#իվենթաPAN
May 23

Բիբերի կաթվածահար դեմքը, լացող սելֆիներն ու չեղարկված համերգները. Baby-ն մեծացել է ու խնդիրներ ունի

Ջասթին Բիբերն ու Հեյլին սպասում են իրենց առաջնեկին։ Հղիության մասին Հեյլին հայտնեց Հավայան կղզիներում նկարահանված հոլովակի միջոցով։ Բիբերը վերջապես իր «baby-ն» է ունենալու ու թվում էր, որ երկրպագուների ամբողջ ուշադրությունը կենտրոնանալու է հենց այս ուրախ լուրի վրա։ Բայց նրանց քննարկման գլխավոր թեման հիմա Ջասթին Բիբերի առողջական վիճակն է, ընդ որում՝ թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական։

ԼԱՅՄԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ

Բիբերն ուշադրության պակաս երբեք չի ունեցել։ Դեռ ինքը դեռահաս լինելով, կարողացել է միլիոնավոր դեռահասների սրտեր գրավել, Գիննեսի ռեկորդներ սահմանել, ամենահեղինակավոր մրցանակներին արժանանալ ու, առհասարակ, լինել աշխարհում ամենահայտնի արտիստներից մեկը։ Բայց վերջին տարիներին մեծ փառքին ու հաջողակ կարիերային խոչընդոտող հանգամանքները շատ են։ Ու ամեն ինչ ավելի է բարդանում, երբ խոսքն առողջական խնդիրների մասին է։

Բավականին երկար ժամանակ երկրպագուներին անհանգստացնում էր, իսկ «ոչ այնքան» երկրպագուներին՝ հետաքրքրում, թե ինչ է կատարվում Բիբերի հետ։ Նա ամբողջովին փոխել էր ոճն ու, կարելի է ասել, 2010-ականների սկզբի Բիբերից ոչինչ չէր մնացել։ Մարդիկ վստահ էին, որ նա թմրանյութեր է օգտագործում, ինչի պատճառով էլ հիվանդ տեսք ունի։

Այս խոսակցությունները հասան իրենց գագաթնակետին, երբ Բիբերը 2020-ին հայտարարեց, որ 2019-ին իր մոտ Լայմի հիվանդություն են հայտնաբերել։

«Շատերն ասում են, որ ես մետամֆետամինի վրա եմ նստած, շատ վատ տեսք ունեմ։ Բայց այդ մարդկանցից ոչ ոք չի կարողացել գիտակցել, որ ինձ մոտ հիվանդություն են հայտնաբերել։ Այս ախտորոշումն ազդել է ուղեղիս աշխատանքի, էներգիայիս, ամբողջ կյանքիս ու առողջությանս վրա»։

Ջասթինն այն քիչ արտիստներից է, որ շատ անկեղծ և ուղիղ է խոսում իր առողջական խնդիրների մասին։ Երբեմն անգամ չափազանց անկեղծ ու խոցելի է, չի թաքցնում հուզմունքը, պատմում է ապրած օրերի մասին։ Դեռ 2020-ին Լայմի հիվանդության մասին պատմելիս երգիչն ասել էր, որ շատ ծանր օրեր է ապրել, բայց ճիշտ բուժման շնորհիվ փորձում է կազդուրվել և կրկին ելույթ ունենալ։

Լայմի հիվանդությունը վարակիչ հիվանդություն Է, որն առաջանում Է հինգ տեսակի մանրէներից, որոնք փոխանցվում են տզերի խայթոցի միջոցով: Հիվանդությունը կլինիկական դրսևորումների մեծ բազմազանություն ունի. ջերմություն, գլխացավեր, հոգնածություն, մաշկի ցան, և այս շարքը շարունակելի է:


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


Լայմի հիվանդությունը կարող է ախտահարել տարբեր օրգան-համակարգեր և արտահայտվել բազմաթիվ ախտանշաններով։ Որոշ դեպքերում ախտահարվում են անոթների հյուսվածքները, սիրտը, նյարդային համակարգը և աչքերը: Չնայած բուժմանը, մոտ 10-20% դեպքերում հոդացավերը, հիշողության խնդիրները և հոգնածությունը պահպանվում են առնվազն 6 ամսվա ընթացքում։

Լայմի հիվանդությունը հյուսիսային կիսագնդում տզերով փոխանցվող ամենահաճախ հանդիպողներից է։ Ըստ տվյալների, ԱՄՆ-ում տարեկան մոտ 300,000, իսկ Եվրոպայում՝ մոտ 65,000 մարդ վարակվում է այս հիվանդությամբ։

Իհարկե, Բիբերի չափազանց անկեղծ լինելը որոշ դեպքերում հենց իր դեմ էլ օգտագործվեց։ Մարդկանց մի խումբ մեղադրում էր Բիբերին՝ իր ախտորոշումը չափազանց դրամատիկ ներկայացնելու մեջ։ Այստեղ ամուսնու պաշտպանությունն իր վրա վերցրեց Հեյլին։

