#իվենթաPAN
November 16, 2023

Bitter Sweet դատեր, միլիոններ արժեցող երգեր ու կարիերա արժեցող մեղադրանքներ. Երաժիշտների՝ չափից շատ «ոգեշնչվելու» գինը

Երաժշտությունն էմոցիա է, ու անկախ ժանրից՝ միշտ գտնում է իր ունկնդրին։ Իսկ մարդիկ էլ՝ անկախ սեռից, տարիքից ու ցանկացած այլ բնորոշումից, միշտ հանգստություն են գտնում երաժշտության միջոցով, կամ ուրախությունն ու տխրությունն են արտահայտում։ Մի խոսքով՝ ցանկացած տրամադրության, եղանակի ու բնավորության համար հարմար մի բան միշտ գտնում ենք։ Բայց հաճախ լինում են դեպքեր, որ մեր սիրելի երաժշտությունն ու արտիստները «կեղտոտ խաղերի» մեջ են հայտնվում, հատկապես, երբ խոսքը վերաբերում է հեղինակային իրավունքին։

Երաժշտական ոլորտը հսկայական է ու ամեն տեղ տարբեր է, բայց մի նմանություն հաստատ կա. Ցանկացած երկրում, երաժշտական ցանկացած ոլորտում պատմության ընթացքում միշտ էլ եղել են հեղինակային իրավունքների խախտման, մեկը մյուսի երաժշտությունը կամ բառերը «գողանալու» մեղադրանքներ։ Ու հաճախ այս մեղադրանքները շատ տեղին են եղել։

Սիրելի արտիստից ոգեշնչվելով երաժշտություն ստեղծելու և դատարանում հեղինակային իրավունքի խախտման մեջ մեղադրվելու գլխավոր տարբերությունը, վստահաբար, այն մի քանի միլիոն դոլարն է, որ երաժիշտը ստիպված կլինի վճարել, եթե չափից շատ «ոգեշնչվի»։ PAN-ն առանձնացրել է մի քանի հնչեղ դեպք, որտեղ սկանդալի կենտրոնում համաշխարհային համբավ ունեցող արտիստներ են։

BITTER SWEET SYMPHONY

Եթե բրիտանական The Verve խմբի Bitter Sweet Symphony-ին ձեզ մոտ քաղցր հուշեր է արթնացնում, ապա խմբի մենակատարի մոտ այս երգի հետ կապված դառը հուշերը վստահաբար ավելի շատ են։ Բրիտանական ռոք խումբը երգը թողարկեց 1997 թվականին ու միանգամից մեծ հաջողություն գրանցեց։ Բայց միայն հաջորդող տասնյակ տարիներին կատարվածը մեծ հարց առաջացրեց՝ արդյոք այդ հաջողության համար արժեր նման թանկ գին վճարել։

Bitter Sweet Symphony երգում ծանոթ հնչյուններ կգտնեք, իսկ ավելի կոնկրետ, այն ձեզ գուցե հիշեցնի The Rolling Stones խմբի 1965 թվականի The Last Time երգը։ Իրականում հստակ պայմանավորվածություն կար։ Ի սկզբանե  The Verve խումբը պայմանավորվել էր երգից վերցնել  5 նոտայից բաղկացած սեմփլ և օգտագործել իրենց ստեղծագործության մեջ։ Ավելի ուշ The Rolling Stones֊ի նախկին մենեջեր Ալեն Քլեյնը հայտարարեց, որ ռոք խումբը խախտել է պայմանագիրը և շատ ավելի երկար հարմոնիա է օգտագործել երգում, քան պայմանավորվել էին։

Դատական քաշքշուկները տարիներ տևեցին և դատական վեճի արդյունքում ստեղծագործության հեղինակներ ճանաչվեցին Ռիչարդ Էշքրոֆթը, Միք Ջագերը և Քիտ Ռիչարդսը։ Չափազանցություն չի լինի ասել, որ Ռիչարդ Էշքրոֆթը 4 վայրկյան տևողությամբ սեմփլի համար 22 տարի դատական գործընթացներով անցավ։

