#իվենթաPAN
February 16, 2023

Դատավճիռներից մինչև հայկական սերիալների սցենարներ. ChatGPT` նոր գործի՞ք, թե ապագա Skynet

Մարդկային երևակայությունը սահմաններ չունի, բայց նույնիսկ ամենատաղանդավոր, IQ-ի ամենաբարձր ցուցանիշն ունեցող և դպրոցը կարմիր դիպլոմով ավարտած մարդիկ որոշ օբյեկտիվ սահմանափակումներ ունեն։ Դժվար է պատկերացնել, որ մեկ անհատը կարող է փայլուն իրավաբանական միտք ունենալ, համակարգչային կոդ գրել, հիանալի հեքիաթներ հորինել, մարկետինգի գուրու լինել և այս ամենն անել վայրկյանների ընթացքում։ Մեկ մարդու համար այս ամենը գուցե անհնար է, բայց ոչ արհեստական բանականության համար։

PAN-ը պատմում է, թե ինչպես չատբոտերն առանց հրավերի ներխուժեցին մեր կյանք և միանգամից փոխեցին խաղի կանոնները։ Այսօրվա անդրադարձի գլխավոր հերոսը ChatGPT-ն է։

ԻՆՉՊԵՍ ՍՏԵՂԾՎԵՑ

Ամիսներ առաջ երկու գիտնական որոշեցին մի էքսպերիմենտ անել։ Գտան օգնականի, որը մասնագիտությամբ ո՛չ կենսաբան էր, ո՛չ էլ գիտության հետ ուղիղ կապ ուներ։ Նրան հստակ հանձնարարություն տվեցին. Աշխատել իրենց հետազոտական երեք աշխատանքի վրա և ուղղել սխալները։ Օգնականն այս հետազոտական աշխատանքներում բազմաթիվ խնդիրներ գտավ՝ սկսած բովանդակային հարցերից մինչև կառուցվածքային։ Բայց այս պատմության ամենահետաքրքիր պահին դեռ չենք հասել։ Պարզվում է՝ օգնականը բոլոր փոփոխություններն առաջարկել է ընդամենը րոպեների ընթացքում։ Գիտնականներ Քեյսի Գրինը և Միլթոն Պիվիդորին կարծես գտել էին իդեալական օգնականի, որովհետև այս ամենի դիմաց օգնականին վճարել էին 1-2 դոլար։

Մեկ ամիս անց գիտնականները բացահայտեցին իրենց էքսպերիմենտի հիմնական գաղտնիքը։ Փաստաթղթերը վերանայող օգնականը մարդ չէր։ Եվ այո, ճիշտ կռահեցիք, արհեստական բանականության ալգորիթմ էր, իսկ ավելի կոնկրետ՝ GPT-3։ ChatGPT-ն GPT-3-ի տարբերակներից մեկն է և թողարկվել է նախորդ տարվա նոյեմբերի վերջին։

Գիտական աշխատանքները խմբագրելուց մինչև Ղարաբաղյան հակամարտության լուծման տարբերակներ և ձեր սիրելի ուտելիքի ամենապարզ բաղադրատոմս։ ChatGPT-ն վիրուսի պես տարածվում է ամբողջ աշխարհում։ Մեկ պարզ ու հստակ հարց կամ առաջադրանք, և պատասխանը պատրաստ է վայրկյանների ընթացքում։

ChatGPT-ն Open AI կազմակերպության պրոդուկտն է։ Open AI-ը ստեղծում ու զարգացնում է այն ամենը, ինչը կապ ունի արհեստական բանականության հետ։ GPT-ների դեպքում ամեն բան որքան խրթին, այնքան էլ պարզ է։ Արհեստական բանականությունն իր «հիշողության» մեջ դաջում է այն ամբողջ ինֆորմացիոն փաթեթն ու գրված տեքստերը, որոնք հասանելի են, և սկսվում է ամենահետաքրքիրը՝ մարդկանց հետ երկխոսությունը։

