Որքան հեռու կգնաք եվրոպական արտաքինի համար. Գաղութացումից մինչև մեր օրեր
Գեղեցկության տգեղ ստանդարտների մասին շատ են խոսում և երբեմն նաև անլրջացնում թեմայի խորությունն ու մարդկանց արմատացած կոմպլեքսները։ Արդեն վաղուց նույնիսկ հայու գենը չի խանգարում, որ հայկական արծվաքիթը դանակի տակ մտնի։ Ռինոպլաստիկան մեզ մոտ թոփ պահանջարկն ունի և ինստագրամյան իրականությունը հուշում է, որ դեռ երկար թոփում կլինի։ Հայրենիքում էժան և որակով պլաստիկ վիրահատության համար տարիներ առաջ Հայաստան էին վերադառնում նույնիսկ պսկովահայուհիները։ Բայց սա զուտ հայկական ֆենոմեն չէ։ Պիտի հասկանանք, թե ինչ կապ կա պլաստիկ վիրաբուժության և ռասիզմի միջև։ Եվ առհասարակ՝ ինչ է ներքին ռասիզմն ու ինչու է այն դարձել դարի հիվանդությունը։ Այդ թեմային էլ նվիրված է PAN-ի այսօրվա լոնգրիդը:
ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԱԿՑԵՆՏԻ ՖԵՆՈՄԵՆԸ
Մի փոքր շեղվենք Հայաստանից ու գնանք Աֆրիկա։ Նիգերիան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որտեղ սպիտակամորթ դերասաններին օրենքով արգելել են գովազդներում օգտագործել։ Կմտածեք՝ էլ դարդ ու ցավ չունե՞ն։ Իրականում սա խորն արմատներով խնդիր է փորձում լուծել։ Առաջին հայացքից սպիտակամորթների դեմ ռասիզմի հոտ է գալիս, բայց սա միայն առաջին հայացքից։ Իրականում սա ռասիզմի դեմ պայքար է։ Իսկ ավելի կոնկրետ՝ ներքին ռասիզմի։ Նիգերիայում հեռուստաեթերը տարիներով ողողել են սպիտակամաշկ դերասաններով, որոնք իրենց բրիտանական ակցենտով որդի պես մտել են նիգերիացիների գլուխն ու կաթիլ-կաթիլ կուռ կառուցված կարծրատիպեր ստեղծել։
Այս արգելքը երկրում «տեղական տաղանդը զարգացնելու» քաղաքականության ֆոնին են ընդունել, մինչև վերջնական արգելքն էլ կազմակերպությունները ստիպված էին մի քանի հարյուր եվրո վճարել, որպեսզի գովազդներում օտարերկրացի մոդել ցուցադրեին։ Արևմտյան մեդիայում սա արդեն հասցրել են բնորոշել որպես մեդիայի սահմանափակում, բայց սոցիոլոգիական հետազոտությունները հստակ պատկերով ցույց են տալիս, որ բրիտանական ակցենտով դերասանները երկրում մթնոլորտ են փոխում՝ հատկապես երիտասարդների շրջանում։
ԱՍԻԱԿԱՆ ԱՉՔԵՐՆ ԱՐՏԱՀԱՅՏԻՉ ՉԵ՞Ն
Եթե Նիգերիայում հստակ խնդիր կա և դրա արմատները վիրահատական մեկ միջամտությամբ փորձում են վերացնել, ապա Ասիայում թեթև վիրահատությունը չի փրկի։ Դեռ արդեն հեռավոր 2009֊ին 19֊49 տարեկան հինգ կանանցից մեկը Հարավային Կորեայում պլաստիկ վիրաբուժության էր դիմում։ Համեմատության համար՝ նույն շրջանում Միացյալ Նահանգներում պլաստիկա էր անում քսան կանանցից մեկը։ Հայաստանի հետ չենք էլ փորձի համեմատել։ Թողնում ենք ձեր երևակայությանը։
Չեք հավատա, բայց ասիացիները հաճախ վիրաբուժության են դիմում՝ կովկասյան արտաքին ստանալու համար։ Դե, ավելի ազնիվ կլինի ասել՝ եվրոպական։ Իսկ եթե շատ ազնիվ լինենք, ապա ասիացիները դժգոհ են հատկապես իրենց աչքերից և աչքի պլաստիկ վիրահատությունն ամենապոպուլյարն է ասիական երկրներում։ Սրա արմատները հասնում են մինչև գաղութատիրական ժամանակներ, բայց այս մասին՝ քիչ հետո։
Ասիական երկրներում կոսմետիկ վիրահատությունների մեծ մասը համարվում են Westernizing, այսինքն՝ մարդիկ արևմտյան արտաքինի են ձգտում։ Չինաստանում օրինակ, կոսմետիկ միջամտությունների բումը հստակ թվերով է երևում։ Եթե ընդամենը չորս տարի առաջ կոսմետիկ վիրահատության օնլայն հարթակն ամսական ուներ 1.4 միլիոն ակտիվ օգտատերեր, ապա այսօր այդ թիվն անցել է 8 միլիոնը։ Եթե այս տեմպերով շարունակվի, Չինաստանը կունենա աշխարհի ամենամեծ կոսմետիկ վիրահատությունների շուկան։
