#իվենթաPAN
August 22

ԽՍՀՄ կանանց կուռքը, Ֆրանսիայի հպարտությունը, Հոլիվուդի բացթողումը. Կինոյի տղա Ալեն Դելոնը

Նրան անվանում էին համաշխարհային կինոյի ամենագեղեցիկ տղամարդը։ Կանայք սիրահարվում էին նրան, տղամարդիկ՝ նախանձում։ Երիտասարդ տարիքում նրան մերժում և դերեր չէին տալիս՝ պատճառաբանելով, որ չափազանց գեղեցիկ է, իսկ Հոլիվուդում նա այդպես էլ չհասկացված մնաց։ 88 տարեկանում մահացել է հանրահռչակ դերասան, ֆրանսիական կինոյի ոսկե դարաշրջանի աստղ, սրտակեր ու սրտեր կոտրող Ալեն Դելոնը։ 1960-1980-ականների գլխավոր կինոաստղին հրաժեշտ ենք տալիս՝ կյանքի և կարիերայի գլխավոր դրվագներն ամփոփելով։

ԿՅԱՆՔՆ ԱՌԱՆՑ ԿԻՆՈ

Դելոնին առանց իր դերերի դժվար է պատկերացնել։ Թվում է, որ նա ծնվել էր դերասան դառնալու և մեկը մեկից տպավորիչ կերպարներ կերտելու համար։ Բայց ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ, իսկ մինչև կինո Դելոնի ճանապարհը երկար ու բարդ է եղել։

Դեռ դպրոցական տարիներից Դելոնն աչքի էր ընկնում իր ըմբոստ բնավորությամբ և ոչ այնքան օրինակելի վարքով։ Սա է պատճառը, որ նրան պարբերաբար հեռացնում էին դպրոցներից, ինչի հետևանքով նա ստիպված էր ամեն անգամ նոր միջավայրում հայտնվել։ Ինչ-որ պահից Դելոնի մայրը և խորթ հայրը հասկացան, որ տղայի խառնվածքն ակադեմիական կրթության համար չէ, հետևաբար որոշեցին նրան երշիկագործություն սովորեցնել։ Այս ընտրությունը ևս պատահական չէր։ Դելոնի խորթ հայրը երշիկի խանութ ուներ։

Տղան չհակաճառեց, որոշեց, որ սա ամենահարմար տարբերակն է և պետք է շարունակել ծնողների գործը։ Սա բնական ընտրություն էր թվում։ Մեկ տարի սովորելուց հետո Դելոնը մասնագիտությամբ աշխատելու իրավունք և դիպլոմ ստացավ։ Արդյունքում նախ տեղավորվեց մսավաճառի կրպակում, իսկ երեք ամիս անց՝ Փարիզի Սեն-Շառլ փողոցում գտնվող երշիկեղենի խանութ։


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


Բայց երիտասարդի համար երշիկեղենի խանութում աշխատելը հեռանկարային չէր։ Զգում էր, որ կարող է ավելին և, որ ոչ պակաս կարևոր էր՝ ցանկանում է ավելի շատ գումար աշխատել։ Մի անգամ 17 տարեկան տղան փարիզյան մետրոյում պաստառ տեսավ, որտեղ ասվում էր. «Դուք կդառնաք փորձարկող օդաչու և կանցնեք վերապատրաստում Կանադայում»։

Փորձարկող օդաչու դառնալու միտքը հետաքրքիր ու ոգևորիչ էր թվում, բայց կարճ ժամանակ անց պարզվեց, որ ընդունելությունն ավարտվել է։ Փոխարենը ֆրանսիական բանակը նորակոչիկների կարիք ուներ։ Ավելին, խոսք էր գնում 200,000 ֆրանկ աշխատավարձի մասին։ Արդյունքում երիտասարդը թողեց փարիզյան կրպակն ու հայտնվեց պարաշյուտա-դեսանտային զորքերի ծովային հետևակի կորպուսի շարքերում, մասնակցեց Հնդկաչինի պատերազմին։

