Բրուքլինցի Սուպեր Մարիոն, ջրի կրակոտ աչքերն ու ազատության մարտիկ հավերը. Երկար սպասված անիմացիոն ֆիլմերը
Աշունը սկսվեց ու մի տեսակ տարվա «մայրամուտի» տրամադրությունը քիչ֊քիչ արթնանում է։ Բայց այնպես չէ, որ 2023֊ն այլևս ասելիք ու անելիք չունի։ Մոտալուտ աշնանային անձրևները նշանակում են, որ տանը տաք թեյով ու շոկոլադով ինչ֊որ բան նայելու ժամանակն է։ Ու գուցե ձեզ ցանկանան միանալ նաև երեխաները։ Եվ որպեսզի հաճելին համատեղեք օգտակարի հետ՝ ներկայացնում ենք այս տարվա թողարկված և դեռ սպասվելիք անիմացիոն ֆիլմերից մի քանիսը։
THE SUPER MARIO BROS
Մեր մանկության ամենահայտնի խաղային հերոսն այսօր արդեն անիմացիոն ֆիլմի գլխավոր հերոս է։ Սա 2023֊ի գլխավոր անիմացիոն սենսացիան էր։ Super Mario Bros-ը անիմացիոն ֆանտաստիկ կատակերգական ֆիլմ է, որը ստեղծվել է Illumination ստուդիայի և Nintendo-ի հետ համատեղ։ Համաշխարհային կինովարձույթում հայտնվել է ապրիլից ու միանգամից ռեկորդներ է գրանցել։ Դրանց մասին՝ քիչ հետո։
Անիմացիոն ֆիլմում մեզ հայտնի Մարիոն մասնագիտությամբ ջրմուղագործ է, ապրում է Բրուքլինում և օրերից մի օր խողովակատարի միջոցով հայտնվում է արքայադուստր Փիչի սնկերի թագավորությունում։ Բայց նրա եղբայրը՝ Լուիջին, օգնության կարիք ունի։ Մարիոն Արքայադստեր հետ միասին գնում է Բաուզերի աշխարհ, որպեսզի փրկի եղբորը։ Իսկ այդ ընթացքում բազմաթիվ խոչընդոտների է հանդիպում, որոնք պետք է հաղթահարել։
Անիմացիոն ֆիլմի թրեյլերը միայն առաջին 24 ժամվա ընթացքում երեք միլիոնից ավելի դիտում է ապահովում։ Կինովարձությունում հայտնվելուց հետո միայն առաջին շաբաթվա արդյունքում անիմացիոն ֆիլմի հասույթը 377 միլիոն դոլար է կազմում, իսկ այսօր արդեն այդ թիվը հատել է մեկ միլիարդի սահմանը։ Այս ֆիլմը դարձել է համակարգչային խաղի ամենաեկամտաբեր անիմացիոն ադապտացիան ու առաջ է անցել այնպիսի ֆիլմերից, ինչպիսիք են օրինակ «Warcraft»֊ը կամ «Pokémon. Detective Pikachu»֊ն։
SUZUME
Սահուն անցում կատարենք Մակոտո Շինկայի «Սուզումե» անիմեին։ Շինկայի նոր դեռահաս հերոսը՝ Սուզումեն, պետք է պայքարի և թույլ չտա, որպեսզի հսկայական որդը բախվի երկրի քաղաքներին։ Սրա համար Սուզումեն պիտի ճամփորդի ամբողջ Ճապոնիայով մեկ և այդ ճանապարհին կարողանա հավասարակշռել իր սարսափները՝ խիստ անհրաժեշտ սթափության հետ։ Այս անիմեում կարող եք հանդիպել նաև չարախոս կատվի, երեք ոտք ունեցող, խոսող ու վազող աթոռի և այլ հերոսները։
Մակոտա Շինկային հայտնի է իր այսպես ասած բազմապրոֆիլ կերպարով։ Սովորաբար նա և՛ իր անիմացիոն ֆիլմերի ռեժիսորն է, և՛ սցենարիստը։ Այս անգամ ֆիլմը ստեղծելիս Շինկային ցանկացել է ներկայացնել Ճապոնիայում ողբերգական էկոլոգիական աղետների պատմությունը, բայց սրա հետ մեկտեղ նաև ծիծաղեցնել մարդկանց և լավ ժամանց ապահովել։
