#իվենթաPAN
October 26, 2023

Ողբերգական, հերոսական, ծանր, լուսավոր, անհավատալի. Արցախցիների մասին՝ թվերից անդին  

‌Հոկտեմբերի 20-ի տվյալով Արցախից բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված ընտանիքներում 88 երեխա է ծնվել։ Արցախից բռնի տեղահանված 15,388 աշակերտ արդեն հաճախում է դպրոց: Հայաստանի մարզերում հաշվառված է բռնի տեղահանված մոտ 80 հազար մարդ։ 10 հազարից ավելի արցախցի լքել է Հայաստանը:

Վերջին տարիներին մարդիկ կարծես սովորել են ամեն ինչ ու ամենքին չափել թվերով։ Քովիդի պատճառով գրանցված մահեր, պատերազմի զոհեր, գերեվարվածներ, չծնված երեխաներ, բռնի տեղահանվածներ, թվեր ու թվեր։ Փաստն արձանագրվում է, թիվը հստակեցվում, ու այսպես մինչև հաջորդ ալիքը։ Իսկ ամենապարզ ու երբեմն մոռացվող ճշմարտությունն այն է, որ այդ թվերի հետևում մարդիկ են ու իրենց պատմությունները՝ ողբերգական, հերոսական, ծանր, լուսավոր, անհավատալի։

Լուսանկարը՝ Դավիթ Հակոբյանի

Արցախից բռնի տեղահանվել և Հայաստանում ապաստան է գտել 100,000-ից ավելի արցախցի։ Սա նշանակում է ճիշտ նույնքան ճակատագիր ու պատմություն։ Մենք, մեր գործընկերները, ինչպես նաև բազմաթիվ կամավորներ ամեն օր գտնում ու պատմում են այդ անվերջանալի թվացող պատմությունները։ Հաճախ նաև հենց այդ պատմությունների հանրայնացման շնորհիվ են շատերը տանիք, տաք հագուստ կամ էլ աշխատանք գտնում։

PAN-ը մեկտեղել է լսված, լուսաբանված, սոցցանցերում տարածված, կամավորների միջոցով հանրայնացված և նաև դեռևս չլուսաբանված մի քանի պատմություն։

ԿԱՄՈՅԻ ԸՆՏԱՆԻՔԸ

Կամոն 90-ականների կռվի ժամանակ կորցրել է ոտքն ու դարձել առաջին կարգի հաշմանդամ։ Արցախից բռնի տեղահանվել ու Հայաստանում տանիք է գտել կնոջ, 28-ամյա զինվորական որդու և տարեց ծնողների հետ։ Այս ընտանիքի պատմությունը մեզ լրագրող ու այս օրերին արցախցիներին օգնող կամավոր Շուշանիկ Փափազյանն է պատմում։

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

Քչով բավարարվող, իրավիճակին սթափ նայող Կամոն հանդիպումներից մեկի ժամանակ միայն մի «դժգոհություն» է ունեցել։ Կնոջ ընտանիքն Աբովյան քաղաքում սեփական տուն է գտել, այնտեղ են ապրում։ Ինքն էլ սեփական տուն է ուզում, որտեղ հող ու ջրի հետ կարող է աշխատել ու կրկին շենացնել իր տունը։

Հին տանը բակ ունեին, աստիճաններն էլ քիչ էին։ Նոր տանը վերելակը չաշխատելու դեպքում հաշմանդամ տղամարդը հինգ հարկ իջնում/ բարձրանում է։

ԱՅՆ, ԻՆՉ ՄՆԱՑ ԱՐՑԱԽՈՒՄ՝ ՆՅՈՒԹԵՂԵՆ ՉԷՐ

Լիլիա Հակոբյանը ծնվել, մեծացել, ամուսնացել է Ստեփանակերտում։ Հայրն 90-ականների պատերազմին գերեվարվել է, ինն ամիս անց կարողացել են հետ բերել, բայց առողջական անդառնալի խնդիրների պատճառով հիվանդացել ու մահացել է։

Լիլիան ասում է՝ միայն երեխայի համար մի քանի կտոր հագուստ են վերցրել, թողել են ամբողջ կյանքի ստեղծածն ու հեռացել, բայց այդ ամենից աչքին ոչինչ չի երևում։ Հեռախոսազանգի ընթացքում ձայնը դողում է միայն մի դրվագում։ Չի համակերպվում, որ հայրիկի ու այդ հողի համար զոհված երիտասարդների շիրիմներն են անտեր թողել։

Լիլիան մոր ու դստեր հետ է Երևանում։ Բարեկամի տանն են մնում, բայց որոշել են՝ նոյեմբերի 1-ից դուրս են գալու։ Երկար մնալ ու նեղություն տալ չեն ուզում։

