#իվենթաPAN
February 29

Օբելիքսի 18+ արկածները. Դեպարդյեի սեքս սկանդալները` Իսպանիայից մինչև Հս. Կորեա

Երևակայական աշխարհից ուղիղ չվերթով հասնում ես իրականություն, երբ իմանում ես, որ «Օբելիքսին» մեղադրում են սեռական բռնությունների մեջ։ Դե, իհարկե, իրականում մեղադրանքները ոչ թե Օբելիքսին են ուղղված, այլ Ժերար Դեպարդիեին, բայց մարդիկ սովորություն ունեն դերասանին նույնացնել կերպարի հետ ու նրան վերագրել կերպարի բոլոր հատկանիշները։

Ժամանակը ցույց տվեց, որ Դեպարդիեի հարյուրավոր ֆիլմերից ու կերպարներից որևէ մեկը չի ապահովագրել նրան։ Վերջին տարիներին դերասանի անունը հիշատակվում է ոչ այնքան ֆիլմերի, որքան սեքս սկանդալների շրջանակում, որտեղ կրկին գլխավոր հերոսը Դեպարդիեն է։

ՆՈՐ ՏԱՐԻ՝ ՆՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ

Վերջին տարիներին Դեպարդիեի շուրջ սկանդալներն ու նրան ուղղված մեղադրանքները կարծես դադար չունեն ու երբ մի պահ թվում է, որ կրքերը հանդարտվեցին՝ ամեն ինչ սկսվում է նոր թափով։

2024 թվականի առաջին մեղադրանքն արդեն հանրայնացված է։ Դեպարդիեին կրկին մեղադրում են սեռական ոտնձգությունների մեջ։ Այս անգամ մեղադրանք է ներկայացրել  53-ամյա բեմադրող նկարիչ Ամելին։ Նա դերասանի հետ աշխատել է 2021 թվականին՝ «Կանաչ փեղկեր» ֆիլմի նկարահանումների ժամանակ։


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


Ըստ տեղեկությունների Դեպարդիեն նախ հայհոհախառն վիրավորական արտահայտություններ է արել կնոջ հասցեին, հետո կոպտորեն դիպչել է նրա մարմնի տարբեր մասերի։ Տուժողի իրավաբանը իրավիճակն այսպես է նկարագրել՝

«Մինչ Ժերարդը նստած էր միջանցքում, նա դաժանորեն բռնել է Ամելիին և ուժեղ սեղմել դեպի իրեն։ Նա նախ դիպչել է կնոջ գոտկատեղին, որովայնին, ապա հասել կրծքին»:

Փաստաբանի խոսքով կնոջը հաջողվել է փախչել դերասանի սենյակ մտած անվտանգության աշխատակիցների շնորհիվ։

Կինը այս մասին որոշել է չբարձրաձայնել, որովհետև չի ցանկացել փչացնել գործընկերների համբավը և ֆիլմի պրեմիերան, բայց փաստաբանի խոսքով դեպքը տրավմատիկ հետևանքներ է թողել։

«Նա շատ վախեցած էր։ Այս տրավման ամբողջ կյանքի համար է։ Նա խուճապային էպիզոդներ է ունենում, ինչպես նաև դեպրեսիայի մեջ է»:

Ամելին որոշել էր մոռանալ այս պատմությունը, բայց բարկացել է Դեպարդիեի բաց նամակի բովանդակությունից, որտեղ դերասանն ասում է, որ երբեք չի վիրավորել կանանց։ Այս տողերը բեմադրող նկարիչը որպես անձնական վիրավորանք է ընդունել ու որոշել է, որ այլևս չի լռելու։

Փարիզի դատախազությունում դատական ​​գործ է հարուցվել սեռական բռնության, սեքսիստական ​​վիրավորանքի և ոտնձգությունների վերաբերյալ: Դեպարդիեի կողմը դեռ չի մեկնաբանել այս միջադեպը։

ՆԱԽՈՐԴՈՂ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ

Վերջին մեղադրանքին արձագանքելու հնարավորություն Դեպարդիեյի թիմը դեռ կունենա, հատկապես, որ սա նման առաջին դեպքը չէ։ Գուցե անգամ ինչ-որ տեղ «սևագիր արձագանք» գտնվի՝ հերթական մեղադրանքին պատասխանելու համար։ Դրա բովանդակությունն առանձնապես չի փոխվում. Դեպարդիեն երբևէ որևէ մեղադրանք չի ընդունել։

Դերասանի դեմ տասնյակ մեղադրանքներ են ներկայացրել երգչուհիներ, դերասանուհիներ, լրագրողներ, կադրից դուրս աշխատող կանայք։

