#իվենթաPAN
February 8

Կինոյի լքված տղան, անօգնական ծերությունն ու հայցվորները, որ մեղադրյալ են. Դելոնները՝ ընդդեմ Դելոնի

Ֆրանսիական կինոյի ոսկե դարաշրջանի վերջին գերաստղ Ալեն Դելոնը կրկին ֆրանսիական ու համաշխարհային մամուլի առաջին էջերում է։ Բայց այս անգամ պատճառը ո՛չ նոր ֆիլմն է, ո՛չ էլ նոր ամուսնությունը։

Ժամանակին Դելոնը կինոյի տղան էր, ամենագեղեցիկ տղամարդը, որին սիրահարված էին բոլոր աղջիկները։ Բայց այդ ժամանակները վաղուց անցել են։ Հիմա 88-ամյա դերասանը ծեր է, հիվանդ ու անօգնական։ Ու որ ամենադաժանն է՝ լքված սեփական երեխաների կողմից։

Գլխավոր դերում Դելոնի վերջին դերակատարությունը ողբերգություն ժանրում է, ֆիլմն էլ կոչվում է «սեփական ընտանիքի փլուզումը»։


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


Ինչո՞ւ են դերասանի երեխաները դատարանին խառնել իրենց ընտանեկան հարցերին, ի՞նչ հարաբերություններ ունեն Դելոնները և ինչո՞ւ դերասանի ու նրա զավակների հարաբերություններն ի սկզբանե ճիշտ հունով չէին գնացել։

ԿԻՆՈԱՍՏՂԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ՝ ՓԱՌՔԻՑ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐ

Դելոնը 1960-1980-ականների սեքս խորհրդանիշ էր։ 23 տարեկանում արդեն մեծ փառք ու ճանաչում ուներ։ Նրան համեմատում էին ժամանակաշրջանի լավագույն դերասանների հետ։ Անվանում էին «1960 թվականի Ժյուլյեն Սորել» և «Ժերար Ֆիլիպի արժանի հետնորդ»։ Նրան անգամ կոչում էին «Բրիժիտ Բարդոյի տղամարդ տեսակ»։

1960 թվականին  «Վառ արևի տակ» ֆիլմի համաշխարհային վարձույթի դուրս գալուց հետո Դելոնի ճանաչումն դուրս եկավ Ֆրանսիայի սահմաններից ու նա դարձավ համաշխարհային փառք վայելող դերասան։

Ի դեպ, Դելոնի փառքի մասին պատմող գրեթե բոլոր հոդվածներում առանձին կետով նշվում է, որ սովետական երկրներում դերասանը երկրպագուհիների ամենահավատարիմ բանակն ուներ։ Նրա անունն արդեն մարդկանց առօրյա խոսույթ էր մտել, իսկ տղաների հանդեպ աղջիկների պահանջները տասնապատկվել էին, որովհետև «դու հո Ալեն Դելոնը չես, որ քեզ սիրեմ»։

Ու թվում էր, թե նման սեր վայելող արտիստը մինչև կյանքի վերջը սիրո, ջերմության ու ուշադրության պակաս չի ունենա։ Բայց սա միայն թվում էր։ Արդեն 20 տարի է Ալեն Դելոնն իր գրեթե բոլոր հարցազրույցներում լրագրողներին ասում է, որ հոգնել է կյանքից ու ինքն իրենից։ Հոգնել է մենությունից, հիվանդությունից, հիշողություններից։ 2019-ին Կաննի կինոփառատոնի բեմից Դելոնն ասաց՝ «Ամեն ինչ անցյալում է, ամեն ինչ ավարտված է»։

Դելոնն այս խոսքերն ասում էր համաշխարհային կինեմատոգրաֆիայում իր վաստակի համար «Ոսկե արմավենու ճյուղը» ստանալիս։ Մրցանակն ուշացած էր ու Դելոնը սա լավ գիտեր։

«Երկար ժամանակ կասկածում էի՝ արդյոք պե՞տք է ժյուրիից ընդունել պատվավոր «արմավենու ճյուղը»։ Ի վերջո որոշեցի ընդունել՝ այդպիսով արժանին մատուցելով այն ռեժիսորներին, որոնց հետ աշխատել եմ»:

Տեսախցիկի առաջ ոչ ոք այնքան հաճախ ու այնքան համոզիչ չէր մահանում, որքան Դելոնը։ Այսօր նրա կյանքում ծավալվող իրադարձությունների ֆոնին չար լեզուները կատակում են, թե Դելոնը մոռացել է, թե ինչպես է պետք մեռնել։