Բժիկշներից մեկը մեջբերում է այն արտահայտությունները, որոնք լսում է ոչ թե, ասենք, ամեն երկրորդ պացիենտից, այլ առանց բացառությունների՝ բոլորից։
«Ես սելֆիներ էի անում, ու մտածում, ինչո՞ւ աչքերս մյուսների պես արտահայտիչ չեն։ Շատ նեղ են, դեմքիս վրա չեն էլ երևում։ Ուզում եմ, որ դիմագծերս նկարներում ավելի արտահայտիչ լինեն»:
Ու չկա որևէ մեկը, որ կգովերգեր այդ աղջիկների էմալե պրոֆիլը։ Ծնողները ոչ թե չեն խոչընդոտում, այլ ամենաակտիվ ձևով աջակցում են այս վիրահատություններն։ Հարավային Կորեայում այլևս մոդայիկ չէ երեխաներին դպրոցն ավարտելու կապացկությամբ կրթությանը նպաստող մի բան նվիրել։ Դե լավ, գոնե՝ ավտոմեքենա։ Կորեացի ծնողները պլաստիկ վիրահատություններ են նվիրում։ Եվ սա նոր բան չէ։ Արդեն առնվազն մեկ տասնամյակի պատմություն ունի։ Այդ ծնողները վստահ են, որ առաջին տպավորությունն աշխատանքի ընդունվելիս կամ նոր շրջապատում հայտնվելիս շատ կարևոր է։ Եվ նաև կարծում են, որ այդ տպավորությունն առաջին հերթին աչքերն են փոխանցում։ Հետևաբար, ծնողները երկար գցել֊բռնել են, ու որոշել, որ երեխաներին շատ ավելի ճիշտ կլինի վիրահատական միջամտության դիմել և պատրաստվել «առաջին տպավորությանը»։ Ու ոչինչ, եթե դա կարճաժամկետ կլինի ու կրթության վրա խնայված գումարն ինչ֊որ պահից իրեն զգացնել կտա։
Ի դեպ, գեղեցկության ինդուստրիան ասիական երկրներում այն մակարդակի է հասել, որ առանց ռադիկալ միջամտությունների էլ, պարզապես դիմահարդարման միջոցով դեմքն ամբողջովին փոխվում է։ Բանավիճելու թեմա է, թե որ տարբերակն է ավելի մեծ հարցեր առաջացնում՝ վիրահատական միջամտությունը, թե, օրինակ, ամեն օր զրոյից նոր դեմք նկարելը։ Այս բյութի տրանսֆորմացիաները շատ հարցեր ու նույնքան ռեակցիաներ են առաջացնում, բայց անկախ նրանից՝ հիանում են, թե քննադատում, քննարկումներն ամբողջ համացանցում են։ Փաստորեն, մեյքափով հնարավոր է փոխել նույնիսկ դեմքի օվալը, մեծացնել աչքերը, ոչ վիրահատական մեթոդներով ստանալ նախընտրածդ քիթը։ Մեկ այլ բան է հասկանալ, թե սա սոցցանցերի գեներացրած կոմպլեքսների, թե՞ ստեղծագործական աշխատանքի արտահայտչամիջոց է։
ՊԱՏՄԱ-ՄԵԴԻԱ ԱԿՆԱՐԿ
Բայց ո՞րն է ֆենոմենը և ինչո՞ւ են ասիացի աղջիկները որոշել, որ իրենց ասիական արտաքինը չի կարող գեղեցիկ համարվել։ Այստեղ մի քանի ուղղություն կա։ Դե, ամենաակնհայտն ու գուցե ամենաազդեցիկը սոցիալական ցանցերն ու, առհասարակ, մեդիան են։ Մեդիա իրականությունն այսբերգի միայն երևացող մասն է, բայց դրա ազդեցությունը թերագնահատել հաստատ պետք չէ։ Գեղեցկության ստանդարտները ոչ միայն ուրվագծվում են մեդիայի և սոցցանցերի թեթև ձեռքով, այլև համեմատությունների անեզր դաշտ բացում։ Ու ոչինչ, որ իրականությունն այլ է։ Մարդիկ տեսնում են այն, ինչն ինֆլուենսերները տարածում են, և հենց այդպես էլ կարծիք կազմում սեփական արտաքինի ու կազմվածքի մասին։ Ղրղզստանից 29֊ամյա Ալինա Մահմեդովան, օրինակ, որոշել էր «Եվրոպական» աչքեր ունենալ, հետո պարզվեց, որ իրենից առաջ այլ որոշողներ էլ են եղել ու ինքը ստիպված է առնվազն մեկուկես տարի հերթում կանգնել։ Ու ամեն ինչ էլի՛ սոցցանցերից է սկսվել.
