#իվենթաPAN
December 14, 2023

Ակրոբատ գողը, չոր անձրևանոցն ու մատնիչ Ժիգուլին. Դարի կողոպուտը՝ Խորհրդային Հայաստանում

Եթե կարծում եք, որ իսպանական La Casa de Papel-ը, նույն ինքը՝ «Թղթե տունը» կազմակերպված կողոպուտի մասին պատմող լավագույն հեռուստասերիալն է, ապա 1970-ականներին դուք կա՛մ չէիք ծնվել, կա՛մ էլ ինչ-որ դժբախտ պատահականությամբ չեք լսել իրական կողոպուտի, ավելին՝ դարի կողոպուտի մասին։ Իսկ գլխավորը՝ դարի կողոպուտը կատարվել է ոչ ավել, ոչ պակաս՝ Երևանում։ Իսկ դրա սցենարին կնախանձեն La Casa de Papel-ի ու կողոպուտների մասին ձեր դիտած լավագույն ֆիլմերի սցենարիստները։ Ավելին, բացարձակ պետք չէ բացառել, որ այդ ֆիլմերի մի մասը ոգեշնչվել են հենց երկու հայ եղբոր պատմության ինչ֊որ դրվագներից։

Իսկ հիմա հարմար տեղավորվեք, որովհետև կարդալու եք դետեկտիվ, գիտաֆանտաստիկ, տրագիկոմեդիկ ժանրերը միքսած մի իրական պատմության մասին։

ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Խորհրդային Հայաստանի պետական բանկի կողոպուտը ԽՍՀՄ պատմության մեջ պետբանկի կողոպուտի եզակի դեպքն էր։ Հաշվի առնելով, թե ինչ գումարների մասին էր խոսքը, վստահաբար կարող ենք ասել, որ այն ամենախոշորն էր, պարզապես համեմատելու բան չկա, որովհետև սա միակ դեպքն էր ու ցնցել էր ամբողջ Խորհրդային Միությունը։ Ովքե՞ր էին խելագարության հասնող անվախ այն երիտասարդները, որ որոշեցին մտնել Կենտրոնական բանկ ու կարողացան այնտեղից մոտ 1.5 միլիոն խորհրդային ռուբլի գողանալ։

Նիկոլայ և Ֆելիքս Կալաչյաններ։ Նրանց անունն այս տեքստում անընդհատ կլսեք, բայց նախ ծանոթանանք, թե ովքեր էին Կալաչյանները, մինչև կյանքն ու պատմությունը նրանց դաջեցին որպես ՀԽՍՀ պետական բանկը կողոպտողներ։

Նիկոլայ Կալաչյանը Բորոդինո գյուղում է ծնվել ու փոքր տարիքից շատ ծանր կյանքի հետ է բախվել։ Նրա հայրը հիվանդ էր քաղցկեղով և ընտանիքի ցանկացած փոքր ու մեծ եկամուտ ուղղվում էր հոր բուժմանն ու դեղորայքի գնմանը։ Նիկոլայն այս իրականությունն այդպես էլ չընդունեց ու չհարմարվեց պայմաններին։ Դպրոցում էլ առանձնապես լավ չէր սովորում, մեծ նվաճումների ցանկություն ու հույս էլ չկար։ Արդյունքում չորրորդ դասարանում փախավ տնից ու հայտնվեց գնչուական ճամբարում։

Հետագայում հանգամանքները կապացուցեն, որ սա Նիկոլայի գուցե ամենաճակատագրական որոշումն էր։ Այն միջավայրում, որտեղ հայտնվեց չորրորդ դասարանցի տղան, գրքեր ու երազանքներ չկային։ Փոխարենը՝ թմրանյութեր, մեկ օրվա կտրվածքով գոյատևող մարդիկ ու գումարի մշտական կարիք։ Տարրական կրթություն ունեցող դեռահասի համար միակ աշխատանքը, որ գտնվեց՝ աղբահավաքն էր։ Սա, իհարկե, Նիկոլային չգոհացրեց ու նա միացավ կողոպտիչների բանդային։ Առաջին կողոպուտը բարեհաջող անցավ, Նիկոլայն ընկերների հետ թալանեց խնայդրամարկղը, գումարը ծախսեց՝ ըստ անհրաժեշտության, իսկ գործը չբացահայտվեց։ Ով գիտի, եթե առաջին մանր հանցագործությունը բացահայտվեր, գուցե պետական բանկի պատմությանը չհասնեինք։

