«Դինամիկական կղզյակ», արբանյակային կապ և ուշադրություն կնոջ առողջությանը. Ամեն ինչ՝ Apple-ի նոր գաջեթների մասին
Սեպտեմբերի 7-ին Apple ընկերությունը Far Out միջոցառման շրջանակներում ներկայացրեց իր հիմնական «երկաթային» նորույթները՝ նոր սերնդի iPhone-ն ու դրա ավագ մոդելները, նոր սերնդի «խելացի» ժամացույցներն ու նոր անլար ականջակալները:
PAN-ը մանրամասն պատմում է ընկերության ներկայացրած նորույթների մասին:
iPhone 14 ու iPhone 14 Plus
Apple-ը ներկայացրեց iPhone 14 ու iPhone 14 Plus սմարթֆոնները, նաև՝ մի քանի տարվա մեջ առաջին անգամ ոչ Pro-սերիայի շրջանակներում թողարկելով ավելի խոշոր սմարթֆոն (ավագ մոդելների մասին՝ մի փոքր հետո): Սակայն, դրա հետ մեկտեղ, ընկերությունը հրաժարվել է կոմպակտ iPhone Mini-ի զարգացումից:
Նորույթները ժառանգել են նախորդ սերնդի iPhone-ի դիզայնը: Ի տարբերություն iPhone 14 Pro սերիայի ավագ մոդելների, սովորական տարբերակը պահպանել է դիսփլեյի վերևի հատվածի երկարավուն կտրվածքը («չյոլկան»), որում տեղակայված են դիմային տեսախցիկն ու TrueDepth տվիչների համակարգը: Սարքի կորպուսը պատրաստված է ապակուց ու մետաղից, որը ապահովում է պաշտպանություն մեխանիկական վնասվածքներից:
iPhone 14-ն ունի Super Retina XDR 6.1 դյույմանոց OLED էկրան, իսկ iPhone 14 Plus-ը՝ 6.7 դյույմ: Էկրանների պիկային պայծառությունը կազմում է 1200 կդ/քմ ու էլի 1200 կդ/քմ HDR ռեժիմում (կա HDR10 ռեժիմի աջակցություն):
Նորույթներից յուրաքանչյուրի հիմքում նախորդ տարվա 5նմ տեխպրոցեսով Apple A15 Bionic չիպն է, որը ունի երկու բարձր արտադրողականությամբ և չորս էներգախնայող միջուկ, ինչպես նաև 5 միջուկից բաղկացած գրաֆիկական պրոցեսոր: Հիշեցնենք, որ iPhone 13-ի GPU-ն չորս միջուկից էր, իսկ հինգ միջուկ կար ավագ iPhone 13 Pro-ում: Apple-ը խոստանում է, որ նորույթները կապահովեն iPhone-ների մեջ լավագույն ավտոնոմությունը՝ ի հաշիվ պլատֆորմի բարձր էներգախնայողության:
Ի տարբերություն պրոցեսորների, տեսախցիկները թարմացվել են: Գլխավոր տեսախցիկը կառուցված է պատկերի նոր 12Մպ տվիչի վրա՝ 1.9մկմ պիքսելներով, որը լրացնում է f/1,5 դիաֆրագմայով օբյեկտիվը: Ունի օպտիկական ստաբիլիզացիա: Apple-ը խոստանում է, որ նոր տեսախցիկը նախորդներից 49%-ով լավ է նկարում վատ լուսավորության պայմաններում, գիշերային ռեժիմում էքսպոզիցիան հստակեցվում է երկու անգամ արագ, իսկ տեսանյութի նկարահանման դեպքում հասանելի է կայունացման Action Mode բարելավված ռեժիմը, որն ապահովում է նկարահանման բարձր սահունություն: Թարմացվել է նաև TrueDepth դիմային տեսախցիկը: Այն կառուցված է պատկերի 12Մպ տվիչի վրա ու ունի f/1.9 դիաֆրագմայով օպտիկա: Դիմային տեսախցիկը նույնպես սկսել է զգալիորեն լավ նկարել վատ լուսավորության պայմաններում:
