#իվենթաPAN
December 28, 2023

Լողացող ու երգող, շշերից ու սահնակներից. «Տոնածառ ջան, տոնածառ»-ը՝ ավանդականից մինչև աներևակայելի

Ի՞նչ Ամանոր առանց տոնածառ, լույսեր ու զարդարանքներ։ Իհարկե, տրամադրությունը միշտ չէ, որ զարդարված փողոցների լուսավորությանը համապատասխան է, բայց կան ավանդույթ դարձած սովորություններ, որոնք ազդարարում են՝ Նոր տարին մոտ է։

Հաճախ մարդիկ փորձում են օգտագործել իրենց ստեղծարար միտքն ու տոնածառի զարդարանքին չկրկնվող լուծումներ տալ։ «Կարմիր աստղը գագաթին» տոնածառ ջան տոնածառը վաղուց արդեն սոսկ միայն ամանորի խորհրդանիշ չէ։ Գինեսի ռեկորդակիր տոնածառից մինչև լողացող տոնածառ՝ աշխարհում կանաչ գեղեցկուհուն հազար ու մի կերպարանք են տվել։ Մենք էլ իրականում հետ չենք մնում։ Երևանի գլխավոր տոնածառը ներառվել է ԱՊՀ-ում ամենաբարձր տոնածառերի տասնյակում։

ՄԻ ՔԻՉ ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Այսօրվա մեր իմացած տոնածառն ավելի «աշխարհիկ» բնույթ ունի, բայց ի սկզբանե բազմաթիվ երկրներով այն առաջին հերթին սուրբծննդյան տոների հետ է ասոցացվել։ Սուրբծննդյան տոնածառի ավանդույթը զարգացել է միջնադարյան Լիվոնիայում, որն ընդգրկում էր ներկայիս Բալթյան երկրները, ինչպես նաև վաղ ժամանակակից Գերմանիայում։

Այս տարածքներից դուրս սուրբծննդյան տոնածառը հատկապես ժողովրդականություն է ստացել 19-րդ դարի երկրորդ կեսին, իսկ կաթոլիկ եկեղեցին բավական երկար դիմադրեց բողոքական այդ սովորույթին և սուրբծննդյան տոնածառն առաջին անգամ Վատիկանում հայտնվեց 1982 թվականին։

Ավանդաբար տոնածառը զարդարում էին թղթից պատրաստված գունավոր վարդերով, խնձորներով, խաղալիքներով, քաղցրավենիքով։ Գագաթին տեղադրվում էր հրեշտակ կամ էլ աստղ։ Ի դեպ, աստղի մասին։ Ռուսաստանում սուրբննդյան տոնածառն արգելվել է Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, բայց 1935 թվականին վերականգնվել է որպես «ամանորյա եղևնի»։ Իսկ գագաթի աստղը ոչ թե Բեթղեհեմ աստղի խորհրդանիշն էր, այլ սովետական կարմիր աստղը։

Վերջին տարիներին ավանդական տոնածառի հազար ու մի ադապտացիաներ են ի հայտ եկել՝ լողացող տոնածառից մինչև թվային։ Դրանցից մի քանի ուշագրավները՝ հերթով.

LEGO-ԾԱՌ

Մի պահ պատկերացրեք, թե որքան մանրակրկիտ աշխատանք է պետք ու քանի հազար հատ լեգոյի կտոր՝ մի քանի մետրանոց տոնածառ ստանալու համար։ Խաղերի ժամանակ չկա, սա իրական ու լուրջ աշխատանք է, որի վրա մեծ ջանքեր ու հարյուրավոր ժամեր են դնում։

Առաջինը Սիդնեյում էր՝ 2014 թվականին, հետո Մելբուռն, 2019-ին էլ Լոնդոն։ Մելբուռնի լեգոներով ստեղծված տոնածառը, օրինակ,  կշռում էր 3.5 տոննա, իսկ հասակը հասնում էր 10 մետրի։ Տոնածառը ստեղծելու համար պահանջվել է լեգոյի կես միլիոն կտոր և 1200 ժամ թիմային աշխատանք։ Հետաքրքիր է, որ Լոնդոնում օգտագործված կտորների քանակը գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով 900 հազարի, բայց փոխարենը կրկնակի նվազել է տոնածառի ստեղծման վրա ծախսվող աշխատաժամանակը։

ԼՈՂԱՑՈՂ ՏՈՆԱԾԱՌԵՐԸ

Նոր տարին և Սուրբ Ծնունդը Ռիո դե Ժանեյրոյում նշելը վաղուց արդեն միլիոնավոր մարդկանց wishlist-ում է, իսկ քաղաքի լողացող տոնածառերը միայն ավելացնում են այս ցանկությունը։ Աշխարհի ամենաբարձր «լողացքղ» տոնածառը հենց Ռիոյում է ու հասցրել է անգամ գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում։