Ֆելիքս Կալաչյանը Նիկոլայի հակապատկերն էր շատ առումներով։ Նախ, մի ճշտում՝ տղաները հարազատ եղբայներ չէին, եղբայրների տղաներ էին։ Ֆելիքսը Խորհրդային Հայաստանում է ծնվել, Աշոցքի շրջանի Ղազանչի գյուղում։ Դպրոցում բավարար առաջադիմություն է ունեցել, ավարտել է ու տեղափոխվել Գյումրի։ Ինչպես ցանկացած օրինակելի երիտասարդ՝ նախ աշխատանք է գտել, հետո ամուսնացել է Մարուշի հետ ու երկու զավակ ունեցել։ Չմոռանանք նաև մի կարևոր հանգամանք. Ֆելիքսը սպորտի վարպետի կոչում ուներ, ամրակազմ էր ու ճկուն։

Միակ խնդիրն այն էր, որ ընտանիքն աղքատության պայմաններում էր ապրում։ Իսկ ո՞վ չի ուզի լավ ապրել։ Երբ Նիկոլայը տարբեր մեծ ու փոքր խարդախություններից հետո եկավ Երևան՝ ճակատագրական մի հանդիպում ունեցավ Ֆելիքսի հետ ու համոզեց նրան, որ ընտանիքին գումարով ապահովելու համար սեփական քրտինքով աշխատանքը բավարար չէ։ Ֆելիքսն ինքն էլ տեսնում էր, որ ծայրը ծայրին չի հասցնում ու որոշում է ռիսկի դիմել։ Արդյունքում եղբայներն աուդիոտեխնիկայի խանութ են թալանում։ Ու կրկին՝ առանց պատասխանատվության ենթարկվելու։ Գողության համար ոչ ոք չի դիմում ոստիկանություն։ Արդեն շատ ավելի ուշ՝ հարցաքննության ժամանակ Նիկոլայն առաջ է բերում վարկածը, որ մագնիտոֆոններն անօրինական էին ձեռք բերվել, դրա համար էլ սեփականատերը վախեցել է դիմել ոստիկանություն։ Գումարի մի մասը Ֆելիքսն ուղարկում է ընտանիքին, մյուսը եղբայրները ծախսում են Մոսկվայում։

ԿՈՂՈՊՈՒՏԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ

Մանր֊մունր կողոպուտը Նիկոլային այլևս չէր ոգևորում, բայց մեծամասշտաբ գողության մասին մտածելն էլ խելագարություն էր։ Ամեն դեպքում, մինչև այն պահը, երբ նրա ընկեր Զավեն Բաղդասարյանը, ով համատեղությամբ նաև պետբանկի աշխատակից էր, նրան գլխի է գցում խոշոր կողոպուտի ու խոշոր գումարների հնարավորության մասին։

Զավեն Բաղդասարյանի անունը ևս լավ հիշեք, որովհետև նա կամա թե ակամա դառնում է այս պատմության առանցքային դեմքերից մեկը։ Զավենը հանձնաժողովի կազմում մի քանի անգամ եղել էր բանկի պահոցում ու հասկացել, որ պահոցի անվտանգությունն ու պահպանությունը մեղմ ասած թերի են, հետևաբար կարելի է օգտագործել այս բացն ու պատժել պետությանը։ Նա եղբայրների հանցակիցն ու խորհրդատուն է դառնում և օգնում նախապատրաստական աշխատանքներին։

Եթե կարծում եք, թե հայտնի սերիալի Պրոֆեսորն էր երկար պատրաստվում կողոպուտներին, ապա լսեք այս պատմության շարունակությունը։ Տղաները բանկը թալանելուն պատրաստվում են 5 ամիս։ Հաշվարվկած էր ամեն ինչ՝ դետալ առ դետալ։ Նիկոլայը խմբի ուղեղն էր, Ֆելիքսը՝ ֆիզիկական ուժը։ Զորի Բալայանի շարադրած պատմությունից ավելի ուշ մի քանի մանրամասներ ենք իմանում։