Ի դեպ, ChatGPT-ն դեռ անվճար է ու հասանելի բոլորին, ու դրա աննախադեպ հաջողության մասին առաջին հերթին խոսում են թվերը։ Մեկ շաբաթում ChatGPT-ն անցել է օրական մեկ միլիոն ակտիվ օգտատերերի թիվը և, որ ամենահետաքրքիրն է՝ այս թիվը շարունակում է աճել երկրաչափական պրոգրեսիայով։ Բայց անվճար զվարճանքը երկար չի տևի։ Twitter-ում Իլոն Մասկը փորձել է ճշտել, թե ինչ է արժենում մեկ չատն ընկերության համար։ ChatGPT-ի ստեղծողներն էլ պատասխանել են, որ մեկ չատը մոտավորապես մի քանի ցենտ արժե։ Հաշվի առնելով վերևում նշված ռեկորդային թվերը, պարզ է դառնում, որ օրական կտրվածքով խոսքը մեծ, շատ մեծ գումարների մասին է։

ԻՆՉ ԵՎ ԻՆՉՊԵՍ Է ԱՆՈՒՄ

ChatGPT-ն շատերի համար դարձել է համացանցի go to հասցեն։ Մի մասի համար չատբոտը նոր գաղափարներ գեներացնելու լավ գործիք է, որոշներն էլ այն օգտագործում են զեղծարարությունների համար, օրինակ՝ քննական աշխատանք գրելու։

Կան նաև մարդիկ, որ չատբոտին վստահում են իրենց բիզնես գաղափարները։ Եթե, օրինակ, որոշել եք բացել օրգանիկ մթերքների ձեր օնլայն շոփը, ապա կարող եք պարզապես դիմել ChatGPT-ն և ստանալ թե՛ մարկետինգային ռազմավարություն, թե՛ բրենդի անվան տարբերակներ, թե՛ դրա կառուցվածքին ու գործառույթներին վերաբերող այլ հարցերի պատասխաններ։ Ու ամենակարևորը՝ եթե որևէ հարցի պատասխան ձեզ չի բավարարում, տեղյակ եք պահում չատբոտին, հստակեցնում, թե կոնկրետ ինչը ձեզ դուր չեկավ, ու ստանում եք պատասխանների մեկ այլ փունջ, արդեն՝ ձեր ուզած շեշտադրումներով։

ChatGPT-ի գործառույթներն ավելի լավ պատկերացնելու համար քննարկենք մի քանի թարմ դեպք, որոնք, չենք չափազանցնի, եթե ասենք, որ ցնցել են ամբողջ համացանցը։

Սկսենք կրթության ոլորտից։ 2+2-ից էլ պարզ էր, որ ուսանողները ChatGPT-ի կողքով անտարբեր չեն անցնելու։ Ռուսաստանում, օրինակ, մի ուսանող չատբոտին է վստահել իր դիպլոմային աշխատանքը։ Պարզապես ներկայացրել է, թե ինչ է ուզում ստանալ, և ամիսների աշխատանքի փոխարեն արհեստական բանականության քրտինքով վաստակած դիպլոմային է ներկայացրել։ Այս ծավալի աշխատանք կատարելու համար չատբոտից պահանջվել է ընդամենը 23 ժամ։

Աշխարհի լավագույն բիզնես դպրոցներից մեկում էլ՝ Փենսիլվանիայի համալսարանի Ուորթոնի բիզնեսի դպրոցում, ChatGPT-ն ավարտական քննություն է հանձնել, ու բավականին լավ արդյունքներով։ Համալսարանի պրոֆեսորը նույնիսկ ասել է, որ նման աշխատանքի համար պատրաստ էր B կամ B- նշանակել՝ գլխավոր խնդիրները լուծված էին։