ԵՐԵԽԱՆԵՐԸ՝ ԸՆԴԴԵՄ ՀՈՐ. ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՇԱՀ

Ալեն Դելոնը երեք երեխա ունի երկու կանանցից։ Նատալի Դելոնի հետ ամուսնությունից ծնվել է Էնթոնին, որն այժմ 59 տարեկան է, իսկ Ռոզալի վան Բրեմենի հետ հարաբերությունների ընթացքում զույգը մեկ աղջիկ և մեկ տղա է ունեցել։ Աղջիկը՝ Անուշկան, հիմա 33 տարեկան է, տղան՝ Ալեն-Ֆաբիենը՝ 29:

Վերջին տարիներին այս ընտանիքում բոլորը բոլորի դեմ են դուրս եկել, բոլորը բոլորին դատի են տալիս ու մեղադրանքներ ձոնում հեռուստաեթերներից։

Այս պահի դրությամբ այս ամենի գլխավոր հանգուցալուծումը դարձավ այն, որ Ֆրանսիայի դատարանը որոշեց Ալեն Դելոնին մասամբ անգործունակ ճանաչել և նրա համար խնամակալ նշանակել։ Արդյունքում Դելոնը նախկինի պես կկարողանա կառավարել իր առօրյա կյանքը, բայց չի կարող ինքնուրույն կայացնել կարևոր որոշումները, օրինակ՝ անշարժ գույքի վաճառքը կամ նվիրատվություններ անելը։ Սրա համար պատասխանատու է դատարանի կողմից հատուկ նշանակված ներկայացուցիչը, որը պետք է վերահսկի Դելոնի ֆինանսական ու որոշ դեպքերում անգամ անձնական հարցերը։

Այս տգեղ իրավական պատմության գլխավոր հերոսները հենց Դելոնի երեխաներն են։ Նրանք մեկ տարուց ավելի է հրապարակավ պայքարում են հոր առողջության, ասել է թե՝ ժառանգության համար։

Բայց ամեն ինչ սրանով չի ավարտվում։ Դերասանի երեխաները նաև իրար դեմ են դատական հայցեր ներկայացնում։ Վերջին ամիսներին նրանք հանրայնորեն փոխադարձ պահանջներ ու վիրավորանքներ են փոխանցում իրար, հրապարակում գաղտնի ձայնագրված խոսակցություններ ու սպառնում դատական գործընթացներով։

Այս տարվա հունվարի սկզբին Էնթոնի Դելոնը մեծ հարցազրույց տվեց Paris Match ամսագրին ու գրեթե ուղիղ տեքստով ասեց, որ հայրը ծայրահեղ ծանր վիճակում է ու սա գուցե վերջին Սուրբ Ծնունդն էր, որ միասին անցկացրին։

«Նա թույլ է, հոգնել է։ Շատ չի խոսում, նյարդայնանում է, երբ խնդրում ենք կրկնել ասածը, որովհետև նրա խոսքն այլևս պարզ ու ընկալելի չէ»:

Հենց այս հարցազրույցում էլ Էնթոնին ակնարկում է, որ իրենց քույրը՝ Անուշկան, տարիներ շարունակ եղբայրներից թաքցրել է հոր առողջական խնդիրները։ Էնթոնիի վարկածի համաձայն քրոջը փողից բացի ոչինչ չի հետաքրքրում։ Եղբայրները պնդում են, որ Անուշկան իրենց չի տեղեկացրել, որ 2019-2022 թվականներին դերասանը հինգ կոգնիտիվ թեստ է հանձնել Շվեյցարիայի կլինիկայում եւ չի կարողացել անցնել դրանցից որևէ մեկը:

Այս հարցազրույցից մեկ օր անց Անուշկան դատական հայց է ներկայացրել Էնթոնիի դեմ։ Ավագ եղբայրն էլ՝ հետևելով ընտանեկան «բարի ավանդույթին», աջակցություն է ստացել կրտսեր եղբորից ու պատասխան դատական հայց է ներկայացրել քրոջ դեմ։ Փաստաբանների միջոցով մեղադրանքների փոխանակումն էլ ուղեկցվել է սոցցանցերում վիրավորանքների փոխանակմամբ։

