#իվենթաPAN
May 9

Ջահել բոյֆրենդները, մերկ կերպարներն ու Վեգասի միլիոնները. «Փոփի աստվածուհի» Շերը դառնում է 78

Մեդիայի ու մարդկանց արձագանքը միշտ չափազանց կտրուկ ու աղմկոտ է, երբ 77-ամյա Շերը հանրության մեջ հայտնվում է իր 38-ամյա boyfriend-ի հետ։ Այս արձագանքներից հոգնած Շերիլինն էլ վերջերս կես կատակ, կես լուրջ ասել է, որ ընտրում է երիտասարդ կողակիցների, որովհետև իր տարիքի տղամարդիկ վաղուց արդեն մահացել են։ Մայիսի 20-ին Շերը կդառնա 78 տարեկան ու եկեք ընդունենք, որ այս հայտարարության համար նրան մեղադրել չի կարելի:

Թեև երգչուհու մասին հայերին ամենաշատը հետաքրքրում է նրա հայկական արմատներ ունենալու փաստը, Շերը փոփ մշակույթի մի ամբողջ դարաշրջան է ներկայացնում։ Հենց այդ շրջանի և Շերի անցած ճանապարհի մասին էլ PAN-ը պատմելու ենք։

ԵՐԲ ԵՎ ԻՆՉՊԵՍ ՇԵՐԻԼԻՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ ՇԵՐ

Համաշխարհային և հատկապես ամերիկյան փոփ մշակույթում Շերը ֆենոմենալ կերպար է, ու այս պնդումը քչերն են հարցականի տակ դնում։ Մինչև Մադոննան, ամերիկյան հասարակությունը Շեր «ուներ»։ Նրան հաճախ ներկայացնում էին որպես արտիստ, որը հաճախ փոխում է իր ոճն ու կողակիցներին՝ հանրության աչքում միշտ հետաքրքիր ու «թարմ» լինելու համար։

Շերին հաճախ «Փոփի աստվածուհի» են անվանում։ Նա երգչուհի է, երաժշտական պրոդյուսեր, հեղինակում է երգեր, խաղում ֆիլմերում, «ազատ ժամանակ» նաև ռեժիսոր է։ Մեկական Օսկար, Գրեմմի, Էմմի, երեք Ոսկե Գլոբուս ստացած արտիստը բազմաթիվ ռեկորդների հեղինակ է նաև։ Դրանցից գլխավորը՝ Շերն առաջին երգչուհին է, որի երգերը վեց տասնամյակ շարունակ գլխավորել են ամերիկյան հիթ շքերթը։


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


Բայց ինչպե՞ս Շերիլինը դարձավ Շեր ու գրանցեց այս ռեկորդները։ Շերիլինը ծնվել է Կալիֆոռնիայի Էլ Սենթրո քաղաքում։ Նրա հայրը՝ Ջոն Փոլ (Կարապետ) Սարգիսյանը բեռնատարի վարորդ էր, մայրը՝ անգլիական և ֆրանսիական արմատներով դերասանուհի։ Երբ Շերը ծնվեց, ծնողներն արդեն բաժանված էին ու աղջիկը հորն առաջին անգամ տեսավ միայն 11 տարեկանում։ Դրանից հետո էլ հանդիպումները հաճախակի չէին։

Կա մի կետ, որտեղ Շերի պատմությունն ընդհանրություններ ունի նմանատիպ այլ պատմությունների հետ։ Դեռ փոքր տարիքից նա երազում էր հայտնի դերասանուհի դառնալ։ Դեռ մանկության տարիներին նա աշխատում էր ինքնագրերի համար իր ստորագրության վրա։ Իսկ արդեն 16 տարեկանում թողնում է միջնակարգ դպրոցն ու տեղափոխվում Լոս Անջելես։

ՓՈՓ ԱՇԽԱՐՀ ՄՈՒՏՔԸ

Վիճելի ռազմավարություն է կապել մեկ մարդու հաջողությունը մեկ այլ մարդու անվան հետ և արժանին չմատուցել այդ մարդուն՝ իր արած աշխատանքի ու անցած ճանապարհի համար։ Բայց շատ հաճախ Շերի հետ հենց այդպես էլ վարվում են ու այստեղ, անշուշտ, ճշմարտության հատիկ կա։ 1962 թվականին Շերը սրճարանում հանդիպում է Սոննի Բոնոյին, որն այն ժամանակ երաժշտական պրոդյուսեր Ֆիլ Սպեկտորի օգնականն էր։ Սկզբում նրանց շփումը զուտ գործնական էր, հետո արդեն վերաճեց ռոմանտիկ հարաբերությունների։

Հենց այդ ընթացքում Շերն աշխատում էր Ֆիլ Սպեկտորի ստուդիայում որպես բեք-վոկալիստ։ Շերի առաջին սոլո ձայնագրությունը Ringo, I Love You-ն էր՝ 1964 թվականին։ Նա ներկայացել էր Բոննի Ջո Մեյսոն կեղծանունով, քանի որ Սպեկտորը կարծում էր, որ Շերիլին անունը բավարար «ամերիկյան» չէ։

