Արևմուտքի «մերժվածները»․ Ինչպես է Cancel Culture-ը մի ակնթարթում ջնջում հայտնիների արած-դրածը
Համացանցի հնարավորությունների և դրա աներևակայելի ազդեցության մասին խոսում են միշտ ու բոլորը։ Խնդիրն այն է, որ հիմնականում այդ ազդեցությունը վերագրում են մեդիա հարթակներին կամ էլ ինֆլուենսերներին, որոնք տասնյակ հազարներից մինչև տասնյակ միլիոններ դիտումներ ունեն։ Մարդիկ հաճախ մոռանում են սովորական օգտատերերի և նրանց հնարավոր ազդեցության մասին։ Եվ շատ իզուր։
Չեղարկման մշակույթը կամ cancel culture֊ը հենց այդ՝ ամենասովորական օգտատերերի համախմբման արդյունքն է։ Երբ տարբեր մարդիկ, անկախ իրենց ազդեցության լծակներից և հետևորդների քանակից միանում են իրար ու որոշում, որ չեղարկելու են ինչ֊որ հայտնի մեկին, ապա շանսերը, որ կհաջողեն՝ բավականին մեծ են։
Իսկ թեմաներն անսպառ են՝ ռասիստական հայտարարություններից մինչև հոմոֆոբ թվիթեր ու անհաջող կատակներ։ Այս պատմության մեջ ամենակարևորն այն է, որ մեծամասնությունը ոչ միշտ է իրավացի։ Երբեմն «չեղարկված» արտիստներն արդարացնում են իրենց և հստակ փաստերով մաքրում իրենց անունը։
ՋՈՆԻ ԴԵՓԻ ԱՆԿԱՍԵԼԻ ՎԱՅՐԷՋՔՆ ՈՒ ԱՆԵՐԵՎԱԿԱՅԵԼԻ ՎԵՐԵԼՔԸ
Վերջին շրջանում տեղի ունեցած ամենաաղմկահարույց` «Ջոնի Դեփն ընդդեմ Էմբեր Հերդի դատավարությունը» Դեփի օգտին ավարտվեց: Երդվյալ ատենակալները որոշեցին, որ Washington Post-ի հրապարակած՝ Էմբեր Հերդի հոդվածը զրպարտող բնույթ է կրել, միաժամանակ պնդելով, որ երկու կողմն էլ զրպարտել են միմյանց:
Այս սկանդալային պատմության ընթացքում Դեփը միլիոնավոր դոլարների արժողությամբ գործարքներ կորցրեց, իսկ դերասանի կարիերան տուժեց այնպես, որ վերականգնվելու հույսեր գրեթե չկային։ Կինոընկերությունները հերթով խզում էին դերասանի հետ կապերը։ «Կարիբյան ծովի ծովահենները 6» ֆիլմի շրջանակում Դեփը 22.5 միլիոն դոլարի գործարք կորցրեց: Տարբեր տվյալներով՝ Դեփի վրա չեղարկված լինելն արժեցավ 40 միլիոն դոլար։
Դատավարությունն ավարտվեց Հօգուտ Դեփի և հիմա դերասանի վարկանիշի կտրուկ աճի ֆոնին խոշոր կազմակերպությունները որսի են դուրս եկել։ Նախ՝ Դեփը վերադառնում է կինոէկրաններ՝ Լյուդովիկոս XV դերում։
Զրպարտության վերաբերյալ հայցը նաև իր դրական ազդեցությունն է ունեցել Dior ապրանքանիշի օծանելիքների վաճառքի վրա, որը եղել է միակ կազմակերպությունը, որն ամբողջ դատավարության ընթացքում կանգնել է Դեփի կողքին` չհրաժարվելով վերջինիս հետ ունեցած աշխատանքային պայմանագրից:
Դատավարության ընթացքում Dior's Sauvage բույրի որոնումները, որոնց դեմքը ներկայումս Դեփն է, կտրուկ աճ են գրանցել: Համաձայն Hey Discount-ի արդյունքների՝ Google-ում բույրի որոնումներն աճել են 48 տոկոսով՝ 2022-ի մարտին լինելով $823,000, իսկ ապրիլ ամսին հասնելով $1.2 միլիոնի: Միևնույն ժամանակ, Dior's Sauvage-ի հետ կապված նյութերի դիտումներն աճել են սոցիալական տարբեր հարթակներում, TikTok-ում, օրինակ` 63 տոկոսով: Dior֊ի հետ Դեփը պայմանագիր էր կնքել դեռ 2015֊ին։ Դատավարությունից հետո գովազդային առաջին պայմանագիրը վերակնքել է հենց այս ընկերության հետ։
