#իվենթաPAN
February 15

Աշխարհում գործող վերջին թագուհին. Վրձինն ու ծխամորճը, Dior-ի մոդել արքայազնն ու սկանդալային թագաժառանգը

Թագավորական ընտանիք ասելիս միանգամից պատկերացնում ենք բրիտանական ընտանիքին, հիշում արքայադուստր Դիանային, վերհիշում Հարրիի ու Մեգանի հետ կապված սկանդալը ու վերջերս նաև՝ քննարկում Netflix-ի The Crown սերիալը։

Ու թեև բրիտանական ընտանիքն ամենաքննարկվող ու ազդեցիկ թագավորական ընտանիքն է, սկանդինավյան երկրները ևս հետ չեն մնում։ Ավելին, Դանիայի թագուհի Մարգրետե II՝ գահից հրաժարվելու հայտարարությունը տարվա սկզբից դարձել է ամենաանսպասելի ու քննարկվող թեմաներից մեկը։

PAN-ը մանրամասնում է, թե որն էր այս որոշման պաշտոնական պատճառը, ինչ ոչ պաշտոնական վարկածներ են շրջանառվում և ինչու դանիական թագավորական ընտանիքն իր շուրջ ստեղծված սկանդալներով հետ չի մնում բրիտանականից։


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


ԱՆՍՊԱՍԵԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Դանիայի թագուհի Մարգրետե II-ը գահից հրաժարվելու մասին անսպասելիորեն հայտարարեց իր ամանորի ուղերձում։ 83-ամյա թագուհին թագավորում էր 1972 թվականի հունվարի 14-ից և թագադրման ժամանակ ընդամենը 31 տարեկան էր։ Նա թագադրվեց հոր՝ թագավոր Ֆրեդերիկ IX-ի մահից հետո։ Թագուհին գահին հրաժեշտ տվեց հունվարի 14-ին, թագադրումից ուղիղ 52 տարի անց։

«Ես կթողնեմ գահն իմ որդուն՝ թագաժառանգ արքայազն Ֆրեդերիկին։ Հիմա ամենահարմար պահն է։ 2024 թվականի հունվարի 14-ին՝ 52 տարի անց այն բանից, երբ փոխարինեցի իմ սիրելի հորը, ես կհեռանամ Դանիայի թագուհու պաշտոնից»:

Եղիսաբեթ II թագուհու մահից հետո Եվրոպայի գործող միապետներից Դանիայի թագուհին ամենաերկար կառավարող միապետն էր, նա աշխարհի միակ գործող թագուհին էր։ Գահից հրաժարվելու իր այս որոշումով թագուհին խախտեց Դանիայի թագավորական ընտանիքի դարեր շարունակ գործող ավանդույթը, ըստ որի միապետը թագավորում է մինչև մահ։ Թագուհուց առաջ նման դեպք գրանցվել էր միայն մեկ անգամ՝ 1146 թվականին, երբ գահից հրաժարվել էր Էրիկ III թագավորը։

Պատճառների մասին խոսելիս թագուհին շատ մանրամասներ չի հայտնել։ Միայն պարզաբանել է, որ առողջական խնդիրների պատճառով է ստիպված հեռանալ։ Նախորդ տարվա տարեսկզբին թագուհին մեջքի ծանր վիրահատություն էր տարել։

Թագուհու խոսքով ժամանակն իր գործն արել է և իր առողջական վիճակը թույլ չի տալիս, որպեսզի կարողանա ստանձնել այնքան պարտականություններ, որքան նախկինում էր կարողանում։

Թագուհին շնորհակալություն է հայտնել հանրությանը այս տասնամյակների ընթացքում իրենց չափազանց ջերմ վերաբերմունքի և աջակցության համար, շնորհակալական խոսքեր է հայտնել նաև կառավարությանը և խորհրդարանին՝ համագործակցության համար։

Իր խոսքում թագուհին նաև հույս է հայտնել, որ նոր թագավորին և թագուհուն հանրությունը կդիմավորի նույնքան ջերմ ու կդրսևորի նույն վստահությունն ու նվիրվածությունը։ Իրականում կարելի է ասել,մ որ սա թագուհու գլխավոր ուղերձն էր, որովհետև որդու գահակալկության փաստը հանրության մոտ մեղմ ասած մեծ ոգևորություն չի առաջացրել։ Պատճառների մասին դեռ կխոսենք, հիմա միայն փաստենք, որ պլանավորածի պես թագավոր Ֆրեդերիկ X-ը գահ բարձրացավ հունվարի 14-ին։

