#իվենթաPAN
May 30

Թրաֆիքինգ, շամպայնի շշով ծեծ ու արքայազն Հարրիի հետ փարթիներ. Խայտաբղետ մեղադրանքներ՝ հիփ-հոփի մագնատ P. Diddy-ի հասցեին

Վերջին օրերին համացանցը քննարկում է ամերիկյան հիփ-հոփի լեգենդին՝ Շոն Քոմբսին, նույն ինքը՝ Փի Դիդդիին  (P. Diddy): Բայց ավելի ճիշտ կլինի ասել, որ քննարկվում են մութ մանրամասներ նրա անցյալից։ Հիփ-հոփի մագնատը բազմաթիվ հանցագործությունների մեջ էր կասկածվում դեռևս 1990-ականներից։ Հիմա, կարծես, պատճառներն ավելի շատ են։

54-ամյա Դիդդիի հասցեին մեկը մյուսի հետևից սկանդալային մեղադրանքներ են հնչում՝ սեռական բռնություն, մարդկանց թրաֆիքինգ, զենքի վաճառք, թմրանյութերի տարածում։ Ու ինչ-որ կերպ այս պատմությունների մեջ այլ հայտնի անուններ էլ են հնչում՝ Ջասթին Բիբեր, արքայազն Հարրի… Ինչպես ասում են՝ առանց կրակ ծուխ չի լինում։ Հասկանանք, թե ովքեր և ինչում են մեղադրում Դիդդիին։

ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՇԱՐՔԸ

Ամեն ինչ սկսվեց 2023-ի նոյեմբերին, երբ Դիդդիի նախկին ընկերուհին՝ երգչուհի Քեսսի Վենտուրան մեղադրեց ռեփերին ավելի քան տասը տարի (սկսած 2005 թվականից) իրեն ֆիզիկական և հոգեբանական բռնության ենթարկելու մեջ։ Ըստ Քեսսիի, որն իրենց հարաբերությունների սկզբում ընդամենը 19 տարեկան էր, այն ժամանակ արդեն չափազանց ազդեցիկ ռեփերն իրեն թմրանյութեր է տվել, վերահսկել ամեն քայլը, բազմաթիվ անգամներ ծեծել, ստիպել է սեռական հարաբերություն ունենալ և տեսանկարահանել է ընթացքը։

Քեսսին անկեղծացել է, որ ինքն էմոցիոնալ կախվածություն ուներ երգիչ-պրոդյուսերից և այդ պատճառով էլ երկար ժամանակ չէր կարողանում խզել նրա հետ հարաբերությունները։ Եվ այս պատմության գուցե ամենասարսափելի դրվագը։ Երգչուհին հայտարարել է, որ հարաբերությունների ավարտին Դիդդին ներխուժել է Քեսսիի տուն և բռնաբարել իրեն։

Այս մեղադրանքներին հետևում է CNN-ի հրապարակած տեսաձայնագրությունը, որը ձեռք էին բերել հյուրանոցներից մեկի անվտանգության բաժնից։ Կադրերում ռեփերը հյուրանոցի միջանցքում Քեսսիին գցում է գետնին, ոտքերով հարվածում ու միջանցքով քարշ է տալիս։ Այս դեպքը տեղի է ունեցել 2016 թվականին։


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


Մինչ տեսանյութի հրապարակումն ամեն ինչ հերքող և մեղադրողներին մեղադրող Դիդդիի մոտ CNN-ի հրապարակումից հետո, կարծես, միանգամից հիշողության վերականգնում գրանցվեց։ Նա տեսաուղերձով ներողություն խնդրեց և ասաց, թե աշխատում է իր վրա։

«Ես հասել եմ ամենացածր կետին։ Չեմ արդարանում, այդ տեսանյութում իմ պահվածքն աններելի է։ Ես ամբողջությամբ պատասխանատու եմ այդ տեսանյութում իմ գործողությունների համար»։

Ռեփերը վստահեցրել է, որ դիմել է մասնագետի օգնության և վերականգնողական ծրագիր է անցնում։

