«Չաո, սիրունս». Իտալական ժողովրդական երգը՝ Իրանի փողոցներից մինչև Ուկրաինայի խրամատներ
Եթե մինչև Netflix-ի «Թղթե տունը» (La Casa de Papel) Իտալիան բոլորիս մոտ ասոցացվում էր պիցցայի, Պիզայի և պաստայի հետ, ապա այժմ այդ շարքին ավելացել է իսպանական սերիալի իտալական սաունդթրեքը՝ Bella, Ciao-ն։
Իտալացի պարտիզանի՝ սիրելիին ուղղված վերջին «չաոյի» պատմությունը, սակայն, մասսայականություն էր վայելում նեթֆլիքսյան հաջողությունից շատ առաջ՝ Երկրորդ համաշխարհայինից մինչև ուկրաինական Եվրոմայդան, Կատալոնիայի անկախության համար պայքարից մինչև սոցիալական բունտեր Իտալիայում, թուրքական Տաքսիմ հրապարակից մինչև Արաբական գարուն, էլ չասած ֆուտբոլային ստադիոններն ու ավանդական իտալական հարսանիքները, որտեղ ևս սովորաբար մի հեղափոխություն մարդ է հավաքվում։
Ինչո՞ւմն է իտալական ժողովրդական երգի հմայքը, որ գրավում է բոլոր ժամանակների հեղափոխականներին և ինչպե՞ս է այն անցյալ դարի կեսերից սկսած հաղթահարում մշակութային բարիերներն ու ադապտացվում ամենատարբեր նպատակների համար մղվող շարժումներին։
Մեղեդի՞ն, բառե՞րը, գուցե դրա շուրջ կառուցված պատո՞ւմը։ Ինչպես է ստացվում, որ նույն երգը երգում են թե՛ ուկրաինուհիները՝ իրենց խրամատում, թե՛ ռուսները՝ Դոնբասում, և վերջապես ինչու են իրանցի կանայք այդ երգի պարսկերեն ադապտացիան դարձրել ներկայումս Իրանում ընթացող շարժման խորհրդանիշ։
Երգի մեղեդու ծագման պատմությունները տարբեր են՝ իտալուհիների՝ դաշտում աշխատելիս քթի տակ շշնջալու տարբերակից մինչև հին իտալական օրորոցայինի մոտիվ։ Վերջինը պակաս արժանահավատ է, քանի որ այդ երաժշտության տակ դժվար թե հնարավոր լիներ երեխա քնեցնել։
Սակայն իր այսօրվա բառերով երգը մասսայականություն է սկսել վայելել Երկրորդ համաշխարհայինի տարիներին՝ դառնալով ֆաշիստական Գերմանիայի օկուպացիայի դեմ պայքարող իտալացի պարտիզանների երգը։ Տանը երգը սիրված է նաև այն պատճառով, որ մոռացնել է տալիս Իտալիայի սեփական նացիստական անցյալն ու պարզերես անում իտալացիներին։ Դրայվով լի երաժշտությունից բացի, նաև դա է պատճառը, որ իտալական ֆուտբոլային ակումբների խաղերը հաճախ ուղեկցվում են Bella, Ciao-ով։
Երգի համաշխարհային հռչակը, սակայն, ոչ թե երգի՝ ֆաշիզմի դեմ հաղթանակի մասին լինելու պատմություն է, այլ ընդհակառակը՝ ընդհանրական բնույթն ու ցանկացած պայքարին «հարմարեցնելու» հնարավորությունը։ Իրականում երգի բառերում ո՛չ ֆաշիզմի, ո՛չ իտալական Դիմադրության շարժման մասին ոչինչ չի ասվում։ Պայքարի նպատակը, ըստ պատմության, ազատությունն է, թշնամին՝ օկուպանտները, ովքեր, ինչպես առավոտյան պարզել էր երիտասարդ պարտիզանը, գրավել են իր երկիրը։ Հեղափոխական ու պատրիոտիկ լինելուց զատ երգը նաև սիրո և հրաժեշտի մասին է, ու հանուն ազատության անձնազոհության գնալու, ինչը պատումը կտրում է ընդհանուր կոնտեքստից և դարձնում ամեն հեղափոխականի անձնականը՝ լինի նա հանուն բնապահպանության, թե ընդդեմ բռնապետության պայքարի դուրս եկած ցուցարար։
Ի դեպ, բնապահպանական շարժումների մասին. Bella, Ciao-ն իր կարիերայի ընթացքում նաև Բելգիայում բնապահպանական սոցիալական արշավի հիմն է եղել։ Ադապտացված տարբերակում բնապահպանության մարտիկները, բարեբախտաբար, առանց որևէ մեկի հրաժեշտ տալու կոչ են անում պատասխանատվություն վերցնել մոլորակի համար։ Այսինքն, մոլորակի վրա տեղի ունեցող պրոցեսներին զուգահեռ երգը շարունակում է մնալ արդիական և արթնացնել հեղափոխական սենտիմանտներ՝ անգամ եթե կոնտեքստն ամբողջովին այլ է։