Իրավիճակը, կարծես, վերջնականապես հանգուցալուծվեց, երբ մրցանակաբաշխություններից մեկի ժամանակ Էշքրոֆթը անակնկալ կերպով հայտարարեց, որ Միք Ջագերն ու Քիտ Ռիչարդսը երգի ամբողջ հեղինակային իրավունքները թողել են Էշքրոֆթին։ Էշքրոֆթն էլ իր հերթին այս քայլը «մեծահոգի ժեստ» անվանեց։

THE BLURRED LINES

Ռոբին Թիքի և Ֆարել Ուիլյամսի The Blurred Lines երգի դեպքն անսովոր էր անգամ հեղինակային իրավունքների խախտման դեպքերում ամեն ինչ տեսած դատարանի համար։ Հանգուցյալ Մարվին Գեյի ընտանիքը չէր մեղադրում նրանց բառերի կամ էլ երաժշտության «գրագողության» մեջ: Նրանց պնդումն այն էր, որ բոլոր ժամանակների ամենաշատ վաճառվող սինգլներից մեկը կրկնօրինակել է Գեյի՝ 1977 թվականի Got to Give It Up դիսկո հիթի ոճը։

Երաժշտական ինդուստրիան շունչը պահած էր հետևում այս դեպքին, որովհետև վճիռը կարող էր նոր նախադեպ ստեղծել հեղինակային իրավունքի հետ կապված դատավարությունների համար։ Եվ իրականում հենց այդպես էլ եղավ։ 2018 թվականին կայացված վճռի համաձայն երգի հեղինակները Մարվին Գեյի ընտանիքին պարտավորվեցին վճարել 5 միլիոն դոլար և երգից ստացվող շահույթի 50%֊ը։

Այս դեպքն այնքան տպավորիչ էր, որ անգամ դատավորն ընդգծեց, որ դատավճիռը Մարվին Գեյի ընտանիքին թույլ է տվել անել այն, ինչ նախկինում ոչ ոք չի արել. Հեղինակային իրավունք է տրվել երաժշտական ոճին։ Սա իսկապես նախադեպային վճիռ դարձավ ու նաև ստիպեց որոշ արտիստների ավելի զգույշ լինել, չափից շատ «չոգեշնչվել», ոգեշնչվելու դեպքում էլ պատշաճ կերպով պահպանել հեղինակային իրավունքը։

ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՈՒԵՍԹԸ

Քանյե Ուեսթի անվան շուրջ այնքան սկանդալներ կան, որ հեղինակային իրավունքի շուջ վեճերը ոչ այնքան հետաքրքիր են թվում։ Ամեն դեպքում, այս վեճերից գոնե մեկն առանձնացնել պետք է։

Դիջեյ Մարշալ Ջեֆերսոնը դատի տվեց Քանյե Ուեսթին՝ հեղինակային իրավունքի խախտման համար։ Ջեֆերսոնը Ուեսթին մեղադրում էր իր Move Your Body երգից մի հատված Donda 2 ալբոմի Flowers երգում օգտագործելու համար։

Ջեֆերսոնը Քանյեին երեսպաշտ էր անվանում ու պնդում, որ երաժիշտների իրավունքների մասին բարձրաձայնող ու պաշտպան ներկայացող Ուեսթը խախտել է իր երգի հեղինակային իրավունքները։ Ուեսթի երգում տվյալ հատվածը կրկնվում էր 22 անգամ։ Դատավճռի մանրամասները չհրապարակվեցին, բայց հայցը սկզբունքորեն բավարարվեց։