Անշուշտ, մինչև Հնդկաչին հասնելը դեռ բավականին բարդ ճանապարհ կար անցնելու։ Նավատորմում հայտնվելու համար Դելոնի դպրոցական գիտելիքները բավարար չէին, հետևաբար լրացուցիչ դասընթացների և կրթական նոր մակարդակի կարիք կար։ Դելոնը հենց այս ճանապարհն էլ ընտրեց։ Դժվար է ասել՝ եթե նախապես տեղյակ լիներ, թե ինչ է իրեն այնտեղ սպասվում, արդյոք նույն որոշումը կկայացներ։ Ալեն Դելոնի բանակային ընկերոջ հուշերից տարիներ անց պարզ է դառնում, որ նրանց սիտպում էին կատարել ծանր ֆիզիկական վարժություններ, երիտասարդներից ոմանք ուշագնաց էին լինում, բուժկետի մասին պետք չէր անգամ երազել։ Կարճ ասած՝ բանակային ընկերոջ ձևակերպմամբ «երիտասարդներին պատրաստում էին պայքարի, կամ, ավելի ճիշտ կլինի ասել, թնդանոթի միս դառնալու»։

Այս ամենը հերիք չէր, Դելոնն էլ կրկին աչքի էր ընկնում իր անկարգապահ բնավորությամբ, ինչի պատճառով հատուկ պատիժների պակաս չկար։ Վերջին կետն էլ այն էր, որ հստակ երկընտրանքի առջև էր կանգնել։ Կա՛մ պետք է դուրս գար զինված ուժերից, կա՛մ էլ երկու տարով երկարացներ պայմանագիրը և գնար Հնդկաչին։ Ծառայությունը թողնել Դելոնը զարմանալիորեն չէր ուզում, հետևաբար ընտրեց երկրորդ տարբերակը։

Տարիներ անց արդեն կինոաստղ դարձած Ալեն Դելոնը մշտապես պնդում էր, որ չնայած բոլոր դժվարություններին և ծանր փորձություններին, ծառայության տարիներն իր կյանքի ամենաերջանիկ և կարևոր տարիներից է համարում։ Հենց այդ շրջանում էլ Դելոնը ձևավորվեց որպես անհատ, և սա ոչ մի բանի հետ փոխել չէր կարելի։

ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՄԵԾ ԿԻՆՈ

Դելոնը բանակից զորացրվեց 1956 թվականին։ Հետո նախ Մարսել մեկնեց, ապա՝ Փարիզ։ Մարսելում ծախսեց բանակում վաստակած գումարի կեսը, իսկ Փարիզում աշխատանքի ընդունվեց գարեջրատանը։ Մատուցողի աշխատանքը Դելոնի սրտով չէր, որովհետև սովոր չէր, որ իրեն չորս կողմից կարգադրեն։ Ավագ մատուցողից մինչև ադմինիստրատոր, բոլորն իրենց իրավունք էին վերապահում բղավել շարքային մատուցող Դելոնի վրա։ Հետևաբար, կարճ ժամանակ էր պետք՝ հասկանալու՝ սա իր երազանքների աշխատանքը չէր։ Արդյունքում Դելոնը Փարիզում էր՝ առանց աշխատանք և առանց գումար։

Այս ընթացքում Փարիզում ձեռք բերած ընկերական նոր շրջապատը Դելոնին խորհուրդ տվեց իր լուսանկարները ցույց տալ պրոդյուսերներին։ Որքան էլ զարմանալի է՝ երիտասարդ ու գեղեցկադեմ տղային աջ ու ձախ մերժում էին։ Իսկ ամենահետաքրքիր պատճառաբանությունն այն էր, որ տղան «չափից շատ գեղեցիկ է», հետևաբար նրա մոտ ոչինչ չի ստացվի։

