#իվենթաPAN
July 11

Սելինի «արգելված» սերը, Տիտանիկի բերած փառքն ու միլիոնից մեկ հանդիպող հիվանդությունը. Սելին Դիոնը վերադառնում է

Նրա երաժշտությունը հաճախ ո՛չ փոփի, ո՛չ էլ սոուլի մեջ չեն ընդգրկում, որովհետև Սելին Դիոնի երգերում զգայականության մի ուրիշ, անգերազանցելի աստիճան կա։ Հազվադեպ հիվանդության պատճառով երկար ժամանակ որևէ ելույթ չունեցած ու անգամ հանրային վայրերում չհայտնված Սելին Դիոնը համերգային ծրագիր է պատրաստում։ Շատ կարոտած հանդիսատեսի համար այս մեծ վերադարձը լավագույն նվերն ու անակնկալն էր։ Հիվանդության ու համերգի մասին առավել մանրամասն դեռ կխոսենք։ Հիմա պարզենք, թե ի՞նչ ճանապարհ է անցել Դիոնը՝ մեծ հաջողություններից մինչև մեծ փորձություններ։

ԵՐԳՉՈՒՀԻ՝ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ

Սելին Դիոնի կարիերան ու նրա կոչումը որպես երգչուհի կարծես հենց սկզբից էլ կանխորոշված էր։ Նրան անվանակոչել են ֆրանսիական «Céline» երգի պատվին։  Յուգ Օֆրեն այս երգը ձայնագրել էր Սելինի ծնունդից երկու տարի առաջ։ Ի դեպ, Սելինը 14 երեխա ունեցող ընտանիքի ամենակրտսեր երեխան է։


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


Առաջին անգամ Սելինը հրապարակային ելույթ է ունեցել հինգ տարեկանում։ Եղբորը հարսանիքին կատարել է Քրիստին Շարբոնոյի «Du fil des aiguilles et du coton» երգը։ Այնպես որ, եթե հարսանիքների ժամանակ փոքրիկ քույր-եղբայրները անակնկալ երգ են նվիրում զույգին՝ ամեն դեպքում նկարեք այդ ելույթը, գուցե տարիներ հետո պարզվի՝ համաշխարհային աստղի եք նկարել։

Սելինը շատ երաժշտական ընտանիք ուներ։ Նրա ծնողները փոքրիկ «Le Vieux Baril» ֆորտեպիանո-բար ունեին, որտեղ երգում էին նաև Սելինը, նրա եղբայրներն ու քույրերը։ Սելինի երաժշտական կարիերայում ամեն բան շատ արագ է զարգացել։ Արդեն 12 տարեկանում նոր և եղբոր օգնությամբ գրել է իր առաջին երգը՝ «Ce n’était qu’un rêve» («Դա միայն երազ էր»)։ Հետո ձայնագրությունն ուղարկել են երաժշտական մենեջեր Ռենե Անժելիլին։ Պրոդյուսերը միանգամից տպավորվել ու հիացել է 12-ամյա երգչուհու ձայնով ու որոշել է զբաղվել նրա երաժշտական կարիերայով։

Spoiler alert. Շատ տարիներ հետո Սելին Դիոնն ու Ռենե Անժելիլն ամուսնանում են, բայց մինչ այդ քննարկենք այլ թեմաներ, որովհետև ծանոթության ժամանակ Սելինն ընդամենը 12 տարեկան էր, իսկ Ռենե Անժելիլը՝ 38:

Անժելիլը Սելինի կարիերայի զարգացման գործում առանցքային դեր է ունեցել։ Իրենց ծանոթության դեռ ամենասկզբում՝ 1981 թվականին պրոդյուսերը գրավ է դնում սեփական բնակարանը, որպեսզի կարողանա ֆինանսավորել Սելինի առաջին ձայնագրությունը՝ La voix du bon Dieu («Աստծո ձայնը»)։

Իրականում երաժշտական մենեջերը շատ լավ հոտառություն ուներ, որովհետև արդյունքում հենց այս երգի շնորհիվ էլ սկսվում է Սելինի ճանապարհը։ Նախ նա դառնում է Քվեբեկի աստղը, հետո արդեն սկսվում են միջազգային ելույթներն ու ճամփորդությունները։