ԷԼԵՆ ԴԵՋԵՆԵՐԻՍԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՐՎԱԾՆ ՈՒ ՀԶՈՐ COMEBACK-Ը
Ջոնի Դեփն չեղարկման մշակույթի վերջին զոհերից է, բայց միակը չէ, որ հետ է վերադարձել ավելի ուժեղ ու ամուր, քան մինչև այդ։
Ամերիկյան ամենահայտնի շոու ծրագրերից մեկի հաղորդավար էլեն Դեջեներեսը 1997 թվականին ամբողջ աշխարհին հայտարարեց իր` համասեռամոլ լինելու մասին: էպիզոդը հեռարձակվեց այդ տարվա ապրիլի 30-ին և գլխիվայր շրջեց հաղորդավարի կյանքը։ Տարիներ հետո այդ շրջանի մասին խոսելիս Էլենն անկեղծացավ. «Կարիերայիս այդ փուլն ինձ պարզապես զրկեց սովորական, հանգիստ կյանքով ապրելու հնարավորությունից»:
Էպիզոդի հեռարձակումից հետո որոշ գովազդատուներ հրաժարվեցին նախագծում իրենց մասնակցությունից։ Chrysler կազմակերպության ներկայացուցիչը դեռ այն ժամանակ The New York Times-ին ասել էր. «Սա բիզնեսին առնչվող որոշում է, որով մենք փորձում ենք զերծ մնալ կոնֆլիկտներից և ավելորդ լարվածությունից»:
JCPenney-ը, Domino's Pizza-ն և McDonald's-ը ևս հրաժարվեցին որևէ գովազդային ներգրավվածություն ունենալ։
Դեջեներեսը զրկվեց այլ առաջարկներից ևս` կարծես Հոլիվուդում դառնալով անցանկալի անձ: Մի քանի տարի շարունակ աստղը փորձում էր վերականգնել երբեմնի փառքը։ Երբ 2003 թվականի սեպտեմբերին մեկնարկեց Էլենի հեռուստաշոուն, քչերն էին հավատում, որ այն հաջողություն կունենա, և գրեթե ոչ ոք չէր հավատում, որ հաջողությունն այս մասշտաբների կլինի։ Համաշխարհային մակարդակով ամենամեծ դիտումներն ունեցող ցերեկային շոուներից մեկն Էլեն Դեջեներեսին օգնեց հաղթահարել սև գիծը։ Շոուն թեև սկզբում միանշանակ չէր ընդունվում հանրության լայն շրջանակների կողմից, սակայն կարճ ժամանակում վերածվեց դասագրքային օրինակի, թե ինչպես կարելի է պայքարել քո դեմ դուրս եկած ամբողջ աշխարհի դեմ:
Էլեն Դեջեներեսի շոուն իր դեբյուտային եթերաշրջանի ավարտին չորս Էմմի մրցանակ նվաճեց։ Տարիներ անց Էլենը դարձավ ամենահանրահայտ մրցանակաբաշխությունների հաղորդավարը և ոլորտի ամենահաջողակ ու ազդեցիկ դեմքերից մեկը։
ՄԱՅՔԼ ՋԵՔՍՈՆՆ ՈՒ «ԴԱՐԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ»
Ամերիկյան աստղ, փոփ երաժշտության արքա Մայքլ Զեքսոնը թե իր կյանքի ընթացքում, և թե մահից հետո բազմաթիվ անգամներ հայտնվել է տարատեսակ սկանդալների կիզակետում` կապված իր մաշկի գույնի փոփոխության, սեքսուալ նախասիրությունների և այլ խոսակցությունների հետ։
Ոչ միանշանակ էին ընկալվում Ջեքսոնի հարաբերությունները երեխաների հետ։ Նրան մեղադրում էին երեխաների հետ ունեցած կապերի մեջ և սա, անշուշտ, չէր կարող առանց հետք մնալ։ 2005-ին Ջեքսոնը դատարանի առաջ կանգնեց և այդ տարիներին սա անվանում էին «դարի դատավարություն»: Արդյունքում Ջեքսոնն արդարացվեց, բայց դատավարությունը երգչի կյանքի և կարիերայի վրա թողեց իր ազդեցությունը։