Նոր սերնդի iPhone-ի շատ կարևոր նորամուծություններից է արբանյակային կապի աջակցությունը: Արբանյակի միջոցով լիարժեք զանգ կատարել կամ հաղորդագրություն ուղարկել չի ստացվի, քանի որ այն նախատեսված է բացառապես արտակարգ իրավիճակների համար. արբանյակի միջոցով iPhone-ը թույլ կտա հաղորդագրություն ուղարկել անհետաձգելի օգնության համար ու հաղորդել օգտատիրոջ գտնվելու վայրը: Կապը երկկողմանի է, այնպես որ օգտատերը ծանուցում կստանա այն մասին, որ օգնությունը ճանապարհին է: Արբանյակային կապի ծառայությունը կգործարկվի նոյեմբերին՝ ԱՄՆ-ի ու Կանադայի օգտատերերի համար, իսկ iPhone-ի գնորդները կստանան անվճար 2 տարվա բաժանորդագրություն:
Բացի այդ, 14-րդ սերիայի բոլոր iPhone-ները ստացել են Crash Detection ֆունկցիայի աջակցություն, որը թույլ է տալիս սարքին իր սենսորների, առաջին հերթին` աքսելերոմետրի ու գիրոսկոպի օգնությամբ պարզել, որ մարդը ավտովթարի է ենթարկվել։ Ընդ որում, էկրանի վրա հայտնվում է ծանուցում, որում սմարթֆոնը հարցնում է օգտատիրոջն` արդյո՞ք նրա մոտ ամեն ինչ նորմալ է։ Եթե օգտատերը չի պատասխանում, iPhone-ն ավտոմատ կապվում է փրկարար ծառայության հետ։
iPhone 14-ի վաճառքները մեկնարկելու են սեպտեմբերի 16-ին, iPhone 14 Plus-ինը՝ հոկտեմբերի 7-ին: Բազային մոդելի արժեքն ԱՄՆ-ում սկսվելու է $799-ից, իսկ Plus տարբերակինը՝ $899-ից: ԱՄՆ-ում ավագ մոդելի սմարթֆոններ ձեռք բերած օգտատերերին կառաջարկվի առանց SIM-քարտի սլոթի տարբերակը։ Դրա փոխարեն հնարավոր կլինի օգտագործել էլեկտրոնային eSIM, ընդ որում` հնարավոր կլինի միաժամանակ միացնել երկու տարբեր օպերատորների երկու eSIM։
iPhone 14 Pro ու iPhone 14 Pro Max
Ինչպես նշեցինք, նոր սերնդի iPhone-ի բազային մոդելների հետ միասին Apple-ը ներկայացրեց նաև առավել առաջադեմ iPhone 14 Pro ու iPhone 14 Pro Max մոդելները։ Ավագ մոդելների մոտ թեթևակի փոխվել է դիզայնը, դրանք համալրվել են նոր պրոցեսորով ու տեսախցիկների թարմացված խմբով։
Սկսենք դիզայնից։ Այն հիմնականում մնացել է նույնը, սակայն նոր iPhone Pro-երի մոտ անհետացել է դիմային տեսախցիկով ու Face ID տվիչներով «չյոլկան»։ Այն փոխարինվել է, այսպես կոչված, «դինամիկական կղզյակով». դիմային տեսախցիկն ու Face ID տվիչը այժմ տեղակայված են էկրանի վրա գտնվող երկու փոքր խոռոչներում, որոնք միասին էկրանի վերին հատվածում ձևավորում են ձգված սև հատված։ Խոռոչների միջև հատվածը միշտ սև է մնալու։ Մնացած առումով, iPhone Pro-երի դիզայնը մնացել է նախկինը` ամուր ապակի դիմացի ու հետևի հատվածում, փայլուն մետաղական շրջանակ։
Սմարթֆոնները համալրված են Super Retina XDR OLED-դիսփլեյներով` մինչև 1600 կդ/քմ պայծառությամբ, իսկ դրսում առավելագույն պայծառությունը կարող է հասնել մինչև 2000 կդ/քմ-ի։ Ներառված է նաև թարմացման փոփոխական հաճախականություն` 1-ից մինչև 120 Հց։ iPhone 14 Pro-ի պանելը 6.1 դյույմ է, iPhone 14 Pro Max-ինը` 6.7 դյույմ։ iPhone-ում վերջապես հայտնվել է նաև երկար սպասված Always-On Display ֆունկցիան, որը վաղուց կա Android սմարթֆոններում ու թույլ է տալիս էկրանին բերել կարևոր տեղեկատվությունն անգամ երբ սմարթֆոնն արգելափակված է։
