#իվենթաPAN
August 3, 2023

Հեմի ֆիեստան, ինստասերնդի Սելինջերն ու հայկական հրաշավեպը. Ինչ կարդալ լողափին ու բազմոցին ամռանը ‌

Ընթերցանությունը հանգստի լավագույն ձևերից է, և դժվար կլինի գտնել մեկին, ով հարցականի տակ կդնի այս պնդումը։ Ավելին, այստեղ հանգիստն ու ժամանցը համադրվում են նոր գիտելիքի, ինչ֊որ տեղ նաև ոչ ֆորմալ կրթության հետ։ Ամառվա վերջին ամիսը, ասում են` շատ շոգ է լինելու։ Ցերեկային ժամերին էլ տանից դուրս գալ խորհուրդ չի տրվում։ Այդ ժամանակը կարող եք անցկացնել մի բաժակ սառը սուրճի ու մի լավ գրքի ընկերակցությամբ։ Սուրճը՝ ձեզնից, գրքերի առաջարկներն էլ՝ PAN-ից։ Գեղարվեստական դասական գրականությունից մինչև ոչ գեղարվեստական ժամանակակից գրականություն. Այստեղ կգտնեք ամեն ինչից՝ մի քիչ։ Ու, հարկե, վերջում էլ որպես բոնուս՝ ժամանակակից հայ գրողներն են։ «Ճաշակին ընկեր չկա»֊ն անշուշտ կարելի է պրոեկտել նաև գրական ճաշակին, դրա համար էլ փորձել ենք գրքերի հնարավորինս լայն գունապնակ ընտրել, որպեսզի ոչ ոք նեղացած չգնա։

Նախ, ֆիքսենք, որ ամառային ընթերցանություն ամենևին էլ չի նշանակում ուրախ վերջաբանով ռոմանտիկ պիես։ Ֆիքսեցինք։ Հիմա անցնենք առաջ։ Սկսենք դասականներից։

ԷՌՆԵՍՏ ՀԵՄԻՆԳՈՒԵՅ. «ՖԻԵՍՏԱ»

Հեմինգուեյի այս վեպը 1926 թվականին հրատարակվեց Միացյալ Նահանգներում՝ «Եվ ծագում է արևը» վերնագրով։ Մեկ տարի անց Մեծ Բրիտանիայում գիրքը հրատարակեցին «Ֆիեստա» վերնագրով։ Ի դեպ, Երևանում Ֆիեստա բարի անվանումը հենց Հեմինգուեյի համանուն գրքի պատվին է ընտրվել։

«Կորուսյալ սերնդին» ամենաբնորոշ վեպերից մեկը ներկայացնում է առաջին աշխարհամարտից հետո մարդկանց հիմնովին ավերված կյանքը, հարաբերությունները, պատկերացումները, սոցիալական վիճակն ու շատ ավելին։ Կորստի գաղափարը կապվում է ոչ միայն պատերազմի, այլ սեփական ես֊ի, հոգեբանական վայրիվերումների, ընկերության և սիրո հետ։

Առաջին հայացքից սա պատմություն է պատերազմի ժամանակ ծանր վիրավորում ստացած ամերիկացի լրագրող Ջեյք Բարնսի և նրա շուրջ հասունացող դեպքերի ու դեմքերի մասին։ Վեպի առավել խորն ընկալումը բացում է դատարկության մի հսկայական անդունդ, որը հերոսները փորձում են լցնել ժամանակավոր հաճույքներով` խմիչքներ, խնջույքներ, հարաբերություններ։ Իրականությունից ժամանակավորապես շեղվելու այս «հնարքներն» արդյոք լուծո՞ւմ են առանցքային ու հիմնարար խնդիրները։ Ի՞նչ ընտրություն են կատարում հերոսները՝ փախչե՞լ եղելությունից, թե՞ առերեսվել դրա հետ։ Աս պատմության հիմքում հենց պատերազմի հետևանքներն են, բայց Հեմինգուեյը ուղիղ տեքստով այս փաստին, իհարկե, չի անդրադառնում։

ՋԵՐՈՄ ԴԵՅՎԻԴ ՍԵԼԻՆՋԵՐ. «ՏԱՐԵԿԱՆԻ ԱՐՏՈՒՄ՝ ԱՆԴՈՒՆԴԻ ԵԶՐԻՆ»