Քասթինգներից մեկի ժամանակ Դելոնը ծանոթացավ մեկ այլ սկսնակ դերասանի՝ Ժան Կլոդ Բրիալի հետ։ Տղաներն ընկերացան և որոշեցին միասին փնտրել դեպի մեծ կինո տանող ճանապարհները։ Արդյունքում 1956 թվականին հայտնվեցին Կաննում, վստահ լինելով, որ գոնե փառատոնի ընթացքում իրենց որևէ մեկը կնկատի։

Եվ չսխալվեցին։ Կաննում Ալեն Դելոնին նկատեցին և աշխատանքի առաջարկ արեցին ոչ ավել, ոչ պակաս՝ ԱՄՆ-ում նկարահանվելու համար։ Յոթ տարով պայմանագիրը երաշխավորում էր կարիերա Հոլիվուդում, բայց պարտադիր պայման էր անգլերենի գերազանց իմացությունը։ Փարիզ վերադառնալուց հետո Դելոնը սկսեց ինտենսիվ կերպով անգլերեն սովորել։ Վստահ էր, որ իր հաջողությունը հենց Հոլիվուդում է գտնելու։ Բայց այս պլաններն անկատար մնացին նոր առաջարկի պատճառով։ Կինոռեժիսոր Իվ Ալլեգրեն Դելոնին համոզեց դերասանական կարիերան սկսել հայրենիքում։

Եվ այսպես, Ալեն Դելոնի դերասանական դեբյուտը եղավ 1957 թվականին՝ Իվ Ալլեգրեի «Երբ միջամտում են կանայք» կինոնկարում։ Մեկ տարի անց Դելոնը նկարահանվեց Ալլեգրե եղբայրներից մյուսի՝ Մարկ Ալեգրեի «Եղիր գեղեցիկ և լռիր» ֆիլմում։ Երկու ֆիլմում էլ Դելոնի դերերը փոքր էին և մի քանի դրվագով էին սահմանափակվում։ Հետևաբար, դրանք դերասանին առանձնակի հաջողություն ու ճանաչում չբերեցին։ Հաջորդող երեք տարում Դելոնը նկարահանվեց մի շարք ֆիլմերում՝ պատմական մելոդրամայից մինչև կատակերգություն, բայց դրանցից ոչ մեկն էլ բաղձալի հաջողություն չգրանցեց։

Փոխարենն այդ ընթացքում դերասանական կրթություն չունեցող Դելոնն ինքնակրթությամբ էր զբաղվում, աշխատում խոսքի վարպետության և դերասանին անհրաժեշտ այլ հմտություններ զարգացնելու ուղղությամբ։ Իր ձևակերպմամբ՝ սովորում էր նկարահանման հրապարակում։

ԱԼԵՆ ԴԵԼՈՆԸ՝ ԿԻՆՈՅԻ ՏՂԱՆ

Ամեն ինչ փոխվեց 1960-ականների հենց սկզբից։ Դելոնի համար բեկումնային դարձավ Ռենե Կլեմանի կողմից Պատրիցիա Հայսմիթի «Տաղանդավոր միստեր Ռիփլին» վեպի էկրանավորման մեջ նկարահանվելու առաջարկը, որտեղ Դելոնը մարմնավորեց հենց Թոմ Ռիփլիի կերպարը։ «Վառ արևի տակ» ֆիլմում Դելոնը ցուցադրեց իր տաղանդի դեռևս չբացահայտված և ամենավառ շերտերը։ Մշտապես խստապահանջ ռեժիսորը սա չնկատել չէր կարող։ Տարիներ անց Կլեմանը Դելոնին անվանում էր եզակի արտիստ, որն ունակ էր լսելու ռեժիսորին և սովորելու ոչ միայն այն, ինչն իրեն է ձեռնտու, այլև այն, ինչի կարիքն իսկապես կար։

