#իվենթաPAN
June 8, 2023

MacBook֊ի նախապապը, iPod-ի թաղումը և iPhone֊ի կնքահայրը. Ջոբսի ավտոտնակից մինչև ամենաճանաչելի բրենդ ճանապարհը 

Եթե հարցնեն ամենահայտնի, ամենահեղափոխական, ամենահաջողված և նմանատիպ այլ ամենաների շարքում համաշխարհային որ բրենդն է ձեր մտքին գալիս, հավանականությունը, որ առաջին եռյակում կհնչի Apple֊ի անունը՝ ձգտում է 100 տոկոսի։ Օրեր առաջ Apple֊ի հավատարիմ երկրպագուները շունչները պահած սպասում էին, թե ինչ նոր պրոդուկտներ է ներկայացնելու ընկերությունը։ Պետք է ասել, որ այս անգամ ևս զարմանալու առիթներ կային։

Առհասարակ, հենց ամենասկզբից էլ Apple֊ն իրեն բրենդավորել է որպես հեղափոխական գաղափարներ և պրոդուկտներ գեներացնող ընկերություն։ PAN-ը փորձել է հետահայաց «զննությամբ» հիշել, թե ինչ ճանապարհ է անցել աշխարհում ամենաճանաչելի բրենդներից մեկը և որքանով է Apple֊ի արտադրանքն իրապես հեղափոխական։

ԵՐԲ ԿԾԱԾ ԽՆՁՈՐՆ ԱՅԼԵՎՍ ՄԻԱՅՆ ՄԻՐԳ ՉԷՐ

1970֊ականներին Apple֊ի հիմնադրումն այն ժամանակ գուցե այդքան էլ մեծ իրադարձություն չէր, բայց տասնամյակներ անց՝ տեխնոլոգիական այս դարում Apple֊ն ասելիք է թելադրում։ 1976֊ին Սթիվ Ջոբսը և Սթիվ Վոզնյակը ստեղծեցին իրենց առաջին համակարգիչը՝ Apple-1֊ը։ Այս մոդելը հայտնվեց Ամերիկայի կենցաղային տեխնիկայի խանութներում ապրիլ ամսին և արժեր 666,66 դոլար։ Փայտե կորպուսով այս համակարգիչն առաջինն էր, որ վաճառվում էր հավաքված վիճակում։ Մինչև այդ համակարգիչները միայն մաս֊մաս էին վաճառվում և հասու էին միայն ինժեներներին։ Ի դեպ, երկու տարի առաջ այս համակարգչի օրինակն աճուրդում վաճառվել է կես միլիոն դոլարով։

Հենց հաջորդ տարի՝ 1977֊ին, ստեղծվում է նույն համակարգչի երկրորդ մոդելը՝ Apple II֊ը։ Ասել, որ այս մոդելը պարզապես հաջողեց, կնշանակի ոչինչ չասել։ Այս համակարգիչն առաջին տարում վաճառվեց մոտ մեկ միլիոն անգամ։ Իսկ մինչև 1993 թվականը Apple֊ը վաճառեց Apple II մոդելի 5 միլիոն համակարգիչ։

Կարելի է ասել, որ հենց այսպես էլ սկսվում է կծած խնձորի պատմությունը։ Իհարկե, մի նրբություն կա. ի սկզբանե Apple֊ի լոգոն մեր իմացած խնձորը չէր։ Առաջին լոգոն նախագծել էր հենց Սթիվ Ջոբսը։ Այն պատկերում էր Նյուտոնին՝ խնձորի ծառի տակ, հայտնագործությունից վայրկյաններ առաջ: Լոգոն ընկալելու համար բավականին ջանք էր պահանջվում և, ճիշտն ասած, որոշ սպառողների համար գուցե և բարդ ընկալելի էր։

Արդյունքում կարճ ժամանակ անց ընկերությունն առաջ բերեց կծած խնձորի կոնցեպտը։ Սկզբում խնձորը գունավոր էր, ժամանակի ընթացքում դարձավ սպիտակ, մոխրագույն, թափանցիկ, բայց ցանկացած գույնով ու մատուցմամբ էլ կծած խնձորը շարունակեց իր հաղթարշավը։

ՍՐՃԱՐԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԵԼԻՍ՝ ՍՈՒՐՃ ՈՒ MACBOOK

