#իվենթաPAN
June 27

Միշտ դժգոհ Աֆլեքը, փայլող Լոպեսն ու «քիթը խոթող» մեդիան. «Բենիֆեր»-ի սիրո ու բաժանության 20 տարին

20 տարում նրանք հասցրին երիտասարդական բուռն սիրավեպ ունենալ, հայտարարել նշանադրության մասին, բաժանվել ամուսնությունից առաջ, վերամիավորվել մոտ 2 տասնամյակ անց, ամուսնանալ… ու երբ թվում էր, թե Բենիֆերի պատմությունը սիրո մասին անհավանական պատմությունների շարքին է դասվելու, պարզվեց, որ զույգը կրկին բաժանման եզրին է։ Կամ էլ արդեն բաժանվել է։

Ի ՍԿԶԲԱՆԵ ՍԵ՞ՐՆ ԷՐ

2000-ականների սկզբին Ջենիֆեր Լոպեսը և Բեն Աֆլեքը Հոլիվուդի ամենավառ ու ամենաքննարկվող զույգերից էին։ Ամբողջ աշխարհը հետևում էր նրանց սիրավեպի զարգացմանը։ Նույնիսկ թերահավատները պատրաստ էին հավատալ այս զգացմունքների հարատևությանը։

Լոպեսի և Աֆլեքի սիրո պատմությունը սկսվել է 2002 թվականին՝ «Gigli» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Մի քայլ առաջ անցնենք ու ասենք, որ այս ֆիլմը կոմերցիոն ու բոլոր այլ առումներով տապալվում է ու գուցե ֆիլմի միակ իրական «օգուտը» հենց Բենիֆերի սերն էր։


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


Բայց սա սեր չէր առաջին հայացքից։ Երկուսն էլ նոր-նոր էին վերականգնվում չստացված հարաբերություններից ու առանձնապես ոգևորված չէին նոր հարաբերությունների հեռանկարով։ Բայց կարճ ժամանակ էր պետք, որ աստղային զույգը հասկանար՝ իրենց չստացված ֆիլմից ծնվել են իրական զգացմունքներ։

Հարաբերությունները թաքցնելը գրեթե անհնար էր ու շուտով ամբողջ Հոլիվուդը հենց այս զույգի մասին է խոսում։ Իրականում այնպես չէ, որ Ջեյ Լոն դեմ էր հանրայնացմանը։ Նա երբեք էլ չի թաքցրել զգացմունքներն ու բոլոր հարցազրույցներում խոսել է Բենի հանդեպ մեծ սիրո մասին։

Այս սիրո «պտուղները» երևում էին նաև Ջենիֆերի կարիերայում։ Նախ նա ներկայացրեց Բենին նվիրված «This Is Me...Then» ալբոմը, հետո «Jenny from the Block» երգի տեսահոլովակում տեսանք Աֆլեքին։

ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՈՒ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՐՍԱՆԻՔԸ

Աֆլեքը խենթի պես սիրահարված էր Լոպեսին, երգչուհին ևս անկեղծորեն արտահայտում էր իր զգացմունքները։ Բայց զույգն այդ ընթացքում գլխավոր սխալը թույլ տվեց։ Մեդիան դարձավ այս հարաբերությունների «երրորդ ավելորդը»։ Սիրային այս եռանկյունին փոքր քայլերով սկսեց քանդել զույգի հարաբերությունները։ Տպավորություն էր, որ Ջենիֆերի մեծ քայլերով աճող կարիերան ու մեդիայի ուշադրությունը երկրորդ պլան են մղում Աֆլեքին ու նրա տաղանդը։

Բայց այս լարվածությունը չխանգարեց Աֆլեքին ու արդյունքում նա սիրելիին ամուսնության առաջարկություն արեց 2003 թվականին։ 1.5 միլիոն դոլար արժողությամբ վարդագույն ադամանդով նշանադրության մատանին հանրության ու մեդիայի ուշադրության կենտրոնում էր։

Աստղային հարսանիքը, որը նախատեսված էր 2003 թվականի սեպտեմբերին, պետք է դառնար տարվա, եթե ոչ տասնամյակի ամենաշքեղ իրադարձություններից մեկը։ Թվում էր, թե լրագրողներն ավելի շատ էին սպասում այս հարսանիքին, քան զույգը։ Արդյունքում մեդիան իրեն հետաքրքրող սենսացիան ստացավ, բայց ոչ թե հարսանիքի, այլ այդ հարսանիքի չեղարկման տեսքով։

ԲԱԺԱՆՄԱՆ ՏԱՐԻՆԵՐԸ

Բաժանման ամենահավանական պատճառը, որի մասին հաջորդող տարիներին խոսեցին նաև իրենք, հենց այն էր, որ զույգի հարաբերություններն անձնական դաշտից տեղափոխվել էին հանրության ու մեդիայի քննարկման կիզակետ։ Ու թեև սա կարող էր նորմալ երևույթ լինել աստղային զույգի համար, բայց ինչպես ասում են՝ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։

Այն ժամանակ մեդիան գրում էր, որ Բենը լքեց Ջենիֆերին, որովհետև «վախեցավ դառնալ պարոն Լոպես» ու մնալ Լոպեսի ստվերում։ Տարիներ անց արդեն Լոպեսն ասում էր՝

«Բենի հետ իմ հարաբերությունները կործանվեցին ամբողջ աշխարհի աչքի առաջ։ Այդ ցավն ինձ հետ էր ամբողջ երկու տարի, մինչև ուշքի եկա։ Մենք ամեն շաբաթ ինչ-որ ամսագրի շապիկին էինք։ Իհարկե, սա միակ պատճառը չէր, որ բաժանվեցինք, բայց նման ուշադրությունն իսկապես ազդեց մեր հարաբերությունների դինամիկայի վրա»:

