#իվենթաPAN
November 24, 2022

Բենքսին, փիղը սենյակում ու սերն աղբարկղում. Ջնջելով գրաֆիտիի և արվեստի սահմանը

Այս կերպարի շուրջ պարադոքսալ է ամեն ինչ. նրան որևէ մեկը չգիտի, բայց անունը թնդում է ամբողջ աշխարհում։ Որոշների համար նա փողոցային վանդալ է, մյուսների՝ կենդանի լեգենդ։ Նա արվեստի գործեր է ստեղծում, որոնք մեծամասամբ անօրինական են համարում։

Բենքսին (Banksy), առանց որևէ չափազանցության ժամանակակից արվեստի աշխարհի ամենահակասական, բայցև ամենահզոր անուններից մեկն է։ Արվեստի քննադատները նույնիսկ չգիտեն մեկնաբանե՞լ, թե՞՝ ոչ արվեստի գործեր ստեղծելու նրա բացառիկ մոտեցումը։ Որովհետև առաջին հերթին հակասական է՝ Բենքսիին համարում են արտիստ, թե՝ ոչ։ Ոմանց համար Բենքսին պարզապես սովորական վանդալ է, որն աօրինական ձևով նկարում է պատերին ու փչացնում հասարակական վայրերը։ Շատերի համար էլ Բենքսիի արվեստը թարմ շունչ ու ճշմարտության խորհրդանիշ է՝ ժամանակակից հասարակությունների պիտակների և տաբուների դեմ։

Հումոր, երգիծանք, սարկազմ, հեգնանք, գրոտեսկ, չափազանցություն. Բենքսիի արվեստը սահման ու կաղապար չի ճանաչում։ Նա պայքարում է պատերազմի, ագահության, կեղծավորության, ավտորիտար ռեժիմների և բոլոր այն զգայուն թեմաների դեմ, որոնց մասին կա՛մ մարդիկ լռում են, կա՛մ էլ խոսելիս բավականաչափ ազդեցիկ չեն։ Բենքսին արդեն փոխել է արվեստի աշխարհը, և շարունակում է ճեղքել հնարավորի սահմանները։

ԻՆՉՊԵՍ ՍԿՍՎԵՑ

Բենքսիի մասին մի քանի կցկտուր փաստ կա, որոնք հաստատված են։ Մնացածը՝ վարկածներ։ Սփրեյ արտ, գրաֆիտի ոճի նկարիչն Անգլիայից է։ Տարիքի մասին ենթադրություններ կարելի է անել այն փաստից, որ որպես գրաֆիտի նկարիչ Բենքսին առաջին անգամ հայտնի է դարձել 1990֊ականներին, իսկ ավելի կոնկրետ՝ 1993-ին։ Սա շրջան էր, երբ Բենքսին սեփական ձեռագիրն էր կերտում ու մարդկանց աչքին անսովոր պատկերներն արդեն միանգամից սկսում էին նրա հետ ասոցացնել։

Այս շրջանի ամենահայտնի լայնածավալ աշխատանքը The Mild Mild West֊ն է, որը նկարիչը ստեղծել է 1999֊ին՝ Բրիստոլում։ Աշխատանքում պատկերված է արջուկ, որը Մոլոտովի կոկտեյլ է նետում երեք ոստիկանի վրա։ Բենքսին սա նկարել է երեք օրվա ընթացքում՝ օրը ցերեկով: Այն այսօր էլ տեսանելի է քաղաքում՝ նրա մի շարք այլ աշխատանքների կողքին։

Բենքսին և նրա գործերն առաջին անգամ մայրաքաղաք Լոնդոն են տեղափոխվել 1999֊ին։ 2000-ականներից արդեն արտիստը միաձուլեց գրաֆիտին ինստալացիաների և կատարողական արվեստի հետ։ Սկսեց օգտագործել տրաֆարետներ՝ աշխատանքի արագությունն ու որակը բարձրացնելու համար։ Ստեղծվեցին ֆիգուրներ, որոնք իսկապես դարձան նրա այցեքարտ֊սիմվոլները։ Օրինակ՝ ոստիկանները, առնետները և այլն։ Կարիերայի ամենասկզբից Բենքսին նկարում է մարդաշատ վայրերում՝ շենքերի, կայարանների պատերին։ Նրա աշխատանքների քաղաքական պաստառը շատ հաճախ նրան պերսոնա նոն գրատա է դարձնում քաղաքական էլիտայի աչքերում։