Կրկին ամերիկյան իրականություն, հանրության գրված ու չգրված կանոնները հարցականի տակ դնելու, դրանք չըմբռնելու, կեղծ «մեծ աշխարհի» ու դրան հակասող մանկական անմեղության մասին։  Այս վեպում  17-ամյա պատանի Հոլդեն Քոլֆիլդի անունից բարձրացվում են հարցեր, որոնք առաջին հերթին վերագրված էին մեծահասակներին, բայց հատկապես տարածվում են երիտասարդների շրջանում։ Գրքում կարող եք գտնել նաև Սելինջերի կենսագրությունից որոշ դրվագներ։ Ընտանիքի մասին պատմելիս գլխավոր հերոսը պատմում է ավագ եղբոր՝  Դ․ Բ․-ի մասին, որը գրող էր ու գրում էր պատմվածքներ։

20-րդ դարի երկրորդ կեսի համաշխարհային մշակույթի վրա ազդեցություն թողած այս վեպը թարգմանվել է աշխարհի գրեթե բոլոր լեզուներով ու ընդգրկվել TIME֊ի կողմից կազմված՝ 1923 թվականից հետո գրված 100 լավագույն անգլալեզու վեպերի ցանկի մեջ։

ՎԻՐՋԻՆԻԱ ՎՈՒԼՖ. «ԴԵՊԻ ՓԱՐՈՍԸ»

20-րդ դարի անգլիացի արձակագիր Վիրջինիա Վուլֆը կարողանում էր սյուժեն պատմելով այն մղել երկրորդ պլան, իսկ առաջ պլան բերել հերոսների ինքնավերլուծական դրսևորումները, անհանգստությունները, հուշերը։ «Դեպի Փարոսը» վեպի հիմքում 1910 և 1920 թվականներին Ռեմզի ընտանիքի կատարած երկու այցերն են շոտլանդական Սքայ կղզի, որտեղ գտնվում էր նրանց քաղաքամերձ տունը: Այս կետում ամեն բան միայն սկսվում է։

Վիրջինիա Վուլֆը մանրամասն քննում է մարդկային հարաբերությունները, ցույց է տալիս, որ առօրյա կյանքի փոքրիկ ուրախություններն ու ողբերգություններն իրականում այնքան էլ «փոքր» չեն։ Կորստի ցավն ավելին է, քան ինչ֊որ կաղապարների մեջ դրված վիշտը։ Յուրաքանչյուր մարդ տարբեր կերպ է անցնում ողբերգությունն ու կորուստը հաղթահարելու ճանապարհը։

ՆԻԿՈՍ ԿԱԶԱՆՁԱԿԻՍ. «ՀՈՒՅՆ ԶՈՌԲԱՆ»

Հույն գրող  Նիկոս Կազանձակիսի վեպը հույն գրողի մասին է։ Ավելի ճիշտ՝ երիտասարդ մտավորականի մասին, որն իր իմացած «ճշմարտությունները» հարցականի տակ է դնում խորհրդավոր մի մարդու՝ Ալեքսիս Զոռբայի օգնությամբ։ Ի դեպ, այս պատմության մեջ իրականության չափաբաժինը բավականին մեծ է։ Դեռ 1916 թվականին Հունաստանով ճամփորդելիս գրողը հանդիպել ու մտերմացել էր հանքագործ բանվորի հետ, որի կյանքի պատմությունն ու կյանքի հանդեպ վերաբերմունքը գրողին այնքան էր ոգեշնչել, որ հենց այդ մարդն էլ դարձել է երեք տասնամյակ անց գրված գրքի նախատիպը։ 60֊ամյա Զոռբան երիտասարդ ինտելեկտուալին սովորեցնում է ավելին, քան երիտասարդը երբևէ կգտներ իր կարդացած գրքերում։

1964 թվականին հույն անվանի կինոռեժիսոր, Միխալիս Կակոյանիսը «Հույն Զոռբան» վեպի հիման վրա նկարահանել է նույնանուն ֆիլմը, որը «Օսկար» կինոմրցանակի է արժանացել երեք անվանակարգում։


Գիտաֆանտաստիկ ժանրը նախընտրող մեր ընթերցողների համար ևս մի քանի առաջարկ ունենք


ԱՅԶԵԿ ԱԶԻՄՈՎ. «ՀԻՄՆԱԴՐՈՒՄ»

«Հիմնադրումը» հեղինակի «Հիմնադրման Եռագրությունը» շարքի վեպերից է։ Եռագրությունն անգամ արժանացել է  ֆանտաստիկ ժանրի գլխավոր մրացանակներից մեկին՝ «Հյուգո» մրցանակին։ Հետո այս շարքը համալրվեց ևս չորս վեպերով։ Արդյունքում յոթ  գիտաֆանտաստիկ վեպերից կազմված շարքը Ազիմովին դարձրեց այս ժանրում ամենահայտնի անուններից մեկը։