Ֆիլմի պրեմիերան 1960 թվականի մարտին էր՝ Փարիզում։ Թե՛ կինոքննադատները, թե՛ հանդիսատեսը գնահատանքի մեծ խոսքեր ուղղեցին ստեղծագործական թիմին, անգամ սա անվանեցին ռեժիսորի լավագույն աշխատանքը։ Ինչ վերաբերում է Դելոնին, նրան սկսեցին ընկալել ոչ միայն որպես գեղեցկադեմ երիտասարդի, այլև որպես բազմաշերտ և բազմատաղանդ դերասանի։ Ֆիլմում «հրեշտակի դեմքի» և «սատանայի հոգու» համադրությունը մարմնավորելու մարտահրավերը կարծես հե՛նց Դելոնի համար ստեղծված լիներ։

Դելոնին անվանեցին «1960 թվականի Ժյուլյեն Սորել» և «Ժերար Ֆիլիպի արժանի հետնորդ», իսկ ամիսներ անց՝ ֆիլմի համաշխարհային վարձույթի դուրս գալուց հետո, Ալեն Դելոնի տաղանդը հայտնվեց Ֆրանսիայի սահմաններից դուրս և գրավեց եվրոպացիների սրտերը։ Դելոնին նկատեց ոչ միայն հանդիսատեսը, այլև մեծանուն ռեժիսորները։ Արդյունքում նա նկարահանվեց իտալացի ռեժիսոր Լուկինո Վիսկոնտիի ֆիլմում։ «Ռոկկոն և նրա եղբայրները» ֆիլմում Դելոնը մարմնավորում էր Ռոկկոյի կերպարը։ Գեղեցիկ և ազնիվ երիտասարդ, որը ճակատագրի հարվածների և իրեն բաժին հասած դժվարությունների արդյունքում չի կորցնում մարդկային հատկանիշները. այս առումով Ռոկկոյի կերպարը, կարծես, ուղիղ հակադրության մեջ լիներ նախորդող դերի՝ Թոմ Ռիփլիի կերպարի հետ։ Արդյունքում Ալեն Դելոնն իր տաղանդի այլ երանգներ ցուցադրելու հնարավորություն ուներ։ Այս ֆիլմը ևս ապացուցեց, որ Դելոնին կարելի է վստահել բարդ դրամատիկական դերեր։

Մեկ այլ անվանի ռեժիսոր, որի հետ դերասանը բախտ է ունեցել աշխատել՝ Միքելանջելո Անտոնիոնին է։ 1962 թվականին էկրան է բարձրանում ռեժիսորի «Խավարում» դրաման, որտեղ գլխավոր դերերը վստահված էին Ալեն Դելոնին և Մոնիկա Վիտտիին։ Այս ֆիլմը յուրօրինակ էր այն առումով, որ ռեժիսորը հատուկ շեշտադրել և հենվել էր դերասանների տաղանդի վրա, արդյունքում ֆիլմում պահելով նվազագույն երկխոսություններ և գրեթե բացակայող երաժշտություն։ Այս ֆիլմը դարձել է Անտոնիոնիի ամենահաջողված աշխատանքներից մեկը և Կաննի կինոփառատոնի հատուկ մրցանակի է արժանացել։

Իտալացի ռեժիսորների հետ Դելոնի համագործակցությունը չափազանց հաջողված էր։ Հետևաբար զարմանալի չէ, որ 1962 թվականին դերասանը կրկին առիթ է ունենում աշխատելու Վիսկոնտիի հետ։ Այս անգամ Դելոնին առաջարկել էին նկարահանվել «Ընձառյուծ» էպիկական դրամայում, որտեղ երիտասարդ դերասանը հանդես է գալիս Սավոյական թագավորի սպայի՝ Տանկրեդիի կերպարով։ Այս դերի համար դերասանն առաջադրվել է  «Ոսկե Գլոբուս» մրցանակի՝ որպես հեռանկարային նորահայտ դերասան։

