#իվենթաPAN
September 14, 2023

Այրվող հսկան, փողի արգելքն ու «Խելագար Մաքսը» հիշեցնող տեսարաններ. Ինչ է կատարվում Burning Man-ի քաղաքը քանդելու և հավաքելու արանքում

Եթե միջազգային ու, հատկապես, ամերիկյան լուրերին ուշադիր եք, ապա հաստատ վերջին առնվազն երկու շաբաթվա ընթացքում կարդացել եք հեղեղված անապատի, բնության չար կատակի պատճառով արգելափակման մեջ հայտնված տասնյակ հազարավոր մարդկանց և մի քիչ էլ ձախողված պլանների մասին։ Այդ ամենը կատարվել է Burning Man֊ի ընթացքում։

Խափանված պլաններն ու չստացված տոնը հաստատ միակ բանը չէ, որ պետք է իմանաք Burning Man֊ի մասին։ Ձևաչափից մինչև մասնակցելու հնարավորություն. PAN-ն առաջարկում է հասկանալ՝ ինչ է իրենից իրականում ներկայացնում «այրվող մարդը»։

Ի՞ՆՉ Է BURNING MAN-Ը ԵՎ Ի՞ՆՉ ԽՈՐՀՈՒՐԴ ՈՒՆԻ

Պատկերացրեք՝ ամեն տարի անապատում զրոյից ստեղծել քաղաք, մի շաբաթ ապրել այնտեղ ու հետո «հետ հավաքել» այն։ Burning Man֊ում հենց սա էլ արվում է։

Նևադայի Ռինո քաղաքից մոտ 193 կմ դեպի հյուսիս գտնվող Black Rock անապատում ամեն տարի օգոստոսի վերջին երկուշաբթիից մինչև ամերիկյան Աշխատանքի օրն անցկացվում է ամենաքննարկվող փառատոններից մեկը։

Այս ամենը փառատոն կոչել, իհարկե, փոքր-ինչ հակասական է։ Վերջում ինքներդ կորոշեք, թե ինչ բնորոշում տալ Burning Man֊ին։ Երևի գլխավոր ու ամենատարածված փաստը Burning Man֊ի մասին, որից տեղյակ են անգամ այս ամենից անտեղյակ մարդիկ, այն է, որ Burning Man֊ն ավարտվում է հենց անվանը համապատասխան՝ այրում են փայտե հսկա մարդուն, որը նախորդող ութ օրում ստեղծված արվեստի արդյունք է։

Առաջին փայտե մարդու նմանակը վառվել է դեռ 1986 թվականին՝ Սան Ֆրանցիսկոյի ափերից մեկում։ Սա մի խումբ լավ ընկերների խենթ գաղափար էր, որ դարձավ իրականություն ու մարդկանց այնպիսի մեծ խումբ ներգրավեց, որ Burning Man֊ը տեղափոխվեց ոչ ավել, ոչ պակաս՝ Նևադայի անապատ։

Burning Man-ի կայքում հստակ նշված է՝ «սա փառատոն չէ»։ Փոխարենը կազմակերպիչներն այն բնութագրում են որպես համայնքային և համաշխարհային մշակութային շարժում, որն առաջնորդվում է հստակ սկզբունքներով։ Ի դեպ, տասը սկզբունքին ավելի ուշ հերթով կանդրադառնանք։ Մասնակիցները միասին կառուցում են ժամանակավոր Black Rock քաղաքը։

Այստեղ չկան մեծ հոնորարներով հատուկ ամրագրված երաժշտական շոուներ։ Այն, ինչ կատարվում է, ամբողջովին կախված է այդ օրերին Black Rock քաղաքի բնակիչ դարձած մարդկանցից։ Եվս մեկ մեջբերում պաշտոնական կայքից. «Այստեղ մարդիկ գնահատում են ձեր ով լինելը, ոչ թե ձեր ունեցածը»։ Հանդիսատես ու արտիստ չկա։ Դուք երկու կողմում էլ կարող եք լինել։ Ձեզանից ակնկալվում է միայն լինել ստեղծագործ, ներառական, համագործակցող ու բաց։

Մի քանի օրվա ընթացքում մասնակիցներն անապատում ներկայացնում ու ստեղծում են արվեստի գործեր, ծանոթանում ու շփվում տարբեր մոտեցումներ ունեցող մարդկանց հետ և պարզապես առանց քննադատական աչքի լինում են այնպիսին, ինչպիսին կան։