Դանիայում թագադրման պաշտոնական արարողություն ըստ ավանդույթի նախատեսված չէ։ Փոխարենը Դանիայի կառավարության ղեկավարը Կոպենհագենի Քրիստիանսբորգ պալատի պատշգամբից հայտարարել է թագավորի գահ բարձրանալու մասին, իսկ Ֆրեդերիկ X-ն առաջին անգամ հայտնվել է հանրության առջև՝ որպես թագավոր։

Պաշտոնական այս հատվածը եզրափակենք նրանով, որ Մարգրետե II թագուհին տարիներ շարունակ իր հայտարարություններում և հարցազրույցներում պնդում էր, որ երբեք չի հրաժարվելու գահին։ 2012 թվականին՝ իր քառասունամյա իշխանության հոբելյանին նվիրված հարցազրույցում նա հայտարարել էր, որ ղեկավարելու է միապետությունը մինչև մահ, ինչպես դա արել են իր հայրն ու նախնիները։ 2016-ին տված մեկ այլ հարցազրույցի ժամանակ էլ ասել է, որ որդին թագավոր կդառնա միայն իր մահից հետո։

ՍԻՐԵԼԻ ԹԱԳՈՒՀԻՆ

Թագուհու հայտարարությունն այսչափ մեծ արձագանք ստացավ առաջին հերթին այն պատճառով, որ դանիացիները նրան իսկապես սիրում էին ու վստահ էին, որ թագուհին գահակալելու է մինչև մահ։ Իսկ նրա հանդեպ սերը մեկ կամ մի քանի տարիների արդյունք չէր։ Տասնամյակներ շարունակ իր վերաբերմունքով և քայլերով թագուհին ստացել է «մարդամոտ» կոչումը և իսկապես կարողանում էր լեզու գտնել մարդկանց հետ ու սիրում էր ժամանակ անցկացնել ինչպես սովորական քաղաքացի։

Թագուհին ծնվել է արմատներով Հյուսիսային Գերմանիայից Գլյուքսբուրգների թագավորական ընտանիքում։ Նա ժառանգորդ է դարձել 1953 թվականին, երբ սահմանադրական բարեփոխումից հետո կանայք գահը ժառանգելու իրավունք ստացան։ Այդպիսով Մարգրետե II թագուհին դարձավ առաջին կին միապետը Մարգարետ I-ի կառավարումից ի վեր։ Մարգարետ I-ը Կալմարյան միության օրոք 1375–1412 թվականներին ղեկավարել էր Սկանդինավյան երկրները։

Դանիայում թագուհին հայտնի է իր այպես ասենք՝ «անսովոր» նախասիրություններով։ Մինչեւ վերջերս էլ նա շատ էր ծխում ու կարողացել է ազատվել այս վատ սովորությունից միայն մեկ տարի առաջ՝ երբ առողջական վիճակը սկսեց վատանալ։

Ավելի երիտասարդ տարիքում թագուհին սիրում էր հեծանիվով շրջել Կոպենհագենի փողոցներում ու շփվել մարդկանց հետ։ Ժողովրդի հետ նրա մտերմությունը «ժառանգական» մի բան էր դարձել ու նրա որդիներն ու թոռները ևս մշտապես առանձնանում են քաղաքացիների հետ ջերմ շփման դրվագներով։

Թագուհին հինգ լեզու գիտի ու շատ լավ նկարում է։ Երիտասարդ տարիքում նա անգամ գրքեր էր նկարազարդում, այդ թվում՝ «Մատանիների տիրակալը» եռագրության դանիական հրատարակությունը։ Բացի այդ, նա թատրոնի և կինոյի  զգեստների դիզայներ էր: Երբեմն նաև սեփական հագուստի դիզայնով էր զբաղվում։ Օրինակ այս ծաղկավոր վերարկուի հեղինակը հենց ինքն է, ու այն անվանել է «ուրախ վերարկու»։

