#իվենթաPAN
October 5, 2023

Չճանաչված պետության երեխաները. Զոհված, չծնված, թերսնված, անտուն, հերոս

Այն, ինչ կատարվեց Արցախում, էթնիկ զտում էր՝ դրա ամենաուղիղ և ամենաընդգրկուն իմաստով։ Եվ սա` անկախ նրանից, թե աշխարհաքաղաքական զարգացումներն ու շահերն ում և ինչ են թույլ տալիս տեսնել։

Լուսանկարը՝ Դավիթ Հակոբյանի

Այս բազմաշերտ ողբերգության, ցեղասպան քաղաքականության ու կորսված հայրենիքի հիմքում մարդկանց ճակատագրեր են, դիմադրության պատմություններ ու հիմնովին ոտնահարված իրավունքներ։ Տեսականորեն՝ քաղաքական, իրավական, սոցիալական ու մարդկային բոլոր չափորոշիչներով 6-ամյա Գիտան, 3-ամյա Լեոն, 8-ամյա Նվերն ու Արցախի մի քանի տասնյակ հազար երեխաներն ամենապաշտպանվածը պիտի լինեին։ Բայց սա միայն տեսականորեն։

Լուսանկարը՝ Վահան Ստեփանյանի

Երբ աշխարհում Հունիսի 1-ը նշեն, բարձր ամբիոններից կամ սրճարաններում խոսեն երեխաների իրավունքներից՝ պատմեք նրանց Արցախի երեխաների մասին, որոնք տեսան ու ապրեցին ամեն ինչ՝ բլոկադայից մինչև պատերազմ, սովից մինչև բռնի տեղահանում, դարձան ադրբեջանական վայրագությունների և այդքան չարչարկված «միջազգային հանրության» անտարբերության զոհը՝ բառի ուղիղ իմաստով։

Պատմեք նրանց այս պատմությունները՝ հերթով։

Արցախի կյանքի ճանապարհը փակվեց 2022 թվականի դեկտեմբերի 12-ին: Ադրբեջանական «էկոակտիվիստները» Բերձորի (Լաչին) միջանցքը փակեցին ռուս խաղաղապահների աչքի առաջ, միջազգային կառույցների քթի տակ։ Շրջափակման առաջին օրերին արցախցիներն ամեն օր սպասում էին միջանցքի բացման մասին լուրերի, որովհետև ամենասուր երևակայությունն անգամ չէր կարող պատկերացնել, որ Արցախի բնակիչներն աշխարհից կտրված և հումանիտար ճգնաժամի մեջ կմնան ինն ամիս։

Լուսանկարը՝ Մարութ Վանյանի

Ամեն օր ավելի հստակ էր դառնում՝ Ադրբեջանը միջանցքը բացելու միտք չունի։ Արցախի բնակիչները ձմռանը գոյատևում էին հոգեպահուստով, ամռանը՝ իրենց բերք ու բարիքով։ Երկուսն էլ սահմանափակ էին, հետևաբար որքան ժամանակ էր անցնում, մոտ 120,000 մարդ ավելի հաճախ էր սոված քնում, 30,000 երեխա էլ՝ դժվարությամբ հասկանում, թե ինչո՞ւ այլևս կոնֆետ ուտել չի կարող։

Լուսանկարը՝ Էդգար Հարությունյանի

Բայց սովը շրջափակման միակ հումանիտար աղետը չէր։ Ադրբեջանն էներգետիկ տեռորի էր ենթարկում արցախցիներին, ձմռան ցրտին անջատում ու միացնում էր գազը՝ երբ կամենա։ Էլեկտրաէներգիան Արցախում հատուկ ժամերի էին միացնում, հացը կտրոնով ստանում։ 90֊ականներին մութն ու ցուրտն Արցախը ազատագրելուց հետո էր, 2023-ին՝ Արցախի օկուպացումից առաջ։

Լուսանկարը՝ Անի Բալայանի

Դեկտեմբերի 31-ին Արցախի շրջափակման 20-րդ օրն էր։ Ամանորի երազանքը չիրականացավ։ Ճանապարհը չբացվեց։

Այս բազմաշերտ հումանիտար աղետը չէր սահմանափակվում Արցախի ֆիզիկական սահմաններով։ Փակ ճանապարհի պատճառով 1100 քաղաքացի, որոնցից 270-ը երեխաներ էին՝ տուն վերադառնալու հնարավորություն չունեին։ Շիրակի մարզի Մայիսյան գյուղում, օրինակ, 44-օրյա պատերազմից հետո Արցախից տեղահանված 6 երեխա մնացել էր առանց ծնողական խնամքի։ Դեկտեմբերի 11-ին երեխաների մայրը մեկնել էր Արցախ՝ փաստաթղթային հարցեր լուծելու։ Հաջորդ օրը ճանապարհը փակել էին։

