#իվենթաPAN
August 1

Wildberries-ի «Կովկասի գերուհին», փրկիչ Կադիրովն ու «օջախ քանդող» հայ բիզնեսմենները. WB-ի հիմնադրի տանը մեծ կռիվ է ընկել

Wildberries, սկանդալային ամուսնալուծություն, հայ բիզնեսմեններ, Տիմատի ու Կադիրով… անկեղծ լինենք՝ նման թեժ ու ընդգրկուն թեմա վաղուց չենք քննարկել։ Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկն ու ամուսինը բաժանվում են։ Այս լուրն այսօր քննարկում է ամբողջ Ռուսաստանն ու ոչ միայն։

Փորձենք պարզել, թե ինչո՞ւ մեկ զույգի ամուսնալուծությունը կարող է անդրադառնալ ամբողջ ՌԴ շուկայի վրա, ի՞նչ կապ ունեն հայերը, ու ինչո՞ւ են ուրիշի անձնական հարցերին միջամտում Կադիրովը և Տիմատին։

ԱՆՁՆԱԿԱՆԻՑ՝ ԽԻՍՏ ԳՈՐԾՆԱԿԱՆ

Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկի և ամուսնու՝ Վլադիսլավ Բակալչուկի բաժանումը գուցե չքննարկվեր այս մասշտաբով ու մանրամասներով, եթե վերջինս չորոշեր հարցը հանրայնացնել։ Բայց այնպես չէ, որ ամբողջ Ռուսաստանն այսօր քիթը մտցրել է զույգի անձնական կյանք։ Իրականում, այս բաժանումն ի սկզբանե բիզնես դիտանկյունից է քննարկվել, իսկ անձնական մանրամասները մնացել են հետին պլանում։


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


Ամեն բան թեժացավ, երբ Վլադիսլավ Բակալչուկը հայտարարեց, որ կինը հեռացել է տնից ու կապվել է Russ Outdoor ընկերության հետ։ Կոպիտ ասած, ամուսինը պնդում էր, որ ընկերության ղեկավարները «կնոջ խելքը կերել են» ու, այսպես կոչված, ռեյդերային գրավման միջոցով նպատակ ունեն տիրանալու Wildberries-ին։

Ի դեպ, հաշվի առնելով, թե որքան շատ է Wildberries-ը մտել հայերի կյանք ու որքան նուրբ է այս թեման, խնդրում ենք զերծ մնալ խիստ էմոցիոնալ արձագանքներից։ Շանսերը, որ այս սկանդալի պատճառով ձեր պատվերը կուշանա կամ Wildberries-ի գոյությանը վտանգ կսպառնա, մոտ են նվազագույնի։ Այնպես որ, շարունակեք կարդալ նյութն ու միայն հետո ստուգել, թե ո՞ւր հասավ ձեր պատվերը։

Կարճ ասած՝ Վլադիսլավ Բակալչուկը լուրջ է տրամադրված ու որոշել է փրկել… բայց թե կոնկրետ ինչը՝ քննարկման առարկա է՝ ընտանիքը, համատեղ բիզնեսը, իր մասնաբաժինը կամ, գուցե, կնո՞ջը։ Ամեն դեպքում փրկելու համար նա ծայրահեղ քայլերի է պատրաստ։ Օրինակ՝ Ռամզան Կադիրովի հետ հանդիպման։

ԿԱԴԻՐՈՎԻ ՔԻԹԸ՝ ՈՒՐԻՇԻ ԱՆՁՆԱԿԱՆԻ ՄԵՋ

Թե ինչ նպատակով է Վլադիսլավ Բակալչուկը հե՛նց Չեչնիայի ղեկավարի օգնությանը դիմել՝ պարզ չէ, բայց Կադիրովը հարցը շատ լուրջ է դրել։ Խոստացել է պաշտպանել օրինական բիզնեսը և վերադարձնել (!) Տատյանային ընտանիք։

Էլ ինչ սկանդալ՝ առանց հայերի, այն էլ՝ հայ գործարարների, էլ չենք ասում՝ Ռուսաստանի հայ գործարարների։ Russ Outdoor-ի մասին առավել մանրամասն դեռ կխոսենք, բայց հիմա ֆիքսեք Միրզոյան ազգանունը։ Կադիրովը Միրզոյան եղբայրներին է մեղադրում Բակալչուկների տունը քանդելու և բիզնեսի վրա աչք դնելու մեջ։ Ավելին, Վլադիսլավ Բակալչուկն ինքն է խնդրել Չեչնիայի ղեկավարի օգնությունը՝ բիզնեսն ու ընտանիքը պաշտպանելու համար։