SPIDER-MAN: ACROSS THE SPIDER-VERSE
«Սարդ-Մարդ. Սարդեզերքի երկայնքով» անիմացիոն ֆիլմը ևս 2023֊ի ամենասպասված պրեմիերաներից էր։ Ֆիլմի համար անիմացիոն աշխատանքները սկսվել են դեռ 2020 թվականի հունիսին։ Սուպերհերոսների մասին նոր պատմությունը ներկայացնում են Columbia Pictures և Sony Pictures Animation կինոընկերությունները՝ Մարվելի հետ համագործակցությամբ։
Սա պատմություն է այն մասին, թե ինչպես է սարդ֊մարդը որոշում փոխել սեփական ճակատագիրը, ինչ գին է վճարում դրա համար, ինչ է կորցնում ու ձեռք բերում այդ ճանապարհին և առհասարակ ինչ դժվարությունների միջով է անցնում։ Այս անիմացիոն ֆիլմում նաև մանրամասն ներկայացվում ու բացահայտվում են Մորալեսի և Գվեն Սթեյսիի հարաբերությունները։ Մասնագետների կարծիքով սա վերջին տասնամյակի վիզուալ ամենահագեցած և բարդ լուծումներով անիմացիոն ֆիլմն է։
TEENAGE MUTANT NINJA TURTLES: MUTANT MAYHEM
Տարիներ շարունակ աշխարհից մեկուսացված լինելուց հետո ժամանակն է վերադառնալ ու գրավել նյույորքցիների սրտերը։ Առաջին բանը, որ կնկատեք այս անիմացիոն ֆիլմում՝ գույներն են, ոճային և անսպասելի լուծումները։ Միայն դրանից հետո կարող եք կենտրոնանալ սցենարի վրա։
Ի դեպ, այս անիմացիոն ֆիլմը դիտելիս ձեզ մի պահ կթվա, թե ձեզ շատ ծանոթ պատմություններ ու երկխոսություններ եք լսում։ Եթե չեք հավատում, ապա Gen-Z-ի TikTok֊ի հումորներից տեղյակ լինելու փաստը ձեզ հաստատ կզարմացնի։
WISH
Մի փոքր էլ սպասվելիքի մասին։ Walt Disney Pictures֊ի անիմացիոն ստուդիան վերադառնում է իր 62֊րդ անիմացիոն ֆիլմով։ «Wish»֊ը անիմացիոն երաժշտական ֆանտաստիկ ֆիլմ է, որը խոստանում է դառնալ դեռահասների նոր սիրելին։
Աստղ ընկնելիս բոլորս ենք երազանք պահում ու այստեղ տարիքն այնքան էլ էական չի։ Իսկ ինչ կլիներ, եթե օրինակ աստղը մեզ արձագանքեր ու մեզ հետ հավասար պայքարեր այսպես կոչված չարի դեմ։ Իհարկե, գիտաֆանտաստիկ մի բան կստացվեր։ Դրա համար էլ այս պատմությունը դեռևս անիմացիոն ֆիլմով է սահմանափակվում։ 17-ամյա աղջիկը այնքան մեծ եռանդով է երազանք պահում, որ աստղը երկնքից ընկնելուց հետո հայտնվում է աղջկա մոտ ու իր մոգական ուժով օգնում նրան պայքարել թագավորության չար ուժերի դեմ։
THE BOY AND THE HERON
82-ամյա Հայաո Միյաձակին կարծես թե պատրաստվում է թոշակի անցնել, թեև շատ առիթներով է ասել, որ տանել չի կարողանում այդ արտահայտությունը։ Այս անիմեն ամենայն հավանականությամբ Միյաձակիի վերջին աշխատանքը կլինի։ Ճապոնական պրեմիերան հուլիսին է կայացել, համաշխարհային պրեմիերային պետք է սպասել ձմռանը։