Վերադառնալով շրջափակված Արցախ։ Արդեն հունվար ամսին պաշտոնական տվյալներ հրապարակվեցին առողջական խնդիրներ ունեցող երեխաների և փակ ճանապարհի հերթական հետևանքների մասին։ 2023-ի հունվարին Արցախում 847 երեխա սրտի բնածին արատ ուներ, 93-ը՝ բրոնխիալ ասթմա, 66-ը՝ պարբերական հիվանդություն, 80-ը՝ էպիլեպսիա, 16-ը՝ շաքարային դիաբետ։ Այս երեխաները վերցված էին հաշվառման և պարբերաբար գալիս էին Հայաստան՝ բուժօգնություն ստանալու։ Հերթական միջազգայնորեն ընդունված իրավունքը, որ չգործեց Արցախի երեխաների համար։ Գուցե չճանաչված պետության սահմաններից ներս այս իրավունքները չեղարկվում են, կամ չճանաչված պետության երեխաները քարտեզի վրա պարզապես չկան։

Լուսանկարը՝ Մարութ Վանյանի

Նույն հունվար ամսին՝ ցրտի ու սովի պայմաններում, Արցախում փակվեց 41 մանկապարտեզ, 56 նախադպրոցական խումբ, 20 երկարօրյա ուոսհաստատություն։ Այդպիսով 6828 երեխա զրկվեց խնամք, սնունդ և կրթություն ստանալու հնարավորությունից։

Այս ընթացքում կոչեր հնչեցին, խորապես անհանգստացած հայտարարություններ եղան, անգամ պահանջներ, բայց ձմեռն ու գարունը հաղթահարվեցին միայն Արցախի բնակիչների դիմադրության շնորհիվ։

Ամռան առաջին օրը, կամ ինչպես միջազգային հանրությանն ավելի հայտնի է՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն Արցախի երեխաների ցանկություններն ու երազանքները կապված էին այն ամենի հետ, ինչը միջազգային բոլոր կոնվենցիաների համաձայն պիտի ունենային առանց երազելու։ Փուչիկներ ու նվերներ չէին հաշվում։ Արցախում անչափահաս 1 երեխայի հաշվով ընտանիքին տրամադրվում էր 0,5 կգ շաքարավազ և 0,5 լ ձեթ։

Հունիսի վերջ. Մեկ տարեկան երեխաները պիտի սնվեն կաթնախառնուրդով։ Այստեղ կրկին առանց կասկածելու կարող եք ավելացնել վերջին ամիսներին Արցախում ամենահաճախ հնչող բառը՝ չկա։ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց ակցիայի մասնակիցներն Արցախի երեխաների համար կաթնախառնուրդներ էին բերում։ Հաջորդ ամենատարածված բառը՝ չենք կարող։ ՄԱԿ֊ի առաքելությունն Արցախ մտնելու իրավունք չուներ։ Մտան միայն այն ժամանակ, երբ ավելի քան 100,000 արցախցի արդեն բռնի տեղահանվել էին։

Հուլիսի 7. Սա այն օրն էր, երբ ողբերգությունն ու հումանիտար աղետը հստակ անուններ ստացան՝ երեքամյա Լեո ու վեցամյա Գիտա։ Ո՛չ սնունդ կա, ո՛չ վառելիք, ո՛չ մեքենա։ Երեխաների մայրիկը Մարտակերտի շրջանի Աղաբեկալանջ գյուղից վաղ առավոտյան մի քանի կիլոմետր քայլում ու գնում է Մարտակերտ՝  շաքարավազ ու ձեթ ստանալու։ Այդ ընթացքում երեխաներն արթնանում են, նստում մի մեքենայի մեջ, քնում ու մեքենայում բարձր ջերմաստիճանի պատճառով մահանում։

Կրկին հուլիս. Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում գրանցվում է չծնված երեխայի մահ։ Վառելիք չկար, հետևաբար՝ շտապ օգնություն՝ ևս։

Այս ամիսների ընթացքում աճում են նաև վաղաժամ ծնունդները՝ 7%-ից հասնելով 12%-ի, եռապատկվում վերարտադրողական կորուստների թիվը։ Մոտավոր հաշվարկներով Արցախում մոտ 2000 հղի էր ապրում։ Միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն, պատերազմի և/կամ հումանիտար ճգնաժամի ժամանակ հղի կանայք, ծննդկանները և նորածինները հատուկ պաշտպանություն են ստանում։ Նրանց իրավունքները հավասարեցվում են վիրավորների և հիվանդների իրավունքներին։ Քանի որ Արցախում ո՛չ հիվանդների, ո՛չ վիրավորների իրավունքները չէին իրացվում՝ հղի կանանց, ծննդկանների և նորածինների համար այս իրավունքները «հավասարապես» չիրացվեցին։ Բուժօգնությունից բացի խոցելի այս խումբը զրկված էր անգամ բալանսավորված սննդակարգից։

Ի դեպ, միայն հայ երեխաները չէ, որ տուժում էին ադրբեջանական բլոկադայի հետևանքով։ Դեռ ձմռանը պարզ դարձավ, որ Գերմանիայում ապրող երկու տարեկան մի երեխա ուներ ոսկրածուծի փոխպատվաստման կարիք: Իսկ նրա դոնորն Արցախում շրջափակված մի աղջիկ էր։

