#իվենթաPAN
December 21, 2023

Փառք, սարկազմ, գրված օրենքներ ու փշրված կերպարներ. Ֆրեդերիկ Բեգբեդերի սկանդալային ճանապարհը

Ֆրանսիական ժամանակակից գրականության հետ գեթ մեկ անգամ առնչվող մարդը շատ լավ գիտի Ֆրեդերիկ Բեգբեդեր անունը։ «Սերն ապրում է երեք տարի», «99 ֆրանկ», «Արձակուրդները կոմայի մեջ» ու բազմաթիվ այլ ստեղծագործություններ դարձել են ոչ միայն Ֆրանսիայի, այլև համաշխարհային ժամանակակից գրականության ամենահնչեղ գործերից։

Ժանրի բոլոր կանոններով՝ արձակագիր, հրապարակախոս ու գրաքննադատ Բեգբեդերին միայն իր գործերով չէ, որ հիշում են։ Գրողը բավականին հաճախ սկանդալների կենտրոնում է, բայց վերջին դեպքը վերջին տասնամյակում նրա անվան շուրջ զարգացած ամենաաղմկահարույց պատմությունն է։

Ի՞ՆՉ ԵՂԱՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ

Դեկտեմբերի 12-ի առավոտյան Բեգբեդերին կանչում են Պաու քաղաքի ոստիկանական բաժանմունք՝ հարցաքննության։ Գրողը ոստիկանությունում անցկացնում է ուղիղ 8 ժամ, իսկ հետո ազատ է արձակվում։ Իրականում գրողին բաժանմունք էին հրավիրել մի նախաքննության շրջանակում, որտեղ երիտասարդ մի կին նրան մեղադրում է բռնաբարության մեջ։ Կինը ոստիկանություն էր դիմել ու հաղորդում ներկայացրել դեռ այս տարվա ամռանը։

Լրատվական աղբյուրները բացահայտում են կնոջ ներկայացրած մեղադրանքի մանրամասները։ Նա պնդում է, որ գրողին հանդիպել է յուրանոցի համարում, որտեղ մեկ գիշերվա ընթացքում երկու անգամ սեռական հարաբերություն են ունեցել։ Առաջին անգամ՝ կնոջ համաձայնությամբ, երկրորդը՝ նրա կամքին հակառակ։

Ֆրանսիական լրատվամիջոցների հետաքննությունից պարզ է դառնում, որ  2011-ից 2015 թվականներին Բեգբեդերը Villa Navarre հյուրանոցի բաժնետեր էր։ Ենթադրվում է, որ դեպքը տեղի է ունեցել հենց այս հյուրանոցում։ Մեկ այլ աղբյուր էլ հայտնել է, որ իրականում գրողը և մեղադրանք ներկայացնող կինը մի քանի ամիս հարաբերությունների մեջ են եղել։ Իսկ հարաբերությունները սկսվել են, երբ աղջիկը դեռ անչափահաս էր՝ 17 տարեկան։

Ութ ժամ կալանքի տակ անցկացնելուց հետո Բեգբեդերին ազատ են արձակել նույն օրը երեկոյան։ Պաու քաղաքի դատախազը հայտարարել է, որ գրողը չի ընդունում կնոջ ներկայացրած մեղադրանքները։ Այս փուլում գրողի դեմ պաշտոնապես մեղադրանք առաջադրված չէ, բայց նախաքննությունը շարունակվում է։ Անշուշտ, դատախազը հիշեցրել է անմեղության կանխավարկածի սկզբունքի մասին ու հորդորել սպասել նախաքննության ավարտին։

Ոստիկանական բաժանմունքից դուրս գալուց հետո Բեգբեդերը միայն մի հայտարարություն է տարածել, այն էլ՝ իրեն հատուկ սարկազմով։ Նախ նա շնորհակալություն է հայտնել ոստիկանական բաժանմունքի աշխատակիցներին, հետո հավելել, որ ընդունելության մասով երկու վերապահում ունի։ Առաջինը՝ դժգոհել է հավի չոր կերակուրից, երկրորդը՝ տուգանքից։

«Իմ մեքենան հայտնվեց տուգանային հրապարակում, մինչդեռ ես ընդամենը մի քանի ժամով ոստիկանությունում էի: Այս ոստիկանական բաժանմունքի դիմաց հաստատ բավականաչափ կայանատեղի չկա»:

Ինչ վերաբերում է կնոջ մեղադրանքին՝ գրողն այն անվանել է «ֆանտաստիկայի ժանրից»:

ՍԿԱՆԴԱԼԸ ԲԵԳԲԵԴԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԱՆՈՒՆՆ Է

Նախկինում ևս գրողը օրենքի հետ խնդիրներ է ունեցել։ Ավելի հստակ՝ օրենքի ու կախվածության։ 2008 թվականին նրան ձերբակալել էին Փարիզում՝ կոկաին օգտագործելու ու նաև իր մոտ թմրամիջոց պահելու համար։ Հենց փողոցում թմրանյութ օգտագործելու պահին Բեգբեդերը տեսել էր ոստիկաններին ու փորձել փախուստի դիմել։ Հաջողության չէր հասել։  Ֆրեդերիկ Բեգբերգերին ոստիկանությունը բռնում է հասարակական վայրում կոկաին օգտագործելու համար և նրան տեղափոխում Փարիզի 8-րդ շրջանի ժամանակավոր մեկուսաբանտ։