1993 թվականից Լիլիան թատրոնում դիմահարդար է աշխատել։ Երբ վերջնական որևէ տուն գտնեն, միայն այդ ժամանակ կսկսի հետաքրքրվել թատրոններում հնարավոր ազատ հաստիքներով։ Հիմա առաջնային երկու հարց կա՝ գտնել տանիք ու զբաղվել մոր առողջական հարցերով։ Տիկին Արեգան հաշմանդամության կարգ ունի, դեղորայքն էլ թանկ է։

ՆՈՐ ՏՈՒՆ, ՈՐ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է ՀԻՆԸ

Մարտունիից Ալավերդի տեղափոխված բռնի տեղահանվածներին Լոռու մարզի բնությունն ու մարդիկ հիշեցնում են իրենց կորցրած հայրենիքը։ Այս պատմությունն Անիի ու իր բազմազավակ ընտանիքի մասին է։

Պետության հատկացրած միանվագ օգնությունն իրենց դեռ չի հասել։ Հյուրատանն էլ ասել են՝ մնացեք, որքան պետք է։ Երեխաներն արդեն դպրոց ու մանկապարտեզ են հաճախում, բայց ամեն բան օդում կախված է, վաղվա օրն անորոշ է։ Բազմաթիվ անհատներ են եկել ու օգնություն տրամադրել, բայց խնդիրներն ավելի շատ են, քան դրանք լուծող ձեռքերը։ Ալավերդիում իրենց լավ են զգում, կարծես հարմարվել են, բայց անգամ վստահություն չկա, որ այստեղ կկարողանան երկար մնալ։

ԹԱԼԱՆՎԱԾ ՎԵՐՋԻՆ ՃԱՄՊՐՈՒԿԸ

Գաբրիելյանների ընտանիքը Ստեփանակերտից է։ Տան ավագներն ուսուցիչներ են, ամբողջ կյանքում մանկավարժությամբ են զբաղվել։ Արցախից հեռացել են երկու մեքենայով, ճանապարհին մեքենաներից մեկն անսարքության պատճառով կանգ է առել, մի կերպ են հասցրել Գորիս։

Նույն օրն անսարքությունը կարգավորել չի հաջողվել, հաջորդ օրը մեքենան բերել ու կանգնեցրել են Գաբրիելյաններին հյուրընկալող ընտանիքի բակում։ Տասնյակ ժամեր ճանապարհին անցկացնելուց հետո պիտի հանգստանային, ու շարունակեին ճանապարհը։ Առավոտյան արթնացել են ու տեսել, որ մեքենան ջարդված ու կողոպտված է։ Իսկ կողոպտելու առանձնապես բան էլ չկար։ Մեկ ճամպրուկ, որտեղ հավաքել էին երեխաների հագուստն ու, իբր, ապահով և տաքուկ մի տեղում դրել էին փաստաթղթերը։ Հագուստի հետ փաստաթղթերն էլ են տարել։

Այս պատմությունը պատմելիս Գայանեն նախ երկմտում է՝ արժե արդյոք այս դեպքի պատճառով մեկ տոկոս անգամ կասկածի տակ դնել Հայաստանում մարդկանց հյուրընկալությունն ու վերաբերմունքը։ Իսկ երբ հարցնում եմ, թե ավելացնելու ինչ ունի, ինչ խնդիր կա, որի լուծումն առաջնային է՝ պատասխանում է, որ միայն շնորհակալություն է ուզում ասել բոլոր այն կամավորներին, որոնց շնորհիվ տանիք ունեն։

ԷԼԼԱՆ ՈՒ ԿԱՄԵԼԼԱՆ

Այս կանանց մասին շատ խոսվեց, որովհետև պատմությունը ողբերգության, ցավի, բայցև լուսավորի ու կարեկցանքի մասին էր։ Տիկին Էլլան ու տիկին Կամելլան մինչև Արցախի օկուպացումն ու իրենց բռնի տեղահանումը չեն ճանաչել միմյանց։ Ծանոթացել են ու հասկացել, որ երկուսն էլ միայնակ են։ Հետո կանանց համար վարձով տուն է գտնվել ու հիմա միասին ապրում են Գյումրիում։

Տիկին Էլլայի որդու ընտանիքը ևս Հայաստանում է, բայց կնոջ համար տանը տեղ չի գտնվել։ Իսկ տիկին Կամելլան միայնակ այրի է։ 2020 թվականին կորցրել է ամուսնուն ու որդուն։ Բռնի տեղահանման օրերին մեկ պայուսակով տեղավորվել է հարևանի մեքենայում ու եկել Հայաստան։