Մի խոսքով՝ սա ինքնարտահայտման հարթակ է, որտեղ մարդիկ ազատ են ստեղծել այն, ինչ ուզում են, լինել այն, ինչ ուզում են, հագնել ու անել այն, ինչ ուզում են։ Անշուշտ՝ կարմիր գծերն ու «քաղաքային օրենքները» չխախտելու շրջանակում։

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ» ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. ՔԱՂԱՔԸ ՔԱՆԴԵԼ֊ՀԱՎԱՔԵԼՈՒ ԱՐԱՆՔՈՒՄ

Burning Man-ի մասնակիցները սովորաբար ժամանում են խմբերով ու հիմնում թեմատիկ «ճամբարներ», որոնք այս կամ այն կերպ նպաստում են քաղաքի «ոտքի կանգնելուն»։ Ի դեպ, ամենևին էլ պարտադիր չէ, որ մասնակիցը պարտադիր արվեստի մարդ լինի։ «Ստեղծագործել» բառին այստեղ ավելի լայն է պետք նայել։ Այս թեմատիկ ճամբարները նպաստում են նաև Burning Man-ի «տնտեսության» զարգացմանը. առաջարկում են ապրանքներ կամ ծառայություններ՝ փոխարենը ստանում մեկ այլ բան։ Օրինակ՝ մասնակիցների ինչ֊որ խումբ մերսման ծառայություններ է տրամադրում, մեկ այլ խումբ՝ գինու համտես֊գնահատումներ է կազմակերպում, երրորդը՝ զիփլայնի պատասխանատուն է, չորրորդը՝ բարբիքյուի, ու այսպես շարունակ։

Այստեղ գումար օգտագործել պարզապես չես կարող։ Արգելված է ու կապ չունի՝ ուզում ես վճարել թղթադրամի, թե ցանկացած այլ առարկայի տեսքով։ Փոխարենը մասնակիցները բարտերի կամ էլ նվիրատվության տարբերակներից կարող են օգտվել։ Այս «քաղաքում» խանութներ չկան, վաճառվում են միայն սուրճ և սառույց։

Burning Man-ի մասնակիցներն իրենց հետ բերում են այն ամենը, ինչ անհրաժեշտ է գոյատևելու համար։ Նրանք ապրում են՝ ապավինելով սեփական ուժերին։ Սա նաև գոյատևման մի յուրօրինակ փորձություն է, քանի որ մասնակիցները պատասխանատու են իրենց տարածքի, ուտելիքի, անվտանգության, մաքրության, բարձր ջերմաստիճանի կամ ուժգին քամու պայմաններում գոյատևելու և այլ հարցերի համար։ Սկսած անապատում մեկ շաբաթ ջուր ունենալուց մինչև էլեկտրաէներգիա՝ ամեն ինչ մասնակիցների պատասխանատվության դաշտում է։ Ի դեպ, տարածքում մեքենաների փոխարեն պիտի ընտրեք ոտքով, հեծանիվով կամ էլ սկուտերով տեղաշարժվելու տարբերակներից մեկը։

«Կենցաղային» հարցերից զատ շատ կարևոր է ստեղծագործական բաղադրիչը։ Ամեն տարի փառատոնին մասնակցում է մոտ 70,000 մարդ։ Մասնակիցները սա համարում են արվեստի և ինքնարտահայտման տոն, որտեղ յուրաքանչյուրն ինստալյացիաների, ներկայացումների, համերգների, ցուցահանդեսների, երաժշտության և շատ այլ միջոցներով կարող է ներկայացնել իր պատկերացումները։ Փառատոնն ամեն տարի տարբեր թեմաներ է ունենում և ստեղծագործական գործընթացը հենց այդ թեմաների շուրջ է ձևավորվում։

Երևակայությանն ազատություն տալու սկզբունքն արտացոլվում է ամեն տեղ, նաև հագուստի միջոցով։ Մասնակիցները կարող են հագնել ամեն ինչ ու ոչինչ։ Եթե ուզում ես հագնել ամենաարտասովոր ու էքստրավագանտ հագուստը՝ փետուրներով, փայլերով կամ երկաթներով, ապա խնդիր չունես։ Եթե ուզում ես մերկ լինել՝ կրկին, ոչ մի խնդիր։

BURNING MAN-Ի 10 ՍԿԶԲՈՒՆՔԸ

Այս սկզբունքները գրվել են 2004 թվականին որպես չգրված քաղաքային մոտեցումների համապարփակ ամփոփում։ Այս սկզբունքները ստեղծվել են ոչ թե մարդկանց ինչ֊որ բան պարտադրելու թելադրանք, այլ որպես համայնքային մշակույթի արտացոլում։