«Նիկոլայը մատիտն ու բլոկնոտն առած՝ ամեն օր գալիս էր բանկի նրբանցք: Ժամերով հետևում էր, թե ինչպես էր շարժվում արտաքին պահակախումբը, երբ էին գալիս-գնում ինկասատորների մեքենաները, երբ էր դուրս գալիս վերջին ծառայողը, կնքվում ներսի ցանցավոր դուռը…»

Ո՞ւմ է պետք ներքին հսկողություն, երբ ամեն ինչ փակ է՝ ապահովված ազդանշանային համակարգով: Մուտք գործելու միակ տարբերակը պատն էր։ Փողոց ու բակ տանող պատերը հսկվում էին, մնում էր չորրորդը, որ բնակելի շենքին էր կպած։ Երկու պատ ծակել֊անցնելու դեպքում հնարավոր էր միանգամից հայտնվել բանկի երրորդ հարկի սրահում։ Հենց այդպես էլ արեցին, որոշեցին, որ Ֆելիքսը կծակի ձեղնահարկի միջնապատը, հետո երրորդ հարկի հիմնական պատը։

Հաջորդ կարևոր կետն անհրաժեշտ իրերի ցուցակն էր. Ծալովի նիգ, շաղաթ, լապտեր, ձեռնոցներ, գայլիկոն, մետաղասղոց՝ մի քանի ժապավենով, հատիչներ, մուրճ, ու, որ ամենաանսպասելին էր՝ մանկական հովանոց։ Ի՞նչ էին անելու հովանոցը. Նիկոլայը հստակ ու շատ տրամաբանական պատասխան ուներ։ Գիշերվա ժամին նիգով ու հատիչով աշխատելիս ո՞ւր են ընկնելու բետոնի կտորները։ Պատասխանը հենց հովանոցի մեջ էր։ Անցքից մտցնում են մանկական հովանոցը, այն բացվում է, իսկ բետոնի կտորներն անաղմուկ ընկնում են մեջը։ Բայց մի բան պակասում էր, աննշան, բայց ճակատագրական հետևանքներ ունեցող ինչ֊որ բան։ Նիկոլայը մեկ֊երկու օր չի քնում, ամեն բան կրկին հաշվարկում է ու հասկանում. պակասում է մի քանի շիշ ջուրը։

Երբ թվում էր, թե ամեն ինչ պատրաստ է ու խանգարող որևէ հանգամանք չկա՝ դասական ֆիլմի սցենարի պես օդից մի դժբախտ պատահար է ընկնում։ Կողոպուտի նշանակված օրվանից մեկ շաբաթ առաջ Նիկոլայը ավտովթարի է ենթարկվում և կողոպուտը ղեկավարում է հիվանդանոցից։

ԿՈՂՈՊՈՒՏԸ

1977 թվականի օգոստոսի 5. Ֆելիքս Կալաչյանը մտնում է պետական բանկի հետ ընդհանուր պատ ունեցող բնակելի շենք։ Ի դեպ, երևի նկատել եք, որ այսօր ՀՀ կենտրոնական բանկն ամբողջությամբ առանձնացված է տարածքում գտնվող շինություններից։ Վերադառնանք 1977֊ի օգոստոս։ Պատը քանդելը, պարզվում է, այնքան հեշտ չէ, որքան թվում էր։ Պետք էր այլընտրանք գտնել։ Ու ալընտրանքն ինքն իրեն հայտնվում է Ֆելիքսի տեսադաշտում։

Պահոցից մի հարկ վերև գտնվող սենյակում վերանորոգման աշխատանքներ էին, պատուհանին ճաղավանդակներ չկային, իսկ պատուհանը բաց էր՝ կարծես հատուկ Ֆելիքսի համար։ Իսկ արդեն հարցաքննությունների ժամանակ պարզվում է, որ ամենևին էլ երջանիկ պատահականություն չէր, պարզապես տնտեսվարը մոռացել էր փակել պատուհանը։