Եռագրությունը պատկերում է գալակտիկական կայսրության անկումը։ Գիտաֆանտաստիկ շարքի համար հիմք է եղել անգլիացի պատմաբան Էդվարդ Գիբբոնի «Հռոմեական կայսրության կործանման և անկման պատմություն» աշխատությունը։

ՌՈԲԵՐՏ ՀԱՅՆԼԱՅՆ. «ՕՏԱՐԸ ՕՏԱՐ ԵՐԿՐՈՒՄ»

Այս գիրքն առաջարկում ենք հայտնի գրքասերներից մեկի՝ Բիլ Գեյթսի խորհրդով։ Պատկերացրեք, Մարսում ծնված և ամբողջ կյանքում այնտեղ բնակված մարդը գալիս է Երկիր ու դառնում նոր մեսիա։ Կյանքի, մահվան, կրոնի, գումարի ու առհասարակ, իրականության մասին միանգամայն այլ՝ սովորական մարդուն մարտահրավեր նետող պատկերացումներ։

Վեպի դեպքերը, կարելի է ենթադրել, որ տեղի են ունենում պայմանական մոտ ապագայում։ Ի դեպ, ոչ հեռու անցյալում՝ մինչև  1991 թվականը, ԱՄՆ–ում վեպը տարբեր քննադատությունների ու գրաքննության է ենթարկվել, անգամ հրատարակվել է բնագրի մոտ 25 %–ը կրճատված։ Ամեն դեպքում, գիրքն իր արժանի փառքին հասել է։ «Օտարը օտար երկրում» ֆանտաստիկ փիլիսոփայական վեպը ևս արժանացել է «Հյուգո» մրցանակին։

ՍԹԻՎԵՆ ՔԻՆԳ. «ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ»

Հատկապես կորոնավիրուսից հետո այս գիրքը մի տոկոս պակաս գիտաֆանտաստիկ է հնչում։ Պոստ֊ապոկալիպտիկ ու մռայլ այս ֆանտաստիկ վեպում վարակը դառնում է «մահացու զենք»։ Գաղտնի լաբորատորիայից տարածվում է ու դառնում երկրի գրեթե ողջ բնակչության վերացման պատճառ։ Ողջ են մնում շատ քչերը, որոնք էլ միավորվում են են հակադիր ճամբարներում, հիմնում նոր հասարակարգ և սկսում պայքարը։


Գեղարվեստական գրականության շարքն ամփոփենք երկու ժամանակակից գրողի գործերով։ Իհարկե, այստեղ ընտրություն կատարելը շատ անշնորհակալ ու բարդ գործ է, բայց ժամանակակից այս երկու գրքի ընտրությունը նվիրում ենք մեր երիտասարդ ընթերցողներին։


ՔԱՐԵՆ ՄԱԿՄԱՆՈՒՍ. «ՄԵԶՆԻՑ ՄԵԿԸ ՍՏՈՒՄ Է»

Սա գիրք է, որ  150 շաբաթից ավելի մնացել է The New York Times-ի բեսթսելլերների ցանկում ու արդեն հասցրել է թարգմանվել մի քանի տասնյակ լեզվով։ Դուք գիրքը գուցե ճանաչեք Peacock-ի նկարահանած սերիալից։ Դետեկտիվ ժանրի բոլոր կանոններով, դրամատիկ զարգացումներով գիրքն առաջին հերթին սպանությունը բացահայտելու, բայց նաև երիտասարդների խնդիրները ներկայացնելու, բարդ հարաբերությունները պարզաբանելու, ցավոտ հարցեր տալու մասին է։

Բեվյու ավագ դպրոցի հինգ աշակերտները հայտնվում են պատժի սենյակում, բայց սենյակից ողջ է դուրս գալիս նրանցից միայն չորսը։ Անհայտ պատճառներով մահացած Սայմոնը հաջորդ օրը խոստացել էր սկանդալային բացահայտումներ անել դասընկերների մասին։ Սպանության առաջին կասկածյալները ողջ մնացած քառյակում են։ Չորսն էլ Սայմոնի հետ առեղծվածային կապ ունեին և նրանցից յուրաքանչյուրը թաքցնելու բան ունի։

ՍԱԼԻ ՌՈՒՆԻ. «ՆՈՐՄԱԼ ՄԱՐԴԻԿ»