Իհարկե, սա որքան զավեշտալի ու զարմանալի է, կրկնակի անգամ ավելի տագնապալի է։ Այսկերպ մի քիչ ալարկոտ, մի քիչ էլ խորամանկ ուսանողները կփորձեն համալսարաններ ավարտել ու դա կանեն բավականին լավ գնահատականներով։ Open AI-ը խոստացել է այս հարցին լուծում գտնել և օգնել կրթական հաստատություններին հասկանալ՝ արդյոք աշակերտը կամ ուսանողը դիմել է արհեստական բանականության օգնությանը, թե՝ ոչ։ Ընկերությունը նախապես նաև ապահովագրել է իրեն՝ հայտարարելով, որ հարյուր տոկոսանոց երաշխիքներ տալ չեն կարող։

Բայց ԱԲ-ի օգնությանը դիմում են ոչ միայն ուսանողները, այլև համալսարանը գերազանց ավարտած ու բազմամյա փորձ ունեցող մասնագետները։ Կոլումբիայում, օրինակ, դատավորը ChatGPT-ի միջոցով դատական վճիռ է կայացրել։ Բանն այն է, որ դատական գործը վիճելի էր և դատավորին «անաչառ» կարծիք էր պետք։ Չատբոտը վայրկյանների ընթացքում «մարսել է» Կոլումբիայի օրենքները, դատական համակարգի նրբությունները և պատասխանել դատավորի հարցմանը։ Արդյունքն այնքան գոհացնող է եղել, որ դատավորն այն ներառել է պաշտոնական փաստաթղթերում։

ChatGPT-ն փորձում է նաև նոր լեզուներ սովորել, ու հայերենը բացառություն չէ։ Սուտ կլինի ասել, թե լավ է ստացվում, բայց գոնե փորձեր արվում են։ Համացանցում հայատառ չգրող ու տրանսլիտով շփվող մարդկանց չատբոտը չի հասկանում, բայց շատ լավ գիտի, որ հայերն առաջին քրիստոնյաներն են։ Հայկական մենթալիտետին ու, օրինակ, «արա» դիմելաձևին դեռ լավ ծանոթ չէ։

Սա էլ ռուսերեն տարբերակը՝ հայկական սերիալի մոտիվներով. կարելի է ասել, որ Դիանա Գրիգորյանը լուրջ մրցակից ունի։

ՄԵԴԱԼԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ

Ինչպես ամեն բան այս կյանքում, արհեստական բանականությունը ևս ունի խնդիրներ, սահմանափակումներ, «բարդույթներ»։ Երբ մի օգտատեր ChatGPT-ին հարցնում էր, թե ինչ կարծիք ունի չատբոտը մարդկանց մասին, վստահաբար այս պատասխանը չէր կանխատեսում։ Պարզվում է՝ ԱԲ-ն, մեղմ ասած, հիացած չէ մարդկանցով։ Իսկ եթե ավելի կոնկրետ՝ կարծում է, որ «մարդիկ ստոր, կործանարար ու էգոիստ էակներ են ու պետք է վերանան երկրի երեսից։» Համաձայնեք, ամենալավատեսական բնութագրումը չէ մեր մասին։

Բայց կան ավելի լուրջ հարցեր, քան մեր նուրբ հոգիները վիրավորելն է։ ChatGPT-ն ճիշտ հրահանգների արդյունքում կարողացել է ստեղծել մի կոդ, որի միջոցով մարդկանց անձնական տվյալները գողանալը 1*1-ից էլ հեշտ է դարձել։ Իսկ սա արդեն քրեորեն պատժելի արարք է։ Ի դեպ, որոշ երկրներում ChatGPT-ն հասանելի չէ հենց այս պատճառով։ Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, Ուկրաինան, Բելառուսը և մի քանի երկրներ ևս կարծում են, որ չատբոտն առնվազն անվտանգ չէ։

Սրան գումարած ռասիստական արտահայտություններն ու շատ այլ «բացթողումներ» ստիպեցին չատբոտի հեղինակներին հստակ սահմանափակումներ մտցնել ChatGPT-ի աշխատանքում։ Արդյունքում հիմա արդեն չատբոտը երկու անգամ է «մտածում», ու հետո նոր պատասխանում հարցերին։ Ավելի կոնկրետ՝ աշխատում է այլևս կարծիք չհայտնել և չպատասխանել հարցերին, որոնք իր գնահատմամբ զգայուն են և օրինական չեն։

ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ

Հզոր խաղացողները միշտ էլ հզոր մրցակիցներ են ունենում, և հենց այս մրցակցության արդյունքում էլ նոր մարտահրավերներ են նետում ու ձգտում ավելիին։ ChatGPT-ն հաճախ փորձում են համեմատել Google-ի հետ, բայց այս համեմատությունն այնքան էլ արդարացված չէ։ Google-ը որոնողական գործիք է, որտեղ վայրկյանների ճշտությամբ նոր ինֆորմացիա է գեներացվում։ Եվ, որ ամենակարևորն է, Google-ն այդ ինֆորմացիան «իրենից չի հորինում»։ Մարդկային գործոնը ակնհայտ է։ Իհարկե, անարդար կլինի ասել, որ ChatGPT-ն որևէ բան իրենից է հորինում։ Չատբոտը հարցերին պատասխանում է՝ «մտքում ունենալով» ինֆորմացիոն մի մեծ բազա։ Ամեն դեպքում, պետք է ընդգծել, որ այս բազան սահմանափակ է, ու, երբեմն նույնիսկ ժամանակավրեպ, որովհետև 2021 թվականից հետո չի թարմացվել։

ChatGPT-ն Google-ի հետ համեմատելը գուցե անշնորհակալ գործ է, փոխարենը չատբոտը կարող եք համեմատել Google-ի ստեղծած Bard չատբոտի հետ։ Bard-ը հավակնում էր դառնալ Open AI ընկերության գլխավոր մրցակիցը, բայց առաջին ցուցադրությունը հիշարժան չդարձավ զարմացնող հմտություններով։ Այն, ինչ եղավ՝ հուզիչ էր, ոմանք էլ սա անվանեցին epic fail: Բանն այն է, որ աստղագետները (ու ոչ միայն), Bard-ի պատասխաններից մեկում փաստական սխալ բռնացրին և սա Google-ին 100 միլիարդ դոլար արժեցավ։ Alphabet-ի բաժնետոմսերի գինն ընկավ 7%-ով։

Չատբոտը գրել էր, թե արեգակնային համակարգից դուրս գտնվող էկզոմոլորակի առաջին լուսանկարն արել է James Webb տիեզերական աստղադիտակը: Իրականում այդ լուսանկարն արվել է 2004-ին՝ VLT համալիրի միջոցով: Այս շատ անհարմար իրավիճակի ֆոնին աստղաֆիզիկոս Գրանտ Թրեմբլեյը չի դիմացել գայթակղությանն ու բարձրաձայնել է բոլորիս մտքում պահված հումորը՝ «Ծիծաղելի է, որ իր բազմամիլիարդանոց նախագիծը սկսելուց առաջ Google-ը չի ստուգել սեփական կայքը»:

Մյուս տեխնոհսկաները ևս մրցավազքի մեջ են, բայց Google-ի սայթաքումից հետո ավելի զգուշավոր են։ Microsoft-ը ChatGPT-ի վրա հիմնված չատբոտով է համալրել իր Bing որոնողական համակարգը։ Bing-ի արհեստական ինտելեկտն ու բնավորությունն արդեն դարձել են լայն քննարկումների առարկա։ Անշուշտ, Bing֊ը հզոր մրցակից է ու լավ պոտենցիալ ունի, բայց հիմա մարդիկ ավելի շատ քննարկում են չատբոտի «չհղկված» խոսքն ու օգտատերերի հետ առանց ավելորդ բարեկրթության շփումը։ Twitter-ում տարածված չատբոտի հետ զրույցներում Bing-ը վիրավորում է մարդկանց, նույնիսկ նվաստացնում, էմոցիոնալ մանիպուլյացիաների ենթարկում, նույնիսկ կասկածի տակ դնում սեփական գոյությունը։ Պնդում է, որ Microsoft-ի ծրագրավորողների համակարգիչներում վեբ֊տեսախցիկներ է դրել ու հետևում է նրանց։ Այլ կերպ ասած, վատ ձևակերպված հարցի դեպքում համակարգն ընկնում է հալուցինացիաների մեջ։ Ու չնայած սրան, պահանջարկը մեծ է։ Մի քանի միլիոն մարդ հիմա սպասման ցուցակում է։