Ավագ մոդելի հիմքում նոր Apple A16 Bionic միաբյուրեղ պլատֆորմն է, որում, ըստ Apple-ի, կիրառվել է ամենաարագ մոբայլ CPU-ն։ Չիպն ունի վեց հաշվարկային միջուկ` երկու բարձր արտադրողական ու չորս էներգախնայող, ինչպես նաև հզոր գրաֆիկական ենթահամակարգ։ Պլատֆորմն արտադրվում է 4նմ տեխպրոցեսով ու բաղկացած է մոտ 16 մլրդ տրանզիստորից, իսկ նախորդ չիպի համեմատ էներգածախսը կրճատվել է 20%-ով։ Բնականաբար, նորույթը ավելի արագ է նախորդներից։
Զգալի փոփոխությունների է ենթարկվել նաև հետևի հատվածի տեսախցիկը։ Այն նախկինի նման բաղկացած է երեք մասից, սակայն Apple-ը երկար տարիներ պատկերի բացառապես 12Մպ տվիչ օգտագործելուց հետո անցել է ավելի բարձր թույլատրմամբ սենսորի. iPhone 14 Pro-ի գլխավոր տեսախցիկը կառուցված է 48Մպ տվիչի վրա։ Սակայն լուսանկարները հիմնականում մնալու են 12Մպ, քանի որ տեսախցիկն օգտագործում է Quad Bayer համակարգը, որը չորս պիքսելը միավորում ու վերածում է 2.44մկմ չափի մեկ մեծ պիքսելի, ինչը թույլ է տալիս անբավարար լուսավորության պայմաններում ավելի լավ լուսանկարներ ստանալ։
Գլխավոր տեսախցիկը ստացել է յոթ էլեմենտից բաղկացած օպտիկական համակարգ` 24 մմ էքվիվալենտ ֆոկուսային հեռավորությամբ ու f/1.78 դիաֆրագմայով։ Ֆոկուսն աջակցվում է պիքսելների 100%-ի կողմից, կիրառվել է նաև օպտիկական կայունացման նոր համակարգ, ապահովված է ProRAW ֆորմատում լիարժեք թույլատրմամբ նկարահանում։
Երկրորդ` ուլտրալայնանկյուն տեսախցիկը կառուցված է 12Մպ տվիչով` պիքսելների 1.4մկմ չափով։ Կիրառվել է վեց էլեմենտից բաղկացած օպտիկական համակարգ` 13մմ ֆոկուսային հեռավորությամբ ու f/2.2 դիաֆրագմայով։ Ֆոկուսացումն աջակցվում է պիքսելների 100%-ի կողմից։ Տեսախցիկը կարող է իրականացնել միկրոնկարահանում, այն եռակի անգամ բարելավվել է աշխատանքը վատ լուսավորության պայմաններում (մյուս երկու տեսախցիկների դեպքում բարելավվումը կրկնակի է)։
Երրորդ տեսախցիկը նույնպես 12Մպ է, ունի 77մմ ֆոկուսային հեռավորությամբ ու f/2.8 ապերտուրայով օպտիկական համակարգ, ապահովում է եռակի օպտիկական զում։
Ինչ վերաբերում է դիմային տեսախցիկին, այն նույնպես կառուցված է 12Մպ տվիչով ու ունի ավտոֆոկուս։ Օպտիկական համակարգը` 23մմ ֆոկուսային հեռավորությամբ ու f/1.9 դիաֆրագմայով։ Տեսախցիկն աշխատում է խորության տվիչի հետ միասին, որը Face ID-ի աշխատանքի համար պատասխանատու համակարգի մի մասն է։ Դիմային տեսախցիկը վատ լուսավորության պայմաններում կրկնակի բարելավվել է աշխատանքը։