Bella, Ciao-ն, փաստորեն, հեղափոխութունների խորհրդանիշն է ոչ միայն կոնտեքստի և պատմության, այլև հենց սեփական հեղափոխական ճանապարհի հիման վրա։ Մշակութային բարիերները ևս ծեր հեղափոխականի համար չեն։ Եվրոպական հրապարակներից Միջին Արևելքի սիրտ և միջինարևելքցիների սրտեր հասնել ամեն երգի խելքի բանը չէ։ Արաբական գարնան՝ դոմինոյի էֆեկտով մեկը մյուսին հաջորդող շարժումներն իրար էստաֆետի պես փոխանցում էին նաև երգի ադապտացիաները, որն այս անգամ ոգի էր տալիս բռնապետների դեմ դուրս եկած ժողովուրդներին։
2011-ին ճակատագրի հեգնանքով օկուպանտների դեմ պայքարի երգն արդեն հնչում էր Նյու Յորքում՝ «Օկուպացնել Ուոլ Սթրիթը» շարժման ժամանակ: Բարեբախտաբար, նոր սերնդի օկուպանտները նախկիններից ահագին տարբերվում էին։ Դե իսկ 2013-ին Գեզի այգու ցույցերի ժամանակ թուրքերը թռցրել էին ոչ միայն ուոլսթրիթցիների հեշթեգը՝ տարածելով #occupygezi-ն սոցիալական ցանցերում, այլև հեղափոխական երգը։
Քրդրեը ևս հետ չեն մնացել, կարելի է ասել՝ անգամ առաջ են ընկել՝ ոչ միայն բառերը, այլև երաժշտությունը հարմարեցնելով տեղացիների քիմքին և դարձելով քրդական ազատագրական պայքարի սիրելի երգերից մեկը:
Դե իսկ ուկրաինացիներն անցել են բոլոր չափերը, մեկի փոխարեն երգի երկու՝ մեկը մեկից էպիկ ադապտացիա ստանալով։ Դեռ ուկրաինական Եվրոմայդանի ժամանակ լայն տարածում էր գտել եգրի ծաղրական՝ «Վիտյա, Չաո»-ով տարբերակը՝ ուղղված Ուկրաինայի այդ ժամանակվա նախագահ Վիկտոր Յանուկովիչին։ Իսկ արդեն ընթացիկ՝ ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում ամենևին ոչ ծաղրական տարբերակով երգը ներկայացրել են ուկրաինուհիները՝ խրամատից:
Հետաքրքիր է նաև, որ մի քանի տասնամյակ առաջ իտալացի տղայի՝ սիրելի աղջկան ուղղված հրաժեշտի երգն այժմ տարատեսակ ակցիաների ժամանակ երգում են հենց կանայք։ Իրանում այժմ ընթացող բողոքի ակցիաների ֆոնին երգի պարսկերեն ադապտացիաները լայնորեն սկսել են տարածվել սոցիալական ցանցերում։
Իրանցի քույրեր Բեհին և Սամին Բոուլուրիների և իրանցի երգչուհի Յաշգին Կիյանիի կատարումները և դրանց ստացած հանրային արձագանքը ևս մեկ անգամ հաստատում են, որ երգը վաղուց դարձել է բոլոր հեղափոխականներինը՝ անկախ երկրից ու մշակույթից, նպատակից ու միջոցներից։
Անգամ նեթֆլիքսյան բեսթսելլերի դեպքում երգի ընտրությունը պատահական չէր։ Ֆիլմում «ռոբինհուդյան» ոճով հերոսացվում էին բանկ թալանողները, ովքեր դեմ էին գնում գործող համակարգին, վտանգում էին իրենց կյանքը և անում էին դա ոչ միայն նյութականի, այլև հանուն յուրաքանչյուր հեղափոխության շարժիչ ուժ հանդիսացող երևույթների՝ կյանքում մի մեծ բան անելու երազանքի ու ազարտի։
Հայկական քաղաքական կյանքում երգը ևս նշմարվել է, սակայն ոչ թե հեղափոխության, այլ քաղաքական սատիրայի կոնտեքստում։ Հայրենի հեղափոխական պարտիզանները սիրելիներին ոչ թե «չաո» էին ասում, այս խոստանում, որ «մեկի կողմերը կգան»©:
Հեղափոխություններ, շարժումներ, խռովություններ, օկուպանտներ ու դիմադրողներ եղել են ու դեռ շատ կլինեն աշխարհի տարբեր ծայրերում՝ ամենատարբեր երկրներում։ Իսկ իտալական պրովինցիայում շատ տարիներ առաջ ծնված այս երգը կշարունակի շրջագայել աշխարհի բոլոր ալեկոծվող հրապարակներով ու պայքարելու հույս տալ բոլորին, ովքեր հավատում են, որ լավ բանի համար են պայքարում։ Ու ինչպես շատ տարիներ առաջ՝ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ, այնպես էլ այսօր՝ անկախ բազմաթիվ տարբերություններից, աշխարհի ամենատարբեր անկյուններում մարդկանց իրար կնմանեցնի այն, որ բոլորը մեծ սիրով կերգեն ազատության մասին։