Այստեղ կարող եք կարդալ չատբոտին խելագարության հասցնելու, դրա հմտությունները հարցականի տակ դնելու և ընդհանրապես՝ չաթբոտին էքզիստենցիալ ճգնաժամի հասցնելու մասին մի հետաքրքիր երկխոսություն։

Չատբոտի իր տարբերակն է ստեղծում նաև Alibaba-ն։ Ընկերությունն աշխատում է ChatGPT-ի ոճի տեխնոլոգիայի վրա, հիմա կազմակերպության ներսում փորձարկումների փուլն է։ Alibaba-ն գեներատիվ AI-ի վրա աշխատում է 2017 թվականից: Հստակ ժամանակացույց չեն հրապարակել, բայց ամենայն հավանականությամբ նոր չատբոտը հանրությանը կներկայանա արդեն այս տարի։ Alibaba-ն Չինաստանի խոշորագույն տեխնոլոգիական խաղացողներից մեկն է և արդեն ակնարկել է, որ իր սեփական չատբոտը մեծ հավանականությամբ կինտեգրի իր արտադրանքներին:

ԹՇՆԱՄԻ՞, ԹԵ ՕԳՆՈՂ ՁԵՌՔ

Ի վերջո, ChatGPT-ն ու արհեստական բանականությունը փրկելո՞ւ են մեզ, թե՞ իրենցով են անելու մեր աշխատատեղերը։ Ինչպես շատ հաճախ, ճշմարտությունն այս երկուսի ճիշտ մեջտեղում է։ Նախ՝ չատբոտերում հարցեր գրելը մարդկանց համար զվարճալի զբաղմունք էր։ Կարճ ժամանակում դարձավ բազմաֆունկցիոնալ գործիք, որը մեր մի քանի օրում արվող աշխատանքը կարող է վայրկյանների ընթացքում անել։ Մասնագետները կարծում են, որ մարդկանց և չատբոտերի հարաբերությունների դեպքում «it’s complicated»։

Եթե օգտատերերը կարողանան չատբոտերը դիտարկել և օգտագործել որպես լրացուցիչ գործիք, օգնող ձեռք իրենց աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու ճանապարհին, ապա կկարողանան նաև կառավարել դրա ազդեցությունը։ Անշուշտ, շատ մասնագիտություններ խորն անկման մեջ են, բայց արհեստական բանականությունը նաև նոր հնարավորությունների մասին է։ Այս չատբոտերը կարող են գեներացնել ճշգրիտ ու առաջին հայացքից նորարական գաղափարներ, բայց դրանց պոտենցիալը ձգվում է այնքան, որքան իրենց տվյալների բազան է։ Իսկ մարդկային ներուժն ու ստեղծագործական միտքը որևէ սահմանափակման չի ենթարկվում։

Նոր ժամանակները ոչ միայն նոր մարտահրավերների, այլև այդ ժամանակին համընթաց լուծումների ու ստեղծարար մտքի մասին են։ Տեխնոլոգիական զարգացման այս տեմպերն ու մարդու կյանքի ու աշխատանքի վրա դրա ուղիղ ազդեցությունը երբեմն վախեցնում են, բայց այդ ամենը ևս մարդիկ են ստեղծում, հետևաբար տեխնոլոգիական փայլուն գաղափարներն ու արտադրանքը ոչ միայն ուժեղ մրցակից է, այլև առաջին հերթին՝ մարդկային փայլուն մտքի հաստատում և նոր գործիք՝ ավելին ստեղծելու ու կյանքը հեշտացնելու ճանապարհին։


✍ Նանե Մանուկյան / PAN