Բենքսին հարցազրույցներ հազվադեպ է տալիս, այն էլ էլեկտրոնային փոստի կամ էլ փոխված ձայնի միջոցով։ Բայց դրանցից մեկում պատմել է, թե ինչն իրեն ոգեշնչեց դառնալ նոր սերնդի ոգեշնչման աղբյուր։

«Ես Անգլիայի հարավում գտնվող մի փոքր քաղաքից եմ։ Երբ տասը տարեկան էի, մեկը կար՝ 3D մականունով, որ նկարում էր փողոցներում։ Եթե չեմ սխալվում, նա սթրիթ արտի հետ առաջին անգամ Նյու Յորքում էր ծանոթացել և հետո դա Բրիստոլ էր բերել։ Ես մեծացել եմ՝ փողոցներում գրաֆիտիներ տեսնելով, մինչև դրանք կհայտնվեին ամսագրերում կամ համակարգիչների մեջ»:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄՆ ՈՒ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ԴՐՎԱԳՆԵՐԸ

Եկավ մի փուլ, երբ բրիտանական ուշադրությունը բավարար չէր և Բենքսիի արվեստը գրավեց աշխարհը։ Բավարար չէին նաև պատերը և նկարիչը որոշեց իր ասելիքը տեղ հասցնել այնպես, ինչպես մինչև այդ որևէ մեկը չէր արել։

2003 թվական, Լոնդոն. Բենքսին իր Turf War կոչվող արվեստի գործը ստեղծեց տարբեր կենդանիների օգնությամբ։ Եթե ավելի պարզ՝ նա կովերի, ոչխարների ու, մասնավորապես, խոզերի վրա ներկեց ու նկարեց տարբեր պատկերներ՝ նետեր, դիմակներ, բանտի գծանշումներ։ Տարածքում պտտվող կենդանիները դարձան ցուցադրության մաս և մինչև ոստիկանները տեղ կհասնեին, Բենքսին արդեն տարածքում չէր։ Ի դեպ, 2019-ին հայտնվեց հենց այդ ժամանակ արված մի հարցազրույց, որտեղ, ամենայն հավանականությամբ, խոսում է հենց ինքը՝ Բենքսին։

Այստեղ կարևոր է նշել, որ արտիստը կենդանիներին ներկել էր ոչ վնասակար նյութերով։ Ինքն իրեն կենդանիների պաշտպան համարող Բենքսին չէր կարող վտանգել դրանց կյանքը և ակտիվիստների այս մտահոգությունը կարճ ժամանակում փարատվեց, երբ ներկերը կենդանիների վրայից հեշտությամբ մաքրեցին։

2000֊ականների սկիզբն իսկապես Բենքսիի աստեղային ժամն էր, և բոլոր սահմաններն անխտիր հատող նկարիչը մարդկանց հենց դրանով էր գրավում։ 2004 թվականին Նոթինգ Հիլում դիմակահանդեսի ժամանակ մարդկանց թղթադրամներ բաժանեցին, որոնց վրա թագուհու փոխարեն արքայադուստր Դիանայի դիմանկարն էր, իսկ Bank of England֊ի փոխարեն գրված էր Banksy of England՝ Անգլիայի Բենքսի։ Մի քանի ֆունտ արժողությամբ այդ թղթադրամներն eBay֊ում վաճառվում են մի քանի հարյուր դոլարով։

Բենքսին տարբեր առիթներով ապացուցում է, որ ուշադրության կարիք չունի և իր ստեղծածով կա՛մ ինչ֊որ ուղերձ է փոխանցում, կա՛մ էլ շոշափելի օգնություն ցուցաբերում։ Օրինակ, մի դեպք է հայտնի, երբ Բենքսին պարզապես որոշում է գնորդի միջոցով 50 դոլարով Նյու Յորքի խանութներից մեկից գնել անհայտ նկարչի մի կտավ, հետո իր «հետքն» է թողնում այդ կտավի վրա և վերադարձնում խանութին, որպեսզի կտավը ցուցադրեն բարեգործական աճուրդում։ Կտավում սովորական բնապատկեր էր, որի վրա Բենքսին ավելացնում է նստարանին նստած նացիստ զինվորի։ Իհարկե, նկարը մի քանի հազար դոլարով վաճառվում է, օգնությունն էլ փոխանցվում է ՁԻԱՀ֊ով հիվանդներին։