Ինչպես ավելի վաղ նշել էինք, դիմային տեսախցիկը տեղակայվել է էկրանի վերին հատվածում գտնվող փոքր խոռոչում։ Կողքին Face ID համակարգի էլեմենտներով երկարավուն խոռոչն է։ Այս խոռոչները միավորում է էկրանի սև, երկարավուն հատվածը, որի շուրջ էլ կառուցվել է սմարթֆոնի ծանուցումների նոր համակարգը` Dynamic Island (դինամիկական կղզյակ) անվանմամբ։
Apple-ը ցուցադրեց Dynamic Island-ի տարբեր անիմացիաներ ու աշխատանքի տարբերակներ, այդ թվում` ակտիվության կենդանացող վիջեթները, ծանուցումների անիմացիան ու երաժշտության համար կառավարման էլեմենտները։ Երբ օգտատերը մատը շարժում է էկրանով` հավելվածը փակելու ու գլխավոր էկրան վերադառնալու համար, ֆոնային խնդիրները, օրինակ` երաժշտության վերարտադրությունը, տեղափոխվում են «կղզյակ»։
Ինչպես սովորական iPhone 14-ի դեպքում, Pro-շարքի ավագ սմարթֆոններն ապահովում են արբանյակային կապ անհետաձգելի ծառայությունների հետ։ Արբանյակային կապն աշխատում է այնտեղ, որտեղ ընդհանրապես չկա բջջային ծածկույթ։ Այն դեպքում, երբ միացումն արբանյակին ուղեկցվում է խնդիրներով, iPhone-ը կհուշի, թե ինչպես շտկել իրավիճակը։ Օգտատերը կարող է ստեղծել սեփական հաղորդագրությունները` փրկարարներին իր իրավիճակը բացատրելու համար, կամ էլ ուղարկել շաբլոնային հաղորդագրություն։ Կապն այս դեպքում նույնպես երկկողմանի է, այնպես որ սմարթֆոնը կստանա հաղորդագրություն այն մասին, որ փրկարարները ստացել են տեղեկությունն ու արդեն ճանապարհին են։ Արբանյակային կապի ծառայությունը մեկնարկելու է նոյեմբերին ԱՄՆ ու Կանադայի օգտատերերի համար, իսկ iPhone 14-ի գնորդները երկու տարով կստանան անվճար բաժանորդագրություն։
Բացի այդ, 14-րդ սերիայի բոլոր ավագ iPhone-ները նույնպես ստացել են Crash Detection ֆունկցիայի աջակցություն։
ԱՄՆ-ում ավագ մոդելի սմարթֆոններ ձեռք բերած օգտատերերին ևս կառաջարկվի առանց SIM-քարտ սլոթի տարբերակը՝ միաժամանակ երկու տարբեր օպերատորները երկու eSIM միացնելու հնարավորությամբ։
Ավագ մոդելի սմարթֆոնների վաճառքները կմեկնարկեն սեպտեմբերի 16-ին, նախնական պատվերները` սեպտեմբերի 9-ից: iPhone 14 Pro-ի արժեքը սկսվում է $999-ից, iPhone 14 Pro Max-ինը` $1099-ից։
Watch Series 8
Apple-ը ներկայացրեց նաև Watch Series 8 «խելացի» ժամացույցները: Նախորդ տարվա Apple Watch Series 7-ի հետ համեմատած՝ նորույթը ստացել է միայն աննշան արտաքին փոփոխություններ, սակայն համալրման ու ֆունկցիաների առումով այն ունի նկատելի բարելավումներ:
Apple Watch Series 8-ի առաջին ու հիմնական նոր ֆունկցիան ջերմաստիճանի տվիչն է, որը, ընկերության խոսքերով, թույլ է տալիս ոչ միայն չափել մարմնի ջերմաստիճանն, այլև «ավելի ուշադիր հետևել կնոջ առողջությանը»: Սենսորը կարող է չափել ջերմաստիճանը յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ ու տեսնում է անգամ 0.1 աստիճան Ցելսիուսի տարբերությունը: Գիշերվա ընթացքում տվիչը հետևում է մարմնի ջերմաստիճանի փոփոխություններին ու հավաքում տեղեկատվությունը, որը կարող է օգտակար լինել մենստրուացիայի ու օվուլյացիայի ցիկլերի կառավարման համար:
