#իվենթաPAN
March 28

Գող, թե՞ զոհ. Ինչպես գրագողության մեջ մեղադրվող օսկարակիր Ֆարհադին «դարձավ» սեփական ֆիլմի հերոսը

Մարդկային վարքագծի ու ապրումների ամենանուրբ դետալներն ապշեցնող խորաթափանցությամբ ներկայացնելու վարպետ է իրանցի կինոռեժիսոր Ասղար Ֆարհադին։ Կրկնակի օսկարակիրը մինչև վերջերս միջազգային լրատվամիջոցների առաջին էջերում էր իր մեծ հաջողություններ գրանցած ֆիլմերի ու մրցանակների առիթով։

Բայց վերջին երկու տարում կինոռեժիսորի անունը կապվեց գրագողության հետ։ Ու սա գուցե վերջին բառն էր, որ կարելի էր պատկերացնել Ֆարհադիի անվան կողքին։ Այս աղմկահարույց դեպքն արդեն հանգուցալուծված է, բայց սկսենք ամենասկզբից ու հասնենք մեր օրեր։


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


2021 թվականին Կաննի կինոփառատոնում կայացավ իրանցի ռեժիսորի «A Hero/Հերոս» ֆիլմի պրեմիերան։ Բոլորը վստահ էին, որ այս ֆիլմը Ֆարհադիի հերթական գլուխգործոցներից է ու նույնքան մեծ ազդեցություն է թողնելու, որքան օրինակ «Ամուսնալուծություն» կամ «Էլլիի մասին» ֆիլմերը։ Իրականում այդպես էլ եղավ, բայց այս ֆիլմի շուրջ աղմուկը որքան դրա ստեղծագործական արժեքի, նույնքան էլ դրան վերաբերող սկանդալի արդյունքն էր։

Համաշխարհային կինովարձույթում ֆիլմը վաստակեց 2.5 միլիոն դոլար, դարձավ մի քանի կինոփառատոնների մրցանակակիր, այդ թվում՝ արժանացավ Կաննի կինոփառատոնի «Մեծ մրցանակի»: Ու թվում էր, որ ամեն բան կանխատեսված «սցենարով» է գնում, երբ Ֆարհադիի ուսանողը հայտարարությունը իսկական plot twist դարձավ։

A Hero

Ազադե Մասիհզադեն իրանցի ռեժիսորին մեղադրեց գրագողության մեջ և որպես ապացույց ներկայացրեց իր «All Winners All Losers» վավերագրական ֆիլմը։ Աղջկա պնդմամբ Ֆարհադին վերցրել էր իր գաղափարն ու որևէ կերպ հղում չէր տվել իրեն։ Սա, իհարկե, մեծ սկանդալ էր կինոաշխարհում։ Ֆարհադին զրպարտության համար դատի տվեց նախկին ուսանողուհուն։ Աղջիկն էլ պատասխան հայցով պատասխանեց վարպետին։ Ի դեպ, սա Ֆարհադիի դեմ միակ հայցը չէր։ Նրան զրպարտության մեջ մեղադրում էր նաև պատմության իրական հերոսը`Մոհամմադ Ռեզա Շոքրին։

All Winners All Losers

Ֆարհադիի գործերը լավ չէին. Դատարանը զրպարտության գործով Ազադե Մասիհզադեին մեղավոր չճանաչեց, իսկ Ֆարհադին մեղավոր ճանաչվեց ուսանողի ֆիլմի գաղափարը «գողանալու» համար։ Նրան մեղադրեցին աղջկա հեղինակային իրավունքը խախտելու և նրա ֆիլմի հիմնական տարրերը վերցնելու համար։

Դատարանում որպես իրեղեն ապացույց ուսանողուհին ներկայացրել էր Թեհրանում 2014-ին կայացած workshop-ի տեսագրություններ, իսկ դասախոս֊ռեժիսորից պահանջում էր կինովարձույթից ստացած հասույթից իր «մասնաբաժինը», ներողության խոսքեր ու առանձին ֆինանսական փոխհատուցում։ Աղջկա խոսքով ռեժիսորն անգամ ճնշել էր նրան ու ստիպել փաստաթուղթ ստորագրել, ըստ որի ինքը այս գաղափարի իրավունքները տալիս էր Ֆարհադիին։

Հետ գնալով 2014. Workshop-ի ընթացքում Ֆարհադին ուսանողներին առաջարկել էր սցենար գրել կորած-գտնված ինչ֊որ իրի ու դրա հետ կապված պատմության մասին ու ինքն էլ մի քանի տարբերակ էր ներկայացրել։ Ազադե Մասիհզադեն էլ առաջարկել էր իր հայրենի Շիրազ քաղաքում տեղի ունեցած այս պատմությունը, որն էլ, հետո, դարձավ նրա վավերագրական ֆիլմի և Ֆարհադիի «Հերոսը» ֆիլմի «տեղեկատվական աղբյուրը»։