Բայց կարճ ժամանակ անց Սոննին ու Շերը վերածվում են power couple-ի ու ստեղծում իրենց երաժշտական կայսրությունը։ Սոննին սկսում է գրել և թողարկել երգեր, իսկ 1965 թվականին «Սոննի և Շեր» դուետը թողարկում է իր առաջին Look at Us ալբոմը։ Ու այսպես էլ սկսվում է հիպիի կերպարով Սոննիի և սևահեր, տարբերվող արտաքինով յուրահատուկ երիտասարդ աղջկա՝ Շերի հաջողության ճանապարհը։

1965 թվականի ամռանը Շերը թողարկում է All I Really Want to Do ալբոմը, որի համանուն երգը դառնում է նրա առաջին սոլո հիթը։ Իրականում որքան արագ էր դուետի հաջողությունը, այնքան արագ էլ նվազեց նրանց շուրջ մեծ հետաքրքրությունը, ինչի արդյունքում նրանք անգամ պարտքեր կուտակեցին ու ոչ այնքան նախանձելի իրավիճակում հայտնվեցին։ Chastity (1969) ֆիլմը նկարահանելու համար նրանք 500,000 դոլար են ծախսել ու անգամ իրենց տունն են գրավ դրել։ Արդյունքում ֆիլմը կինովարձույթում ձախողել է, իսկ ամուսինները՝ 190,000 դոլար պարտք կուտակել։

Անձնական կյանքում ևս ամեն բան հարթ չէր. 1974 թվականին Սոննին և Շերն ամուսնալուծվում են։ Հետագայում պարզ դարձավ, որ ամուսնական կյանքում խնդիրներ կային դեռ 1972-ից, պարզապես զույգը հանրության առջև բոլորովին այլ իրականություն էր «խաղում»։ Նախ Սոննին ապահարզան պահանջեց, մեկ շաբաթ անց էլ հակադարձ հայց ներկայացրեց Շերը։ Նա նաև հայտարարեց, որ ամուսինն իրեն հասանելիք գումարից պահումներ էր անում, աշխատեցնում էր, և շատ ավելին։

Բայց, ինչպես ասում են՝ ամեն ավարտ նոր սկիզբ է։ Այս անգամ խոսքը Շերի սոլո կարիերայի մասին է։

ՍՈԼՈ ԿԱՐԻԵՐԱՆ

Կարիերայի սկզբում Շերը փոփ ժանրում էր երգում, հետո ինչ-որ պահի ռոք ժանրում իրեն փորձեց, մի պահ անցավ դիսկոյի, հետո ռոքնռոլի, բայց կրկին վերադարձավ դենս֊փոփի։

1979 թվականին երգչուհին արդեն օրինական ձևով փոխեց անունն ու դարձավ Շեր։ Սա նաև համընկավ այն շրջանի հետ, երբ Շերը հետաքրքրվեց դերասանական արվեստով, մասնակցեց Բրոդվեյի բեմադրություններից մեկին ու բավականին դրական արձագանք ստացավ։ Արդյունքում Մայք Նիկոլսը նրան դեր առաջարկեց «Սիլկվուդ» ֆիլմում։ Իսկ Շերն առաջարկն ընդունեց առանց անգամ սցենարը կարդալու, որովհետև ֆիլմում նրա խաղընկերուհին Մերիլ Սթրիփն էր լինելու։

Սա դերասանական կարիերայի միայն սկիզբն էր։ Պետք է ասել, որ որպես դերասան էլ Շերը բավականին հաջողեց։ Նկարահանվեց մի շարք ֆիլմերում՝ «Դիմակ», «Կասկածյալը», «Իստվիկյան վհուկներ» և «Լուսնի իշխանությունը»… վերջին ֆիլմի համար նաև Օսկար ստացավ։

1987 թվականին Շերը պայմանագիր կնքեց Geffen Records-ի հետ, բայց նրա կերպարը միշտ էլ հակասական էր ու չափազանց համարձակ իր ժամանակների համար։ 1989 թվականին If I Could Turn Back Time երգի տեսահոլովակն արգելեց ցուցադրել MTV-ն՝ Շերի բաց հանդերձանքի պատճառով։ Բայց, միևնույն ժամանակ, Շերի կերպարը, ոճն ու հանդերձանքը ոգեշնչման աղբյուր էր աղջիկների համար ու թարմ շունչ հասարակության համար։

Շերի ֆենոմենի ամենակարևոր բաղադրիչներից մեկն այն է, որ նա մշտապես աշխատել է, անդադար նորություններով ներկայացել՝ երգեր, ֆիլմեր, համերգներ, նոր կերպարներ։ Ու նույնն անում է մինչ օրս՝ այս տարիքում։ 2002-2005 թվականներին, The Farewell Tour-ի հրաժեշտի շրջագայության շրջանակում Շերը 325 համերգ տվեց աշխարհի ավելի քան 20 երկրում, ու սա ևս ռեկորդային է։ 2002-ին նրա կարողությունը գնահատվեց 600 միլիոն դոլար։ Ընդհանուր շրջագայության ընթացքում Շերը մոտ 250 միլիոն դոլար վաստակեց և ելույթ ունեցավ 3.5 միլիոն մարդու համար։ Այսպիսով, սա դարձավ կին արտիստի ունեցած երբևէ ամենահաջողակ համերգային շրջագայությունը։