«Ես իսկապես ցավում եմ։ Ես ամեն օր ձգտում եմ ավելի լավը դառնալ»։

Բայց վատ նորությունները Դիդդիի համար այսքանով չեն սահմանափակվում։ Ավելին՝ կարծես միայն նոր են սկսվում։ Քեսսիի մեղադրանքներից ընդամենն օրեր անց Ջոյ Դիքերսոն-Նիլ կեղծանվամբ մի կին ևս մեղադրանք է ներկայացնում ռեփերի դեմ։ Այս դեպքում Դիդդիի փրկողակը կարող է դառնալ այն փաստը, որ ենթադրվող հանցանքի վաղեմության ժամկետը գուցե անցել է։ Կնոջ հայտարարության համաձայն՝ 1991 թվականին Դիդդին նրան թմրանյութեր է տվել, հետո բռնաբարել տեսախցիկի առաջ ու տեսանյութը տարածել այլ մարդկանց շրջանում։

Այս հայտարարությունից հետո հայտնվել է ևս մի կին՝ Լիզա Գարդները։ Նրա խոսքով ռեփերն ու իր գործընկերը հերթով բռնաբարել են 16-ամյա աղջկան ու նրա ընկերուհուն։

Դատարան ներկայացված մեկ այլ հայցի մասին։ 51-ամյա Էյփրիլ Լամպրոսի խոսքով, 30 տարի առաջ ռեփերը խոստացել է օգնել իրեն հայտնվել նորաձևության ոլորտում։ Կնոջ խոսքով, գործնական հանդիպումներից մեկի ժամանակ Դիդդին հարձակվել է նրա վրա ու բռնաբարել։ Տուժողը կորցրել է գիտակցությունը։

Կինը պատմել է, որ դեպքից հետո ռեփերը նվերներ է ուղարկել իրեն ու փորձել վերականգնել շփումը։ Հերթական հանդիպման ժամանակ, ըստ կնոջ ցուցմունքների, Դիդդին շանտաժի է ենթարկել իրեն և դիմել բռնի սեռական գործողությունների։ Բացի այդ, կնոջ խոսքով, ռեփերն իրեն ստիպել է իր աչքի առաջ ինտիմ հարաբերություններ ունենալ մեկ այլ մարդու հետ և նկարել է այդ ամենը։

Դիդդիի հասցեին մեղադրանքներ են հնչել նաև նրա գործընկերներից։ Փետրվարին իր The Love երգի պրոդյուսեր Ռոդնի Ջոնսը հայտարարել է, որ արտիստն իրեն ստիպել է թմրանյութ ընդունել, իսկ հաջորդ առավոտյան Ջոնսն արթնացել է Դիդդիի և երկու սեքս-աշխատողի հետ մեկ անկողնում։ Ռոդնի Ջոնսը 30 միլիոն դոլարի փոխհատուցում է պահանջում։

Եթե Քեսսիի դեպքում տեսանյութը դարձավ բռնության ենթարկելու մասին ապացույց, ապա մյուս բոլոր դեպքերում ապացույցներ գտնելը շատ ավելի բարդ է։ Ու Դիդդին էլ չի պատրաստվում ընդունել այս մեղադրանքներից գեթ մեկը։

«Բավական է։ Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում լուռ հետևում էի, թե ինչպես են մարդիկ փորձում ոչնչացնել իմ հեղինակությունը: Իմ հասցեին նողկալի մեղադրանքներ են հնչել հեշտ փող փնտրող մարդկանց կողմից։ Պարզ ասեմ՝ ես այդ սարսափելի բաներից ոչ մեկը չեմ արել։ Ես պաշտպանելու եմ իմ անունը, ընտանիքն ու ճշմարտությունը»։

ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԻ ԸՆԹԱՑՔԸ

Մարտ ամսին Դիդդիի մի քանի առանձնատներում լայնամասշտաբ խուզարկություններ եղան։ Ներքին աղբյուրները հայտնում են, որ քննիչներն այս փուլում ուսումնասիրում են ոչ միայն բռնաբարության մասին հաղորդումները, այլև նրանք, ըստ որոնց ռեփերը ներգրավված է եղել սեռական թրաֆիքինգի, հրազենի և ապօրինի նյութերի տարածման մեջ: Հետախուզման ընթացքում հավաքագրվել են բոլոր այն սարքերը, որոնց վրա կարելի է ապացույցներ գտնել՝ համակարգիչներ, դյուրակիր կրիչներ և այլն։