Նյու Յորքում աճուրդի մասնակցած կտավը

2000֊ականներին արվեստի աշխարհը ցնցած մեկ այլ ցուցահանդես կրկին Լոնդոնում էր՝ 2005 թվականին։ Crude Oils կամ «Հում նավթ» կոչվող ցուցադրության ժամանակ սկանդալային արտիստը ներկայացրեց համաշխարհային, դասական դարձած նկարիչների կտավները՝ իր մեկնաբանությամբ։ Կլոդ Մոնե, վան Գոգ, Էդվարդ Հոփեր…

Crude Oils շարքից
Crude Oils շարքից
Առնետները ցուցադրության ժամանակ
Առնետները ցուցադրության ժամանակ

2005֊ը Բենքսիի համար հագեցած տարի էր։ Նրա միջազգային ճանաչումը երկրաչափական պրոգեսիայով աճեց, երբ Լոնդոնի փողոցներից նկարչի գործերը հասան մինչև Պաղեստին։ Հորդանան գետի արևմտյան ափի պաղեստինյան կողմից, արգելապատի վրա Բենքսին պատկերեց մի քանի տեսարան։ Դրանցից մեկում երեխաներ են, որոնք խաղում են երկրագնդի անմխիթար հատվածում, մինչդեռ պատի վրա անցքի միջոցով երևում է արևադարձային լողափի տեսարանը։

Բենքսիի արվեստը՝ Պաղեստինում

Հաջորդ կանգառը՝ Միացյալ Նահանգներ, ավելի կոնկրետ՝ Հոլիվուդ։ Բենքսիի Barely Legal ցուցադրությանը 30,000֊ից ավելի մարդ մասնակցեց, այդ թվում՝ հոլիվուդյան աստղեր։ Իսկ պատկերը հետևյալն էր. սենյակի մեջտեղում 3600 կգ կշռող իրական փիղ էր՝ պատված կարմիր ներկով և նախշերով։ Մարդկանց էլ բաժանվում էին ֆլայերներ, որտեղ ասվում էր՝ «Սենյակում փիղ կա, խնդիր կա, որի մասին երբեք չենք խոսում։» There’s an elephant in the room/սենյակում փիղ կա արտահայտությունն անգլերեն փոխաբերական բառակապակցություն է, որը նշանակում է, որ կա մի կարևորագույն խնդիր, որի մասին բոլորը գիտեն, բայց ոչ ոք չի խոսում։

2006֊ի ցուցադրությունից

Անցում կատարենք ու հասնենք 2015֊ի սեպտեմբեր։ Բենքսին Մեծ Բրիտանիայում ստեղծում է Դիսմալենդը։ Դիսնեյլենդի հետ չշոթեք, որովհետև սա ժամանակավոր տեղադրված զվարճանքի պարկ էր։ Բենքսին սա նկարագրել է որպես «ընտանեկան զվարճանքի վայր, որը ներկայացնում է անհավասարությունն ու մոտալուտ աղետը»։ Շոուին մասնակցում էր 58 հրավիրյալ արտիստ։ Գործունեության հինգ շաբաթվա ընթացքում Դիսմալենդ է այցելել 150,000 մարդ։ Իսկ փակվելուց հետո նախագծում օգտագործված շինանյութը վերածել են փախստականների համար ապաստարանի։

Դիսմալենդը
Դիսմալենդը

Բենքսիի մեկ այլ մեծ նախագիծ 2017֊ին էր՝ Բեթղեհեմում։ Walled Off Hotel֊ը կամ «Պարսպապատ Հյուրանոցը» կառուցվել է այն արգելապատի կողքին, որը բաժանում է Իսրայելը պաղեստինյան տարածքներից։ Հյուրանոցը ծաղրալի կերպով հպարտանում է ու նշում, որ ունի «աշխարհի բոլոր հյուրանոցներից ամենավատ տեսարանը»։ Հյուրանոցի սենյակներում Բենքսիի գործերն են, կա նաև պատկերասրահ, որտեղ ցուցադրվում են պաղեստինցի նկարիչների աշխատանքները:

The Walled Off Hotel֊ը

ՀԱՅՏՆԻ ԳՈՐԾԵՐԸ. ՄԱՍ 2

Մոնումենտալ նախագծերից բացի, շարունակենք քննարկել ևս մի քանի հանրահայտ գործ, որոնք անզեն աչքով էլ կարելի է Բենքսիին վերագրել։ Նա երբեք էլ առանձնապես ոգևորված չի եղել իր արվեստը փողոցից հանելու և պատկերասրահներ տանելու գաղափարով: Թեև դիլերներն ու գնորդները, այնուամենայնիվ, դա արել են նրա փոխարեն: Բենքսին ասում է, որ պատկերասրահները միլիոնատերների և նրանց առևտրի համար են, իսկ իր ուղերձներն ու արվեստը միշտ էլ ուղղված են եղել հասարակությանը։ Դրա համար էլ նրանց հետ անուղղակի երկխոսության մեջ է մտել պատերին թողած իր արվեստով։

Բենքսիի բոլոր գործերը կամ թեկուզ դրանց մի մասը քննարկելու համար հատորներով գրքեր կարող են գրվել (ի դեպ՝ գրվել են, բայց դրա մասին ավելի ուշ)։ Դրա համար էլ նրա գործերից մի քանիսն առանձնացրել ենք «մի քիչ սուբյեկտիվ, մի քիչ էլ ըստ համացանցային սանդղակի» սկզբունքով։

Բենքսիի մասին ոչ մի անգամ չլսած մարդիկ, ամենայն հավանականությամբ, նրանից տեղեկացան «Կարմիր փուչիկով աղջիկը» կտավի ինքնաոչնչացումից հետո։ Sotheby's աճուրդում նկարի վաճառքից անմիջապես հետո կտավի շրջանակի տակ հատուկ տեղադրված թղթի շրեդերը պարզապես մանր կտորների բաժանեց կտավը։ Հետո Բենքսին հաստատեց, որ ամեն ինչ հենց այդպես էլ պլանավորված էր, ուղղակի՝ մի տարբերությամբ։ Սարքը տեխնիկական խնդրի պատճառով ամբողջությամբ չէր ոչնչացրել նկարը։ 2018֊ի այս աճուրդի ժամանակ 1.4 միլիոն դոլարով էր վաճառվել, իսկ արդեն ինքնաոչնչացված կտավը, որը նույնիսկ նոր անուն ուներ՝ «Սերն աղբարկղում է», 2021-ին վաճառվեց 25.4 միլիոն դոլարով ու դարձավ Բենքսիի ամենաթանկ վաճառված գործը։

«Կարմիր փուչիկով աղջիկը» կտավը
Կտավը՝ ինքնաոչնչացումից հետո

Նկարչի մեկ այլ գործ, որը 2000֊ականներին դարձել էր նրա այցեքարտը, Kissing Coppers֊ն է։ Բրայթոնում բարի պատին արված գրաֆիտին պատկերում է երկու համբուրվող ոստիկանի։ Մի քանի անգամ վանդալիզմի ենթարկվելուց հետո բարի տերը որոշում է հեռացնել այն և փոխարինել կրկնօրինակով, իսկ ավելի ուշ վաճառում բնօրինակը Մայամիի աճուրդում:

Kissing Coppers

Բենքսիի գործերից շատերը միանշանակ չեն ընկալվում և տարբեր մեկնաբանությունների տեղ են տալիս։ Օրինակ, 2006֊ին արված Sweep it Under the Carpet֊ի շուրջ մինչև հիմա էլ հստակ կոնսենսուս չկա։ Հիմնական վարկածն այն է, որ այս գրաֆիտին փորձ է՝ ներկայացնելու հավաքական արևմուտքի անտարբերությունը գլոբալ խնդիրները լուծելու հարցում։ Իրականում, անգլերենում այդ արտահայտությունը ևս փոխաբերական իմաստ ունի և նշանակում է «անտեսել խնդիրը՝ հույսով, թե այն ինքն իրեն կվերանա»։

Sweep it Under the Carpet

Love is in the Air֊ը Երուսաղեմում ստեղծված որմնանկար է, որը նկարիչն արել է իր բազմաթիվ այցերից մեկի ժամանակ։ Դիմակավորված տղամարդը մոլոտովի կոկտեյլի փոխարեն ծաղիկներ է նետում ինչ֊որ ուղղությամբ։ Սա պատասխան էր Մերձավոր Արևելքում ԼԳԲՏ համայնքի հպարտության շքերթի ժամանակ բռնության դեմ, որի ժամանակ երեք մարդ դանակահարվեց։ 2021֊ին Love is in the Air֊ը Sotheby’s֊ում վաճառվել է 12.9 միլիոն դոլարով։