Առաջին նման մեղադրանքը հնչեց 2018 թվականի օգոստոսին։ 22-ամյա դերասանուհի Շառլոտ Առնոն Դեպարդիեին մեղադրում էր սեռական ոտնձգությունների և բռնության մեջ։ Նրա խոսքով դերասանը Փարիզի իր առանձնատանը երկու անգամ բռնաբարել է աղջկան։ Սկսնակ դերասանուհու խոսքով ինքը Դեպարդիեի տուն էր գնացել «ոչ ֆորմալ միջավայրում փորձեր անելու համար»։

«Ես Դեպարդիեի զոհն եմ։ Այլևս չեմ կարող լռել։ Լռությունը ողջ֊ողջ կթաղի ինձ»:

Դեպարդիեն այս մեղադրանքը կտրականապես հերքել է։ Դերասանի խոսքով երիտասարդ դերասանուհին ինքն է եկել իր տուն և «իր կամքով մտել է դերասանի ննջասենյակ»։

Հետաքննության արդյունքում քննիչները բավարար հիմքեր չգտան դերասանին մեղադրանք առաջադրելու համար։ Գործը փակվեց ու հետո վերաբացվեց 2020-ին, բայց Դեպարդիեն այս գործով այդպես էլ չդատվեց։

Հետո պարզվեց, որ սա մեղադրանքների շղթայի առաջին քայլն էր միայն։ 2023 թվականի ապրիլին դերասանի դեմ բողոք ներկայացրին միանգամից 13 կանայք՝ դերասանուհիներ, դիմահարդարներ, էպիզոդիկ դերակատարներ։

Հետաքննության ընթացքում կանանց ցուցմունքների համաձայն նրանք Դեպարդիեի կողմից ոտնձգության են ենթարկվել  2004-2022 թվականներին։ Նրանցից մեկն անգամ պնդել է, թե դերասանն իրեն բռնության է ենթարկել հենց նկարահանող խմբի աչքի առաջ։

Այս կանանց մեծ մասը որոշել են անանուն մնալ՝ վախենալով հետագա հետևանքներից։ Բայց կային նաև կանայք, որոնք անկախ ամեն ինչից որոշեցին սեփական դեմքով ու անունով պատմել դեպքերի մասին։ Արդյունքում հստակ դարձավ, որ Դեպարդիեին մեղադրում են առնվազն 11 ֆիլմերի նկարահանման հրապարակում սեռական բռնության դեպքերի մեջ։

Դերասանին մեղադրող կանանց թվում է նաև ֆիլմերից մեկի ռեժիսորի օգնականը, որի խոսքով դերասանը 2021 թվականին դերասանը մի քանի անգամ ստիպողաբար դիպչել է իր մարմնի տարբեր հատվածների։

Ավելի ուշ ոտնձգությունների մասին է հայտարարել իսպանացի լրագրող Ռուտ Բասան։ Նրա խոսքով 1995 թվականին Դեպարդիեն իրեն բռնության է ենթարկել, երբ լրագրողը նրանից հարցազրույց էր վերցնում Cinemanía ամսագրի համար:

Կինը պնդում է, որ Դեպարդիեն հարցազրույցից հետո իրեն հրավիրել է հյուրանոցի իր սենյակ և փորձել է նրա հետ հարաբերություններ ունենալ: Լրագրողին հաջողվել է փախչել և դեպքի մասին հայտնել իր խմբագրին։ Խմբագիրն էլ խորհուրդ է տվել «մոռանալ կատարվածը»: Արդյունքում կինը բողոք չի ներկայացրել և չի հրապարակել իր պատմությունը՝ վախենալով իր կարիերայի փլուզումից։

Այս բոլոր մեղադրանքների ֆոնին ֆրանսիական մի լրատվամիջոց հետաքննություն սկսեց ու արդյունքում նկարահանեց մի ամբողջ փաստավավերագրական ֆիլմ, որտեղ տուժողները ներկայացնում են Դեպարդիեի հետ կապված իրենց պատմությունները։ Այդ ֆիլմի առանցքային դրվագներից մեկն էլ այն էր, որ Դեպարդիեն, ըստ պնդումների, կոլեգաների հանդեպ մի շարք ոտնձգություններ է արել 2018 թվականին՝ Հյուսիսային Կորեա կատարած ճամփորդության ժամանակ։

2023 թվականին, հետաքննական ֆիլմի պրեմիերայի օրը, դերասանուհիներից մեկը, որը մեղադրում էր Դեպարդիեին սեռական ոտնձգության մեջ, ինքնասպան է եղել։ Ֆիլմի պրեմիերայի օրը 60-ամյա  Էմմանուել Դեբեվերն իրեն նետել է Սենա գետը։