Տոնածառը հավաքվում և տեղադրվում է հատուկ լողացող հարթակի վրա։ Սկզբում լողացող մեկ տոնածառ կար, բայց տարեցտարի դրանց թիվն ավելացավ։ Տոնածառերի ձևավորումը ևս ամեն տարի անակնկալ է, որովհետև յուրաքանչյուր տարի զարդարվում է նոր թեմատիկայով, կազմակերպվում են նաև լուսային շոուներ՝ տարբեր թեմաներով։

SWAROVSKI ՏՈՆԱԾԱՌԸ

Swarovski-ն գլամուրային տոնածառերի մրցույթում վստահաբար հաղթող դիրքերում է։ Պատկերացրեք, թե ինչ տեսք կունենա Swarovski-ի բյուրեղներով զարդարված տոնածառը։ 2019-ին Տորոնտոյում 50.000 բյուրեղներից կազմված փայփլուն տոնածառը դարձել էր քաղաքի գլխավոր «տեսարժան վայրերից» մեկը։

IKEA-Ի ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

Լույսերի ու փայլերի հակառակ կողմում բնական ու արհեստական տոնածառերի թողած բնապահպանական վնասն է։ Թափոնների և պլաստիկի օգտագործման մասին հաճախ չենք էլ հիշում, որովհետև «նոր տարի է, երեխաները ուրախանում են, մի տոնածառով ոչ մեկի չենք վնասի ու չենք փրկի»։ Բայց կան կազմակերպություններ, որ որոշում են հոսանքին հակառակ գնալ ու օրինակ վերամշակված իրերից պատրաստված տոնածառ են սարքում, մյուսներն ավելի հեռուն են գնում։

Երբ Ռուսաստանում դեռ բաց էին արևմտյան խանութները, IKEA-ն սկսեց արշավ, որի ընթացքում հաճախորդները կարող էին փոխարինել իրենց օգտագործված արհեստական տոնածառը խանութում գործող վաուչերների հետ։ Հետո էլ հավաքված ծառերի քանակով տնկեցին նորերը։

JACK DANIEL’S-Ի ՏՈՆԱԾԱՌԸ

Հիմա կմտածեք, որ Jack Daniel's-ը վիսկիի շշերից պատրաստված տոնածառ է ներկայացրել, բայց նրանք ավելի օրիգինալ են գտնվել։ Տոնածառ են պատրաստել վիսկիի տակառներից։ Jack Daniel's-ի գլխավոր արտադրամասը գտնվում է Թենեսի նահանգի Լինչբուրգ փոքր քաղաքում ու հենց այնտեղ էլ որոշել են խորհրդանշական կերպով հարգանքի տուրք մատուցել ապրանքանիշին՝ միաժամանակ ավելացնելով տոնական շունչը։

HEINEKEN-Ի ԾԱՌԸ

Heineken-ն էլ տոնածառ է պատրաստել իր գարեջրի կանաչ շշերով։ 1000 շիշ՝ ստեղծարար ու կայուն զարգացմանը նպաստող տոնածառ ստեղծելու համար։ Heineken-ի «երկրպագուներն» էլ ոգեշնչվել են այս գաղափարից ու իրենք էլ տանն են նույն ծառից պատրաստել։ Կախված, թե որքան են խմել՝ ծառի մեծությունը փոխվում էր։

ԱՐՎԵՍՏՆ ՈՒ ՏՈՆԱԾԱՌԸ

Կան նաև տոնածառեր, որոնք արվեստի գործ են դառնում ու արվեստագետների լավագույն արտահայտչամիջոցն են։ Լոնդոնում օրինակ բրիտանացի նկարիչը ստեղծել էր տոնածառ, որի վրա բանաստեղծություններ էին գրված՝ հենց նկարչի ձեռագրով։

Մեկ այլ դիզայներ էլ երգող տոնածառ էր ստեղծել։ Աուդիո-վիզուալ երգերը օգտագործում են ձայնային ալգորիթմների միջոցով զարգացած 19-րդ դարի պոեզիայի 25 միլիոն բառ։ Ավելին, յուրաքանչյուր մարդ կարող է ավելացնել սեփական բառը ծառի վրա, իսկ մարդկանց ու սինթեզված ձայների երգչախումբը ուղեկցում է երգերին։

Մարդկանցից, իսկ ավելի հստակ՝ երգչախմբից կազմված տոնածառ էլ ստեղծել են Միչիգանում։ Երգող տոնածառ՝ բառի ուղիղ իմաստով։

ՏՈՆԱԾԱՌ՝ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԻՐԵՐԻՑ

Փաստորեն, տոնածառ կարելի է ստեղծել ինչից կամենաք։

Գերմանիայում որոշել են օգտագործել հին ավտոմեքենաները, ու տեխնիկա գործի դնելով ավտոմեքենաների ծառ են ստացել։

