#իվենթաPAN
November 30, 2023

Ռամենը՝ սեղանին, Միյաձակին՝ էկրանին. Անիմե մշակույթի ազդեցությունը՝ 1-100 տարեկանների վրա

Երբ պարզվում է, որ ճապոնական դասական անիմեի լավագույն ավանդույթների մեջ նկարված՝ այս տարվա ամենահաջողված անիմացիոն սերիալներից մեկը ոչ թե ճապոնական, այլ ֆրանս-ամերիկյան արտադրություն ունի, հստակ օրինակով ապացուցվում է՝ անիմեները վաղուց արդեն համաշխարհային ֆենոմեն են ու չեն սահմանափակվում ֆիզիկական տարածքով կամ լեզվով։

Ճապոնացի մեծահասակներից մինչև հայ երեխաներ ու աշխարհի գրեթե բոլոր անկյուններ հասած անիմեի պատմության ու ազդեցության, փափուկ ուժի կիրառման և մշակութային ֆենոմենի մասին մի ամբողջ թեզ կարելի է գրել, բայց փորձենք առանձնացնել ամենահետաքրքիրն ու կարևորը։

ԿԱՊՈՒՏԱՉՅԱ ՍԱՄՈՒՐԱՅԸ ԿԱՄ ՃԱՊՈՆԱԿԱՆ ՖԵՆՈՄԵՆԻ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ

Netflix-ի թոփում հայտնված Blue Eye Samurai-ն անիմացիոն ֆիլմերի/սերիալների ու հենց ճապոնական անիմեի սիրահարների համար 2023-ի գլխավոր նվերն էր, բայց սրա ֆենոմենն այն է, որ թիրախային լսարանից բացի այն գրավեց հանդիսատեսի ավելի լայն շրջանակ։

Blue Eye Samurai-ի հետևում ամուսինների թիմ է։ Մայքլ Գրինի և Էմբեր Նոյձումիի համատեղ ստեղծագործական ընթացքն ու աշխատանքը և Blue Spirit-ի հետ գործակցությունը ստեղծեցին մի պատմություն, որը չի իջնում մարդկանց թոփ լիստերից ու մեդիաների առաջին էջերից։

Rolling Stone ամսագիրը, օրինակ, անիմեն ներկայացնում է այս կերպ.

«Blue Eye Samurai-ը քեզ ստիպում է հիշել, թե ինչ է նշանակում բավականություն ստանալ, երբ ստեղծվածի հիմքում մեծ ու խորը պատմություն է, անձնական փորձը համընդհանուր մի բանի վերածելու ներշնչանք՝ երբեք չկորցնելով անհատականությունը»:

Անիմացիոն այս ֆիլմը կամա թե ակամա բարձր ձայնով պատմում է համաշխարհային անիմացիոն արտադրության մեջ անիմեների ազդեցության մասին։ Սա անձնական իրողություններից ոգեշնչված պատմություն է։ Զույգի երեխայի ծնունդից հետո Նոյձումին նայում էր դստեր կապույտ աչքերին ու զարմանում, թե ինչու էր այդքան ոգևորվում՝ տեսնելով երեխայի «սպիտակ դիմագծերը»։

Կապուտաչյա Սամուրայը հիշեցնում է, որ լավագույն պատմություններն ուղղակիորեն խոսում են մեզ հետ, նույնիսկ եթե դրանք վերաբերում են այն վայրերին, որտեղ երբեք չենք եղել, կամ այն փորձառություններին, որոնք երբեք չենք ունեցել։ Բուն պատմությունը, իհարկե, առաջնային է, բայց այստեղ տպավորիչ է նաև պատմության մատուցումը։ Դինամիկ վիզուալները, գույներն ու երաժշտությունը թույլ են տալիս ընկալել արյունալի վրեժխնդրության պատմությունը բազմաթիվ շերտերով։