Երբ կարիք կար, թագուհին տարբերվում էր նաև իր հստակ ու կտրուկ որոշումներով ու այդ որոշումներն առաջին հերթին վերաբերում էին հենց թագավորական ընտանիքին։

ՆՈՐ ԹԱԳԱՎՈՐԻ ՇՈՒՐՋ ՍԿԱՆԴԱԼԸ

Դանիացիների մի մասը թագուհու՝ գահից հրաժարվելու որոշումը դասում են նրա կտրուկ որոշումների շարքին ու կարծում են, որ իրականում պատճառն ամենևին էլ առողջական խնդիրները չէին, այլ որդու՝ արդեն նոր թագավորի շուրջ վերջին շրջանում հասունացող սկանդալները։

Ֆրեդերիկ X սկանդալային էր դեռ 1990-ականներին՝ երիտասարդ տարիքում։ Նրան անվանում էին party prince ու «երիտասարդ ապստամբ»։ Նա սիրում էր մեքենաներ ու չէր սիրում լրատվամիջոցների ուշադրությունը։

Երիտասարդ «ապստամբը» 2004 թվականին ամուսնացավ  ավստրալիացի Մերի Էլիզաբեթ Դոնալդսոնի հետ ու կարծես քիչ֊քիչ վերադարձավ ընտանիք։ Մեկ տարի հետո զույգն ունեցավ առաջնեկին։ Արքայազն Քրիստիան Վալդեմեր Անրի Ջոնը դանիական գահի թագաժառանգն է, բայց ավագ որդուց բացի զույգը ևս երեք երեխա ունի։

Վերջին տարիներին Ֆրեդերիկ X-ը և կինը ակտիվ էին բնապահպանական խնդիրների, հանրային առողջության ու կանանց իրավունքների հարցերով ու կարծես հեռու էին սկանդալներից, բայց նախորդ տարի Ֆրեդերիկի անզգուշությունը մեծ սկանդալի առիթ դարձավ։ Ավելին, սա անգամ անվանում են թագավորական ընտանիքի պատմության ամենամեծ սկանդալներից մեկը։

Տարածվեցին գաղտնի արված լուսանկարներ, որտեղ Ֆրեդերիկը Մադրիդում էր մեքսիկական ծագմամբ Ժենևա Կազանովայի հետ։ Լուսանկարներից կարելի էր ենթադրել, որ զույգը ռոմանտիկ հարաբերությունների մեջ է ու սա միանգամից ցնցեց դանիացիներին։ Նրանք սոց. ցանցերում ամոթանքի խոսքեր էին գրում թագաժառանգի հասցեին ու հիացմունք արտահայտնում նրա կնոջ հանդեպ։

Կազանովան շտապեց հերքել թագաժառանգի հետ հարաբերությունների մասին լուրը։ Նրա պնդմամբ իրականում Ֆրեդերիկը պիտի հանդիպեր իրենց ընդհանուր ընկերներից մեկին, որի հետ Պիկասոյի ցուցադրությանը պիտի գնային, բայց վերջին պահին ընկերը վատ է զգացել։ Նրան փոխարինել է Կազանովան, որովհետև Պիկասոյի արվեստը «լավ է հասկանում»։ Այս թեմայով թագավորական ընտանիքը որևէ մեկնաբանություն չի տվել։

Հիմա թագավորական ընտանիքին մոտ կանգնած մարդիկ կարծում են, որ թագուհու որոշումը ուղիղ կապ ուներ այս դեպքի հետ։ Գահից հրաժարվելով նա փորձում էր փակել այս թեման ու թագավորական զույգին հնարավորություն տալ կենտրոնանալ իրենց նոր պարտականությունների վրա։

Թագավորական ընտանիքի կյանքը մշտապես լուսաբանող լրագրողներից մեկի կարծիքով՝

«Հնարավոր է, որ թագուհին դիմեց այս քայլին, որովհետև վախենում էր որդու ամուսնության փլուզումից և առաջին հերթին վախենում էր, որ թագավորական ընտանիքը կկորցնի Մերիին։ Թագուհին Մերիին միշտ դիտարկել է որպես հսկայական արժեք թագավորական ընտանիքի համար»:

ԱՐՔԱՅԱԶՆԻՑ՝ ՄՈԴԵԼ

Ինչպես զգուշացնում էինք ամենասկզբում, Դանիայի թագավորական ընտանիքի սկանդալները Հարրիի ու Մեգանի շուրջ ծավալվող պատմություններին չեն զիջում։ Թագավորի հետ կապված սկանդալը վերջինն ու ամենամեծն էր, բայց միակը չէր։

Ֆրեդերիկ X կրտսեր եղբայր ունի՝ Դանիայի արքայազն Յոահիմը։ Յոահիմն իր հերթին չորս երեխա ունի՝ երկու կանանցից։ Առաջին կնոջից ծնված որդիներն այնքան էլ ոգևորված չեն թագավորական ընտանիքի կազմում պարտականություններ կատարելուց ու սեփական հետաքրքրություններն ունեն։

Նիկոլայը և Ֆելիքսը աշխատում են որպես մոդելներ՝ նորաձևության ոլորտում։ Նիկոլայը թագավորական ավանդույթներից շեղվեց ու ռազմական ակադեմիան լքեց 2018 թվականին։ Հենց այդ ժամանակ էլ իրեն ամբողջությամբ նվիրեց մոդելային կարիերային։ Նույն տարում պայմանագիր ստորագրեց դանիական Scoop Models մոդելային գործակալության հետ և սկսեց մասնակցել Burberry-ի և Dior-ի ցուցադրություններին։ Թագուհու թոռը հայտնվել է Vogue ամսագրի սկանդինավյան հրատարակության շապիկին և մեկնել Փարիզի նորաձևության շաբաթին։

Նրա կրտսեր եղբայր Ֆելիքսը գնաց եղբոր հետքերով։ Նա նույնպես ընդունվեց ռազմական ակադեմիա, բայց կարճ ժամանակ անց թողեց ուսումը և 2023 թվականի փետրվարին նկարահանվեց դանիական Georg Jensen ապրանքանիշի գովազդային արշավում:

Ծնողները որդիների այս որոշմանը դեմ չեն եղել, ավելին՝ աջակցել են նրանց անել այն, ինչն իրենց իսկապես հետաքրքրում է։ Թագուհին ևս կողմ էր, որ թոռնիկները որոշեն սեփական ճակատագիրը, բայց 2022-ին կայացրած իր որոշմամբ հասկացրեց, որ սեփական ճակատագիրը որոշելն ու թագավորական ընտանիքի պարտականություններով զբաղվելը անհամատեղելի են։ Արդյունքում նա կրտսեր որդու երեխաներին զրկեց հետագայում գահը ժառանգելու իրավունքից։

Թագուհու ձևակերպմամբ այս որոշումը «ի շահ և հանուն» իր թոռների ապագայի էր, բայց արքայազն Յոահիմին, Նիկոլային ու Ֆելիքսին այս որոշումը շատ էր ցավեցրել։ Տղաների մայրն անգամ պատմել է, որ որդիներն իրենց մերժված են զգում և չեն կարողանում հասկանալ, թե ինչու են իրենցից գողանում սեփական ինքնությունը։

Ամեն ինչ հասավ նրան, որ թագուհին պաշտոնապես ներողություն խնդրեց, բայց միևնույն է չվերադարձրեց թագավորական տիտղոսները։ Թագուհին այս քայլը բացատրում էր հետևյալ կերպ՝

«Որպես թագուհի իմ պարտականությունն ու իմ ցանկությունն է ապահովել, որ միապետությունը շարունակի զարգանալ ժամանակի կարիքներին համապատասխան: Երբեմն դա բարդ որոշումներ է պահանջում»:

Թագուհու՝ գահից հեռանալու հայտարարությունից կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ Դանիան կստեղծի The Crown ֆիլմի դանիական տարբերակը ու կպատմի թագուհու մասին՝ սկսած 1940 թվականին նրա ծնունդից։ Սերիալի պրդյուսերների խոսքով պատմությունը կներկայացվի թագավորական ընտանիքի անդամների և թագավորական պալատի աշխատակիցների ու մտերիմների տեսանկյունից։ Մեզ մնում է սպասել նոր սերիալին ու հուսալ, որ այն չի զիջի ոգեշնչման աղբյուր հանդիսացած The Crown-ին։