«Այսօր ինձ հյուր է եկել իմ ընկեր Վլադիսլավ Բակալչուկը, որին ճանաչում եմ մոտ 10 տարի։ Պարզվում է` դեռևս այս տարվա մարտից Բակալչուկը լուրջ խնդիրներ ունի ինչպես ընտանիքում, այնպես էլ ընտանեկան բիզնեսում: Վլադիսլավ Սերգեևիչի կնոջը՝ Տատյանային, ռեյդերները բաժանել են ամուսնուց և յոթ երեխայից։ Ամուսինները հնարավորություն չունեն հանդիպելու և շփվելու, որպեսզի գոնե կարողանան քննարկել տեղի ունեցածը»։

Կադիրովի այս հայտարարությունը շատ խնդրահարույց է, որովհետև, կարծես, առևանգման մասին է խոսք գնում։ Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչո՞ւ մինչև հիմա իրավապահները չեն զբաղվում այս հարցով։ Մինչ կմտածեք այս հարցի շուրջ՝ առաջ անցնելով, նշենք, որ Տատյանայի հետ ամեն բան կարգին է։ Նրան կանդրադառնանք քիչ ավելի ուշ։

Վերադառնալով Կադիրովին ու նրա անհանգստություններին։ Չեչնիայի ղեկավարի խոսքով, այս ռեյդերային գրավման առանցքում մի քանի հայտնի կովկասցիներ են, որոնք խարդախությունների միջոցով Wildberries-ի ակտիվներին են տիրացել։ Չեչնիայի ղեկավարը նշել է, որ չի կարող անտեսել երկրի մասշտաբով նման խոշոր մեքենայությունները, հետևաբար զբաղվելու է այս հարցով։

Թվում էր, թե Կադիրովն այս պատմության ծանր հրետանին է, ու մեկ էլ հանկարծ տեսաուղերձով հայտնվում է Տիմատին։ Մեծ հաշվով, բովանդակային առումով կրկնում է Կադիրովի միտքը, Տատյանային հորդորում է վերադառնալ ընտանիք, իսկ կովկասցիներին՝ չմտնել ուրիշի ընտանիք։

«Ես լսել եմ ամբողջ պատմությունը և աջակցում եմ Վլադիսլավին։ Ցանկանում եմ դիմել երրորդ կողմերին, որոնք ներգրավված են ռեյդերային գրավման մեջ: Հարգելի ընկերներ, խնդրում եմ, որ ուշքի գաք և կնոջը վերադարձնեք ընտանիք»։

Այս պահին տպավորություն է, որ հարցին չի խառնվել միայն Վլադիմիր Պուտինը։ Բայց ամեն ինչ դեռ առջևում է։

Ի՞ՆՉ Է ԱՍՈՒՄ ՏԱՏՅԱՆԱՆ

Վերջապես հասկանանք՝ թե ի՞նչ է ասում Ռուսաստանի ամենահարուստ կինը, որը, ըստ Կադիրովի ու մյուսների, դարձել է «Կովկասի գերուհին»։

«Ինձ մոտ ամեն ինչ լավ է, ես ողջ-առողջ եմ, «պատանդ» կամ «Կովկասի գերուհի» չեմ դարձել: Ես ոչ մեկից չեմ թաքնվում և ոչինչ չեմ թաքցնում։ Փոքր երեխաները մայրիկիս հետ այժմ արձակուրդում են, իսկ մեծերին անձամբ գնացքով նախորդ օրն այլ քաղաք եմ ճանապարհել։ Ես գտնվում եմ Մոսկվայում, որտեղ էլ աշխատում եմ։ Ինձ ոչ մեկից փրկել պետք չէ։ Ինչի համար և ինչ նպատակով է Վլադիսլավը մոլորեցնում մարդկանց, ում կողմից և ինչ նպատակով է հորինվել անհասկանալի պատմությունը՝ ինձ համար մեծ առեղծված է»։

Եթե կարճ՝ Տատյանային որևէ մեկից փրկելու կարիք չկա։ Իր անձնական ու գործնական որոշումները տիկին Բակալչուկն ինքնուրույն է կայացնում, ամեն դեպքում՝ այդպես են հուշում նրա տեսաուղերձներն ու քայլերը։ Ի դեպ, Forbes ամսագրի ռուսական տարբերակի կողմից կազմված ռուս միլիարդատերերի 2024 թվականի վարկանիշում «Կովկասի գերուհին» 7,4 միլիարդ դոլար կարողությամբ զբաղեցնում է 22-րդ հորիզոնականը։

Վերադառնալով ընտանեկան դրամային։ Կինն արդեն իսկ հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ամուսնալուծության գործընթացը սկսելու համար։ Կախված դեպքերի զարգացումից ու ամենատարբեր հանգամանքներից՝ այս գործընթացը կտևի նվազագույնը մի քանի ամիս, առավելագույնը՝ մի քանի տարի։

Վերջին հարցազրույցներից մեկում Տատյանան նշել է, որ ամուսնության հիմքերը փլուզվել են շատ ավելի վաղ, քան Russ-ի հետ ընկերության միացումն էր։ Առաջին լուրջ խնդիրն ամուսինների միջև դեռ նախորդ տարվա նոյեմբերին է եղել, իսկ այս պատմությունը վերջին կաթիլն է դարձել։