Ի դեպ, hոկտեմբերի 21-ին կայացած Rozen Tal և Ցայգ խմբերի բարեգործական համերգի հասույթի մի մասն ուղղվելու է հենց այս կանանց հրատապ խնդիրների լուծմանը։

ԱՐՑԱԽԻ ՍԵՐՄԵՐԸ

Ավանեսյանների ընտանիքի մասին պատմությունը նոր հույսի մասին է։ Հայրենի Նորագյուղից հագուստից բացի մի բան են բերել՝ ջերմոցների սերմերը։ Սա իրենց «առաջին անհրաժեշտության» փաթեթում էր։ Բերել են, որ նոր տանը ևս ջերմոցային տնտեսությամբ զբաղվեն։ Բերել են, որովհետև այդ սերմերը թշնամուն չպետք է մնային։

ՏԱՏԸ՝ 5 ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄԱԿԱԼ

Հայրենիք, տուն, անհոգ մանկություն կորցրած հինգ երեխաները գալուց անմիջապես առաջ կորցրին նաև երկու ծնողներին։ Նրանց հայրն ու մայրը վառելիքի պահեստում պայթյունի զոհ դարձան։ Ամուսինները 4-րդ կարգի այրվածքներ ստացան, նրանցից մեկը մահացավ Ստեփանակերտում, մյուսը՝ Գորիսում։ Այս երեխաների խնամակալը հիմա  86-ամյա տատիկն է։ Բռնի տեղահանումից և ծնողների հուղարկավորությունից հետո նրանք ժամանակավոր ապաստան էին գտել հոր զինակից ընկերոջ տանը:

ԵՎ ՍԵՐԸ ՀԱՂԹԵՑ

Համատարած ցավի մեջ կան նաև պատմություններ, որ հույսի ու լույսի շող են թվում։ Արցախցի Սյուզանը և շիրակցի Սերոժը ծանոթացել են Արցախում։ Սերոժն այնտեղ էր աշխատում։ Բռնի տեղահանումից հետո Սերոժի ընտանիքը հյուրընկալել է Սյուզանի 15 հոգանոց ընտանիքին։ Իսկ հետո արդեն երիտասարդները որոշել են, որ ընտանիք են կազմելու, արդեն նշանադրվել են։

ԱՄՈՒՐ ՍՐՏԻ ՄԱՍԻՆ

Արցախից բռնի տեղահանվել ու Հայաստան են եկել նաև Վլադիկ պապն ու Լյուդա տատը։ Հաջորդ տարի ամուսնության 50 ամյակն են նշելու։ Կես դար ապրել են միասին։ Բժշկուհի Լյուդա տատն էլ 90-ականների կռվի ժամանակ երկու որդիների որդու ու ամուսնու հետ մինչև վերջին պահն առաջնագծում է եղել։

Շուշանիկ Փափազյանը պատմում է՝ Լյուդա տատը շատ բան է տեսել՝ թոռան վիրավորումից մինչև կյանքը փրկելու համար արագ կազմակերպված տարհանում։ Միայն դեղերով պայուսակն է հասցրել վերցնել։ 75-ամյա կնոջ սիրտը վիրահատված է։ Ընտանիքը վախենում էր, որ չի դիմանա։ Բայց դիմացավ։ Կրկին դիմացավ։

ՓՐԿԱՐԱՐԻ ԸՆՏԱՆԻՔԸ

Ավանեսյանների ընտանիքն Արցախը լքած վերջին ընտանիքներից է։ Սաշա Ավանեսյանը հրշեջ֊փրկարար է, մինչև վերջին օրը մնացել է Արցախում, որոնողական աշխատանքներին միացել։ Երկու որդուն ծնողների հետ Հայաստան է ուղարկել, իսկ 6-ամյա դուստրը՝ Նանեն, կտրականապես հրաժարվել է հորը մենակ թողնել։ Մայրիկի հետ մնացել ու սպասել են փրկարար հայրիկին։

Ընտանիքին տանը թողնելը վտանգավոր էր, դրա համար էլ Սաշան կնոջն ու դստերն Արտակարգ իրավիճակների ծառայության շենք էր տարել։ Հայաստան եկել են միայն այն ժամանակ, երբ պարզվեց, որ հնարավորն արել են ու որոնողական աշխատանքներն այլևս օգուտ չեն տալիս։ Հայաստանում ամեն բան զրոյից են սկսում, բայց տուն վերադարձի վստահությամբ ու սպասումով։

Այս մարդիկ, գուցե, հավաքական կերպարներն են իրենց հայրենակիցների, բայց յուրաքանչյուր պատմություն տարբերվում է մյուսից, հետևաբար դեռ տասնյակ հազարավոր չլսված պատմություններ կան, որոնք պետք է պատմվեն։


✍️ Նանե Մանուկյան / PAN