ԲՈԲ ԴԻԼԱՆԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ

Վերջերս շատ են նաև դեպքերը, երբ երգիչները որոշում են խուսափել ավելորդ գլխացավանքից ու վաճառում են իրենց երգերի հեղինակային իրավունքը։ Օրինակ Բոբ Դիլանը իր բոլոր երգերի իրավունքները վաճառեց Universal Music Group-ն։ Ընկերությունը ստացավ երաժշտի բոլոր ձայնագրությունների իրավունքները՝ սկսած 1962 թվականից։

60 տարվա կարիերա, 600֊ից ավելի ստեղծագործություն։ Որոշ տվյալներով այս գործարքի համար Դիլանը ստացել է ավելի քան 300 միլիոն դոլար։ Սա Universal Music Group-ի պատմության ամենամեծ գործարքներից մեկն էր։ Բոբ Դիլանի երկրպագուների համար սա ոչնիչ չի փոխում։ Նրա երաժշտությունը նախկինի պես հասանելի է սթրիմինգային կայքերում և այլ տեղերում։ Սակայն հակառակ կողմում գումարն արդեն հոսում է այլ ուղղությամբ:

Որոշ ժամանակ անց Դիլանը վաճառեց նաև ձայնագրությունների կատալոգը, այս անգամ՝ Sony Music Entertainment֊ին։ Այս գործարքի արժեքն էլ տատանվում է 150-200 միլիոն դոլարի սահմաններում։

DESPACITO

Տարիներ առաջ Despacito-ն կարելի էր լսել մեքենաներից մինչև փաբեր ու մեծ բեմեր։ Ու որքան հայտնի և շահութաբեր է երգը, այնքան ավելի շատ աչքեր կան դրան ուղղված։ Այս երգը դատարան մտավ մի քանի գործով, բայց ամենահետաքրքիրը երաժիշտ Նյուտոն Կորտեսի հայցն էր։ Նա  երգի հեղինակներ Լուիս Ֆոնսիի, Դեդի Յանքիի, Էրիկ Էնդերի և Universal Music Group ընկերության դեմ հայց ներկայացրեց, պնդելով, որ վերջիններս խախտել են իր հեղինակային իրավունքները։

Երաժիշտը պնդում էր, թե 2017 թվականին ստեղծված Despacito երգի բառերը նման են 2006 թվականին թողարկված իր երգերից մեկի խոսքերին։ Նրա խոսքով՝ երգում մի քանի նմանատիպ բառեր ու արտահայտություններ էին հնչել։ Որպես փոխհատուցում Կորտեսը պահանջում էր մի քանի հարյուր հազար դոլար ու երգից ստացված հոնորարի 20 տոկոսը։

Փորձաքննության ընթացքում երկու երգերի միջև էական նմանություններ չեն հայտնաբերվել։ Արդյունքում դատարանը մերժեց դիմումն ու փակեց գործը։

THE BEATLES-Ն ՈՒ ՓՈԼ ՄՔՔԱՐԹՆԻՆ

Մքքարթնիի 1962-ից մինչև 1971 թվականն ընկած ժամանակահատվածում Ջոն Լենոնի հետ համահեղինակությամբ գրված երգերի իրավունքները 1980-ական թվականներին գնել էր Մայքլ Ջեքսոնը ու հետո դրանց կեսը վաճառել Sony/ATV ընկերությանը։ Ջեքսոնի մահից հետո բոլոր երգերի իրավունքներն անցան Sony-ին:

Ու միայն տարիներ անց Փոլ Մաքքարթնին որոշեց դատի տալ ընկերությունը և հետ ստանալ իր երգերի հեղինակային իրավունքները։ Իրականում սա Մաքքարթնիի և նրա իրավաբանական թիմի կողմից մանրամասն մտածված ու խելացի քայլ էր։ Նրանք հաշվի էին առել օրենքի այն կետը, ըստ որի հեղինակներն իրավունք ունեն վերականգնել մինչև 1978 թվականի հունվարի 1-ը գրված իրենց ստեղծագործությունների հեղինակային իրավունքները՝ իրավունքի գրանցումից 56-61 տարի անց։