Ինչպես բոլոր 14-րդ iPհone-ների դեպքում, Apple Watch Series 8-երը նույնպես համալրված են Crash Detection ֆունկցիայով, որը պետք է օգնի արտակարգ իրավիճակում: Մասնավորապես, սմարթ ժամացույցը կարող է պարզել, որ օգտատերը ավտովթարի է ենթարկվել. այն հավաքում է տեղեկատվությունը տարբեր տվիչներից ու կարող է պարզել բախման տարբեր տիպերն ու դրանց հետևանքները, այդ թվում՝ կողաշրջումը, դիմային, հետին կամ կողային հարվածները: Եթե օգտատերը չարձագանքի ժամացույցի ծանուցմանը, այն ավտոմատ շտապօգնություն է կանչելու ու կապվելու է փրկարարների հետ:
Apple Watch Series 8-ն ունի ավտոնոմ աշխատանքի նույնքան ժամանակ, որքան նախորդը՝ 18 ժամ: Սակայն էներգախնայողության նոր ռեժիմը թույլ է տալիս երկարացնել սարքի ավտոնոմ աշխատանքը մինչև 36 ժամ:
Apple Watch Series 8-ն աշխատում է նոր՝ watchOS 9 օպերացիոն համակարգով՝ ցիֆերբլատների ընդլայնված ընտրությամբ ու պարապմունքների համար թարմացված հավելվածով: Գաջեթը վաճառքի կհանվի սեպտեմբերի 16-ին: Նորույթը հասանելի կլինի ալյումինե կորպուսի չորս գունային տարբերակով (սև, սպիտակ, արծաթագույն ու կարմիր), ինչպես նաև չժանգոտվող պողպատից կորպուսի երեք գունային տարբերակով (արծաթագույն, ոսկեգույն ու մուգ մոխրագույն): GPS տարբերակի արժեքը կազմում է $399, իսկ GPS-ով ու բջջային կապով տարբերակինը՝ $499:
Նոր Apple Watch SE
Ընկերությունը ներկայացրեց նաև առավել հասանելի Apple Watch SE սմարթ ժամացույցների թարմացված մոդելը: Դրանք նույնպես հասանելի կլինեն երկու տարբերակով՝ GPS-ով ($249) ու GPS+բջջային կապ ($299) տարբերակով: Սարքը համալրվել է միջազգային ռոումինգի աջակցությամբ: Ժամացույցները պահպանել են SE-ի նախորդ մոդելի ֆունկցիաներն ու առանձնահատկությունները, այդ թվում՝ OLED-էկրանը, սրտի զարկերի տվիչը, արյան մեջ թթվածնի մոնիտորինգի տվիչը, քնին հետևելու, արտակարգ իրավիճակների ծառայություններ կանչելու ֆունկցիաները ու մինչև 50 մետր խորության վրա ջրից պաշտպանությունը: Սմարթ ժամացույցներում կա նաև Apple Family Setup ֆունկցիայի աջակցություն, որը թույլ է տալիս կարգավորել Apple Watch-ը երեխաների համար՝ սեփական iPhone-ից:
Apple Watch SE թարմացված տարբերակը նույնպես ստացել է ավտովթարների ճանաչման ֆունկցիա: Ի շնորհիվ նոր Apple S8 պրոցեսորի, ժամացույցն աշխատում է նախորդ տարբերակից 20%-ով արագ: Նույն պրոցեսորը նաև Watch Series 8-ի հիմքում է: Apple Watch SE-ն հասանելի կլինի երեք գունային տարբերակով՝ արծաթագույն, սև ու սպիտակ: Սմարթ ժամացույցը վաճառքում կհայտնվի սեպտեմբերի 16-ին:
Apple Watch Ultra