«Չէր խանգարի սեփական հետազոտությունն անել ու լսել պատմություններ մարդկանցից, որոնք տարիներ շարունակ տառապել են այս հիվանդությամբ։ Կրթեք ինքներդ ձեզ»։

Ավելի ուշ Հեյլին անդրադարձավ այդ ծանր շրջանին ու պատմեց, թե ինչպես են փորձել հաղթահարել թե՛ հիվանդությունը, թե՛ մարդկանց ճնշումը։

«Այդ ընթացքում Ջասթինը լուրջ առողջական խնդիրների էր բախվել։ Մենք հստակ ախտորոշում չունեինք։ Չափազանց բարդ շրջան էր, որովհետև այդ նույն ընթացքում մարդիկ շատ դաժան և դատապարտող էին։ Հայտարարում էին, որ Ջասթինն անառողջ տեսք ունի, թմրանյութեր է օգտագործում։ Մինչդեռ նա իրականում առողջական լուրջ խնդիրներ ուներ»։

Լայմի հիվանդության դեպքում հիվանդների մեծ մասը, որոնք ճիշտ ժամանակին ընդունում են հակաբիոտիկների ամբողջական կուրսը, լիովին ապաքինվում են, սակայն ոմանց մոտ ախտանիշները տևում են մի քանի տարի:

ՌԵՄՍԻ ՀԱՆԹԻ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԸ

Լայմի հիվանդության պատճառով Բիբերը ստիպված էր հետաձգել որոշ համերգներ ու շրջագայություններ, հետո դրան հաջորդեց կորոնավիրուսի համավարակը, իսկ երբ աշխարհը կրկին սկսեց «ապրել», իսկ մեծ համերգները վերջապես արդեն երազանք չէին, Բիբերի երկրպագուներին մեկ այլ վատ լուր էր սպասվում։

Երգիչը համաշխարհային շրջագայության էր պատրաստվում, բայց ստիպված էր կրկին չեղարկել բոլոր համերգները և դադար վերցնել։

«Ամեն ինչ արեցի, որ ապաքինվեմ, բայց հիվանդությունս զարգանում է։ Ակնհայտ է, որ մարմինս ինձ ասում է, որ պետք է դադար վերցնեմ»։

Վիդեոուղերձի միջոցով Ջասթինը ցույց է տալիս, որ դեմքի կեսը կաթվածահար է եղել։ Նա չէր կարողանում ժպտալ, չէր կարողանում բացել աջ աչքը և առհասարակ աշխատեցնել դեմքի մկանները։ Երգչի մոտ Ռեմսի Հանթի համախտանիշ էր հայտնաբերվել։ Այն ախտահարում է ականջի և դեմքի նյարդերը, համախտանիշի հետևանքներից են հաճախ դեմքի կաթվածը և անգամ լսողության կորուստը։

Այս հիվանդությունը հաճախ առաջանում է ջրծաղիկի վիրուսի ակտիվացման արդյունքում, որը կարող է տասնամյակներ շարունակ քնած մնալ ջրծաղիկով հիվանդ մարդու օրգանիզմում։ Որպես կանոն, Ռեմսի Հանթի համախտանիշը ժամանակավոր է, սակայն բարդությունները կարող են երկարատև խնդիրների պատճառ դառնալ։

Ամեն դեպքում, Ջասթինի դեպքում հիվանդությունը, կարծես, արագ նահանջեց։ Այս տեսանյութից ամիսներ անց Բիբերը առաջին անգամ կարողացավ ելույթ ունենալ։ Իսկ համացանցում նոր տեսանյութ էր տեղադրել, որտեղ ցույց էր տալիս, որ կարողանում է լայն ժպտալ ու շարժել դեմքի մկանները։

Ի դեպ, Բիբերի այսչափ անկեղծությունն իրականում շատ ավելի մեծ դրական ազդեցություն է թողել։ Հատկապես Ռեմսի Հանթի համախտանիշի մասին բարձրաձայնելուց հետո, այս նույն ախտորոշումն ունեցող բազմաթիվ մարդիկ շնորհակալություն էին հայտնում Բիբերին՝ խնդրի մասին բարձրաձայնելու համար։ Ինչպես նաև ընդգծում, որ հենց Բիբերի անկեղծությունն է իրենց քաջություն տվել խոսել իրենց առողջական խնդրի մասին։

Ավելին, այս համախտանիշն ունեցող մարդիկ հաճախ դժվարանում են բացատրել, թե ինչ խնդիր ունեն և բախվում են մարդկանց «հարցական հայացքների», իսկ Բիբերի տեսանյութերից հետո մարդիկ շատ ավելի լավ պատկերացում կազմեցին այս ախտորոշման մասին։

