինի»,- նշել էր ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելը։

2001 թվականի վերջին թալիբները հեռացվեցին իշխանությունից, թեև ռազմական հակամարտությունները շարունակվեցին հետագա երկու տասնամյակի ընթացքում ևս: Թալիբների նախկին վարչակարգի օրոք իրավունքներից զրկված և նսեմացված կանայք 2002 թվականին Կանանց միջազգային օրը նշեցին մեծ հույսերով ու սպասումներով։ Հաջորդող տարիներին կանանց իրավունքներն ընդլայնվեցին։ 2001-ից հետո աղջիկները կրկին սկսեցին հաճախել դպրոց և 2011-ին դպրոցական աղջիկների թիվը հասավ արդեն 65,6%, իսկ համալսարաններում սկսեցին ոչ միայն սովորել, այլև դասավանդել։

Կառավարությունն էլ սահմանադրությամբ ամրագրել էր նրանց իրավունքների մի մասը։ 2003-ին նոր սահմանադրությունն ամրագրեց կանանց իրավունքները, իսկ 2009-ին Աֆղանստանն ընդունեց Կանանց նկատմամբ բռնության վերացման մասին օրենքը։

Այս քսան տարին և հատկապես առաջին տասնամյակը նաև ապացուցեցին, որ կանայք կարող են և պիտի ընտրեն այն մասնագիտությունները, որոնք մշտապես վերագրում են տղամարդկանց, իսկ Աֆղանստանի նման երկրներում առհասարակ արգելվում են կանանց։ Օրինակ, 2002 թվականի օգոստոսին Խաթոլ Մոհամմադզայը դարձավ Աֆղանստանի ազգային բանակում ծառայած առաջին կին գեներալը։

Կանայք հաջողություններ գրանցեցին նաև սպորտում։ Բացվեցին տարբեր մարզաձևերի ակումբներ, կազմվեցին հավաքականներ։ Աֆղանստանի ազգային օլիմպիական կոմիտեի և բռնցքամարտի կանանց ֆեդերացիայի ջանքերով 2004 թվականի ամառային Օլիմպիական խաղերում երկրի պատմության մեջ առաջին անգամ կին մարզիկներ Ֆրիբա Ռազայեն և Ռոբինա Մուքիմ Յաարը ներկայացրին Աֆղանստանը։

ԹԱԼԻԲՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐԱԾ ԱՖՂԱՆՍՏԱՆԸ

2021֊ին, երբ թալիբները հերթով գրավելով Աֆղանստանի քաղաքները հասան Քաբուլ, արդեն պարզ էր՝ բացառություններ չեն լինելու։ Իրավիճակն անկանխատեսելի էր ոչ թե որովհետև մարդիկ չգիտեին, թե ինչ սպասել թալիբներից, այլ որովհետև վստահ չէին, թե որքան դաժան են լինելու նրանք։ Բայց շատերն էլ հստակ գիտակցում էին վտանգի չափը։ Հազարավոր աֆղանցիներ շտապում էին Քաբուլի միջազգային օդանավակայան ու պատրաստ էին նույնիսկ օդանավերից կախված հեռանալ երկրից։ Հուսահատ փախչում էին բոլորը՝ կին ու տղամարդ։

Associated Press-ը հասցրել էր այդ ընթաքում խոսել մի 22-ամյա աղջկա հետ։ Անորոշությունը միակ բանն էր, որ որոշակի էր այդ մարդկանց համար։ Աղջիկը կամ պիտի գնար մի երկիր, որի մասին ոչինչ չգիտեր ու որտեղ դառնալու էր փախստական, կամ էլ պետք է մնար Աֆղանստանում, որտեղ ստիպված էր լինելու ջնջել իր ամբողջ կյանքը։

«Ես օդանավակայանում եմ, սպասում եմ չվերթի, բայց չգիտեմ էլ, թե ուր եմ գնում։ Ես այստեղ եմ՝ շփոթված, սոված և անհույս։ Ես չգիտեմ, թե ինչ է ինձ սպասում: Ո՞ւր կգնամ։ Ինչպե՞ս կանցկացնեմ օրերս: Ո՞վ է պահելու իմ ընտանիքը»։

Չնայած նախնական խոստումներին, թե կանանց իրավունքները կգործեն շարիաթի օրենքների շրջանակում, ներառյալ աշխատանքի և սովորելու իրավունքը, թալիբները կանոնավոր կերպով բացառում են կանանց և աղջիկներին հասարակական կյանքից: Վերացվեց կանանց հարցերի նախարարությունը՝ փաստացիորեն վերացնելով կանանց քաղաքական մասնակցության իրավունքը: Ու երբ թվում էր, թե սպասելի հետևանք էր, սկսվեց ամենածանր փորձությունների շղթան։ Մեկը մյուսի հետևից ընդունվեցին օրենքներ, որոնք նույնիսկ ավելի դաժան էին, քան թալիբանի առաջին ղեկավարումը։