Apple-ը ներկայացրեց նաև պրոֆեսիոնալ մարզիկների ու էքստրիմի սիրահարների համար Apple Watch Ultra «խելացի» ժամացույցները: Սարքի 49 միլիմետրանոց կորպուսը տիտանից է, ժամացույցները ստացել են հարթ, սապֆիրե ապակի ու հատուկ շրջանակ, որը պաշտպանում է էկրանը վնասվածքներից հարվածների դեպքում: Բացի այդ, Apple Watch Ultra-ն համալրվել է հատուկ ծրագրավորվող կոճակով, լրացուցիչ դինամիկով, իսկ Digital Crown անիվը մեծացվել է:
Apple-ը հայտարարել է, որ սովորական ռեժիմում Apple Watch Ultra-ն կաշխատի մինչև 36 ժամ առանց վերալիցքավորման, իսկ հատուկ ռեժիմում՝ մինչև 60 ժամ: Ժամացույցն ունի բարելավված GPS ավելի ճշգրիտ տեղորոշմամբ, իսկ նոր՝ Action Button կոճակով կարելի է, օրինակ, սկսել ինչ-որ կոնկրետ մարզում:
Նոր դինամիկն օգտագործվում է, մասնավորապես, ձայնային ազդանշանի ակտիվացման համար, որը լսվում է մինչև 190 մետր հեռավորության վրա: Դիսփլեյի պայծառությունը հասնում է 2000 կդ/քմ-ի, ժամացույցը չափում է մարմնի ջերմաստիճանը, SpO2-ը, ԷԿԳ-ն, համապատասխանում է ամերիկյան MIL-STD 810 ռազմական ստանդարտին: Նորույթի արժեքը կկազմի $799:
AirPods Pro 2
Apple-ը վերջապես թարմացրեց AirPods Pro ականջակալները։ AirPods Pro 2-ը համալրված է խոտանների ցածր մակարդակ ապահովող դրայվերով ու H2 չիպի հիման վրա ուժեղացուցիչով, որոնք թույլ են տալիս ձայնային հաճախականությունների ավելի լայն դիապազոն ընդգրկել։ Ականջակալների դիզայնը չի փոխվել։
Apple-ի տարածական հնչողության տեխնոլոգիան` տարածական աուդիոն, համալրվել է տարածական ձայնի անձնականացված ֆունկցիայով։ Աշխատանքի համար այն օգտագործում է iPhone-ի խորության տեսախցիկը` ստեղծելու համար անձնական տարածական ձայնային պրոֆիլ` հաշվի առնելով օգտատիրոջ ականջների ձևն ու չափը։
Ակտիվ աղմկախլացումը (ANC) միկրոֆոնի օպտիմիզացված տեղակայման հետ միասին ապահովում են կատարելագործված հնչեղություն։ Apple-ը խոստանում է աղմկախլացման կրկնակի ավելացում` AirPods Pro-ի առաջին սերնդին հետ համեմատած։
Ականջակալների նոր ռեժիմներից է այսպես կոչված ադապտիվ թափանցիկությունը, որը գտնում ու խլացնում է բարձր դեցիբելների ցանկացած աղմուկ օգտատիրոջ շուրջը` լինի դա շինհրապարակ կամ մետրոյի մոտեցող գնացքը, իսկ բարձր ձայնից հեռու կամ լուռ միջավայրում գտնվելու դեպքում էֆեկտը թուլացվում է։
Մարտկոցը աշխատում է 6 ժամ ականջակալները միացված պահելու դեպքում ու մինչև 30 ժամ պատյանով։ Լիցքավորման նոր պատյանը UWB-ի շնորհիվ համատեղելի է Find My ծառայության հետ, ինչպես նաև համալրված է դինամիկով, որը կարող է բարձր ձայներ վերարտադրել, ինչը թույլ է տալիս գտնել կորած պատյանը։
Պատյանը կարելի է լիցքավորել Lightning պորտից կամ անլար ցանցից ցանկացած Qi, MagSafe կամ Apple Watch լիցքավորման սարքի միջոցով։
Apple AirPods Pro 2-ի արժեքը կազմելու է $249, նախնական պատվերները բացվում են սեպտեմբերի 9-ին, վաճառները կմեկնարկեն սեպտեմբերի 23-ին։