Սեպտեմբերի 1. 30,000 արցախցի երեխայից 19,000-ն աշակերտներ են։ Ուսումնական տարին սկսեցին թերսնման, տրանսպորտի, վառելիքի բացակայության պայմաններում։ Նոր հագուստի ու գրենական պիտույքների մասին մտածելն ավելորդ ճոխություն էր։ ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրում, Երեխաների իրավունքների կոնվենցիայում, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայում ամրագրված կրթության իրավունքը հերթականն էր, որ ոտնահարվեց շրջափակված Արցախում։

Ավելորդ է ասել, որ ազատ տեղաշարժի իրավունքի խախտման պատճառով ուսանողները չէին կարողանում շարունակել կրթությունն Արցախից դուրս։ Ուսուցիչների համար ևս պայմանները ծանր էին։ Ասկերանի շրջանի Դաշուշենի դպրոցի ուսուցիչների մի մասը Ստեփանակերտից ամեն օր 7-8 կմ քայլելով էր հասնում գյուղի դպրոց։ Վառելիք չկար։

Սեպտեմբերի 19. էթնիկ զտում՝ օր առաջին. Ուսուցիչներն ամեն օր տասնյակ կիլոմետրեր կքայլեին, երեխաներն ամիսներով շոկոլադ չէին ուտի, տարեցները կշարունակեին եղածով կերակրել երեխաներին ու չբողոքել թերսնումից, միայն թե իրենց գոյությամբ ու ներկայությամբ հայկական Արցախի գոյությունն ամրագրեին։

Լուսանկարը՝ Սիրանույշ Սարգսյանի

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Թիրախում՝ գյուղերն ու քաղաքները, խաղաղ բնակչությունը։ Առաջին, ամենաթարմ տվյալները. երկու զոհ, այդ թվում՝ մեկ երեխա, և 11 վիրավոր, որոնցից ութը՝ երեխա։ Հաջորդող օրերին այս թվերն աճեցին, ավելացավ նաև անհետ կորածների քանակը։

Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքը մինչև սեպտեմբերի 19-ի հարձակումն ուներ 76 բնակիչ։ Նրանցից 5–ը զոհվեց, որից 3–ը՝ երեխա. 15–ը՝ վիրավորվեց, 4-ը գերեվարվեց թշնամու կողմից։ 24 ժամ անց Արցախը վայր դրեց զենքերը։  Սառնաղբյուրում զոհված երկու եղբայրներին՝ 10-ամյա Միքայելին և 8-ամյա Նվերին հուղարկավորեցին օրեր անց՝ Հայաստանում։

Բռնի տեղահանում. Էթնիկ զտման արդյունքում Արցախը հայաթափվեց մի քանի օրում։ Արցախցիները վերցրին մի ճամպրուկի կամ լավագույն դեպքում մի մեքենայի մեջ տեղավորած կյանքն ու բռնեցին գաղթի ճամփան։ Հումանիտար մեկ այլ աղետ էլ հենց այդ ճանապարհն էր։ Մեկ ժամ հեռավորությամբ ճանապարհը 40-50 ժամում անցնել՝ սպառվող ջրի ու սնունդի, սանիտարահիգիենիկ պայմանների բացակայության, նվազագույն դիմադրողականության, հոգեբանական ծանր վիճակի պայմաններում։

Լուսանկարը՝ Դավիթ Հակոբյանի

Այդ ճանապարհին ծնվեցին երեխաներ, ու երեխաների հետ նույն մեքենայում մահացան տարեցներ։ Այդ ճանապարհին նաև հերոսապատումներ գրանցվեցին։ Օրինակ, թե ինչպես էին 12-13 տարեկան երեխաները 40 ժամ մեքենա վարում, անցնում թշնամու անցակետով, հոգեբանական ու ֆիզիկական ծանր վիճակում ընտանիքին հասցնում Հայաստան։ 12-ամյա Արենը մեքենան վարել էր 40 ժամ, 13֊ամյա Գոռը՝ 55 ժամ։ Հերոսանալու կարիք նրանք չունեին։ Մենք էլ նոր հերոսներ չէինք ուզում։ Բայց Արցախ֊Հայաստան ճանապարհին դժբախտության ու ցավի մեջ երեխաներ ու հերոսներ էին ծնվում։

Այժմ Հայաստանում 0-5 տարեկան 7996 և 6-18 տարեկան 21,266 Արցախցի երեխա կա։ 9 երեխա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Կան անհետ կորածներ։ Միջազգային տարբեր կառույցներ ու դեմքեր խուսափում են «էթնիկ զտում» տերմինից, իսկ այդ ընթացքում ադրբեջանական տելեգրամյան ալիքներում կոչ են անում հայտնաբերել կորած երեխաներին, կտտանքների ենթարկել ու սպանել։

Արցախի երեխաներն ինն ամիս ապրեցին, պայքարեցին, չտրտնջացին, ցույցերի դուրս եկան ու Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում SOS կանչեցին։ Արդյունքում Վերածննդի հրապարակում միայն լքված մանկասայլակներ ու մանկական կոշիկներ են մնացել։


✍️ Նանե Մանուկյան / PAN