Ֆելիքսն արագ մի քանի սցենար է մտածում։ Դիմացի շենքի տանիքից պարան շպրտելը գուցե լավ տարբերակ էր, բայց չի ստացվում։ Ամիսներով պլանավորած դարի կողոպուտից հրաժարվելը տարբերակ չէր ու Ֆելիքսը որոշում է անել այն, ինչը հետո ոստիկաններն անհնարին էին համարում։ Նա կյանքը վտանգելով տանիքից բանկի պատուհանից ներս է թռնում։ Ինչ֊որ հրաշքով ողջ է մնում ու մնացածը՝ պլանավորածի պես։

Հատակին բացում է 34 սանտիմետրանոց անցք, օգտագործում անձրևանոցն այնպես, ինչպես պլանավորել էր, ու արդյունքում պետական բանկից հանում է փողով լի երկու մեծ պարկ։ Այս ընթացքը կրկին մանրամասնորեն ու ֆիլմի պես նկարագրում է Զորի Բալայանը։

«Ամենուր փող էր բների մեջ: Տարբեր տեղերից էր վերցնում՝ հիմնականում խոշոր թղթադրամներ: Ուսապարկը մինչև վերջ լցնելով՝ սկսեց բարձրանալ: Վարժանքների ժամանակ կարողանում էր վեց մետր հաղթահարել երկու փութանոց ծանրաքարով: Ուսապարկը ուներ համարյա նույն քաշը: Հեշտությամբ հասավ առաստաղին, մեկ ձեռքով կախված մնաց, մյուսով սկսեց պարկից հանել փողն ու նետել ծակի միջով: Երբ այդպես դատարկեց ուսապարկի կեսը, խցկեց այն անցքի մեջ, հետո մի կողմ հրեց ու ինքն էլ դուրս եկավ…»

ԿՈՂՈՊՈՒՏԻՑ ՀԵՏՈ

Այն, ինչ կատարվում է կողոպուտից հետո՝ մի ուրիշ կինո էր։ Ֆելիքսն անմիջապես գնում է եղբոր մոտ՝ հիվանդանոց։ Նույն օրն ուրախ լուրից «բուժված»՝ Նիկոլայը դուրս է գալիս հիվանդանոցից։ Նիկոլայը միանգամից նկատում է այն, ինչը պատմության ավարտին դառնալու էր նրանց գլխավոր խնդիրը։ Հափշտակած գումարի մեծ մասը շրջանառության մեջ նոր դրված հարյուր ռուբլիանոցներ էին։ Եղբայրները միանգամից հասկանում են՝ ոստիկանությունը փնտրելու է ոչ թե իրենց, այլ «АИ» սերիայի 100 ռուբլիանոցները:

Կողոպուտից հետո եղբայրները մեկնում են Մոսկվա ու փորձում հասկանալ, թե ինչ պետք է անեն այդ «անիծված» 100 ռուբլիանոցների հետ: Ու պատմության այս հատվածում ճիշտ պահին և ճիշտ տեղում սցենարում սիրային գիծ է ավելանում։ Մոսկվայում Նիկոլայը ծանոթանում է Լյուդմիլա Աքսյոնովայի հետ։ Լյուդմիլան գիտեր, որ սիրելին հարուստ է, բայց գաղափար չուներ, որ դարի գողն է։ Մտածում էր՝ խաղատանը բախտի բերմամբ գումար շահած մի հաջողակ է։ Արդյունքում Լյուդմիլան և նրա եղբայրը՝ տաքսիստ Վլադիրմիր Կուզնեցովը, իրենց կամքից անկախ դառնում են տղաների հանցակիցներն ու համաձայնում 100 ռուբլիանոցները փոխանակելու գործն իրենց վրա վերցնել։

Ինչպես սովորաբար լինում է, սկզբում ամեն բան շատ հարթ էր ընթանում, ու հենց դա էլ ծուղակը գցեց թե՛ Կուզնեցովին, թե՛ եղբայրներին։ Խնայդրամարկղերից մեկում Վլադիմիրը որոշեց միանգամից 6000 ռուբլի փոխանակել ու սա գանձապահին կասկածի առիթ տվեց։ Վլադիմիրը շուտ կողմնորոշվեց ու փախուստի դիմեց, բայց գանձապահ կնոջ հիշողությունը շատ լավն էր, նա ֆիքսել էր տղամարդու դիմագծերն ու, որ ամենակարևորն է՝ կանաչ ժիգուլին։