Հաջորդող 17 տարիներին Աֆլեքն ու Լոպեսը կառուցեցին իրենց կարիերան, ամեն մեկն իր տեղում ամրապնդեց իր դիրքերը, երկուսն էլ ընտանիք կազմեցին, երեխաներ ունեցան, բաժանվեցին, մի քանի կարճ ու երկար հարաբերություններ ունեցան ու վերջապես կյանքը նրանց նոր շանս տվեց։

Մինչ երկրորդ շանսին անցնելը մի քանի բառով՝ նախորդ հարաբերությունների մասին։ Լոպեսը 2004 թվականին ամուսնացավ երաժիշտ, երգահան Մարկ Էնթոնիի հետ։ Զույգի զույգ երեխաները ծնվեցին 2008 թվականին, բայց ամուսինները բաժանվեցին ընդամենը երեք տարի անց՝ 2011 թվականին։

Դրանից հետո Ջենիֆերը մի քանի սիրավեպեր ունեցավ, որոնք բոլորն էլ կարճ կյանք ունեցան։ Միայն վերջում՝ Ալեքս Ռոդրիգեսի հետ հարաբերությունները ընտանիք դառնալու հեռանկար ունեին։ Զույգը նշանադրվեց 2019 թվականին, կորոնավիրուսի պատճառով հարսանիքը մի քանի անգամ հետաձգվեց, իսկ երբ արդեն հնարավոր էր հարսանիք անել, պարզվեց, որ հարաբերությունները բավարար ամուր չէին։ Արդյունքում նրանք բաժանվեցին 2021 թվականին։

Բեն Աֆլեքի կյանքում ևս կարճատև հարաբերությունները շատ են եղել, բայց այս ընթաքցքում դերասան-ռեժիսորը հասցրեց ամուսնանալ դերասանուհի Ջենիֆեր Գարների հետ, երեք երեխա ունենալ ու պահպանել ամուսնությունը մի ամբողջ տասնամյակ:

ԿՐԿԻՆ ՄԻԱՍԻՆ

Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը բաժանված էին շուրջ 17 տարի, մինչև որ անսպասելիորեն հայտարարեցին իրենց վերամիավորման մասին 2021 թվականին։ Նրանց կյանքում այս ընթացքում շատ բան էր փոխվել, բայց երկուսն էլ կարծես չէին գտել այն ընտանեկան երջանկությունը, որը երկար ժամանակ փնտրում էին։

Ինչպես «առաջին փորձի» ժամանակ, այս անգամ էլ իրադարձությունները բավականին արագ զարգացան։ Նրանք վերսկսված հարաբերությունների հենց սկզբից չէին խորշում պապարացիներից, միասին հանգստի էին մեկնում, հայտնվում կարմիր գորգի վրա ու շուտով արդեն հայտարարեցին երկար, շատ երկար սպասված հարսանիքի մասին։

Պատահականության բերումով, թե միտումնավոր, բայց զույգը կարմիր գորգի վրա հաճախ ընտրում էր «հարսանեկան» հագուստ՝ սև սմոքինգ և սպիտակ զգեստ։ Վերամիավորումից մեկ տարի անց Բենն ու Ջենիֆերն ամուսնացան՝ առանց շքեղ տոնակատարությունների ու հարյուրավոր հյուրերի։

Եվ թվում էր, թե երբեմն իսկական սերն իսկապես ժամանակ է պահանջում, և դա կարող է լինել նույնիսկ 20 տարի: Ու երբ երկրպագուները վստահ էին, որ սա happy end-ն է՝ սիրային եռանկյունուց հայտնի մեդիան վերադարձավ ու տարբեր առիթներով ու տարբեր աղբյուրների հղում տալով ասաց, որ զույգի կյանքում ամեն բան հարթ չէ։ Ավելին՝ հերթը հասել է բաժանմանը։

Այս պահին իրավիճակը հետևյալն է. Ամուսինները ուղիղ տեքստով ոչ հերքել, ոչ էլ հաստատել են լուրը։ Բայց կարծես ուղիղ տեքստի կարիք էլ չկա։ Աֆլեքն առանձին է ապրում, զույգը կարծես վաճառում է միասին ձեռք բերած «երազանքի տունը», Ջենիֆերը հետաձգում է ամուսնուն նվիրված երաժշտական ալբոմի թեմատիկայով միջազգային շրջագայությունը, հրաժարվում պատասխանել լրագրողների հարցերին, Բենն էլ առանց ամուսնական մատանու մասնակցում է միջոցառումների։

Պատճառների մասին խոսելիս զույգին մոտ կանգնած անանուն աղբյուրները կարծես նույն թեմաների մասին են խոսում, որոնց մասին արդեն լսել ենք երկու տասնամյակ առաջ։ Աֆլեքին դուր չի գալիս իրենց անձնական կյանքում մեդիայի ու հանրության այդչափ ներգրավվածությունը, Լոպեսն էլ հոգնել է մշտապես հարաբերությունները փրկողի դերում լինել։

Վստահաբար, բոլորիս ներսում ապրող փոքրիկ երազկոտ ռոմանտիկը հույս ունի, որ ի վերջո այս հարաբերությունները բացառություն կլինեն ու չեն դառնա Հոլիվուդի զոհը։ Բայց ցանկացած հանգուցալուծման դեպքում էլ happy end-ի մասին պատկերացումներն ու հավատը կորցնել պետք չէ։


✍️ Նանե Մանուկյան / PAN