Նույն ախտորոշումն ունեցող մի 8-ամյա տղա անգամ հարցազրույց էր տվել ու շնորհակալություն հայտնել Բիբերին՝ խնդրի մասին մարդկանց իրազեկելու և կրթելու համար։ Հարցազրույցում տղան նաև ասում էր, որ հիվանդության մասին Ջասթինի հանրային հայտարարություններն իրեն ևս օգնել են ավելի բաց խոսել իր խնդրի մասին։

«Ես շատ լավ գիտեի, թե ինչի միջով է նա անցնում ու դեռ ինչերի միջով է ստիպված լինելու անցնել։ Դրանցից որոշները պարզապես սարսափելի են»։

Փոքրիկ տղան անգամ խորհուրդներով է կիսվել, Ջասթինին հորդորել է շատ հանգստանալ, դեմքի վարժություններ անել և չլարվել։ Նաև անկեղծացել է, որ  բուժվելուց հետո էլ, եթե անգամ մարդիկ ոչինչ չեն նկատում, հիվանդությունն ունեցողները միշտ էլ նկատում են, որ իրենց դեմքի հետ ինչ-որ բան այն չէ։

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Ֆիզիկական խնդիրներին զուգահեռ, Ջասթին Բիբերի հոգեբանական վիճակը ևս երկրպագուներին հաճախ է անհանգստացրել։ Ու այս առումով ևս Ջասթինը բավականին անկեղծ է։ Նա հաճախ է երկրպագուների հետ կիսվում, որ այս կամ այն շրջանն իր համար չափազանց բարդ է, կամ դեպրեսիայի պատճառով իր ամբողջ էներգիան սպառված է։

Վերջին շրջանում այս խոսակցություններն ավելի շատ են դարձել։ Երբ մեկ ամիս առաջ Բիբերն Ինստագրամում հրապարակեց սելֆիներ, որտեղ ինքն արտասվում է, երկրպագուները միանգամից սկսեցին անհանգստանալ նրա հոգեկան առողջության համար։ Նրանց մի մասը երգչին խնդրում էր հոգեբանի մոտ գնալ, մյուսները կարծում էին, թե խնդիրը Բիբերի ու կնոջ՝ Հեյլիի հարաբերություններն են, ու պատճառների այս շարքը շատ երկար էր շարունակվում։

Բիբերին մոտ կանգնած աղբյուրներն ասում են, որ վերջին շրջանում երգիչը որոշ դժվարություններ ունի ու, կարծես, «կորցրել է ինքն իրեն»։ Բայց սա ևս նորություն չէ։ Որոշ ժամանակ առաջ հարցազրույցներից մեկում Բիբերն անկեղծացել էր, թե կար շրջան, երբ ինքնասպանության մասին էր մտածում։

«Ես մտածում էի՝ այս ցավը երբևէ կանցնի՞։ Այդ ցավն անդադար էր թվում»։

Բիբերը հոգեբանական խնդիրներ ունեցող կամ դեպրեսիվ էպիզոդների դեմ պայքարող մարդկանց խորհուրդ է տալիս բարձրաձայնել այդ մասին։

«Երբ բարձր ասում ես, որ քեզ միայնակ ես զգում, մի տեսակ ազատության զգացում ես ունենում։ Եթե ես ավելի շուտ խոսեի այդ մասին, գուցե խուսափեի շատ ցավոտ իրավիճակներից»։

Բայց հիմա ևս Բիբերի հոգեբանական վիճակն անհանգստացնում է նրա ընկերներին։ Երկար դադարից հետո Coachella-ում ելույթը, կարծես, անյքան էլ լավ չի ազդել երգչի վրա։ Ընկերների խոսքով, դեռևս կուլիսներում երգիչն իրեն տարօրինակ էր պահում, իսկ բեմից վերադառնալուց հետո նա, ասես, «գոյություն չուներ»։ Բիբերի ընկերներն ու հարազատներն անհանգիստ են ու կարծում են, որ երգիչը չափազանց խոցելի է հիմա։

Բիբերի կամ այլ արտիստների առողջական վիճակի մասին խոսելիս հերթական անգամ մի պարզ ճշմարտություն է հաստատվում։ Կարևոր չէ, թե ով որքան գումար է վաստակում, ով է ավելի հայտնի կամ հաջողակ։ Հիվանդությունները ոչ ոքի չեն խնայում, չեն նայում, թե քանի տարեկան եք, կամ որքան գումար կա ձեր հաշվին։ Եվ գլխավորը՝ աշխարհում միլիոնավոր երկրպագուներ ունեցողներն անգամ իրենց միայնակ են զգում։ Ու հենց այդ գիտակցումն է հաստատում, որ առաջին հերթին մարդու ընկերն ու բարեկամը հենց ինքը պիտի լինի։


✍️ Նանե Մանուկյան / PAN