Պատանեկությունը վայելելու ժամանակ երգչուհին չի ունենում։ Սելին Դիոնը դրսում ընկերների հետ խաղալու փոխարեն պիտի կարիերայով զբաղվեր։ Բայց տարիներ անց անկեղծանում է, որ երբևէ չի զղջացել այս որոշման համար։

«Ես կարոտում էի իմ տունն ու ընտանիքը, սակայն ես չեմ զղջում, որ կորցրել եմ պատանեկությունս։ Ես մի երազանք ունեի. ուզում էի երգչուհի դառնալ»։

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄՆ ՈՒ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Երբ Սելինը 18 տարեկան էր, մի առիթով նրան հիացրեց ու տպավորեց Մայքլ Ջեքսոնի ելույթը։ Նորահայտ երգչուհին այնքան տպավորված էր, որ փորձում էր ընդօրինակել երգչի ոճը։ Բարեբախտաբար, պրոդյուսերի հոտառությունն այստեղ էլ լավ աշխատեց։ Նա պնդեց, որ Սելինը պետք է սեփական ոճը ձևավորի։

Ընդամենը 2 տարի անց՝ 1988 թվականիչն աղջիկը գնաց Դուբլին՝ ներկայացնելու Շվեյցարիան Եվրատեսիլ երգի մրցույթում։ Եվ…«Ne partez pas sans moi» («Չհեռանաք առանց ինձ») երգով հաղթեց մրցույթում՝ դառնալով իսկական աստղ Եվրոպայում։

Հաջորդ թիրախն անգլախոս երկրներն էին։ Բայց ամբողջ աշխարհում հաջողության հասնելու համար միայն տաղանդը բավարար չէր, կոմերցիոն տեսանկյունից ճիշտ կերպար ստեղծելը գլխավոր մարտահրավերն էր։ Պրոդյուսերի ջանքերով ու հորդորով Սելինն ատամնաբուժական միջամտությունների դիմեց, ինչի արդյունքում արտաքին տեսքը ևս զգալիորեն փոխվեց։ Այդ ընթացքում պետք էր աշխատել նաև անգլերենի վրա, հետևաբար ուսումնական կարևոր ու բարդ փուլ էր սպասվում։ 1989 թվականին ընդունվեց Բերլիցի դպրոցը։

Կարճ ժամանակ անց երգչուհին վերադառնում է նոր կեպարով ու երբ թվում էր, որ համաշխարհային հռչակը մոտ է՝ լինում է անսպասելին։ Երգչուհին հենց շրջագայության ընթացքում կորցնում է ձայնը ու անգամ այլևս երբեք չերգելու վտանգի առաջ է կանգնում։

1989 թվականին Incognito ալբոմի շրջանակում ձայնը կորցրած երգչուհուն երկու ճանապարհ են առաջարկում՝ վիրահատել ձայնալարերը, կամ էլ երեք շաբաթվա ընթացքում ընդհանրապես չօգտագործել։

Պարզվում է, որ Սելինը սխալ էր օգտագործում ձայնալարերը, որովհետև որպես այդպիսին երաժշտական կրթություն չուներ։ Արդյունքում նա որոշում է ընտրել երկրորդ տարբերակը, իսկ որոշ ժամանակ անց սկսում է վոկալի դասերի հաճախել։

ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄԵԾ ԱԼԻՔԸ

1990 թվականին, ֆրանսախոս երգչուհին առաջին անգլերեն ալբոմն է թողարկում։ Unison ալբոմով Սելինը գրավում է ամբողջ աշխարհը ու հատկապես անգլալեզու հանրությանը։ Ի դեպ, այս շրջանում Սելինի կանադացի երկրպագուները սկսում են նրան մեղադրել ու քննադատել «իր արմատները մոռանալու մեջ»։

Նրանց սիրտը շահելու համար «Տարվա անգլիացի արվեստագետ» անվանակարգում «Ֆելիքս» մրցանակի արժանանալուց հետո արտիստը հրապարակայնորեն հրաժարվում է մրցանակից ու հայտարարում, որ ինքը ֆրանսիացի երգչուհի է, ոչ թե անգլիացի։

Անշուշտ, Սելինի գլխավոր այցեքարտը դարձան 1991 թվականին «Գեղեցկուհին և հրեշը» մուլտֆիլմի գլխավոր սաունդթրեքի դուետի ձայնագրությունը Պիբո Բրայսոնի հետ և իհարկե, բոլոր ժամանակների ամենագեղեցիկ կատարումներից մեկը՝ «My Heart Will Go On» երգը։