Հատկապես ուշագրավ է Ալեն-Ֆաբիենի գրառումը։ Դելոնի կրտսեր որդին իր Instagram-ում հրապարակել է Անուշկայի զրույցի ձայնագրությունը հոր հետ։ Ձայնագրության մեջ Անուշկան բղավում է հոր վրա և հարցնում, թե ինչու է նա թույլ տալիս, որ իրենց հարաբերությունները քանդվեն։

Ի դեպ, հստակ չէ՝ պատճառն այս ձայնագրության մեջ լսվող խոսակցությունն է, թե՝ ոչ, բայց Ալեն Դելոնը ևս որոշել է դատի տալ ավագ որդուն՝ իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորող կեղծ տեղեկություններ տարածելու համար։ Ավելին, դերասանի փաստաբանը հայտարարել է, որ Ալեն Դելոնը «ցնցված է որդու՝ Էնթոնիի կողմից կազմակերպված այս մեդիա գրոհից ու այլևս տանել չի կարողանում որդու ընդգծված ագրեսիվությունը։»

Հիմա ամենահետաքրքիրը։ Ալեն Դելոնի կարողությունը գերազանցում է 240 միլիոն եվրոն։ Տարեսկզբին հանրությանը հասանելի դարձած Դելոնի կտակի համաձայն ժառանգության ուղիղ կեսը ստանալու է Դելոնի ամենասիրելի երեխան՝ Անուշկան, իսկ երկրորդ կեսը հավասարապես կիսվելու է նրա որդիների միջև։

Սա կարծես միանգամից բացատրում է բոլոր երեխաների շահերն ու քայլերը։ Ի դեպ, եղբայրների նախաձեռնած հերթական բուժզննումից ու դատարանի որոշումից հետո նրանք հնարավորություն ունեն օրինական կերպով ապացուցելու, որ գոյություն ունեցող կտակը գրվել է հոգեկան և մտավոր ոչ կայուն վիճակում։

ՆԱԽՈՐԴՈՂ ՍԿԱՆԴԱԼՆԵՐԸ

Ինչպես կարելի էր ենթադրել, սա ընտանեկան առաջին սկանդալը չէ։ 2023 թվականին ևս Դելոնների անունը հաճախ էր հնչում։ Այս անգամ մի տարբերությամբ։ Երեք երեխաները ոչ թե իրար դեմ էին, այլ նույն ճամբարից, որովհետև ընդհանուր հակառակորդ ունեին։

Այդ հակառակորդի անունը Հիրոմի Ռոլեն է։ Նա Դելոնի երկարամյա օգնականը, խնամողն ու սիրելին էր։ Դերասանի աղջիկն ու տղաները համատեղ ուժերով «դուրս շպրտեցին» կնոջը իրենց հայրական տնից ու հոր կյանքից։ Նրանց պնդմամբ Հիրոմին ամեն կերպ խանգարում էր հոր հետ իրենց շփմանը, նաև իշխում էր հորը, որը դեռ չէր ապաքինվել 2019 թվականին ստացած կաթվածից։

Ավելին, Դելոնների եռյակը դատի է տվել կնոջը՝ մեղադրելով նրան Ալեն Դելոնի և նրա բազմաթիվ շների հանդեպ վատ վերաբերմունքի և բռնության մեջ։ Սրան, անշուշտ, հետևեց փոխադարձ դատական հայցը։ Այսպիսով՝ հայցվորները նաև մեղադրյալներ էին։ Հիրոմին Դելոնի երեխաներին մեղադրում էր «դիտավորյալ սպանության փորձի» մեջ։ Նրա պնդմամբ իրեն չեզոքացնելուց հետո դերասանի երեխաները որոշել են դադարեցնել նրա բուժումը՝ «հասկանալով, որ դա կարագացնի իրենց հոր մահը»։ Արդյունքում երկու հայցերն էլ չեն բավարարվել։

ԻՍԿ Ի՞ՆՉ Է ՊԱՏՄՈՒՄ ԱՆՑՅԱԼԸ

Դելոնների տոհմում հայրերի և երեխաների հարաբերությունները երբեք էլ օրինակելի չեն եղել։ Ալեն Դելոնի ծնողներն օրինակ, բաժանվել են դերասանի ծնվելուց շատ չանցած, իսկ հետո երկուսն էլ դասավորել են իրենց կյանքն այնպես, որ այնտեղ Ալենի համար տեղ չկար։ Արդյունքում Դելոնն իր մանկության և պատանեկության մեծ մասն անցկացրել է տարբեր խնամատար ընտանիքներում։