Ընդամենը մի քանի տարի պահանջվեց, որ Ալեն Դելոնը դառնա Ֆրանսիայի և Եվրոպայի սիրելին։ 23 տարեկանում նրան անվանում էին «Բրիջիդ Բարդոյի տղամարդ տեսակ»։ Հիանում էին թե՛ Դելոնի արտաքինով, թե՛ դերասանական խաղով։ 1960-ականներիը Դելոնի համար չափազանց հագեցած էին։ Նրա մասնակցությամբ ֆիլմերը մեծ էկրան էին բարձրանում տարին մի քանի ֆիլմ հաճախականությամբ։ Արդյունքում՝ հաջողության համը զգացած դերասանը որոշում է իր ուժերը փորձել նաև Հոլիվուդում։

1965 թվականին դերասանը կնոջ՝ Նատալիի և որդու՝ Էնթոնիի հետ տեղափոխվում է Միացյալ Նահանգներ՝ Մետրո-Գոլդուին-Մայեր մեդիաընկերության հետ պայմանագրով աշխատելու համար։ ԱՄՆ-ում դերասանը նկարահանվում է մի քանի ֆիլմերում՝ Ռալֆ Նելսոնի «Գող ծնվածը» քրեական դրամայում (1965), Մարկ Ռոբսոնի «Կորած ջոկատը» ռազմական դրամայում (1966), Ռենե Կլեմանի «Այրվու՞մ է արդյոք Փարիզը»  (1966) ֆրանկո-ամերիկյան ֆիլմում, «Տեխասը գետից այն կողմ» կատակերգական ֆիլմում (1967)։ Բայց այս ֆիլմերից և ոչ մեկը Դելոնին չի բերում այն հաջողությունը, որին դերասանն արդեն սովոր էր։

Արդյունքում Ալեն Դելոնը որոշում է վերադառնալ իր արմատներին։ Եվ կարծես ճակատագրի հեգնանքով միանգամից վերսկսում է հաջողության իր ճանապարհը։ Արդյունքում 1970-ականներին դերասանի ֆիլմագրության մեջ իրար հետևից ավելանում են ստացված մի քանի նախագծեր։ Ալեն Դելոնը խաղում է մերժված երիտասարդի, բարդ ու ռոմանտիկ պրոֆեսորի, արիստոկրատ միասեռականի, հարբեցողի և շատ այլ դերեր։ Արդյունքում յուրաքանչյուր նոր դեր Ալեն Դելոնի դերասանական անքննելի տաղանդի հերթական ապացույցն էր։ Ի դեպ, 1984 թվականին Բերտրան Բլիեի «Մեր պատմությունը» դրամայում հարբեցող Ռոբեր Ավրանշեի դերի համար Դելոնն արժանացավ «Սեզար»-ի «Լավագույն դերասան» մրցանակին։

ԽՍՀՄ-ում Դելոնի հանդեպ սերը մեկ այլ պատմություն է։ 70-ական, 80-ական և 90-ական թվականներին նա նկարահանվել է ևս 50 ֆիլմերում, որոնցից մի քանիսը Դելոնին դարձրին Խորհրդային Միության կանանց կուռքը։ Արդարության համար պետք է ասել, որ դեռահաս տղաները ևս նրա մեծ երկրպագուն էին՝ հատկապես 1975 թվականին մեծ էկրան բարձրացած «Զորրո» ֆիլմից հետո։ Համաշխարհային կինոյի նմուշներին սահմանափակ հասանելիություն ունեցող մարդկանց համար Ալեն Դելոնը շատ արագ դարձավ լեգենդար մի կերպար, համաշխարհային մեծության աստղ, որի ֆիլմերը խորհրդային հեռուստադիտողների հիշողության մեջ շատ երկար մնացին։ Նրա անունը մարդկանց առօրյա խոսույթում մնաց շատ երկար, իսկ տղաների հանդեպ աղջիկների պահանջները տասնապատկվել էին, որովհետև «դու հո Ալեն Դելոնը չես, որ քեզ սիրեմ»։

Դելոնին սիրում էին նաև Հայաստանում։ 2012 թվականին դերասանն առաջին և միակ անգամ այցելեց մեր երկիր։ Երևանում նա մասնակցում էր «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆրանս-ռուսական համատեղ արտադրության ֆիլմի ցուցադրությանը: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում աշխարհահռչակ դերասանը կես կատակ, կես լուրջ ասում էր.