Մահիտոն՝ 12-ամյա դեռահաս տղան, մոր մահից հետո պայքարում է նոր քաղաքում հաստատվելու և ապրելու համար: Սա նրան շատ բարդ է տրվում։ Բայց ամեն ինչ փոխվում է, երբ խոսող տառեղը Մահիտոյին ասում է, որ իր մայրը դեռ ողջ է։ Մորը փնտրելու համար տղան մտնում է լքված աշտարակ, որն էլ նրան տանում է դեպի այլ աշխարհ։
Ի դեպ, վերջին անգամ Միյաձակին անիմացիոն ֆիլմ էր նկարահանել 10 տարի առաջ։ Դրանից հետո նրա միակ աշխատանքը 2018-ին Գիբլիի թանգարանի համար արված կարճամետրաժ աշխատանքն էր։
CHICKEN RUN: DAWN OF THE NUGGET
Երկար, շատ երկար սպասումից հետո, իսկ ավելի կոնկրետ՝ Chicken Run֊ի թողարկումից 23 տարի անց անիմացիոն կատակերգության երկրպագուները կարող են դիտել Chicken Run֊ի սիքվելը։ Ֆիլմի պրեմիերան կկայանա Լոնդոնի ֆիլմերի փառատոնի շրջանակում՝ հոկտեմբերի 14֊ին, իսկ Netflix֊ում կհայտնվի միայն դեկտեմբերի 15֊ին։
Թվիդիների ընտանիքի ֆերմայից հաջողությամբ փախչելուց հետո Ջինջերը ընտանիքի համար հիանալի պայմաններով մի դրախտային տեղ է գտում՝ թռչունների կղզի֊ապաստարան, որտեղ մարդկային որևէ հետք չկա։ Ջինջերը և Ռոքին Մոլլի անունով աղջիկ են ունեցել ու թվում էր, թե սա նրանց պատմության երջանիկ ավարտը կդառնա։ Բայց ամեն բան այդքան հեշտ չէ։ Հիմա էլ ըտանիքը և առհասարակ հավերի ամբողջ բնակչությունը մեծ վտանգի առաջ են, որը կարող է առհասարակ վերացնել իրենց տունը։ Նրանք պետք է պահպանեն իրենց ազատությունը, անգամ եթե դա նշանակում է՝ վտանգել այն։
ELEMENTAL
Pixar֊ի և Walt Disney Pictures֊ի համագործակցությունից միայն կարելի է ուրախանալ ու որպես կանոն միայն լավ բան սպասել։ Այս տարվա պրեմիերաներից ևս մեկը ռոմանտիկ անիմացիոն ֆիլմ է՝ դրամայի և կատակերգության տարրերով։ Ի դեպ այստեղ ևս, գունային հրավառություն ասվածն ամենևին էլ չափազանցություն չէ։ Կա անգամ կարծիք, որ անիմացիոն ու գունային լուծումներն են այս ֆիլմի հաղթաթուղթը։
Ի՞նչ կլինի, երբ ջուրն ու կրակը սիրահարվեն։ Այս անիմացիոն ֆիլմի հիմքում դրված ամենապարզ այս հարցը ամենաբարդ, հուզիչ, ծիծաղելի ու մտածելու առիթ տվող իրավիճակներին է հանգեցնում։ Արդյունքում ի՞նչ է ավելի ուժեղ՝ սե՞րը, թե՞ մնացյալ բոլոր տրամաբանական և օբյեկտիվ պատճառները։
Անիմացիոն ֆիլմերին մարդիկ հատուկ անհամբերությամբ են սպասում, որովհետև բոլորս էլ հասկանում ենք, որ դրանք թանկ հաճույք են թե՛ ֆինանսական, թե՛ ժամանակի և թե՛ այլ ռեսուրսների առումով։ Այնպես որ, աշունն անցկացրեք առանց շտապելու ու վայելելով անիմացիոն ֆիլմերի այս երկար սպասված պրեմիերաները։