Այսօր իրեն հարգող գործունյա երիտասարդը երբեմն աշխատում է ինչ֊որ սրճարանից, մեկ գավաթ կապուչինո է վայելում և անպայման աշխատում կամ էլ առնվազն նկարվում է MacBook֊ով։ Դժվար է կռահել, թե ինչպես կարձագանքեր սրան MacBook-ի նախապապ Macintosh֊ը, բայց հիմա առաջարկում ենք վերհիշել, թե որքան նորաձև էր Macintosh֊ն իր ժամանակներում։

Համակարգիչները բոլորին հասանելի դարձնելու Apple֊ի գաղափարն իսկապես ընդգծված էր հենց առաջին Macintosh-ում: Այն ժամանակներում, երբ համակարգչով աշխատելու համար անհրաժեշտ էր, ասենք, միջին մակարդակի ծրագրավորող լինել, Macintosh-ը դարձավ տեխնոլոգիական այն հեղափոխությունը, որի շնորհիվ համակարգչից կարող էին օգտվել բոլորը՝ անկախ մասնագիտությունից և գիտելիքներից:

1984 թվականին հանրությանը հասանելի դարձած Macintosh-ն ազդարարեց նոր փուլ ոչ միայն Apple֊ի, այլև տեխնոլոգիական ամբողջ ոլորտի համար։ Շատ առումներով սա Ջոբսի՝ համակարգիչները «մտքի հեծանիվ» դարձնելու տեսլականի առաջին իրականացումն էր։

Ի դեպ, Macintosh-ի գովազդն այն ժամանակ և մինչև օրս էլ հեռուստատեսային լավագույն գովազդային հոլովակներից մեկն է համարվում։ Այն բազմաթիվ մրցանակներ է շահել և համարվում է համակարգչի գրանցած հաջողության գրավականներից մեկը։ Կարևոր է նաև նշել, որ այս գովազդի միտքը ոգեշնչված է Ջորջ Օրուելի «1984» վեպից։ Macintosh-ը, ինչպես նշեցինք, հանրությանն է ներկայացվել 1984 թվականին։

Այսօր արդեն iMac-երն ու MacBook-ները գրեթե ամեն տարի նոր բարձունքներ են գրավում։ Արագ, թեթև, հեղափոխական. Այսպես է մեդիան ներկայացնում Apple֊ի համակարգիչները։ Իսկ MacBook֊ի նոր՝ M1 և  M2 չիպերով մոդելները համարվում են ամենաապահովներից։

IPOD֊Ի ՀԱՂԹԱՐՇԱՎԸ

2001 թվականին շուկայում հայտնվեց iPod երաժշտական նվագարկիչը։ Այդ ժամանակ Սթիվ Ջոբսն առաջին iPod-ը ներկայացրեց ամենապարզ ու գրավիչ բանաձևով. 1000 երգ՝ ձեր գրպանում։ Այսօր Apple Music-ի միջոցով մեզ հասանելի է ավելի քան 100 միլիոն երգ, բայց հիմքում հենց iPod-ի հեղափոխական գաղափարներն են։

Երաժշտությունը CD-ներով և «կասետներով» լսող սերնդի համար iPod-ի գաղափարն անհասկանալի էր, գուցեև բարդ էր ընկալել, թե ինչպես մեկ բռաչափ սարքի մեջ կարող է տեղավորվել այնքան երգ, որքան իրենք գուցե այդպես էլ չլսեն։ iPod-ը ներկայացնելու ընթացքում Սթիվ Ջոբսը, կարծես, կանխագուշակել էր, թե ինչպես է այս գաջեթը փոխելու մարդկանց պատկերացումները, ու հայտարարել, որ երաժշտություն լսելու մշակույթն այլևս երբեք նույնը չի լինի։ Այսօր iPod-ի բոլոր հնարավորություններն ինտեգրված են Apple-ի մյուս բոլոր արտադրանքներում՝ iPhone-ից և Apple Watch-ից մինչև iPad և Mac, բայց կնքահայրը հենց iPod-ն էր։

Դեռ 2009-ին iPod-ը համարվում էր պատմության մեջ ամենաշատը վաճառված թվային ձայնային փլեյերը։ Թողարկումից մեկ տարի անց՝ 2002-ին վաճառվել է 400,000 հատ iPod, 2006-ին՝ 39 միլիոն, իսկ 2007-ին՝ 51 միլիոն։ Երկու տասնամյակում Apple-ը վաճառել է 400 միլիոն հատ iPod։