Չնայած 2009 թվականին մի շարք համերգային ծրագրերին և տոմսերի վաճառքին, Ջեքսոնը զրկվել էր հովանավորներ կամ գործընկերներ գտնելու հնարավորությունից, քանի որ դատավարության առաջացրած աղմուկի պատճառով մի շարք բրենդներ և կազմակերպություններ խուսափում էին նրա հետ աշխատել: Շատ ժամանակ չանցած փոփ-արքայի տիտղոսակիրը կարողացավ վերականգնել համբավը և 2010-ին արդեն ամենաշատ վաստակող արտիստն էր։
Ջեքսոնի շուրջ այս խոսակցություններն այդպես էլ չսպառվեցին։ 2019 թվականին, արդեն Ջեքսոնի մահից տարիներ անց, HBO հեռուստաալիքը հեռարձակեց երկու մասից բաղկացած վավերագրական ֆիլմ, որը պատմում է երկու տղամարդու մասին, որոնք Ջեքսոնին հետմահու մեղադրում էին իրենց տարիներ շարունակ սեռական բռնության ենթարկելու մեջ: Հեռարձակվելուց անմիջապես հետո ֆիլմը մեծ աղմուկ բարձրացրեց, որոշների համար հաստատելով նախկինում Զեքսոնի մասին ունեցած պատկերացումները, որոշներին էլ հնարավորություն տվեց վերաբացելու արդեն իսկ շրջանառվող թեման` տարբեր վարկածների և մանրամասների վրա հիմնվելով փորձելով մաքրել իրենց սիրելի աստղի անունը:
ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՈՒԵՍԹԸ
2009 թվականին ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռվեց ամերիկյան ամենահայտնի երաժշտական մրցանակաբաշխություններից մեկի` VMA-ի ժամանակ հանրահայտ ռեփեր Քանյե Ուեսթի և դեռևս ծագող աստղ Թեյլոր Սվիվթի միջև սկանդալի վրա։
Այդ տարի Սվիվթն արժանացել էր «Տարվա լավագույն վիդեո հոլովակ» մրցանակին, որը ստանալու արարողության ժամանակ Ուեսթը բարձրացավ բեմ և, թույլ չտալով երգչուհուն շնորհակալության խոսքեր ասել, հայտարարել, որ լավագույնը Բեյոնսեն էր։
Հենց այդ գիշեր Քանյեն իր թվիթերյան միկրոբլոգում հրապարակային ներողություն խնդրեց Թեյլորից և նրա բոլոր երկրպագուներից, բայց միջադեպն իր ազդեցությունն ունեցավ ռեփերի հետագա կարիերայի վրա: Սա տևեց մի քանի տարի։ Երկու արտիստի ֆան-ակումբներն իսկական պատերազմ էին հայտարարել և հանրությունը, իհարկե, աջակցում էր Թեյլորի երկրպագուներին։ Քանյեին դատապարտում և վիրավորում էին սոցցանցերում, հոգեբանական ճնշում գործադրում։ Կան տվյալներ, որ սկանդալային այս շրջանից հետո Ուեսթը մեկնել էր Ճապոնիա` վերականգնողական փուլ անցնելու: Տարիներ անց արդեն այս իրադարձություններին այլ տեսանկյունից են նայում ու նույնիսկ համարում, որ թե՛ Քանյեին, թե՛ Թեյլոր Սվիֆթին այս միջադեպն ավելի հայտնի ու քննարկվող դարձրեց։
Cancel culture եզրույթը թեև համեմատաբար նոր է, բայց դրա դրսևորումները կային նաև մինչև եզրույթի տարածումը։ Կան արտիստներ, որոնք այդպես էլ չեն կարողացել հաղթահարել հանրային պարսավանքի ճնշումն ու վերջնականապես կորցրել են երկրորդ շանսի հնարավորությունը։ Այստեղ գլխավորը ոչ միայն արդարացված դուրս գալն է, այլև սխալվելու դեպքում էլ ճիշտ պահին և ճիշտ ձևով ներողություն հայցելն է։