ԱՆԻՄԵԻ ՍՏԵՂԾՈՒՄՆ ՈՒ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ

Ձեռքով կամ համակարգչային անիմացիայի միջոցով ստեղծվող անիմեները դարձել են Ճապոնիայի այցեքարտը, բայց դա միայն վերջին տասնամյակներում։ Նախ անվանումից սկսենք։ Ճապոնիայում ցանկացած անիմացիայի մասին խոսելիս անիմե տերմինն են օգտագործում, բայց աշխարհում անիմե բառով նկարագրվում է միայն ճապոնական անիմացիան։ Իհարկե, այսօր արդեն Ճապոնիայից դուրս ևս ճապոնական անիմեներով ոգեշնչված «ճապոնանման» անիմեներ են ստեղծվում, բայց դրանց մասին ավելի ուշ։

Ճապոնական անիմացիայի պատմության մասին խոսելիս 19-րդ դարասկիզբ ենք գնում, բայց հենց բուն անիմեի ոճը ձևավորվել ու զարգացել է միայն դարի կեսերին՝ Օսամու Տեձուկայի թեթև ձեռքով։ 1960-ականներին Տեձուկայի աշխատանքներն արդեն գրավել եին ամբողջ Ճապոնիան ու ճանապարհ էին հարթում դեպի միջազգային հարթակներ։

Տեձուկային հաճախ «անիմեի ու մանգայի արքա» են անվանում, որովհետև հենց ինքը դարձավ ժամանակակից անիմեի հայրը։ Աշխարհում արդեն հայտնի ձեռագիր ունեցող Դիսնեյի «մեծ աչքերով» հերոսների ոճը գուցե գտնեք Տեձուկայի աշխատանքներում, որովհետև վառ արտահայտված զգացմունքները նրա ձեռագրի կարևոր մասն էին։

ԱՆԻՄԵ՝ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

Կար ժամանակ երբ անիմեն հավասարեցնում էին երեխաների համար նախատեսված մուլտֆիլմերի։ Բայց սա շատ թյուր կարծիք ու պատկերացում է։ Նրանց համար, ովքեր երբևէ չեն դիտել անիմե, կամ չեն պատկերացնում, թե ինչպես, ասենք, հասուն 40-ն անց տղամարդը կարող է անիմեի սիրահար դառնալ:

Մանրամասնենք։

Այսօր անիմեն արվեստի յուօրինակ արտահայտում է, որն իր մեջ ներառում է տարբեր ժանրեր, ոճեր և թեմաներ: Ֆանտաստիկից և արկածայինից մինչև դրամա և սիրավեպ։ Անիմեի պատմությունը պատմություն է այն մասին, թե ինչպես ճապոնական մշակույթն ու ստեղծարար միտքը կարողացան գրավել միլիոնավոր մարդկանց սրտեր ամբողջ աշխարհում: Սա պատմություն է, թե ինչպես է անիմեն դարձել գաղափարներ և զգացմունքներ արտահայտելու հզոր միջոց:

Նախ, անիմեների սյուժեն շատ ավելի բազմաշերտ ու խնդիրներ բարձրացնող է, քան, ասենք, շատ ֆիլմեր։ Գոյաբանական հարցերից մինչև կյանքի տարբեր դրվագների վերաբերող բարդ թեմաներ. Անիմեների հիմքում նման սյուժեները բազմաթիվ են։ Անիմեի ժանրային դասակարգումը շատ ուղիղ ու հստակ չէ, որովհետև ներառում է միանգամից տարբեր ուղղություններ, բայց գիտական ֆանտաստիկան անիմեի «ամենասիրելի» ժանրերից է։

Եթե նոր եք մտնում անիմեի աշխարհ ու հենց այս ժանրով եք հետաքրքրվում, կարող եք դիտել, օրինակ, Թեձուկայի դասական դարձած «Աստրո֊Բոյը»։ Ժանրերի միավորումը ևս անիմեին բնորոշ երևույթ է։ Ասենք, օրինակ Dragon Half-ում ֆանտաստիկայի և երգիծանքի միախառնում եք տեսնելու։ Դասական անիմեներից կարող եք դիտել նաև Spirited Away, Dragon Ball, Akira անիմեները, իսկ անունների ցանկում բոլորին ամենածանոթը հաստատ Pokemon-ն է, որը նայել է իրեն հարգող յուրաքանչյուր ֆան։