Ի դեպ, iPod Touch-ը նախագծել է նույն թիմը, որը հետագայում ստեղծել է iPhone-ը։ Առաջին բնորոշումը, որ Սթիվ Ջոբսը տվել է սմարթֆոնին, հետևյալն էր՝ «iPhone-ը լայնէկրան iPod-ն է՝ սենսորային կառավարմամբ»։ Իսկ իրականում iPhone-ի ստեղծումը iPod-ների վերջի սկիզբն էր։

ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԱԳՈՒՀԻ՝ iPhone

2007 թվականին Apple-ը ներկայացրեց առաջին iPhone֊ը և այդ պահից սկսած Հայաստանի բանկային սեկտորի գործերը լավացան։ Իսկ եթե լուրջ, iPhone֊ը սմարթփոնների աշխարհում դարձավ ամենաքննարկվածը, ամենահաջողվածն ու վաճառվածը։ Հարցի արդեն երկրորդ կողմն է, թե որքանով է այն տեխնիկապես զիջում այս կամ այն սմարթֆոնին. իրականությունն այն է, որ iPhone֊ը շարունակում է գրավել մարդկանց սրտերն ու գրպանները, և նահանջելու միտք անգամ չունի։

Դժվար է գերագնահատել, թե որքան է iPhone-ը փոխել աշխարհը: Տեխնիկական առումով, այն առաջարկեց սենսորային էկրանների «հարմարավետությունը» այն ժամանակ, երբ դեռևս մոլեգնում էր ամենավաճառվող BlackBerry-ի հաջողությունը։  Ջոբսը գրպանից հանեց սմարթֆոնն ու ասաց գլխավորը՝ այդ մեկ ափի չափ սմարթֆոնի մեջ ամփոփված են համակարգիչ, տեսախցիկ, երաժշտական նվագարկիչ և շատ ավելին։ Ու հենց այսպես էլ BlackBerry-ն դարձավ անցած պատմություն։

ՄԵՐ ՕՐԵՐ

Apple֊ի առաջարկած արտադրանքը բազմատեսակ է, և երբ թվում է, թե զարմացնելու տեղ չկա՝ ընկերությունը հայտարարում է նոր պրոդուկտի մասին։ Հենց այդպես ժամանակին ստեղծվեցին iPad֊ը, Apple Watch-ը, Air Tag-ը, AirPod֊ը և շատ ավելին։ Այս անգամ էլ Apple֊ի նորամուծություններից ամենամեծ արձագանքը ստացավ Vision Pro խառն իրականության ակնոցը: Սա ընկերության համար նոր ուղղություն է և այսկերպ Apple֊ը փորձում է ոտք քցել Microsoft-ի, Meta-ի և մյուսների հետ։

Խառն իրականության տեխնոլոգիան ներառում է վիրտուալ և հավելյալ իրականության տարրեր, արդյունքում ստեղծվում է միջավայր, որտեղ ինտերակտիվ վիրտուալ օբյեկտներն ինտեգրվում են իրական միջավայրին: Կարող եք իրատեսական վիրտուալ սենյակներում հանդիպումներ անցկացնել, կամ էլ պարզապես տեսանյութեր դիտել։ Ու այս ամենը միայն ձայնի, աչքերի ու ձեռքի շարժման միջոցով։ Կարճ ասած՝ սա կարող է դառնալ մարդու «ամենաանձնական գաջեթը»։

Թիմ Քուքն այս պրոդուկտի մասին ասում է. «Կան սարքավորումներ, որոնք փոխում են մեր պատկերացումները տեխնոլոգիայի և դրա դերի մասին մեր կյանքում: Մենք հավատում ենք, որ Apple Vision Pro-ն հեղափոխական արտադրանք է այնպիսի կատարողականությամբ ու հնարավորություններով, որոնք միայն Apple-ը կարող է տրամադրել»։

Խոսելով ապագայից. Apple-ի ոչ մի ապագա արտադրանքի մասին այնքան շատ չի խոսվում և այնքան քիչ բան հայտնի չէ, որքան էլեկտրական շարժիչով, առանց վարորդի մեքենաների ստեղծման գաղափարը: Մի քանի անգամ հետաձգելուց հետո նախնական տվյալով այս մեքենաները հանրությանը կներկայացվեն 2026 թվականին։