Այս գործը բավականին արագ հանգուցալուծվեց։ Sony-ն օրենքները շատ լավ գիտեր ու տպավորություն էր, որ ընկերությունը չի ուզում ավելորդ անգամ դատական անիմաստ քաշքշուկների մեջ ընկնել։

ՎԱՃԱՌԵԼՈՎ ՍԵՓԱԿԱՆ ԵՐԳԵՐԸ

Վերադառնալով առուծախին։ Վերջին տարիներին սեփական երգերը վաճառելու թրենդը կարծես շարունակվում է։ Ընդամենը ամիսներ առաջ  Քեթի Փերին 225 միլիոն դոլարով վաճառեց իր երաժշտության հեղինակային իրավունքները Litmus Music-ին, իսկ գործարքի արդյունքում նրա կարողությունը հասավ 340 միլիոն դոլարի։

Քեթի Փերին վաճառել է 2008-2020 թվականներին թողարկված ձայնագրությունների և հինգ ալբոմների՝ One Of The Boys, Teenage Dream, PRISM, Witness և Smile հեղինակային իրավունքները։ Litmus Music-ը հիմնադրվել է 2022 թվականին, իսկ առաջին մեծ գործարքը կնքել է Քիթ Ուրբանի հետ։

Մահից ընդամենը մեկ տարի առաջ իր երգերի իրավունքները վաճառեց նաև լեգենդար երգչուհի Թինա Թերները։ Գնորդը ամերիկյան BMG երաժշտական ընկերությունն էր։

Գործարքի պաշտոնական արժեքը հայտնի չէ, բայց լրատվամիջոցների տվյալով խոսքը շուրջ 50 միլիոն դոլարի մասին է։ Երգչուհին այս գործարքից բավականին գոհ էր ու հայտարարում էր, որ իր երգերն այժմ հուսալի ձեռքերում են։

Այս շարքում բավականին հաջող գործարքի օրինակ է նաև Ջասթին Բիբերի և  բրիտանական Hipgnosis Songs Capital ընկերության միջև կնքված պայմանագիրը։ Գործարքը կազմել է մոտ 200 միլիոն դոլար, ինչի արդյունքում Բիբերը մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը թողարկված իր բոլոր ստեղծագործությունների  հեղինակային իրավունքի 100%-ը փոխանցում է ընկերությանը։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԿԱ՞

Հայաստանում ոլորտային կարգավորումները մեղմ ասած տխուր վիճակում են։ Իրավական կարգավորումներ, օրենսդրական ամրագրումներ, իհարկե, կան, բայց դրանց հիման վրա գրանցված հստակ նախադեպերը կարելի է ասել բացակայում են։ Այս թեմայով տարբեր առիթներով հարցազրույցներ տված արտիստներն ասում են, որ մարդիկ սովորել են, որ մեկը մյուսի երաժշտությունն այս կամ այն կերպ օգտագործելը մեծ հաշվով մեծ հետևանքներ չի թողնում, իսկ դատական քաշքշուկների մեջ ընկնելը որևէ մեկին ձեռնտու չէ։

ՀՀ-ում ոլորտը կարգավորվում է «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքով։ ՀՀ օրենսդրության համաձայն, Հայաստանում հեղինակների ստեղծագործություններն օգտագործելու թույլտվություն ստանալու համար ընկերությունը պարտավոր է լիցենզային պայմանագիր կնքել «ՀԱՅՀԵՂԻՆԱԿ» կազմակերպության հետ, իսկ հետո կատարել  վճարումներ ստեղծագործություններն օգտագործելու համար:

ՀԱՅՀԵՂԻՆԱԿ֊ը հեղինակային և հարակից իրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարող հասարակական կազմակերպություն է։ Ստեղծվել է 2001 թվականին։ Հայաստանում հեղինակային իրավունքի մասին մանրամասներ կարելի է գտնել այս կազմակերպության կայքէջում։


✍️ Նանե Մանուկյան / PAN