Դեբեվերն առաջիններից էր, որ Դեպարդիեին մեղադրեց բռնության մեջ։ Դերասանուհին խոստովանել էր, որ Դեպարդիեն իրեն բռնության է ենթարկել 1983 թվականին նկարահանված լեհ-ֆրանսիական «Դանթոն» պատմական դրամայի նկարահանումների ժամանակ։ Դեբեվերի խոսքով «Դեպարդիեն հրեշ էր, որն իրեն թույլ էր տալիս անթույլատրելին։»

Դեպարդիեն հերքել է բոլոր տարիների բոլոր մեղադրանքները։ Նրա խոսքով ինքն անմեղ է ու զրպարտիչների արշավի զոհ է դարձել։ Դերասանը մեղադրանքները կեղծիք ու թյուրիմացություն է անվանում, իսկ իրեն մեղադրող որոշ կանանց մեղադրում է փողի, փառքի կամ վրեժի հետևից ընկնելու մեջ։

Le Figaro թերթում հրապարակված եզակի բաց նամակում դերասանն ասում է, որ չի կարող ընդունել իր հասցեին ասված մեղադրանքները։

«Ես երբեք բռնության չեմ ենթարկել որևէ կնոջ։ Կնոջը վիրավորելն ինձ համար հավասար կլիներ սեփական մորս արգանդին հարվածելուն։ Այս մեղադրանքները հերքելու և ինձ պաշտպանելու համար ես միայն իմ խոսքն ունեմ»:

ԵՐԿՈՒ ՄԱՍԻ ԲԱԺԱՆՎԱԾ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Շատ բարդ է հատկապես հանրային դեմքերի գործը, որոնք չգիտեն, թե այս իրավիճակում ինչն է ճիշտ՝ մնալ չեզոք ու ոչինչ չասել, միանալ դերասանին մեղադրողներին, թե՞ պաշտպանողներին։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն օրինակ բախվեց հանրային մեծ քննադատական ալիքի, երբ իր աջակցությունը հայտնեց Դեպարդիեին ու հանրությանը հիշեցրեց անմեղության կանխավարկածի մասին։ Նախագահը կատարվածը որակեց «վհուկների որս» ու հիշեցրեց, որ հետաքննությունն ավարտված չէ։ Նա Դեպարդիեին անվանեց «հանճար» ու «Ֆրանսիայի հարստություն», իսկ մարդկանց առաջարկեց չմոռանալ, որ Դեպարդիեն իր կերտած կերպարներով ամբողջ աշխարհին ծանոթացրել է ֆրանսիական մշակույթի հետ։

Նախորդ տարի ի աջակցություն Դեպարդիեի 50-ից ավելի գրողներ, դերասաններ ու մշակութային դեմքեր ստորագրեցին կինոաստղին պաշտպանող բաց նամակի տակ։ Ստորագրողների թվում էին նախկին առաջին տիկին Կառլա Բրունին, դերասաններ Շառլոտա Ռեմփլինգը, Կարոլ Բուկեն, Նատալի Բայը, Պիեռ Ռիշարն ու այլք։

«Մենք չենք կարող լռել, երբ ականատես ենք լինում նման մեծամասշտաբ ատելության արշավի։ Երբ Ժերար Դեպարդիեն այս կերպ թիրախավորվում է, նշանակում է, որ հարձակման է ենթարկվում կինոարվեստը։ Ֆրանսիան պարտական է նրան ու այս դերասանից մեզ զրկելը կնշանակի, որ արվեստը պարտվել ու մահացել է»:

Տուժողների փաստաբաններն ու հանրային մի շարք գործիչներ այս հայտարարությունն անվանել են «իրականության ժխտում»։ Նրանք մշակույթի գործիչներին խորհուրդ են տվել Դեպարդիեին պաշտպանելու փոխարեն սատարել սեռական բռնության դեմ նախաձեռնություններին։

Դեպարդիեն մեղավոր է, թե անմեղ՝ թող որոշի ֆրանսիական դատարանը։ Բայց մի բան հստակ է։ Մեկը մյուսի հետևից հնչող այս մեղադրանքները ահռելի սև բիծ են թողնելու դերասանի կյանքի ու կարիերայի վրա։ Այսօր նրան այլևս չեն հրավիրում նոր ֆիլմերում նկարահանվելու, իսկ եղած հաղորդումներն ու ֆիլմերն էլ կա՛մ դադարեցվել են, կա՛մ էլ բոյկոտի առարկա դարձել։


✍️ Նանե Մանուկյան / PAN