Սալի Ռունիին անվանում են «ինստագրամի սերնդի Սելինջերը»։ Նրա գրական լեզուն դիպուկ է, սրտին դիպչող ու տպավորիչ։ «Նորմալ Մարդիկ» վեպը առաջին հայացքից երկու նորմալ մարդկանց՝ Քոնելի և Մարիաննայի մասին է։ Նրանց սիրո պատմությունն է, որ առաջին հերթին զոհաբերությունների, սեփական անձը ճանաչելու, կապվածության, կամքի ուժի և կյանքում կարևորի ու անկարևորի փնտրտուքների մասին է։ Վեպի հիման վրա 2020-ին նկարահանվել է «Նորմալ մարդիկ» հեռուստասերիալը։


Թեև այս շարքը հիմնականում գեղարվեստական գրականության մասին է, գուցե լինեն մարդիկ, որոնք կյանքի այս փուլում նախընտրում են ոչ գեղարվեստականը։ Հենց նրանց համար էլ մինչև հայ գրողներին անդրադառնալը ներկայացնենք ժամանակակից, ոչ գեղարվեստական երկու գիրք։


ՓԻԹԵՐ ԹԻԼ. «ԶՐՈՅԻՑ ՄԵԿ»

Այս գիրքն էլ գրքասեր Իլոն Մասկի խորհրդով։ Ամերիկացի գործարար է և վենչուրային կապիտալիստ Փիթեր Թիլը 1988-ին հիմնադրել է PayPal-ը: 2004-ին եղել է ֆեյսբուքի առաջին ներդրողը: Նա շատ լավ գիտի, թե ինչպես են աշխատում տեխնոլոգիաները, ինչն է դատապարտված ձախողման, իսկ ինչը կդառնա մեծ հաջողության հիմք։ Իր կենսափորձն ու հոտառությունը Թիլը մեկտեղել է մեկ գրքում։ Նա վստահ է, որ մարդիկ այսօր ապրում են տեխնոլոգիական լճացման դարաշրջանում, որովհետև առաջընթացը չի կարելի կապել միայն Սիլիկոնյան հովտի ու համակարգիչների հետ։

Խնդիրները վերհանելուց զատ հեղինակը պատմում է, թե ինչպես հասնել զրոյից՝ մեկի։ Թիլի խոսքով միայն նոր արժեք ստեղծելու դեպքում զրոյական կետից կարելի է քայլ առաջ անել։ Անիմաստ մրցակցության փոխարեն Թիլն այլ բանաձև է առաջարկում. Ստեղծեք այն, ինչ ուրիշները դեռ չեն արել։

ԱՐՔԱՅԱԶՆ ՀԱՐՐԻ. «ՊԱՀԵՍՏԱՅԻՆ»

Առնվազն թոփ քննարկումներից հետ չմնալու համար կարող եք կարդալ այս գիրքը։ Իսկ եթե ավելի լուրջ, ապա Արքայազն Հարրիի ինքնակենսագրականը քիչ ավելին է՝ քան պարզապես նրա կյանքի դրվագները։ Այստեղ հետաքրքիր կերպով ներկայացվում են բրիտանական միապետության, մամուլի և հասարակության ոչ այնքան դյուրին հարաբերությունները։

Սա վերջին շրջանի ամենասկանդալային գրքերից մեկն է։ Միայն առաջին օրը Մեծ Բրիտանիայում վաճառվել է գրքի ռեկորդային՝ 400,000 օրինակ և դարձել է Մեծ Բրիտանիայում ամենաարագ վաճառվող ոչ գեղարվեստական գրականությունը:

Այս գրքում կան շատ մեղադրանքներ, բացահայտումներ, էմոցիաներ, մանրամասներ մասնավոր զրույցներից։ Այն ամենը՝ ինչ մնում է Բուքինգհեմյան պալատի դարպասներից այն կողմ:


Եվ վերջապես՝ հայ ժամանակակից գրականություն


ԱՐԱՄ ՊԱՉՅԱՆ. «ԵԹԵ ՍԱ ԳՐՈՂ Է»

Պաչյանի այս արձակ ժողովածուն լույս է տեսել միայն ամիսներ առաջ։ Ներառում է էսսեներ, պատմվածքներ, ելույթներ, գրախոսականներ, հոդվածներ՝ գրված վերջին տարիների ընթացքում։ Կենտրոնական թեմաներն են պատերազմը, համաճարակը և Երևանը։ Ինչպե՞ս էին գրողներն անդրադառնում պատերազմներին և համավարակներին ու ի՞նչ է փոխվել այսօր։ Կամ արդյոք փոխվե՞լ է։

ՆԱՐԻՆԵ ԱԲԳԱՐՅԱՆ. «ԵՐԿՆՔԻՑ ԵՐԵՔ ԽՆՁՈՐ ԸՆԿԱՎ»