«Տիտանիկ» ֆիլմում հնչած այս երգը գլխավորեց աշխարհի բոլոր չարթերը ու բառի բուն իմաստով դարձավ ամենաճանաչվածն աշխարհում։ Երգի համար երգչուհին ստացավ «Օսկար», «Ոսկե Գլոբուս», «Գրեմմի» մրցանակներ։

Բայց 1999 թվականին միլիոնավոր երկրպագուներին տխրեցնող լուր էր սպասվում։ Փառքի գագաթնակետին գտնվող Սելին Դիոնը հայտարարում է, որ կարիերայում դադար է վերցնում և ժամանակը տրամադրելու է ընտանիքին։

ՄԻՇՏ ՍՊԱՍՎԱԾ ՍԵԼԻՆԸ

Անշուշտ, տարիներ հետո երգչուհին վերադառնում է ու շարունակում իր փառքի ճանապարհը։ Նրա ցանկացած վերադարձ սպասված էր ու սրա ապացույցը տարբեր տարիների մրցանակները, ռեկորդային ցուցանիշներն ու համերգներն են։ Որպես օրինակ վերհիշենք մի քանի թիվ։ Սելինը ԱՄՆ-ում ամենամեծ վաճառքն ունեցող կին արտիստներից է և միակ կին արտիստը, որի երկու սինգլները Միացյալ թագավորությունում վաճառվել են ավելի քան 1 միլիոն օրինակով։

1995 թվականին նրա D'eux ալբոմը դարձել է բոլոր ժամանակների ամենամեծ վաճառքն ունեցող ֆրանսալեզու ալբոմը։ Ամբողջ աշխարհում նրա ալբոմների 175 միլիոն վաճառքից հետո 2004 թվականին Սելին Դիոնը ներկայացվել է Chopard Diamond Award և World Music Awards մրցանակաբաշխություններին` որպես ամենաշատ վաճառքն ունեցող երգչուհի։ Ըստ Sony Music Entertainmentի Սելին Դիոնի ալբոմները ամբողջ աշխարհում վաճառվել են շուրջ 200 միլիոն օրինակով։

ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔԻ ՍԵՐԸ

Ինչպես ավելի վաղ սփոյլ էինք արել, Սելինն ամուսնու և համատեղությամբ նաև իր մենեջեր Ռենե Անժելիլի հետ ծանոթացել է 1980 թվականին, երբ ընդամենը 12 տարեկան էր։ Զույգի մոռ ռոմանտիկ հարաբերությունները սկսվել են միայն 1987 թվականին, նշանադրության մասին հայտարարել են 1991-ին, իսկ ամուսնացել՝ 1994 թվականին։ Երկրպագուների համար ի սկզբանե լուրը բավական անսպասելի էր, բայց նրանք հենց սկզբից էլ աջակցել են Սելինին ու ընդունել նրա որոշումը։

Սերը մեծ էր, բայց զույգին ուղեկցող խնդիրները ևս բավականին մեծ էին։ Սկզբնական շրջանում Սելինը մայրանալու մի քանի անհաջող փորձ է ունենում, ու միայն տարիներ հետո արտամարմնային բեղմնավորման տարբերակով հղիանում է։ Զույգի առաջին որդին՝ Ռենե-Շառլ Անժելիլը ծնվել է 2001 թվականին։ Գրեթե տասը տարի անց՝ 2010 թվականին ծնվում են զուգի երկվորյակները։ Նրանց անվանում են Էդդի՝ Դիոնի սիրելի երգահան Էդդի Մարնեի պատվին, և Նելսոն՝ ՀԱՀ նախկին նախագահ Նելսոն Մանդելայի պատվին։

Բայց սա այնքան էլ սպասված happy end-ը չէր։ Ռենե Անժելիլը տարիներով պայքարում էր քաղցկեղի դեմ և 2016 թվականին պարտվում է այդ պայքարում։ Սա Սելինի համար մեծ հարված էր։ Ամուսնու մահից հետո մահանում է նաև երգչուհու եղբայրը։ Բայց երաժշտական դադարը երկար չի լինում, որովհետև հենց երաժշտության միջոցով էլ Սելինը փորձում է հաղթահարել իր ցավը։