Վերադառնալով նրան, թե «էս տարիքս առած, ի՞նչ անիմե»։ Ըստ տարբեր տարիքային խմբերի, անիմեները մի քանի ուղղության են բաժանվում։ Քոդոմոները, օրինակ, մինչև 12 տարեկան երեխաների համար են։ Շոնենները թիրախավորում են մինչև 18 տարեկան պատանիներին, շոջոները՝ աղջիկներին։ Հասուն տղամարդկանց համար էլ հատուկ ուղղություն կա՝ սեյնեններ, որտեղ կգտնեք ավելի ծանր սյուժե, բարդ սցենարային գծեր, արյունոտ ու էրոտիկ տեսարաններ։ Կանանց ևս չեն մոռացել՝ ջոսեյները հենց նրանց թիրախավորող անիմեներն են։

ԱՆԻՄԵԻ ՊԱՏԿԵՐՆ ՈՒ ՏԱՐԱԾՈՒՄԸ

Անկեղծ լինենք, շատերս, երբ ասում ենք անիմե, միանգամից հիշում ենք լեգենդար վարպետ Հայաո Միյաձակիի գործերը։ Դրանք թեթևության ու պարզության մեջ ամենախորն իմաստ դնող անիմեներն են։ Եթե ուզում եք սիրահարվել անիմեներին ու ընկերների շրջապատում միայն դրանցից խոսել՝ Միյաձակիի գործերն առանց բացառության տալու են այդ հնարավորությունը։

Նրա Spirited Away֊ը, օրինակ, աշխարհի առաջին ու դեռևս միակ անիմացիոն ֆիլմը դարձավ, որն արժանացավ Բեռլինյան կինոփառատոնի ոչ թե «Լավագույն անիմացիոն ֆիլմ», այլ «Լավագույն ֆիլմ» մրցանակին։

Ի դեպ, այս տարի Միյաձակին իր երկրպագուներին ուրախացնելու առիթ տվեց։ Կայացավ The Boy and the Heron անիմեի պրեմիերան։ 82-ամյա Հայաո Միյաձակին կարծես թե պատրաստվում է թոշակի անցնել, ու սա, ամենայն հավանականությամբ, Միյաձակիի վերջին աշխատանքը կլինի։

Վերջին անգամ Միյաձակին անիմացիոն ֆիլմ էր նկարահանել 10 տարի առաջ։ Դրանից հետո նրա միակ աշխատանքը 2018-ին Գիբլիի թանգարանի համար արված կարճամետրաժն էր։

Ի դեպ, Միյաձակիին «անիմե» բառն այնքան էլ դուր չի գալիս, որովհետև կարծում է, թե այն սահմանափակում ու «ամայացնում» է ճապոնական մուլտիպլիկացիոն արտադրությունը։ Իսկ ավելի շատ վարպետին դուր չեն գալիս սնկի պես աճող այն անիմեները, որոնց հիմքում միայն մարտական տեսարաններ են և առանց բովանդակության ու միայն ձևի վրա հիմնված միջավայր, որտեղ խորն ընկալումներն ու զգացմունքները բացակայում են, իսկ դիտողին որևէ բան սովորեցնելու փորձ առհասարակ չի արվում։

Ի դեպ, անիմեներում միջավայրն իսկապես շատ կարևոր է, նաև կարևոր է, որ այն իրատեսական տարրեր ունենա։ Բայց կրկին՝ ձևն առանց բովանդակության հաստատ երկար չի դիմանա։ Հետևաբար, լավագույն անիմեները վարպետորեն համատեղում են այս երկուսը։

