#իվենթաPAN
August 17, 2023

Բեյոնսեի վերածնունդը, Մայլիի ծաղիկներն ու Թրևիսի ուտոպիան. Ինչ են պատմում ալբոմներն արտիստների մասին

Ամառային ժամանցն ապահովելու համար PAN֊ն արդեն առաջարկել է գրքերի, փառատոնների, ֆիլմերի ու սերիալների ամենաթարմ ու գլխավոր անունները։ Նաև տրամադրել է այն երկրների ցանկը, ուր կարող եք մեկնել առանց վիզաների քաշքշուկի և այնտեղից էլ վայելել ֆիլմերն ու գրքերը։ Այս ցանկն ամբողջացնելու համար այս անգամ ձեզ համար հավաքել ենք տարվա գլխավոր երաժշտական ալբոմների ցանկը։

Այս տարի երաժիշտներն ու երգիչները բավականին շռայլ են գտնվել իրենց ունկնդրի հանդեպ։ Զարմացած են անգամ ամերիկյան լրատվամիջոցներն ու ասում են, որ խոսքը ոչ թե տասնյակ, այլ անգամ հարյուր և ավելի ալբոմների մասին է։ Ինչևէ, ցանկը կազմել ենք՝ կրկին փորձելով ամեն ճաշակին հարմար մի բան առաջարկել։

ԲԵՅՈՆՍԵ. RENAISSANCE

Renaissance֊ը Բեյոնսեի յոթերորդ ստուդիո ալբոմն է։ Երգչուհու նախորդ ալբոմը՝  Lemonade-ը, թողարկվել էր 2016 թվականին։ Թեև այս ցանկում Renaissance֊ը միակ ալբոմն է, որ թողարկվել է նախորդ տարի, դրա մասին բուռն քննարկումները չեն դադարում անգամ մեկ տարի անց։ Ալբոմը թողարկվել է 2022  թվականի հուլիսի 29֊ին ու հենց նույն օրն ալբոմը Spotify-ով հեռարձակման ռեկորդ է սահմանել։ Այդ օրն ալբոմը լսել են 43 միլիոն անգամ։

Ալբոմում 16 երգ կա, մեծ մասը պարային,  էլեկտրոնային անդեգրաունդ և դիսկո ռիթմերով։ Այս ալբոմը Բեյոնսեն ձայնագրել է կորոնավիրուսի ընթացքում։ Համավարակի պատճառով  ձայնագրման ընթացքը բավականին երկար է տևել։ Երգչուհու խոսքով, այդ ձգձգումներն իրեն անգամ օգնել են, որովհետև մտածելու և մտահղացման վրա կենտրոնանալու համար ավելի շատ ժամանակ է ունեցել։ Այս երգերի միջոցով երգչուհին նաև ձգտել է ոգեշնչել իր ունկնդիրներին և համավարակի ծանր օրերին նրանց համար դառնալ «փախուստի յուրօրինակ մի ձև»։ Նաև հնարավորություն՝ մեկուսացման մեջ վերհիշելու օրերը, երբ մարդիկ պարում էին ոչ թե տանը, այլ ակումբներում ու մեծ պարահրապարակներում։

Ալբոմի թողարկումից հետո երգչուհին հայտարարեց Renaissance համերգային շրջագայության մասին։ Սա 2016֊ից հետո երգչուհու առաջին սոլո համաշխարհային շրջագայությունն է։ 2018֊ին էլ Բեյոնսեն շրջագայել էր ամուսնու՝ Jay Z֊ի հետ։

Renaissance ալբոմը Բեյոնսեին նաև Grammy մրցանակաբաշխության ռեկորդակիր է դարձրել։  2023֊ի մրցանակաբաշխությանը երգչուհին ալբոմի համար առաջադրվել էր միանգամից 9 անվանակարգում ու դարձել տարվա ամենանոմինացված արտիստը։ Այդ գիշեր Բեյոնսեն չորս Գրեմմի տարավ տուն ու ընդհանուր 32 մրցանակով դարձավ մրցանակաբաշխության պատմության մեջ ամենամեծ թվով Գրեմմի շահած արտիստը։

ԼԱՆԱ ԴԵԼ ՌԵՅ. DID YOU KNOW THAT THERE'S A TUNNEL UNDER OCEAN BLVD

Լանա Դել Ռեյի 9-րդ ստուդիո ալբոմը թողարկվել է 2023-ի մարտի 24-ին և միանգամից լայն արձագանք ստացել երգչուհու երկրպագուների շրջանում։ Շատերը սա անվանում են Դել Ռեյի ամենահասուն ալբոմը՝ երաժշտության և հատկապես խոսքերի համար։