ՉԱՐԱԲԱՍՏԻԿ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ

Սելին Դիոնն արդեն վաղուց իր տեղն ունի համաշխարհային երգարվեստում, իսկ երկրպագուների համար նրա ցանկացած նոր ստեղծագործություն կամ համերգ իրական տոն է։ Բայց 2023 թվականին, հերթական շրջագայությունից առաջ երգչուհին հայտարարում է, որ առողջական խնդիր ունի, ինչի պատճառով ստիված է չեղարկել շրջագայությունը։

Սելին Դիոնի մոտ ախտորոշված է անբուժելի նյարդաբանական հիվանդություն՝ «Քարե մարդու համախտանիշ» (Stiff Person Syndrome):  Սա հազվադեպ հանդիպող գենետիկ հիվանդություն է, որն առաջացնում է մարմնի հյուսվածքների ոսկրացում:

Այս հիվանդության ամենածանր փուլերում գտնվող հիվանդները չեն կարողանում անգամ քայլել կամ խոսել։ Հիվանդության ժամանակ օրգանիզմում  ձևավորվում է հավելյալ կմախք և մկաններն ու հյուսվածքները աստիճանաբար վերածվում են ոսկորների։ Հիվանդությունը հանդիպում է ամբողջ աշխարհում 1 մլն մարդուց մեկի մոտ: Այս պահին այդ հիվանդությունը բուժում չունի,  բայց կան դեղամիջոցներ, որոնք օգնում են դանդաղեցնել դրա զարգացումը։

«Ես երկար ժամանակ զբաղվել եմ իմ առողջական խնդիրներով և ինձ համար շատ դժվար է եղել առերեսվել դրանց հետ, խոսել այն ամենի մասին, ինչի միջով անցել եմ։ Վերջերս ինձ մոտ ախտորոշվեց շատ հազվադեպ նյարդաբանական խանգարում։ Դա հայտնաբերվում է 1 միլիոնից մեկի մոտ։ Թեև մենք դեռ ուսումնասիրում ենք այս հազվագյուտ հիվանդությունը, հիմա գիտենք, որ դա է իմ բոլոր ցավերի պատճառը: Ցավոք սրտի, դա ազդում է իմ կյանքի վրա, երբեմն դժվարանում եմ քայլել, երգել, ինչպես նախկինում: Ինձ ցավ է պատճառում այսօր ձեզ ասել, որ ես պատրաստ չեմ փետրվարին վերսկսել իմ եվրոպական շրջագայությունը»։

Այս հայտարարությունից հետո Սելինը այլևս չհայտնվեց հանրային որևէ միջոցառման ժամանակ, էլ չենք ասում ելույթների մասին։ Տևական դադարից հետո առաջին անգամ նա հանրության առաջ հայտնվեց «Գրեմմի» մրցանակաբաշխությանը, երբ հայտարարում էր «Տարվա ալբոմ» անվանակարգում հաղթողին։

«Շնորհակալ եմ բոլորիդ, ես սիրում եմ ձեզ: Երբ ասում եմ, որ ուրախ եմ այստեղ լինելու համար, իսկապես ասում եմ դա սրտանց»։

Վերջերս հանդիսատեսի դատին հանձնվեց Սելին Դիոնի մասին պատվող շատ հուզիչ ու շատ իրական փաստավավերագրական ֆիլմ, որտեղ երգչուհու կյանքն է՝ պատանեկան տարիքից մինչև մեր օրեր։ Կադրերում անգամ երևում են երգչուհու սարսափելի տանջանքները՝ հիվանդության սրացման պահին։ Գլխավոր ուղերձն այն է, որ Սելինը հանձնվել չգիտի ու չի պատրաստվում հանձնվել։

«Եթե չկարողանամ վազել՝ կքայեմ, եթե չկարողանամ քայլել՝ կսողամ»։

Իսկ այժմ հանդիսատեսին շատ կարոտած Սելինը պատրաստվում է 70 րոպեանոց համերգ տալ Լաս Վեգասում։ Այս համերգի իրականացման համար նա աշխատում է տարբեր բժիշկների ու մասնագետների հետ։ Մնում է հուսալ, որ երկար սպասված ու շատ կարոտած հանդիպմանը ոչինչ չի խանգարի։ Իսկ Սելին Դիոնի ֆենոմենը միշտ ու երկար կքննարկվի՝ նրա երգերի և անցած ճանապարհի շնորհիվ։


✍️ Նանե Մանուկյան / PAN