«Ես սելֆիներ էի անում, ու մտածում, ինչո՞ւ աչքերս մյուսների պես արտահայտիչ չեն։ Շատ նեղ են, դեմքիս վրա չեն էլ երևում։ Ուզում եմ, որ դիմագծերս նկարներում ավելի արտահայտիչ լինեն»:
Կան նաև հետազոտություններ, որոնք գնում են սոցցանցերից անդին և պատմության մոռացված ազդեցության մասին հիշեցնում։ Գաղութատիրական կարգերի այս աննկատ անցած ազդեցությունն իրականում իր հետքը թողել է սոցիումի բոլոր շերտերի վրա՝ տարբեր դրսևորումներով։ Եվրոպական գաղութների օրինակով հստակ օրինաչափություն կա՝ նախընտրում են բաց աչքեր և բաց մաշկ։ Մեկ այլ հետազոտություն ավելի կտրուկ է իր ձևակերպումներում՝
«Գաղութատիրության ազդեցությունը մշտական է, և այն արտահայտնվում է ոչ միայն արտաքին տեսքի, այլև մշակույթի, կրոնի, քաղաքականության և կյանքի բոլոր ոլորտների վրա»:
Գեղեցկության ստանդարտները մշտապես փոխվում են, բայց 2022֊ին եվրոպական արտաքինն աշխարհում շարունակում է իր հաղթարշավը։ Կան սանրվածքներ կամ մարմնի կառուցվածքներ, որոնք «ոչ պրոֆեսիոնալ» են որակում, ու աբսուրդը հասնում է այն աստիճանի, որ մարդկանց աշխատանքի չեն ընդունում։ Եվ սա արդեն ասիացու և եվրոպացու տարբերությունների մասին չէ։
ԱՐԾՎԱՔԻԹՆ ՈՒ ԱՄԵՆԱԳԵՏ ՔՈՄԵՆԹՉԻՆԵՐԸ
Մի քիչ էլ մեր մասին։ Ո՛չ եվրոպական գաղութ ենք եղել, ո՛չ էլ արտաքինի շուրջ պատմականորեն ձևավորված որևէ կոմպլեքս ունենք, բայց արի ու տես, որ հետ չենք մնում ներքին ռասիզմի դրսևորումներից։ Տրամաբանական հարցեր են առաջանում, թե ինչո՞ւ են հայերը նախընտրում բաց մաշկ ու բաց աչքեր, ինչո՞ւ են ձգտում ամեն կերպ ջնջել դիմագծերը, ի՞նչն է դրդում յուրահատուկ ոգևորությամբ սիրել դեղնամազիկ երեխաներին, կամ ի՞նչն է ստիպում կանանց՝ իրենց թխությունից կոմպլեքսավորվելով մաշկը սպիտակեցնող նյութեր օգտագործել։
Պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների հայաստանյան ասոցիացիայի խիստ մոտավոր տվյալներով Հայաստանում տարեկան մինչև 12,000 քթի պլաստիկ վիրահատություն է արվում։ Այս թիվն աճեց հատկապես կորոնավիրուսի տարածման առաջին ամիսներին, երբ մարդիկ որոշեցին կարանտինի ազատ ժամանակն արդյունավետ օգտագործել։ 2012-ին քթի պլաստիկ վիրահատությունը Հայաստանում արժեր նվազագույնը 80,000 դրամ։ Այսօր այդ նույն վիրահատության համար մարդիկ վարկեր են վերցնում։ Ռինոպլաստիկան ամենատարածված միջամտությունն է, բայց մեծ թափով տարածվում են մարմնի տարբեր մասերի, ամբողջական մարմնի ձևափոխումը։
Հիմնվելով այն մտքի վրա, որ բոլորն ազատ են իրենց ընտրության մեջ, պետք է արձանագրենք, որ հաճախ բնականը նախընտրող մարդիկ մեղադրում են պլաստիկ վիրահատության դիմողներին, ու նաև հակառակը։ Gucci-ի հայ մոդել Արմինեի բնական ու յուրահատուկ արտաքինը գնահատեց ամբողջ աշխարհը, իսկ համացանցի հայկական տիրույթում կին, տղամարդ, ահել ու ջահել նույն Արմինեին առաջարկում էին պլաստիկ միջամտությունների դիմել, սա համեմում էին վիրավորանքներով և ծաղրով։ Կարճ ասած՝ ներքին ռասիզմ պո-առմյանսկի։ Մյուս կողմից, հույսի ու լույսի փոքր նշույլներ էլ կան։ Վերջին տարիներին Հայաստանում բոդիպոզիտիվի գաղափարը փոքր քայլերով առաջ տանելու փորձեր են արվում՝ արշավներ, փոտոշութեր։ Բայց, թումանյանական իմաստնությամբ պիտի ասենք, որ դեռ հեռու է մինչև բոդիպոզիտիվիզմ մեր ճամփան։