Դեռ հեռավոր 1981 թվականին Շերը Լաս Վեգասի հյուրանոց֊խաղատներից մեկում ելույթներ ունենալու համար աննախադեպ պայմանագիր էր կնքել։ Սա հերթական ռեկորդային ու այդ ժամանակներում հազվադեպ հանդիպող գործարքն էր։ Նա շաբաթական 300,000 դոլար էր վաստակում աննախադեպ շոուի, պարողների, հատուկ էֆեկտների ու դեկորների, մեկ համերգի ընթացքում մոտ երկու տասնյակ բեմական հագուստ փոխելու ու, իհարկե, գլխավորապես իր կատարումների համար։

2008-2011 թվականներին, այսինքն՝ ոչ շատ վաղ անցյալում, երբ երգչուհին արդեն «թոշակի էր անցել», նա կրկին պայմանագիր է կնքում նույն խաղատան հետ։ Երգչուհին համաձայնում է երեք տարում 200 շոու անել, բայց արդեն ավելի ուշ անկեղծանում է, որ այդ համերգներն իրեն այնքան էլ դուր չէին գալիս, ավելին՝ անգամ չէր կարողանում հաճույքով մասնակցել դրանց։

Այսօր Շերն այն արտիստն է, որ ինքն է որոշում՝ որտեղ, ինչպես ու ինչ կատարել։ Նրա կարծիքը հասարակության տարբեր շերտերի համար բավականին ազդեցիկ է, ասելիքը տեղ է հասնում անգամ քաղաքական ու սոցիալական հարցերի դեպքում։ Ու Շերն օգտագործում է սա։ Լսելի է դարձնում իր կարծիքը տարբեր հարցերի շուրջ, օգնում տարբեր կազմակերպությունների։

Քաղաքական հարցերում ևս բավականին կտրուկ է իր դիրքորոշումներում։ Մի առիթով անգամ հայտարարել է, որ եթե Դոնալդ Թրամփը վերընտրվի, ինքը կհեռանա Միացյալ Նահանգներից։ Շերը նաև ԼԳԲՏ համայնքի ակտիվ աջակից է։ Սա տրամաբանական է, հատկապես հաշվի առնելով, որ նրա ավագ երեխան 2010 թվականին սեռափոխության վիրահատություն է արել ու դարձել տրանսգենդեր տղամարդ։

ՇԵՐՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Վերջին տարիներին հաստատ նկատել եք, որ Շերն ակտիվորեն բարձրաձայնում է Հայաստանին ու Արցախին վերաբերող խնդիրները, հստակ է իր դիրքորոշումներում և տարբեր ձևերով փորձում է հանրային աջակցություն ցուցաբերել։ Այս առումով Շերն «առատաձեռն» է եղել դեռ 1990-ականներին։

Առաջին և դեռևս միակ անգամը, երբ երգչուհին ժամանել է պատմական հայրենիք, 1993 թվականին էր։ Շերը դատարկաձեռն չէր եկել։ Իր հետ բերել էր 2.5 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն՝ սնունդ, դեղորայք, բժշկական սարքեր և անհրաժեշտ այլ պարագաներ։ Շերի հետ Հայաստան էին եկել բազմաթիվ լրագրողներ, լուսանկարիչներ, ռեժիսորներ։ Շատ կարճ այցի ընթացքում նա հասցրեց այցելել մանկատներ ու մանկական հիվանդանոցներ։ Ասում են, որ հենց այդ հանդիպումներից ստացած ծանր էմոցիաների պատճառով նաև հրաժարվեց հետո հանդիպել երկրի նախագահի և Ամենայն հայոց կաթողիկոսի հետ։

«Մութ ու ցուրտ» տարիներին անգամ «Արմենիա» հյուրանոցում տաք ջուր ունենալը խնդիր էր, լույսն էլ օրական երկու ժամով էին միացնում։ Բայց Շերի այցի կապակցությամբ հյուրանոցը ստանում էր մի փոքր ավելի էլեկտրաէներգիա և տաք ջուր։

Տպավորիչ էր Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպումը։ Շերը հայ երիտասարդներին ոգևորող և մոտիվացնող խոսքեր էր ասում։ Նաև խոսում էր իր հայ լինելու մասին, հոր ու ազգանվան մասին։ Հայերին անվանում էր ուժեղ ժողովուրդ և պնդում, որ իրեն ամբողջովին հայ է համարում։ Այցի ընթացքում Շերը խոստացավ կրկին վերադառնալ Հայաստան։ Հաջորդող տասնամյակներին նա Հայաստանում չի եղել, բայց, հուսանք, որ մոտակա տարիներին խոստումը կկատարի։


✍️ Նանե Մանուկյան / PAN