Որպեսզի պատկերացնեք՝ անիմե արտադրությամբ Ճապոնիայում զբաղվում է մոտ 500 ստուդիա։ Դրանց թվում գլխավոր խաղացողներից են Studio Ghibli-ն, Gainax-ը և Toei Animation-ը, Madhouse-ը, Gonzo-ն։ Ճապոնիայում անգամ անիմացիայի միություն և Ճապոնական անիմացիայի ստեղծողների միություն կա։ Մեկ անիմե էպիզոդի արժեքն էլ կարող է տատանվել մի քանի հարյուր հազար դոլարի շրջանակում։

Անիմեների միջոցով աշխարհին հայտնի է դառնում նաև ճապոնական երաժշտությունը, էպիզոդների բացման դրվագներն ու լուսագրերը հաճախ հենց J-Pop երաժշտությամբ են ուղեկցվում։

ԱՆԻՄԵՆ ԳՐԱՎՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԸ

Ժամանակակից հասարակության վրա անիմեի ազդեցության մասին խոսելիս շատ հաճախ նշում են մարդկանց սթրեսից հանելու դրա կարողությունը։ Դա պայմանավորված է ոչ միայն բովանդակությամբ, այլև անիմեների գրեթե անսահմանափակ ընտրությամբ։

Անիմեի մշակութային ազդեցությունը ևս չի կարելի անտեսել: Անիմեն ոչ միայն հերոսների և նրանց արկածների մասին պատմություն է, այլև ճապոնական մշակույթին ծանոթանալու հնարավորություն։ Դրանք արտահայտում են Ճապոնիայի ավանդույթները, լեզուն, երաժշտությունը, նորաձևությունը և սնունդը, բայց ինչ֊որ հրաշքով շարունակում են մնալ համամարդկային։ Հենց սա է պատճառը, որ շատ հաճախ կտեսնեք ու կլսեք, որ անիմեի սիրահարները, հատկապես՝ դեռահասների շրջանում, որոշում են ճապոներեն սովորել, գնալ Ճապոնիա ուսումը շարունակելու, լսում են J-POP, իսկ սիրելի ուտեստն էլ դարձել է ռամենը։

Ի վերջո, անիմեն մարդկանց միավորելու ուժ ունի: Շատ անիմե փառատոներ և իրադարձություններ ոչ միայն հնարավորություն են տալիս շփվելու այլ մարդկանց հետ, այլև թույլ են տալիս դառնալու հսկայական համայնքի մի մասը, որտեղ մարդիկ գտնում են համախոհներ և ստեղծում իրենց սեփական անիմե մշակույթը:

Արևմտյան մշակույթում անիմեն այնպիսի մեծ լսարան է ձեռք բերել, որ արևմտյան անիմացիոն ընկերությունները հաճախ որոշում են հաջողության հասնելու կարճ ճանապարհ ընտրել ու այս ոճը որդեգրել։

Այստեղից առաջանում է հաճախ քննարկվող բանավեճը։ Ամերիկյան անիմացիոն ֆիլմերը, որոնք նման են անիմեի, համարվո՞ւմ են անիմե։ Իրականում բանավոր համաձայնությունն այն է, որ անիմեն բացառապես ճապոնական արտադրության նախագծերին է վերաբերում, բայց այս գիծը հաճախ լղոզվում է, որովհետև շատ ավելի հաճախակի է դառնում միջազգային ու հատկապես ամերիկացի արտիստների և ճապոնացինների գործակցությունը։

Անիմեն շարունակում է մնալ ժամանակակից մշակույթի կարևորագույն ուղղություններից մեկը։ Այն դրական էմոցիա է տալիս, մոտիվացնում է, ստիպում մտածել, ստեղծագործել, ռամեն ուտել, հագնվել հերոսների ոճով, մտածել աշխարհի ու կյանքի իմաստի մասին և շատ ավելին։ Ամենակարևորը՝ տալիս է վստահություն, որ անհատականություն լինելը ու դա ցույց տալը ոչ միայն «ամոթ չէ», այլև խրախուսվում է։


✍️ Նանե Մանուկյան / PAN