Իսկ ի՞նչ էր ասում Ֆարհադին։ Իրանցի ռեժիսորը պնդում էր, որ ինքը շատ վաղուց է ունեցել այս ֆիլմի գաղափարը։ Իսկ գաղափարի հիմքում իրական մի պատմություն էր, որ հրապարակված էր բոլոր լրատվամիջոցներում։ Իսկ հանրային տեղեկատվությունը որևէ մեկին չի պատկանում, հետևաբար այստեղ գրագողության խնդիր էլ չկա։ Ռեժիսորն ասում էր՝

«Երբ իրադարձությունն արդեն տեղի է ունեցել, այն արդեն հանրային սեփականություն է։ Այս դեպքի մասին գրված էր Իրանի ամենահայտնի ամսագրերից մեկում և ցանկացած մարդ շատ պարզ Google որոնման արդյունքում կարող է ծանոթանալ այս պատմությանը։ Ցանկացած մարդ կարող է պատմության իր մեկնաբանությունն ունենալ։ «Հերոսը» ֆիլմն իմ մեկնաբանությունն է, ճիշտ այնպես, ինչպես այդ վավերագրական ֆիլմն է դեպքի հերթական մեկնաբանություն»:

Մի քանի բառով անդրադառնանք ֆիլմի սյուժեին ու դրա հիմքում ընկած իրական պատմությանը։ Այս դեպքից շուրջ տասը տարի է անցել։ Լրատվամիջոցները տարածել էին տեղեկություն, ըստ որի բանտրից դուրս եկած քաղաքացին տուն գնալու ճանապարհին տրանսպորտում գումարով լի պայուսակ է հայտնաբերում։ Այս արժեքավոր պայուսակը տղամարդը կարող էր օգտագործել օրենքի հետ սեփական խնդիրները լուծելու համար, բայց որոշում է պայուսակը հանձնել ոստիկանությանը։

Ֆարհադիի ֆիլմի գլխավոր հերոսը Ռահիմ Սոլթանին է, որն ակամայից դառնում է իր ծանոթների ու անգամ անծանոթ մարդկանց հերոսը։  Նա բանտից երկօրյա արձակուրդի ընթացքում ոսկե մետաղադրամներով պայուսակ է գտնում։ Սա կարծես վերևից ուղարկված նվեր էր՝ պարտքը մարելու ու բանտից ազատվելու համար, բայց հերոսը որոշում է ֆիզիկական ազատության համար հակառակ չգնալ սեփական արժեքներին։ Մինչև այս կետը Ֆարհադիի ֆիլմը իրական դեպքի հետ ուղիղ կապ ունի, բայց սրա հիման վրա զարգացած պատմությունը ամբողջովին այլ շերտեր է բացահայտում։

Ինչևէ, վերադառնանք դատական կինոյին։ Մեղադրանքների ու մնացյալի ֆոնին վերջերս կայացավ այս պատմության հանգուցալուծումը։ Թեհրանի համալսարանի պրոֆեսորները, որոնք մասնագիտացած են հեղինակային իրավունքի մեջ, երկար ու ձիգ ամիսներ ուսումնասիրեցին ձայնագրությունները, ֆիլմերի սցենարներն ու մամուլում հրապարակված նյութերը և եկան այն եզրակացության, որ երկու ֆիլմերի միակ նմանությունը այն իրական դեպքն է, որին ծանոթ էր ամբողջ Իրանը։

7 էքսպերտները միաձայն են ընդունել այս որոշումն ու հստակեցրել, որ լրատվական նյութի հիմք հանդիսացած նորությունը իրավատեր չունի և ցանկացած մարդ կարող է այն օգտագործել՝ սեփական մեկնաբանմամբ։ Այսպիսով Ասղար Ֆարհադին և նրա «Հերոսը» ֆիլմն ամբողջությամբ արդարացված են։

Դեռ տարիներ առաջ՝ 2018 թվականի, որպես «Ոսկե Ծիրան» փառատոնի ժյուրիի անդամ Ֆարհադին Հայաստանում էր։ Հենց այստեղ լրագրողների հետ զրույցում ասում էր, թե որքան բազմաշերտ է մարդկային միտքն ու հոգեբանությունը, ու միևնույն ժամանակ՝ որքան նույնն են մարդիկ։

«Ես անդրադառնում եմ այնպիսի թեմաների, որոնք ընդհանուր են. արդյունքում շատ նմանություններ եմ գտնում մշակույթների միջեւ: Կարծում եմ՝ աշխարհում մարդիկ այդքան էլ իրարից չեն տարբերվում, զգացմունքները նույնն են: Սերը, ատելությունը, բարկությունը բոլոր մշակույթներում նույնն է»:

Որպես ռեժիսոր և սցենարիստ՝ Ֆարհադին չի դատում իր ֆիլմի հերոսներին, իսկ հանդիսատեսին էլ ազատություն է տալիս՝ անել սեփական դատողությունները։ Երկրորդական հարց է՝ ֆիլմը կպատասխանի՞ ձեր բոլոր հարցերին, թե՞ շատ հարցեր անպատասխան կմնան։


✍️ Նանե Մանուկյան / PAN