«Կարծում եմ, որ Russ-ի հետ միացումը դրական ազդեցություն կունենա մեր գործընկերների, վաճառողների և գնորդների վրա: Մենք կառուցում ենք նոր ընկերություն՝ համաշխարհային առաջատար։ Վլադիսլավը, ցավոք, այլ տեսակետ ունի։ Ես հասկանում եմ նրան։ Ոչ բոլորը կարող են ճկուն լինել, դուրս գալ իրենց կոմֆորտի գոտուց և որոշումներ կայացնել»։

Մի կարևոր բան էլ արձանագրենք։ Վլադիսլավին է պատկանում Wildberries-ի բաժնետոմսերի միայն 1 տոկոսը, և հենց սրա ֆոնին էլ տարածվելու են դատաիրավական երկար ու ձիգ գործընթացները։ Այստեղ հնարավոր չէ միանշանակ պնդել, թե ով կհաղթի բազմաքայլ կոմբինացիայում։ Վլադիսլավն ու մի շարք իրավաբաններ նշում են, որ ամուսնական կյանքի ընթացքում վաստակված գույքը, գումարը և ակտիվներն ամուսնալուծությունից հետո պետք է հավասար բաժանվեն։ Հատկապես, որ ամուսիններն ամուսնական պայմանագիր չեն կնքել։

Մյուս կողմից՝ իրավաբանների մեկ այլ խումբ պնդում է, որ ամուսինը չի կարողանա Տատյանայից վերցնել բաժնետոմսերի 50 տոկոսը, որովհետև շատ դեպքերում նման մասշտաբի ընկերությունների կանոնադրությունները պարունակում են հակառեյդային դրույթներ։ Սա կնշանակի, որ ամուսնալուծության դեպքում ամուսինը կարող է ստանալ միայն դրամական փոխհատուցում՝ իրեն հասանելիք բաժնետոմսերի շուկայական արժեքի չափով։ Բայց եթե նման կետերը բացակայեն, ապա Վլադիսլավը բավականին լավ շանսեր ունի դատը շահելու։

Ամեն դեպքում՝ իրավիճակը խրթին է ու ոչ միանշանակ, հատկապես, որ հանրայնացված տեղեկատվությունը բավարար չէ եզրակացություններ անելու համար։ Նաև չմոռանանք, որ զույգը յոթ երեխա ունի։ Խնամակալության և մյուս հարցերը որոշելիս դատարանը պետք է հաշվի առնի յուրաքանչյուր երեխայի շահը։ Եվս մեկ պատճառ՝ ենթադրելու, որ դատական գործընթացները դեռ երկար կձգվեն։

ՎԵՐՋԱՊԵՍ Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԵՆ ՀԱՅ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ

Russ Outdoor արտաքին գովազդի խոշորագույն օպերատորի համասեփականատերերը հայ եղբայրներ են՝ Լևան և Ռոբերտ Միրզոյանները։ Wildberries-ը և Russ Outdoor-ը հուլիսի 4-ին հիմնել են համատեղ ձեռնարկություն՝ РВБ, որը զբաղվում է օնլայն առևտրի ակտիվներով։ Դեռ հունիսի վերջին երկու ընկերությունը հայտարարել էին միավորման և նորագույն թվային առևտրային հարթակի ստեղծման մասին։

Օնլայն առևտրի և գովազդի շուկայի առաջատարների միացումը նպատակ ուներ ստեղծելու միջազգային լուրջ խաղացող՝ ֆինանսների, մեդիայի, առևտրաարդյունաբերության, ինտերնետ տեխնոլոգիաների, լոգիստիկայի, մանրածախ առևտրի և գովազդի ոլորտներում:

Թվային նոր հարթակը գործելու է ամբողջ Ռուսաստանում և աշխարհի տարբեր մասերում՝ ներառյալ Ասիան, Աֆրիկան, Մերձավոր Արևելքը և Հնդկաստանը, այսպիսով դառնալով համաշխարհային խոշոր խաղացողների, օրինակ՝ Amazon-ի մրցակիցը։

Ի դեպ, այս որոշումն արդեն իսկ արժանացել է Կրեմլի հավանությանը։ Հետևաբար հետաքրքիր է, թե ինչ է բացատրելու Կադիրովը Պուտինին, երբ հանդիպեն։ Ինչպես ասում են՝ այս պատմությունը դեռ «շատ ջուր կքաշի», հետևաբար մեզ մնում է հետևել զարգացումներին ու արագ պատվիրել Wildberries-ով վաղուց առանձնացրած այն շորիկը կամ սղոցը, որովհետև «ի՞նչ իմանանք, թե խեղճ Տատյանայի գլխին վաղն ինչ կգա»։


✍️ Նանե Մանուկյան / PAN