Աֆղանստանում իշխանությունը զավթած ծայրահեղական Թալիբան շարժումը պաշտոնապես հայտարարեց, որ երկրի ամբողջ տարածքում հիջաբի կրումը պարտադիր է: Կանայք այստեղ հագնում են փարաջա, որը ոչ միայն ծածկում է ամբողջ մարմինը, այլև դեմքը։ Հետո հերթը հասավ կրթությանը։ Նախ կանայք և տղամարդիկ սկսեցին սովորել առանձին մասնաշենքերում, հետո նրանց արգելվեց սովորել մասնագիտությունների մի ամբողջ ցանկ։ Իսկ ավելի ուշ կանանց ընդհանրապես արգելվեց համալսարան հաճախել։ Սա, կարծես, քիչ էր՝ թաիլբների ձեռքը հասավ նաև դպրոցում սովորող աղջիկներին։ Սկզբում միջնակարգ դպրոց հաճախել արգելեցին, իսկ հետո՝ տարրական։ Կանանց արգելեցին նաև դասավանդել։ Անշուշտ, կանանց արգելվեց նաև լողավազաններ և մարզասրահներ այցելել, փակվեցին կանանց վարսահարդարման սրահները։ Տղամարդկանց հետ այգի գնալը ևս արգելվում է։ Կանանց համար նախատեսված առանձին օրեր կան։ Կանայք առանց տղամարդու թույլտվության չեն կարող լքել ոչ միայն երկիրը, այլև շատ դեպքերում նաև տունը, իսկ մեքենա կարող են նստել միայն տղամարդու հետ։

Եթե ամփոփ ասենք, ապա կնոջ պատկերն ու դերը վերացվեց ամեն տեղից՝ պաստառներից մինչև հեռուստատեսություն, քաղաքականությունից մինչև հասարակական կազմակերպություններ։ Նախկինում ակտիվ հասարակական կյանք վարած կանանց կյանքը նույնիսկ վտանգված է։ Նախագահ Աշրաֆ Գանին 2018-ին 26 տարեկան կնոջը՝ Զարիֆա Ղաֆարիին նշանակեց Մայդանշահր քաղաքի քաղաքապետ։ 2021֊ին թալիբները եկան ու սպառնացին նաև սպանել այս կնոջը։

Սպորտի մասին խոսելն անգամ հիմա ավելորդ ճոխություն է։ Աֆղանստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի դեպքում վտանգի տակ էր նույնիսկ նրանց ֆիզիկական գոյությունը։ Այս կանայք ոչ մի կերպ թալիբների աշխարհայացքի ու օրենքների մեջ չէին տեղավորվում։ Նրանք առաջիններից էին, որ փախան նախ Մեծ Բրիտանիա։ Ի դեպ, սա սկանդալային փախուստ էր, որովհետև վերջում պարզվեց, որ շատ աղջիկներ ֆուտբոլիստի անվան տակ փախել էին հավաքականի հետ, բայց իրականում ոչ մի կապ չունեին ֆուտբոլի հետ։ Հետո արդեն Ավստրալիայի կառավարությունն ընդունեց հավաքականին։ Աֆղանստանի նախկին ֆուտբոլիստները շարունակում են միասին ֆուտբոլ խաղալ, բայց ՖԻՖԱ֊ն հրաժարվում է նրանց անվանել Աֆղանստանի ազգային հավաքական։

Կանանց հանդեպ այս խտրական վերաբերմունքին և իրավունքների համակարգային խախտմանը հետևում է ամբողջ աշխարհը։ Իհարկե՝ մտահոգված են, կոչեր են անում, բայց մեծ հաշվով մեծ ազդեցություն չեն կարողանում ունենալ։ Ազդեցության միակ լծակը, իհարկե, ֆինանսական է։ Թալիբներին զրկել են ամեն տեսակի ֆինանսավորումից, որ նախկինում տրամադրում էին Աֆղանստանին։

Կանանց իրավունքների համար պայքարն Աֆղանստանում շարունակվում է նաև այսօր։ Սեփական կյանքը վտանգելով, բազմաթիվ կանայք և իրավապաշտպան կազմակերպություններ փորձում են թեկուզ նվազագույն չափով, բայց որևէ կերպ թեթևացնել կանանց համար այս ծանր պայմանները։

Ավարտենք մի խոսուն տվյալով։ Աֆղանստանում 15-ից 40 տարեկան 8 միլիոն կին և աղջիկ դեպրեսիա ունի և այս ծանրագույն խնդիրն աֆղան կանանց աչքերում եղածներից ամենաթեթևն է։


✍ Նանե Մանուկյան / PAN