«Առաջին անգամ եմ Հայաստանում ու չգիտեի, որ ինձ այստեղ այսքան հարգում են: Ինձ ոչ ոք այդ մասին չէր ասել, նույնիսկ իմ ընկեր Շառլ Ազնավուրը»։

ՈՒՐԱԽ ՎԵՐՋԱԲԱՆ ՉԵՂԱՎ

Ամբողջ կյանքում սիրո, ջերմության և ուշադրության պակաս չունեցած Դելոնի կյանքի վերջին տարիները ճիշտ հակառակի մասին էին։ Ժամանակին Դելոնի կինոյի տղան էր, իսկ վերջին տարիներին նա հիվանդ ու միայնակ ծերուկ էր, որի ժառանգությունը դարձել էր սեփական երեխաների կռվախնձորը։

Ալեն Դելոնը երեք երեխա ունի երկու կանանցից։ Նատալի Դելոնի հետ ամուսնությունից ծնվել է Էնթոնին, որն այժմ 59 տարեկան է, իսկ Ռոզալի վան Բրեմենի հետ հարաբերությունների ընթացքում զույգը մեկ աղջիկ և մեկ տղա է ունեցել։ Աղջիկը՝ Անուշկան, հիմա 33 տարեկան է, տղան՝ Ալեն-Ֆաբիենը՝ 29: Վերջին տարիներին այս ընտանիքում բոլորը բոլորի դեմ էին դուրս եկել, բոլորը բոլորին դատի էին տալիս ու մեղադրանքներ ձոնում հեռուստաեթերներից։

Դերասանի երեխաները հանրայնորեն փոխադարձ պահանջներ ու վիրավորանքներ էին փոխանցում իրար, հրապարակում գաղտնի ձայնագրված խոսակցություններ ու սպառնում դատական գործընթացներով։ Այս ամենի ֆոնին էլ կարծես ամբողջությամբ մոռացել էին իրենց հայրիկի մասին։ Տխուր թեմաներով այս անգամ շատ չենք խոսելու, որովհետև Ալեն Դելոնի կյանքի կարևոր դրվագների ամփոփումն արժանի է միայն լուսավոր հիշողությունների փաստագրմանը, բայց ցանկության դեպքում այս տհաճ իրավիճակի բոլոր մանրամասները կարող եք կարդալ դերասանին նվիրված՝ PAN-ի մեկ այլ հոդվածում։

Այսպիսով, Ալեն Դելոնը մահացավ 88 տարեկանում և նրա մասնակցությամբ հրապարակված վերջին նկարից կարելի է ենթադրել, որ գոնե կյանքի վերջին օրերը դերասանն անցկացրեց ընտանեկան ջերմությամբ շրջապատված։

Այս ընթացքում Դելոնի անբաժան ընկերն ու տան անդամն էր դարձել նրա սիրելի Լուբո շունը։ Դելոնն իր կտակում անգամ խնդրել էր մարդկայնորեն էֆթանազիայի ենթարկել իր շանը և թաղել տիրոջ հետ։ Բայց կտակի այս կետը չի կատարվի։ Կենդանիների իրավունքների պաշտպանների բողոքի ալիքի ֆոնին դերասանի դուստրը խոստացել է, որ 10-ամյա հովվաշունը ողջ կմնա և կշարունակի ապրել դերասանի ընտանիքի հետ։

Ալեն Դելոնն իր հետ փակեց մի ամբողջ ոսկե դարաշրջանի էջ, բայց կասկածից վեր է, որ նրա կերտած կերպարները, գեղեցիկի հոմանիշ դարձած անունն ու թողած ժառանգությունը դեռ երկար են հիշվելու և որակյալ կինոն գնահատողների նոր սերունդներին են փոխանցվելու։


✍️ Նանե Մանուկյան / PAN