Ժամանակը ցույց տվեց, որ այս փորձը դերասանին ոչ թե օգնեց, այլ խանգարեց ավելի լավ ծնող լինել։ Որոշ դեպքերում անգամ պատմությունը կրկնվեց։ Առաջին որդին՝ Էնթոնին, ևս ստիպված էր շատ հաճախ առանց հոր ներկայության մեծանալ, որովհետև ծնողները բաժանված էին, իսկ հայրիկը զբաղված էր կարիերայով։

Էնթոնին հոր մասնագիտական ճանապարհը չշարունակեց ու որոշեց ուժերը փորձել բիզնեսում։ 1980-ականներին նա սկսեց արտադրել նորաձև կաշվե բաճկոններ և ջինսեր՝ AD ապրանքանիշի ներքո:

Ալեն Դելոնը չէր ցանկանում, որ իր անունը կապվեր որդու բիզնեսի հետ, բայց առաջին հերթին փորձում էր պաշտպանել սեփական բիզնես կայսրության և Alain Delon ապրանքանիշի շահերը։ Հետևաբար դատական հայց ներկայացրեց ու դատարանի միջոցով որդուն արգելեց օգտագործել AD սկզբնատառերը։ Ի դեպ, կան անգամ խոսակցություններ, որ Դելոնը որդուն վախեցրել է նաև մաֆիայի շրջանում իր ծանոթների միջոցով։

Դելոնի կրտսեր երեխաները՝ Անուշկան և Ալեն-Ֆաբիենը, մեծացել են համեմատաբար հանգիստ միջավայրում։ Անուշկան վայելում էր հոր անմնացորդ սերը և փոքրուց էլ ակնհայտ էր, որ դուստրը Դելոնի ամենասիրելի երեխան է։

Ինչ վերաբերում է կրտսեր Դելոնին՝ նրա անցած ճանապարհն այնքան էլ միանշանակ չէ։ Ալեն-Ֆաբիենի հետ կապվող ամենաքննարկվող դեպքերից է Ժնևում հոր բնակարանում կազմակերպած խնջույքը, որի ընթացքում կրտսեր Դելոնը ատրճանակով կրակել ու ծանր վիրավորել է 16-ամյա մի աղջկա։ Տարիներ առաջ էլ Ալեն-Ֆաբիենը հրատարակեց իր ինքնակենսագրական վեպը, որտեղ պատմում է, թե որքան կոպիտ է եղել իր հայրը և թե հոգեբանորեն որքան ծանր է եղել հոր անտարբերությունն իր հանդեպ։

Բայց այսքանով հայր-Դելոնի վիճելի կենսագրությունը չի ավարտվում։ Պարզվում է, որ Դելոնն արտաամուսնական կապից ծնված տղա ուներ, որին այդպես էլ չընդունեց։ Ուներ՝ անցյալ ժամանակով, որովհետև Քրիստիան Աարոն Բուլոնը մահացել է անցած տարի՝ 60 տարեկանում։

Արիի մայրը մոդել և երգչուհի Քրիստա Պաֆֆգենն էր, որը ելույթ էր ունենում Նիկո կեղծանունով։ Ամբողջ կյանքը տղան անցկացրեց դատարաններում՝ փորձելով Դելոնին ստիպել ճանաչել հայրությունը, բայց դերասանն այդպես էլ հրաժարվեց ԴՆԹ թեստ հանձնել։ Առավելագույնը, որ Դելոնն արեց՝ Արիին ամսական չնչին գումար առաջարկելն էր, ինչին ապօրինի որդին պատասխանեց, որ «այդ գումարը չափազանց շատ է խաբեբայի համար ու չափազանց քիչ՝ իրական որդու համար»։

Դելոնի կյանքի պատմությունը հիշեցնում է մի հաճախ հնչող համընդհանուր ճշմարտություն՝ «արվեստը պահանջում է զոհողություն»։ Ֆրանսիական թերթերն ասում են, թե այս պատմության մեջ առկա են դասական ողբերգության բոլոր տարրերը՝ պատերազմող ընտանիք, փլուզվող տուն, որտեղ ոչ մի անգամ ծիծաղի ձայն չի հնչել։ Բայց առանցքայինը գլխավոր հերոսի տառապանքն է, որին հետապնդում են իր փոթորկոտ երիտասարդության «դևերը»։


✍️ Նանե Մանուկյան / PAN