Ocean Blvd-ի առանցքում հենց ինքը՝ Դել Ռեյն է, որը փորձում է ավելի մոտիկից ուսումնասիրել ինքն իրեն, տարբեր կողմերից ուսումնասիրել սեփական պատմությունը։ Սա կարծես անձնական պատում կամ էլ ինքնակենսագրական լինի։ Լանան երգերում պատմում է ընտանիքի, ձախողված հարաբերությունների, թաքնվելու ու նաև բոլորի աչքի առջև լինելու իր հակասական ցանկության մասին։ Եթե նախորդ ալբոմներում ծանոթանում ենք՝ թե ով է Լանան, ապա այս ալբոմում ունկնդիրն իմանում է, թե ինչու է նա հե՛նց այդպիսին։

Լիրիկական առումով սա երգչուհու գուցե «ամենահանդարտ պայթուցիկն է»։ 16 ինքնակենսագրական երգ, որտեղ Լանան ոչ թե թաքցնում է իր պատմությունը համընդհանուր «մենք»֊ի տակ, այլ առանց ձևացնելու ու առաջին դեմքով խոսում է իր, ծնողների, հարազատների մասին։ Բայց մարդկային հարաբերություններից զատ այս ալբոմում ևս Լանան անդրադառնում է առավել համընդհանուր երևույթների՝ մահ, հոգեբանական խնդիրներ, պախարակում, աստված և շատ ավելին։

ՄԱՅԼԻ ՍԱՅՐՈՒՍ. ENDLESS SUMMER VACATION

Այս տարի Մայլիի Flowers երգը շատ աղջիկների հիմնն էր դարձել։ Այս թրեքը միանգամից մի քանի ռեկորդ գրանցեց և ութ շաբաթ մնաց  Billboard Hot 100 երաժշտական ​​աղյուսակի առաջին տեղում։ Վերջին անգամ Մայլին այդ վարկանիշը կարողացել էր գլխավորել մի ամբողջ տասնամյակ առաջ՝ Wrecking Ball երգով։ Flowers-ի մասին Մայլին գրել էր՝. «Այս երգը նվիրված է իմ երկրպագուներին և սեփական անձի հանդեպ անմնացորդ սիրուն»։

Flowers֊ը Մայլիի երկար սպասված ութերորդ ստուդիո ալբոմի՝ Endless Summer Vacation֊ի երգերից է։ Ալբոմը երգչուհուն վերադարձրեց այն փառքը, քննարկումներն ու անվան շուրջ մեծ աղմուկը, որ կար, օրինակ, Wrecking Ball֊ի ժամանակ։ Երաժշտական ալբոմի կոմերցիոն տարրերից մինչև Սայրուսի ձայնային տվյալներ՝ տպավորիչ էր ամեն բան։

Երաժշտական քննադատների ձևակերպմամբ, այս ալբոմը Մայլիի 15-ից ավելի տարիների երաժշտական կարիերայի ամփոփումն է, որտեղ երգչուհին առանց որևէ դժվարության անցնում է ժանրից ժանր ու պատմում ազատ, անկախ, հասարակության կաղապարներից դուրս ու սեփական արժեքն իմացող կնոջ մասին։

METALLICA. 72 SEASONS

72 Seasons-ը ծանր մետալ խմբի 11-րդ ստուդիո ալբոմն է։ Թողարկվել է ապրիլի 14-ին։ Բենդը երկրպագուներին բավականին երկար էր սպասեցնել տվել։ Նախորդ ստուդիո ալբոմը թողարկվել էր 2016 թվականին։ Առաջին բանը, որ «աչք է ծակում», ալբոմի երկարությունն է՝ մի ամբողջ 77 րոպե։ Գործերից մեկն առհասարակ 11 րոպեից քիչ երկար է տևում։ Սա, իհարկե, տարբեր քննարկումների առիթ դարձավ։

Մի մասը գոհ են երկարությունից ու ավելին են ուզում, մյուսներն էլ ոչ միանշանակ են ընդունում այս հանգամանքը։ Ամեն դեպքում, երկրպագուների մեջ ամենատարածված տեսակետն այն է, որ 15 տարի անց Metallica֊ն կրկին «հնչում է Metallica֊ի պես»։

Ի դեպ, ալբոմի անունը՝ 72 Seasons, վերաբերում է մեր կյանքի առաջին 18 տարվան, որոնք ձևավորում են մեզ որպես անհատ։ Ինչ խմորումների միջով ենք անցնում, ում ազդեցության տակ ենք մնում, ինչ ինքնություն ենք ստեղծում, ինչ արժեքների ենք հավատում։ 18֊ից հետո ցանկացած որոշում ու գործողություն ինչ֊որ կերպ արտահայտում է մինչև 18֊ն ապրած մեր կյանքը, խնդիրներն ու միջավայրը։

ԹՐԵՎԻՍ ՍՔՈԹ. UTOPIA

Թրևիս Սքոթն էլ իր երկրպագուներին այս տարի նվիրել է Utopia ալբոմը։ Մինչև դրա թողարկումը Սքոթն ալբոմից մի քանի երգ էր թողարկել և սկսել էր Road to Utopia/ Ճանապարհ դեպի Ուտոպիա nightclub residency֊ն:

Այս ալբոմը 2021֊ի չարաբաստիկ Astroworld Festival֊ից հետո Սքոթի առաջին երաժշտական ալբոմն է։ Ֆեստիվալի ժամանակ 10 մարդ մահացել էր, մի քանի հարյուրը` վիրավորվել։ Ռեփերի նախորդ անհատական ալբոմը հենց Astroworld֊ն էր, որ թողարկվել է  2018 թվականին։

Վերադառնալով Utopia֊ին. 19 թրեքից կազմված ալբոմն արդեն հասցրել է հենց նախորդ շաբաթ հայտնվել Billboard 200 ֊ի առաջին հորիզոնականում և գրանցել մի շարք ռեկորդներ։ Այս ալբոմը հարուստ է նաև սպասված երաժշտական համագործակցություններով։ Այդ թվում՝ Բեյոնսեի ու Դրեյքի հետ։

Ի դեպ, ալբոմի պրոմո տուրի շրջանակում Թրևիսի Հռոմի համերգը հանդիսատեսը դեռ երկար կհիշի։ Հենց այդ համերգի ընթացքում էր, որ անակնկալ ելույթով հայտնվեց Քանյե Ուեսթն ու «ցնցեց համացանցը»։

BARBIE THE ALBUM

Միայն արտիստները չէ, որ ալբոմներ են թողարկում, Բարբիին մի աչքով նայել պետք չէ։ Իսկ եթե լուրջ, ապա վերջին շրջանի գլխավոր թրենդի հետքերով գնալիս հայտնվում ենք ոչ միայն ռեկորդներ սահմանող լեփ լեցուն կինոդահլիճներում, այլև երաժշտական մի անսպասելի կաթսայի մեջ։

Մեկ տեղում հավաքված են Բիլլի Այլիշը, Դուա Լիպան, Նիկի Մինաժը, Ice Spice֊ը և շատ այլ արտիստներ։ Առանցքում Բարբի ֆիլմն է ու դրան ուղեկցող և մարդկանց մեջ տպավորված երաժշտական կատարումները։ Սաունդթրեք ալբոմը մի քանի երկրում հասցրել է գլխավորել երաժշտական ալբոմների թոփ տասնյակն ու դարձել այս ձևաչափով եզակի հաջողություն գրանցած ալբոմներից մեկը։

ՋԵՆԻՖԵՐ ԼՈՊԵՍ. THIS IS ME... NOW

Ո՛չ, դուք ոչինչ բաց չեք թողել։ Ալբոմը դեռ չի թողարկվել։

Լոպեսը դեռ չի թողարկել ալբոմը, բայց դրա մասին արդեն այնքան տեղեկատվություն կա, որ որպես վերջաբան հանգիստ կարող ենք «անոնսել» այն։ Սա երգչուհու երկրպագուների համար իսկապես մեծ իրադարձություն է, որովհետև գրեթե մեկ տասնամյակ է՝ Լոպեսից ալբոմ չենք տեսել։ Այս ալբոմի մասին Լոպեսը հայտարարեց This Is Me... Then ալբոմի 20֊րդ տարելիցին։ This Is Me... Now-ն խոստանում է լինել մինչ օրս երգչուհու ամենաանձնական նախագիծը։

Համացանցի ու մեդիայի քննարկումներից կարելի է ենթադրել, որ նոր ալբոմում տեսնելու ենք Լոպեսին, որին այդքան էլ սովոր չենք։ Կրակոտ պարային ռիթմերի փոխարեն մեզ ներկայացնելու են վերջին երկու տասնամյակում երգչուհու անցած հոգևոր և հոգեբանական ճանապարհորդությունը։ Իհարկե, այս ամենից չէին կարող անմասն մնալ Լոպեսի և ամուսնու՝ դերասան Բեն Աֆլեքի հարաբերությունները։

«Սա մի տեսակ գագաթնակետն է այն ամենի, ինչ ես ստեղծել եմ որպես արտիստ։ Մարդիկ կարծում են, թե իմ մասին ամեն ինչ գիտեն։ Օրինակ, գիտեն, թե ինչ ճանապարհ եմ անցել, ինչ հարաբերություններ եմ ունեցել, բայց նրանք իրականում գաղափար չունեն։ Իմ մեջ կա մի կողմ, որը մշտապես թաքցրել եմ բոլորից։ Հիմա զգում եմ, որ վերջապես հասունացել է պահը, երբ իմ այդ կողմը ևս ասելիք ունի»,- ասել է նա։

Այս տարվա վերջին ամիսները ևս խոստանում են երաժշտական առումով մեզ զարմացնել։ Նոր ալբոմներ, համերգային շրջագայություններ, երկար սպասված համագործացկություններ ու սինգլներ։ Մեզ էլ մնում է ձեռքը պահել երաժշտական ինդուստրիայի զարկերակին և պարզապես լսել֊վայելելուց բացի հասկանալ, թե ինչ ուղերձ և ասելիք են փոխանցում մեր այդքան սիրելի արտիստները։


✍️ Նանե Մանուկյան / PAN