ՄԱՐԿԵՏԻՆԳԻ ԶՈ՞Հ ԵՆՔ

Իսկ ինչպ՞ես է ստացվում, որ Apple-ը կարողանում է որևէ գաջեթ կամ ֆունկցիա ներկայացնել այնպես, կարծես դրանից առաջ մարդկությունը զրո գաղափար է ունեցել դրա մասին, իսկ իրականում դրանցից որոշներն ավելի վաղ արդեն ներկայացված են լինում X ընկերության կողմից։ Ամենակարևորն էլ այստեղ այն է, որ մարդիկ սրան հավատում են։ Սա, իհարկե, որևէ կերպ չի նվազեցնում Apple-ի դերն ու կարողությունները, բայց հարցրեք հատկապես ձեր շրջապատում IT ոլորտի ներկայացուցիչներին, ու շատերը բարկացած կասեն, որ այն, ինչ Apple-ն անում է, Samsung֊ն անում էր, ասենք, տարիներ առաջ։

Ոչ ոք չի կարող վիճել այն փաստի հետ, որ Apple-ը կարող է միլիոնավոր մարդկանց սաստիկ ցրտին ստիպել ժամերով հերթ կանգնել, օրինակ՝ iPhone գնելու համար: Եվ ուրեմն ինչո՞ւմն է գաղտնիքը։ Մարկետինքային ի՞նչ գործիքներ է օգտագործում ընկերությունը։ Մասնագետները մի քանի կետ են առանձնացնում։

Apple-ի մարքեթինգային ռազմավարությունը նմանեցնում են «սոխի գլխի»։ Առանձին շերտեր, որոնք բոլորը միավորվում են՝ ամբողջական պատկեր ստեղծելու համար։ Պրոդուկտի մշակման և մարքեթինգի բոլոր փուլերը մանրամասն մշակված են։ Ու կարևորն էլ այն է, որ Apple-ի մարքեթինգով զբաղվում է ոչ թե մեկ բաժին, որ վերահսկում է դիզայնը կամ գովազդը, այլ ամբողջ ընկերությունը, նաև՝ հաճախորդները։ Այո՛, ընկերության գլխավոր մարքեթինգային գործիքն արդեն վաղուց հավատարիմ երկրպագու դարձած հաճախորդներն են։

Մեկ այլ կարևոր կետ է պրոդուկտների շուրջ առեղծվածային մթնոլորտ ստեղծելը։ Apple-ը շատ բան չի հայտնում նոր արտադրանքի բնութագրի մասին: Այսկերպ մարդիկ ոգևորվում են և ստեղծում ակնկալիքներ։ Մյուս կողմից, արդեն ցուցադրության ժամանակ Apple-ն ավելորդ ճոխություններ չի ներառում։ Ամեն ինչ պահում է պարզ ու հստակ, շեշտը դնում պրոդուկտի վրա։ Սթիվ Ջոբսն ամեն անգամ բեմ էր բարձրանում ջինսե տաբատով ու սև շապիկով, առանց որևէ ավելորդության, պարզ բառերով ներկայացնում պրոդուկտը։ Այս ձևաչափն այսօր արդեն կրկնօրինակում են բազմաթիվ մեծ ու փոքր ընկերություններ։

Պարզություն ամեն ինչում, այդ թվում՝ դիզայնում։ Այստեղ պարզություն ասելով պետք է գրավչություն հասկանալ։ Սա Սթիվ Ջոբսի սկզբունքներից էր։ Գովազդում օգտագործում են լայն հանրության համար հասկանալի և պարզ լեզու, իսկ արտադրանքի դիզայնը և պարամետրերը ևս պարզ են և չեն ծանրաբեռնում սպառողներին: Կարճ ասած, ամեն բան անում են՝ մարդկանց կյանքը պարզեցնելու համար, իսկ դա դուր է գալիս բոլորին։

Եվ վերջում՝ պարզությունից ավելի շատ բոլորիս դուր է գալիս լավ փորձառություն ունենալը։ Apple-ն իր հաճախորդներին խոստանում է՝ իրենց արտադրանքը գնելու դեպքում հաճելի ու հարմար փորձառությունը երաշխավորված է։ Այս ամենը Apple-ի ֆենոմենի մի քանի բնութագիր է միայն։ Իրականում այս ընկերությունը շատ ավելին է, քան պարզապես գաջեթներ արտադրող բրենդ։ Apple-ը մշտապես ստեղծել է միջավայր, մշակույթ, սովորություններ և թրենդներ։ Ու շարունակում է ստեղծել։


✍️ Նանե Մանուկյան / PAN