Նրանց գտնելն ու ձերբակալելը շատ կարճ ժամանակի հարց էր։ Այլ կերպ լինել չէր կարող։ Աղմկահարույց գողության հետաքննությանը ներգրավված էին ոչ միայն ՀԽՍՀ, այլև ամբողջ Խորհրդային Միության բարձրաստիճան իրավապահները։ Գործին խառնել էին անգամ օրենքով գողերին։ Նույնիսկ կա վարկած, որ օրենքով գողերն իրենք էին գալիս ոստիկանություն ու հայտնում, որ որևէ կապ չունեն դեպքի հետ։ Իսկ ոստիկանների համար դժվար էր հավատալ, որ այս ամենի հետևում ինչ֊որ անփորձ ու անհայտ երիտասարդներ են։ Բանկի կողոպուտի մեջ կասկածվում էին բանկի բոլոր 161 աշխատակիցները։ Հսկողությունն այնքան խիստ էր, որ նույնիսկ մի անգամ հարյուր ռուբլի փոխանակելիս սխալմամբ կալանավորել էին բանկի նախարարների խորհրդի փոխնախագահին։ 1.5 միլիոն խորհրդային ռուբլին այսօր համարժեք է մոտ 100 միլիոն ռուբլու, հետևաբար, նման խիստ հետաքննությունը նվազագույնն էր, որ պետք է արվեր։

ՏԽՈՒՐ ԱՎԱՐՏԸ

Եղբայրներին ձերբակալում են 1978 թվականի հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը։ Մինչև ձերբակալությունը Կալաչյանները հասցրել էին ծախսել ընդհանուր գումարից ընդամենը 600,000 ռուբլի։ Եվս 800 հազար ռուբլին ոստիկանները գտնում են ապամոնտաժված անիվի մեջ, իսկ 100 հազար ռուբլի՝ Գյումրիում, մի բնակելի տան տակ թաղված։

Դատավարության ընթացքը ծանր էր։ Այս ընթացքում մահանում է Նիկոլայի մայրը, երիտասարդները ամենայն մանրամասնությամբ պատմում են իրենց հանցանքի բոլոր մանրամասները։ Իսկ հրաշքների չհավատացող ոստիկանները Ֆելիքսից պահանջում են կրկնել կողոպուտի ամբողջ ընթացքը։ Ինչ֊որ բաներ մի քանի անգամից են ստացվում, բայց Ֆելիքսն ի վերջո կրկնում է հրաշքը։ Արդյունքում Զավեն Բաղդասարյանը 11 տարվա ազատազրկման է դատապարվում, իսկ եղբայրներին դատապարտում են գնդակահարության։

Սա այս պատմության ամենածանր դրվագն է։ Ու եթե չլիներ այսքան դաժան ու իրական, ապա լավագույն ֆիլմի սցենարի կարող էր հավակնել։ ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը բավարարում է Կալաչյան եղբայրների ներման խնդրագիրը, բայց մինչ որոշումը կհասներ Երևան՝ ուղիղ 24 ժամ առաջ եղբայրներին գնդակահարում են։

Այս պատմության հիման վրա հետո ֆիլմեր են նկարահանվել ու գրքեր գրվել, մինչև օրս էլ որոշ մարդկանց համար սա ապշեցուցիչ, անհավանական դետալներով, համընկնումներով, անգամ գեղարվեստական չափազանցություններով ու օրինաչափություններով լի պատմություն է։ Իսկ իրականում այն կոտրված ճակատագրերի, պատահականությունների ու դժբախտությունների կարծես գծված շղթա էր, որի հանգուցալուծումը, ի վերջո, երկու մարդու մահապատիժ էր։ Եվ վերջում, եթե պատմությանն ավելի մանրամասն եք ուզում ծանոթանալ, կարող եք դիտել վավերագրական այս ֆիլմը։


✍️ Նանե Մանուկյան / PAN