Love is in the Air

Բենքսիի վերջին շրջանի ամենահայտնի գործերից մեկը Game Changer֊ն է, որն արվել է 2020֊ին։ Արվեստի գործը՝ սև-սպիտակ էսքիզը, պատկերում է մի տղայի, որը խաղում է Կարմիր խաչի համազգեստով տիկնիկի հետ: Տիկնիկի թիկնոցը ներկայացնում է բուժաշխատողներին որպես իրական սուպերհերոսների՝ համաճարակի ժամանակ իրենց աշխատանքի համար: Նույն կադրում կան հորինված սուպերհերոսներ՝ Բեթմենը և Սարդ-մարդը, որոնք նետված են տղայի կողքին դրված արկղում։ Արվեստի այս գործը դարձել է նկարչի երկրորդ ամենաթանկ վաճառված կտավը՝ 23 միլիոն դոլարից ավելի։

Հասանք մեր օրեր։ Ռուս֊ուկրաինական պատերազմի ֆոնին վերջերս Բենքսին Ուկրաինայի տարբեր քաղաքներում ավարտին է հասցրել իր յոթ աշխատանքը։ Դրանցից մեկում բիգուդիներով և խալաթով կին է, որը հակագազ է կրում, մեկ այլ գրաֆիտի պատկերում է տանկով խաղացող երեխաների։ Արվեստի գործերից մի քանիսը ներկայացնում են այն վիշտը, ցավն ու տրավման, որ ապրում են բնակիչները: Մյուսներն արտացոլում են հույսի և անհնազանդության կրակը, որը սովորաբար առաջանում է նման ողբերգությունների ժամանակ: Ուկրաինայում արված Բենքսիի բոլոր գործերը կարելի է տեսնել հղումով։

Ի դեպ, ուկրաինական գյուղերից մեկի բնակչուհին Reuters-ին պատմել է, որ Բենքսիի թիմին հյուրընկալել է իր տանը ու թեյ հյուրասիրել: Այդ օրերին գյուղում սաստիկ ցուրտ էր ու նույնիսկ ձյուն էր գալիս, և տաք վառարանի մոտ կես ժամ հանգստանալուց ոչ ոք չէր հրաժարվի: Իհարկե, Բենքսիի գտնվելու վայրի մասին բնակչուհին ոչինչ չգիտեր:

Ուկրաինայում արված գրաֆիտիներից մեկը
Ուկրաինայում արված գրաֆիտիներից մեկը

Մեր օրերի մասին խոսելիս չենք կարող չհիշել օրերս նկարչի և Guess ապրանքանիշի միջև սկանդալը։ Guess֊ի խանութներից մեկը նոր հավաքածուի համար խանութը ձևավորել էր Բենքսիի գործերով ու, պարզվում է, համապատասխան թույլտվություն չէր ստացել։ Նկարիչն էլ ինստագրամում իր հետևորդներին հորդորել էր մտնել այդ խանութ և գողանալ ճիշտ այնպես, ինչպես նրանք են գողացել իր գործը։ Այս կոչից հետո իրավիճակն այնքան վտանգավոր է դարձել, որ խանութը ժամանակավորապես փակվել է։

Բենքսիի աշխատանքը՝ խանութի ցուցափեղկին

Իհարկե, հեղինակային իրավունքի հարցը միշտ էլ խնդրահարույց է Բենքսիի արվեստի դեպքում։ Մեծ հաշվով, նրա արած գրաֆիտիները հիմնականում անօրինական են։ Ավելին, արտիստն ասում է՝ «օրինական տեղերում գրաֆիտի անելը նշան կլինի խնջույքի, որտեղ բոլորը հրավիրված են»։ Ամեն դեպքում, Բենքսիի գործերի հանրաճանաչությունը հանգեցրեց բազմաթիվ չարտոնված ցուցահանդեսների և վերարտադրումների: Իրենց աշխատանքները պաշտպանելու համար նկարիչները սովորաբար հիմնվում են հեղինակային իրավունքի մասին օրենքների վրա, բայց հեղինակային իրավունքը պահանջում է բացահայտել նկարչի ինքնությունը: Բենքսին սրա լուծումը ևս գտավ և 2014 թվականին դիմեց՝ իր գործերը որպես ապրանքանիշ գրանցելու համար։