Էստոնիայում էլ որոշել են, որ «ավելորդ» պատուհաններ ունեն ու 2015 թվականին գլխավոր հրապարակներց մեկում տոնածառ֊ինստալացիա են տեղադրել՝ հին ու անպետք պատուհաններից։ Արդյունքում տոնածառը 12 մետր բարձրություն ուներ, օգտագործված 121 պատուհաններն էլ լուսավորվում էին տարբեր գույներով։

Հունգարիան ստեղծարարության հարցում արժանի մրցակից է։ 2014-ին հենց Բուդապեշտի կենտրոնական հրապարակում էին ծառի գերաններից պատրաստված տոնածառ դրել։ Օգտագործել էին 15 տոննա գերան ու ստացել 11 մետրանոց տոնածառ։ Անգամ հնարավոր էր մտնել տոնածառի մեջ ու լռության մեջ մի պահ կտրվել տոնական քաոսից։

Գերաններով տոնածառից մեկ տարի առաջ էլ՝ 2013֊ին, հունգարացիները սահնակներով տոնածառ էին պատրաստել։ 365 սահնակները խորհրդանշում էին տարվա 365 օրերը, իսկ ծառի բարձրությունը կրկին 11 մետր էր։ Տոների ավարտից հետո բոլոր սահնակները փոխանցվել էին տեղի մանկական բարեգործական կազմակերպություններից մեկին։

ՆՎԻՐԱԾ ՁԻՈՒ ԱՏԱՄՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՇՎՈՒՄ

Տոնածառն առաջին հերթին գեղեցիկ ավանդույթների մասին է, իսկ երբ սրան գումարվում է նաև դիմացինին շնորհակալություն հայտնելու ու նվեր անելու հաճելի երևույթները՝ ստանում ենք բարի ու իրականության մեջ քիչ հանդիպող մի բան։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝  1947 թվականից սկսած, Նորվեգիան Մեծ Բրիտանիային տոնածառ է նվիրում՝ ի նշան երախտագիտության։ Երկրորդ աշխարհամարտտի ընթացքում Մեծ Բրիտանիան Նորվեգիայի ամենամոտ դաշնակիցն էր ու այս փաստը նորվեգացիները հիշում են մինչև այսօր։ Ու մինչև օրս էլ ամեն տարի դեկտեմբերի առաջին հինգշաբթի օրը Նորվեգիայից ուղարկված տոնածառը հասնում է Լոնդոն։ Առաջին ծառը բրիտանացիներին ուրախացրեց 1947-ին։

Բայց այս գեղեցիկ պատմությունը մի փոքր տգեղ ու մի քիչ էլ զվարճալի կողմ ունի։ Հատկապես վերջին տարիներին բրիտանացիներն առանձնապես հիացած չեն տոնածառի տեսքով ու այդ մասին արտահայտվում են սոցցանցերում։

2021 թվականի ծառը սոցցանցերում ծաղրի առարկա էր դարձել։ Օգտատերերից մեկն օրինակ գրել էր՝ «այս ծառը իմ կյանքի կատարյալ վիզուալ ներկայացումն է»։ Մեկ ուրիշն էլ հռետորական հարց էր տվել՝ «Մենք Նորվեգիայի հետ պատերազմի մե՞ջ ենք»:

Ամենաուշագրավն այն է, որ ծառը X հարթակում պաշտոնական էջ ունի ու արձագանքում էր այս մեկնաբանություններին։ Կորոնավիրուսի համավարակը «պատճառ բերելով» տոնածառը իր միկրոբլոգում գրել էր՝

«Ուզում եմ բոլորին տեղեկացնել, որ իմ ճյուղերի մի մասը ոչ թե պակասում են, այլ սոցիալական հեռավորություն են պահում»:

ՉՍՏԱՑՎԱԾ ՏՈՆ

Այս շարքն ավարտենք ընդամենը օրեր առաջ տեղի ունեցած մի արտառոց դեպքով։ Ադրբեջանում նախատեսված տոնը խափանվել է, երբ ուժգին քամիների պատճառով հենց միջոցառման ընթացքում Գյանջայում տոնածառն ընկել ու հավասարվել է գետնին։ Միջադեպը ֆիքսվել է տեսանյութում։

Անկախ տոնածառի առկայությունից, դրա չափերից, օգտագործված թանկ կամ անպետք իրերից, գլխավորն այն է, որ տոն լինի հոգում։ Իսկ տոնական հանգստյան օրերն օգտագործենք տոնածառի լույսերի ու կենացների արանքում մեր ապրածը վերաարժևորելու, շնորհակալ լինելու ու մեծ նպատակներ կազմելու համար։ Շնորհավոր Ամանոր։


✍️ Նանե Մանուկյան / PAN