Պատկերացրեք գյուղ, որն ունի  50 բնակիչ, իսկ ամենաերիտասարդ բնակիչը  58-ամյա Անատոլիան է։ Սա պատմություն է հայկական մի փոքրիկ գյուղի և դրա բնակիչների մասին։ Վեպ՝ հայրենի բնության ամենատպավորիչ նկարագրություններով, մեզ ծանոթ բարքերով ու սոցիալական խնդիրներով, ցավով, հավատով ու սովորույթներով։

Սով, երաշտ, պատերազմ ու երկրաշարժ տեսած բնակիչները մեր կողքին ապրող մարդկանց հավաքական կերպարներն են։ Ու թեև աշխարհը մոռացել է դատարկվող այս գյուղը՝ ծերերը շարունակում են ապրել ու կյանքով լցնել գյուղը։

ՀԱՄԼԵՏ ԱՌԱՔԵԼՅԱՆ. «ԱՆՄԱՀՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱ»

Ֆանտաստիկ ժանրի այս վեպը, կամ, ինչպես հեղինակն է ներկայացնում՝ հրաշավեպը, կարճ ժամանակում դարձավ բեսթսելլեր։ Համլետ Առաքելյանը վեպը գրելիս նպատակ ուներ ստեղծել հայկական Հարրի Փոթերը։

Արեգն ու Արան Երևանյան համալսարանում իրենց առաջին տարվա ընթացքում ծանոթանում են տիկին Տարտարոսյանի՝ Անմահության հիմունքների դասախոսի հետ, և սկսում են գնալ գաղտնի անմահական հավաքների, որոնց նպատակը Վիեննայի Անմահության ակադեմիա ընդունվելն է: Դրա համար նրանք պիտի անցնեն անմահության մի քանի հարթակներով, մտածեցում սովորեն ու չշեղվեն անմահական ճանապարհից: Հստակ թվացող ուղին, սակայն, կասկածի տակ է դրվում, երբ Արեգը բացահայտում է Հայկի մատյանը, որ նախահոր թողած ուղեցույցն է դեպի Նրա աշխարհ:

ՆԱՐԻՆԵ ԿՌՈՅԱՆ. «ԲԵԼԼԱ ԲԵԼԼԱԴՈՆՆԱ»

Վանաձորում անկողնային մորը խնամող 48-ամյա Բելլայի կյանքը ծանր էր ու ձանձրալի։ Նախկին գրադարանավարն գործազուրկ էր ու արդեն երկար ժամանակ խնամում էր մորը։ Օրերը կրկնվում էին՝ տուն, խանութ, խնամք, խոհանոց, երեկոյան էլ՝ սերիալներ։ Բելլային մխիթարում էին իր «Բելլադոննա» ծաղիկները։ Դրանք գեղեցիկ էին ու թունավոր։

Մի օր էլ նրանց շենքում հայտնվում է մի առույգ աղջիկ, որը գլխիվայր շրջում է Բելլայի առօրյան, ստիպում ապրել, հարցեր տալ նաեւ Գուգլին, ջազ լսել ու պատահաբար բացահայտել անցյալի ամենացավոտ ճշմարտությունը։

ԱՆՆԱ ԴԱՎԹՅԱՆ. «ԽԱՆՆԱ»

«Խաննան՝ այդ ուրիշը։
Ուրիշ տեղից նայելու այդ հնարավորությունը»:

Սա վեպ է, որը  չունի նախաբան եւ վերջաբան։ Այս վեպում չկա հեղինակի խոսք, հեղինակի լուսանկար կամ էլ կենսագրություն։ Աննա Դավթյանի վեպը ներկայացնում են լեզվի ազատության, դիպուկ նկարագրությունների, ցավեցնող իրականության, չգրված օրենքներն ու գծված սահմանները հատելու բնորոշումներով։

Հեղինակն ամենադիպուկ կերպով է բնութագրում վեպը. «Գրքում Հայաստանն է, մենք ենք, մեր սիրո ու ատելության տոներն ու օրերն են, մեր երկիրը՝ Հայաստանը՝ իր բնությունով, մարդկանցով, վարքուբարքով, սովորական կյանքով ու անսովոր սովորույթներով:»


Հույս ունենք, որ գրական այս գեղեցիկ խառնաշփոթից կարողացաք գտնել ձեր հոգուն ու ճաշակին հարազատ ինչ֊որ բան։ Ինչպես ամեն բան այս կյանքում, կարդալը ևս չպետք է ինքնանպատակ լինի։ Իսկ գրական ճաշակն ու հիմնավորված նախապատվությունները ձևավորվում են ժամանակի ընթացքում ու շատ կարդալու պարագայում։


✍️ Նանե Մանուկյան / PAN