Այս դեպքից ընդամենը մեկ տարի հետո գրողը հրատարակում է իր «Ֆրանսիական վեպ» ստեղծագործությունը։ Հետո արդեն խոստովանում է՝ ինքնակենսագրական այս վեպը գրելու ոգեշնչումը ստացել է բանտախցում, որտեղ ինքն իրեն խոստանում է հիշել իր մոռացված մանկությունը, վերանայել ապրածը և գրել գիրքը։  2009 թվականին վեպը դարձել է հեղինակավոր Ռենոդո մրցանակի դափնեկիր։

Անցում կատարեք մեր օրեր։ 2022-ին հարցազրույցներից մեկի ժամանակ գրողը հայտարարում է, որ այլևս չի օգտագործում թմրանյութ ու ամբողջովին փոխել է կյանքի որակը։ Նրա խոսքով՝ կոկաինի օգտագործումից հրաժարվելուց հետո միայն հասկացավ, որ թմրանյութը «ծեր քառակուսի մարդկանց համար է»։ Իսկ ինքը ստեղծագործում է սթափ գլխով։

Տարվա սկզբին տված մեկ այլ հարցազրույցում էլ գրողը պատմում էր, որ ամբողջովին փոխել է իր ապրելակերպը։ Երրորդ կնոջ և երկու երեխաների հետ ապրում է 1350 բնակիչ ունեցող մի փոքրիկ գյուղում՝ փարիզյան անցուդարձից հեռու։

Ի դեպ, բռնաբարության գործով ոստիկանական բաժանմունքում հայտնվելուց հետո և ոչ վաղ անցյալում թմրամիջոցների շուրջ սկանդալը նկատի ունենալով դատախազը ստիպված էր հրապարակային կերպով հստակեցնել, որ այս գործը թմրանյութերի հետ որևէ կապ չունի։

ՀԻՆ ՍԽԱԼՆԵՐԸ

Ինչպես շատ հաճախ է լինում՝ երբ մարդը սխալվում է կամ ընկնում, մեկը մյուսի հետևից հիշում են նրա բոլոր արած֊չարածները, ասած֊չասածները։ Իսկ երբ հանրային մարդ ես ու միշտ աչքի ես ընկել հակասական հայտարարություններով կամ մեղմ ասած անընդունելի մեկնաբանություններով՝ ապա վստահաբար դրանք մի օր օգտագործվելու են քո դեմ։ Բեգբեդերի համար այդ օրն այսօր էր, երեկ ու վաղը։

Դեկտեմբերի 12-ին ոստիկանական բաժանմունքում հայտնվելուց հետո նրա անվան շուրջ բազմաթիվ լուրջ հայտարարություններ ու մեղադրանքներ կրկին հայտնվեցին ուշադրության կենտրոնում։ Առաջին հերթին մարդիկ շատ արագ վերհիշեցին բռնաբարության տարբեր աղմկահարույց գործերի վերաբերյալ գրողի սարկազմով ու ոչ տեղին արված հայտարարությունները։

Ամենահնչեղ դեպքերից, որ մինչ օրս էլ Ֆրանսիայում թեժ քննարկումների առիթ է՝ հանրահայտ լրագրող ու հեռուստահաղորդավար Պատրիկ Պուավր դ'Արվորի շուրջ մեղադրանքներն էին։ Սեռական ոտնձգությունների մեջ հաղորդավարին մեղադրել են ավելի քան 20 կանայք։ Նրանցից մեկը պատմում է, որ երբ Ֆրեդերիկ Բեգբեդերին ասել է, որ հեռուստահաղորդավարը ստիպողաբար համբուրել է իրենց, գրողը ծիծաղել է ու ասել՝ «դա նորմալ է, դու աղջիկ ես»։

Ավելին, նույն կինը պատմում է, որ մեկ այլ առիթով գրողը սրճարանում գումար է նետել իր ուղղությամբ, որպեսզի կինը համաձայնվի համբուրվել իր հետ։ Բեգբեդերը այս մեղադրանքին պատասխանեց՝ ոչ հերքելով, ոչ էլ հաստատելով։ Ասում է, որ այդ կնոջ հետ նման խոսակցություն չի մտաբերում, իսկ եթե նման բան իսկապես եղել է, ապա դա հեռավոր 2003֊ին էր, երբ «ինքը շատ հիմար էր ու դրա մասին բոլորը գիտեին»։

Վերջին շրջանում մեկը մյուսի հետևից Ֆրանսիայում հասունացող սկանդալները և դրանց հետևանքով առաջացած հակասությունները ավերում են են անցյալ դարի 80-90-ականների ու նաև 21-րդ դարի առաջին տասնամյակների ֆրանսիական գրական, քաղաքական ու մշակութային բոլոր վերնախավերի շուրջ ստեղծված «անհասանելի և վեհ արժեքներով» ապրող մարդկանց կերպարը։ Մշակութային ամենահայտնի գործիչներին մեղադրում են սեռական ոտնձգության, պեդոֆիլիայի ու այլ հանցագործությունների մեջ։ Ու թեև այս մեղադրանքների մեծ մասը մի քանի տասնյակ տարվա պատմություն ունի ու կորցրել է վաղեմության ժամկետը՝ հասարակական փնովանքի ու cancel culture-ի ազդեցությունը ոչ ոք չի չեղարկել։


✍️ Նանե Մանուկյան / PAN