  • Ռադիկալ ներառականություն

Ցանկացած մարդ կարող է լինել Burning Man-ի մասը: Համայնքի մասնակից լինելու նախադրյալներ չկան, հատկապես՝ ֆինանսական, կրոնական, էթնիկ և այլ տարբերություններից ելնելով։

  • Նվիրելու արվեստը

Burning Man-ը նվիրված է նվեր տալու և ստանալու շատ յուրահատուկ վերաբերմունքին: Նվերի արժեքն այստեղ բացարձակապես կապ չունի: Նվեր տալը չի ենթադրում վերադարձ կամ փոխանակում հավասար արժեք ունեցող ինչ֊որ բանի հետ:

  • Ո՛չ առևտրային հարաբերություններին

Burning Man-ի համայնքը ձգտում է ստեղծել սոցիալական միջավայր, որտեղ չկան առևտրային հարաբերություններ, գործարքներ կամ գովազդ: Մենք պատրաստ ենք պաշտպանել մեր մշակույթը նման շահագործումից: Սպառողական մտածելակերպն այստեղ ամբողջապես վերափոխվում է։

  • Քո հույսը դու ես

Burning Man֊ը խրախուսում է անհատին բացահայտել սեփական ներուժը և ապավինել սեփական հմտություններին ու ռեսուրսներին։

  • Ռադիկալ ինքնարտահայտում

Սա միջավայր է, որտեղ մարդը կարող է ինքնարտահայտման տարբեր միջոցներով ներկայանալ մյուսներին, նաև ինքն իր համար բացահայտել բնավորության ու կարողությունների նոր շերտեր։

  • Համայնքային ջանքեր

Համագործակցությունն այստեղ գոյատևելու գլխավոր պայմաններից է։ Հանրային տարածքներում և անգամ արվեստի միջոցով հաղորդակցվելու տարբերակները Burning Man-ում նպատակ ունեն նոր մակարդակի հասցնել միջանձնային հարաբերությունները։

  • Քաղաքացիական պատասխանատվություն

Միջոցառումներ կազմակերպող համայնքի անդամները պետք է պատասխանատվություն ստանձնեն հանրային անվտանգության և կանոնների պահպանման համար։

  • Հեռանալիս հետք չթողնել

Burning Man-ի համայնքը հարգում է շրջակա միջավայրը և պարտավորվում քաղաքը «հավաքելուց» հետո մաքրել ամեն բան, ու հետք անգամ չթողնել անապատում։ Հնարավորության դեպքում մասնակիցները պետք է տարածքն ավելի բարեկարգ դարձնեն, քան մինչև իրենց ժամանումն էր։

  • Մասնակցություն

Եթե համագործակցություն, ապա անհատների գիտակցված ընտրության և մասնակցության միջոցով։ Բոլոր մասնակիցների համար ակտիվ ներգրավվածությունն արդյունավետ և հիշարժան օրեր անցկացնելու նախապայման է։

  • Անմիջականություն

Անմիջական փորձը, շատ առումներով, Burning Man-ի մշակույթի ամենակարևոր արժեքային գիծն է: Նպատակը՝ հաղթահարել այն խոչընդոտները, որոնք կանգնած են մեր և մեր ես֊ի, մեր շրջապատի, իրականության, հասարակության միջև։ Աշխարհը ճանաչելու ամենաարդյունավետ միջոցը դրա հետ առնչվելն ու շփվելն է։

2023-Ի BURNING MAN-Ը

2023-ի Burning Man-ը, ցավոք, չանցավ այնպես, ինչպես պլանավորել էին կազմակերպիչներն ու ուզում էին տեսնել մասնակիցները։ Ինքնարտահայտման տոնի, լավ երաժշտության ու վառ հագուստների փոխարեն՝ կիլոմետրերով հերթեր, արգելափակման մեջ կանգնած տասնյակ հազարավոր մարդուկ ու մեքենաներ, ցեխոտ հագուստ, ոտաբոբիկ անցած ճանապարհ, հոգնածություն ու հիասթափություն։

Գլխավոր մեղավորը՝ անակնկալներ մատուցող և անկանխատեսելի բնությունն էր, որ անապատում հեղեղի պատճառ էր դարձել։ Այս տարվա Burning Man֊ի ընթացքում նաև մարդ է մահացել, բայց, պաշտոնական տվյալով, այս դեպքը որևէ կապ չունի ստեղծված արտակարգ իրավիճակի հետ։

Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ այս իրավիճակը Burning Man֊ի սկզբունքների և դրանց հետևող մարդկանց համար լավ փորձություն էր։ Հնարավորություն՝ ապացուցելու, որ սկզբունքներն իրապես կիրառվում են և արդեն վաղուց մարդկանց արժեքային համակարգում են։ Բայց, ցավոք, ամեն բան գեղեցիկ է, երբ գրված է, իսկ կիրառելիս գործը շատ ավելի է բարդանում։

Օրինակ, այս հոդվածում Burning Man֊ի մասնակիցներն ասում են՝ սելեբրիթիները 6 մղոն (մոտ 10 կմ) քայլեցին, իսկ մենք նրանից հետո 6 ժամ ծախսեցինք տարածքը մաքրելու համար։ Իրականում՝ այո, լրատվամիջոցների մեծ մասը կենտրոնացել էր այն հայտնի մարդկանց վրա, որոնք մասնակցում էին Burning Man֊ին ու ստիպված էին դժվար ճանապարհ անցնելով դուրս գալ տարածքից։ Բայց, փաստորեն, նրանց մոտ լավ չէր տպավորվել «հետևից հետք չթողնելու» սկզբունքը։

Ի դեպ, հայտնի անունների, ինֆլուենսերների, CEO֊ների, IT հսկաների և մեծահարուստների Burning Man֊ի ընթացքում հաճախ կհանդիպեք։ Այս անունների շարքում՝ Ցուկերբերգ, Իլոն Մասկ, Ջեֆ Բեզոս։ Այստեղ «ճամբարների» կողքին անգամ «լյուքս ճամբար» կա, որն անվանում են Billionaires' Row։ Մանհեթենում Billionaires' Row են կոչում ուլտրալյուքս կարգի բնակելի երկնաքերերի տարածքը։

Burning Man֊ի մասնակիցներն անգամ կես կատակ, կես լուրջ ասում են, որ այս մարդիկ գալիս են սեփական խոհարարներով, անվտանգության աշխատակիցներով, օգնականներով, իսկ անապատի մեջտեղում օդափոխման համակարգ են միացնում։ Համայնքի որոշ անդամների սա ընդհանրապես դուր չի գալիս, որովհետև կրկին վտանգաված են համընդհանուր սկզբունքները։

ԻՍԿ ԻՆՉՊԵ՞Ս ՄԱՍՆԱԿՑԵԼ BURNING MAN֊ԻՆ

Burning Man֊ի տոմսի արժեքը տատանվում է 425-1200 դոլարի միջակայքում։ Տոմսի միջին արժեքը 575 դոլար է, բայց իմացեք, որ առնվազն 1500 դոլար պիտի ծախսեք կոստյումների, ուտելիքի, տանիքի և մի շարք այլ հարցերի վրա։ Դե, Հայաստանի դեպքում՝ ավելի ճիշտ կլինի նախ օդանավի տոմսերը նայել, հետո նոր՝ Burning Man֊ի։

Ինչպես կարելի է ենթադրել՝ տոմսերը վայրկյանական են սպառվում։ Այնպես որ, գնել պետք է կես տարի կամ անգամ 8 ամիս առաջ։ Տոմսերը կարող եք գնել նախավաճառքի կամ էլ հիմնական վաճառքի ընթացքում։

Burning Man֊ին միանալու տարբերակները շատ են։ Օրինակ՝ կարող եք միանալ որպես կամավոր, ստեղծել կամ միանալ ինչ֊որ ճամբարի, իսկ եթե արվեստի մարդ եք ու կարող եք ինստալյացիաներ պատրաստել, ապա գործն ավելի է հեշտանում։ Պաշտոնական կայքի այս ուղեցույցը ձեզ կօգնի ավելի մանրամասն ծանոթանալ ժամկետների և պայմանների հետ։

Մի խոսքով, մեծ ցանկության դեպքում ձեզ ոչինչ չի խանգարի։ Ստեղծագործ մարդկանց այս համաշխարհային էկոհամակարգին միանալ կնշանակի դառնալ համայնքի անդամ, որտեղ մարդիկ տարվա մեջ մի քանի օր միասին ապրում ու ստեղծագործում են։ Մի կարևոր հանգամանք էլ կա՝ այս համայնքը չի սահմանափակվում միայն մի քանի օրով, ամբողջ տարվա ընթացքում «Burner»֊ներն աշխարհի տարբեր անկյուններում նախաձեռնում են միջոցառումներ, որոնց հիմքում հենց Burning Man֊ի սկզբունքներն են։


✍️ Նանե Մանուկյան / PAN