Բենքսիի արվեստի գործերն ամփոփելով, առանձնացրել ենք նրա հեղինակած երեք գիրքը՝ Banging Your Head Against a Brick Wall (2001), Existencilism (2002), և Wall and Piece (2005), որտեղ նկարիչը վավերագրել է իր լավագույն նմուշները։ Ինչպես նաև կարող եք դիտել Exit Through the Gift Shop (2010) վավերագրական ֆիլմը, որի ռեժիսորը Բենքսին է. այն պատմում է աշխարհում ամենատաղանդավոր գրաֆիտի արտիստների մասին։

Ո՞Վ Է ԲԵՆՔՍԻՆ. ԱՆՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԵՆ ՀԱՍՏԱՏՎԵԼ

Չնայած Բենքսիի բարձր հեղինակությանը և այն փաստին, որ մարդիկ միլիոնավոր դոլարներ են վճարում նրա գործերը ձեռք բերելու համար, գրաֆիտի արտիստը ցանկություն չունի հանրությանը ներկայանալու իր դեմքով ու վայելելու փառքի բոլոր պտուղները: Եթե սկզբում գլխավոր պատճառն այն էր, որ Բենքսին մեծ հաշվով անօրինական գործունեությամբ էր զբաղվում, ապա հիմա դա դարձել է նրա կերպարի առանցքը և ավելի առեղծվածային է դարձնում արտիստի առանց այն էլ հակասական գործերը: Մի խոսքով, անանուն լինելը թե՛ պաշտպանական շերտ է նկարչի համար, և թե՛ լավ մտածված բրենդ: Մի առիթով էլ Բենքսին ասել է.

«Ես երբևէ չեմ պատրաստվում բացահայտել ինձ: Կարծում եմ, որ կան բավականաչափ ինքնահավան ապուշներ, որոնք փորձում են իրենց տգեղ փոքրիկ դեմքերը ձեզ ցույց տալ: Այսօր շատ երեխաների հարցնում են, թե ինչ են ուզում դառնալ, երբ մեծանան, և նրանք ասում են. «Ես ուզում եմ հայտնի լինել»: Հետո նրանց հարցնում են, թե ինչու, իսկ դրա պատասխանը չկա: Ես պարզապես փորձում եմ լավ աշխատանքներ ստեղծել: Երբ միասին փողոցում ենք, իմ ստեղծած գործերն ավելի լավ են նայվում, քան ես: Բացի այդ, ես ակնհայտորեն խնդիրներ ունեմ ոստիկանների հետ: Եվ նաև, իմ մասին իրականությունը գուցե ջախջախիչ հիասթափություն լինի 15 տարեկան որոշ դեռահասների համար»:

Ամեն դեպքում, կա մի քանի վարկած, թե ով է թաքնվում Բենքսիի անվան տակ: Թե դրանցից որոնք են արժանահավատ, որոնք՝ ծիծաղելի, թողնում ենք ձեր դատողությանը:

Ռոբին Գաննինգհեմ. Այս անունը ամենաշատն է կապվում Բենքսիի հետ: Գաննինգհեմը ծնվել է 1973-ին՝ Բենքսիի հայրենի Բրիստոլ քաղաքին շատ մոտ: Ռոբինի նախկին դասընկերներից շատերը հիշում են, որ դպրոցում նա ամենատաղանդավոր նկարողներից մեկն էր, հաճախ էր պատկերազարդումներ անում: Հենց այս նույն դասընկերներն էլ են հակված մտածել, որ իրենց ընկեր Ռոբինը հենց Բենքսին է, որ կա: Ի դեպ, Բենքսին տարբեր առիթներով հաստատել է, որ նկարչության հանդեպ իր սերը դպրոցական տարիներից է գալիս:

Այս վարկածն այնքան արժանահավատ են համարում, որ 2018-ին Ռոբին Գաննինգհեմի՝ իր անունով արված կտավն աճուրդում վաճառվեց մի քանի հազար դոլարով: Եթե հաշվի առնենք, որ սա Գաննինգհեմի առաջին կտավն էր, ապա արժեքը բավականին թանկ է: Ո՛չ Բենքսին, ո՛չ էլ Գաննինգհեմը չեն մեկնաբանել այս վարկածը: Նրանցից հաստատում կամ հերքում կորզել չի ստացվել:

Ռոբին Գաննինգհեմը

Ռոբերտ դել Նայա. Բրիտանացի արտիստը ձեզ արդեն հայտնի է 3D մականունով: Այո՛, Massive Attack-ի մենակատարը հենց այն նույն 3D-ն է, որը փոքր տարիքում ոգեշնչել է Բենքսիին: Կա վարկած, որ իրականում այս երկուսը նույն մարդն են՝ երաժիշտ, նախկինում նաև գրաֆիտի արտիստ 3D-ն (դե կամ էլ Բենքսին): Այս վարկածի շուրջ քննարկումներն ակտիվացան, երբ Բենքսիի գրաֆիտի արտը հայտնվեց այն քաղաքում, որտեղ նույն օրերին համերգ էր տալիս Ռոբերտ դել Նայայի Massive Attack-ը: Ամեն դեպքում, դել Նայան հրապարակավ հերքել է այդ պնդումները և դրանք «չափազանցված» անվանել:

Ռոբերտ դել Նայան

Անցնենք առաջ: 2014 թվականի հոկտեմբերին ամերիկյան լրատվական կայքը պնդում էր, որ Լիվերպուլից Փոլ Հորներ անունով 35-ամյա տղամարդը Բենքսին է: Սա պարզվել է, երբ նրան ձերբակալել են վանդալիզմի, դավադրության, և կեղծարարության համար: Բենքսիի թիմը հերքեց բոլոր լուրերը, թե նրան ձերբակալել են և պնդեց, որ սկզբնաղբյուր լրատվական կայքը պարզապես կեղծիք է տարածում և դրանով գումար վաստակում:

Փոլ Հորները

Բենքսիի արվեստի որոշ երկրպագուներ շատ ավելի հեռուն են գնացել ու պնդում են, որ իրականում Բենքսին յոթ նկարչից կազմված խումբ է, որը ղեկավարում է մի շիկահեր կին: Տեսությունը ճշմարտանման է մնում միայն այնքանով, որքանով այն չի հերքվել:

ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

Վերջին տարիներին փողոցային արվեստը հայտնվել է մետրոյի գնացքների, լքված շենքերի և քաղաքային լանդշաֆտի անհասանելի թվացող տարածքների վրա՝ որպես բողոքի նոտա, քաղաքական ուղերձ, մշակութային հիշեցում։ Պիտի կրկնենք, որ գրաֆիտի արվեստի այս աննախադեպ վերելքում Բենքսիի դերն առյուծի բաժինն է։ Նրա համբավը, հանրության մեջ քննարկման լայն շրջանակը, ինչու ոչ՝ առևտրային հաջողությունն օգնեցին ճանապարհ հարթել այլ գրաֆիտի արտիստների համար։

Գրաֆիտի արտը դարձավ մի երևույթ, որը կարելի է արտահանել արվեստի համաշխարհային շուկա և չսահմանափակվել այդ թաղամասում ապրող հիացած դեմքերով։ Երբ 2010֊ին Time ամսագիրը Բենքսիին ներառեց աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում՝ Բարաք Օբամայի, Սթիվ Ջոբսի և Լեդի Գագայի կողքին, արդեն հստակ էր, որ նոր դարաշրջանը թելադրելու է արվեստի նոր կանոններ։

Բենքսիի գործերի մի մասը մնացել է միայն մարդկանց հիշողության մեջ կամ էլ, լավագույն դեպքում, լուսանկարներում։ Շատ հաճախ դրանք մաքրում են, ջնջում, բայց «Բենքսիի էֆեկտ» արտահայտությունը հաստատում է, որ համամարդկային թեմաները համամարդկային լեզվով արտահայտելու շնորհիվ հիմա շատերը չեն էլ կենտրոնանում դրա անօրինական լինելու վրա։ Ավելին՝ պնդում են, որ այդ գործերն արվեստի նմուշներին չեն զիջում։ Շատերի համար Բենքսին վերասահմանել է, թե ինչ է արվեստը։ Ջնջելով գրաֆիտիի և արվեստի սահմանը, Բենքսին ապացուցել է՝ այն, ինչ որոշների համար վանդալիզմ է, մյուսների համար միլիոնավոր դոլարներ արժեցող և պատկերասրահում ցուցադրվող արվեստի գործ է։


✍ Նանե Մանուկյան / PAN