Այն օրը, երբ ուղղաթիռները պտտվում էին ռեփերի առանձնատների վրայով, իսկ տասնյակ ոստիկաններ՝ խուզարկում դրանք, Դիդդիին նկատել են Մայամիի օդանավակայանում։ Հետո լրագրողները պարզել են, որ ռեփերն իր 17-ամյա երկվորյակ դստրերին տարել է Բահամյան կղզիներ՝ գարնանային արձակուրդներն անցկացնելու։

Դիդդիի իրավական խնդիրներն իսկապես բարդ են: Երդվյալ ատենակալներն ուսումնասիրելու են դաշնային հետաքննության ապացույցները, լսելու են վկաների ցուցմունքները:

Այս նույն ընթացքում սոցցանցերում սկսել են հայտնվել Դիդդիի գործով նոր մանրամասներ։ Օրինակ, Ռոդնի Ջոնսի հայցում ասվում էր, որ արքայազն Հարրին մեկ անգամ չէ, որ մասնակցել է Դիդդիի երեկույթներին։ Ըստ Ջոնսի, նրանց ենթադրյալ ընկերությունն օգնել է բարելավել ռեփերի հեղինակությունը և գրավել ավելի բարձր կարգի հաճախորդների և նոր «զոհերի»: Արքայազն Հարրիի և Դիդդիի մտերմության փաստը դեռ չի հաստատվել, ներկայացվածն էլ դեռ ընդամենը վարկած է։

Այս զարգացումների ֆոնին հատկապես տարօրինակ ու երկրպագուների համար մտահոգիչ էր համացանցում անսպասելիորեն հայտնված մի տեսանյութ՝ Դիդդիի և դեռահաս Ջասթին Բիբերի մասնակցությամբ։ Տեսանյութում ամաչկոտ երգիչը արդարանում է ռեփերի առաջ և բացատրում, թե ինչու ժամանակ չի անցկացնում նրա հետ։ Դիդդին էլ Բիբերին ցույց է տալիս իր Lamborghini-ն ու ասում, թե որքան անմոռանալի է անցնելու հաջորդ 48 ժամը։

Անշուշտ, հեղինակությունից բացի, սկանդալային այս պատմությունները վնաս են հասցրել նաև Դիդդիի գրպանին։ Հիփ-հոփ լեգենդ լինելուց բացի Դիդդին մեծ համբավ է վաստակել նաև որպես գործարար։ Forbes-ի տվյալով, 2012 թվականին ռեփերի զուտ կարողությունը գնահատվում էր կես միլիարդ դոլարից ավելի։

Իսկ մեղադրանքների ֆոնին չեղարկման մշակույթը կարծես իրենն անում է։ Լուծարվում են Դիդդիի հետ գովազդային պայմանագրեր, նրա Sean John բրենդը հանում են խանութներից, խոշոր գործնական պայմանագրերը չեղարկվում են։

Ի՞ՆՉ ՃԱՆԱՊԱՐՀ Է ԱՆՑԵԼ ԴԻԴԴԻՆ

Z սերնդից շատերը Դիդդիին գիտեն որպես էքսցենտրիկ, հարուստ մի մարդու, ում հարգում են գրեթե բոլոր ամերիկացի ռեփերները: Դիդդիին իրականում իսկապես մշակույթ է փոխել ԱՄՆ-ում, հետևաբար նաև՝ աշխարհում։

Նա դեռ 1990-ականներին հիփ-հոփը մոտեցրել է լայն զանգվածներին։ Դեբյուտային No Way Out ալբոմը թողարկվել է 1999 թվականին։ Այս ալբոմը 7 անգամ ստացել է պլատինե կարգավիճակ, իսկ հաջորդող ալբոմները՝  Forever (1999), The Saga Continues... (2001) և Press Play (2006), ևս մեծ հաջողություն և վաճառք են գրանցել։

Երաժշտական կարիերայից դուրս Դիդդիին սկսեցին ճանաչել ու հարգել որպես գործարար։ Մեր օրերում սեփական բրենդը ստեղծող աստղերը շատ են, բայց ոչ տասնամյակներ առաջ։ Դիդդին ստեղծեց Sean John և Sean by Sean Combs հագուստի ապրանքանիշերն ու միանգամից մտավ նորաձևության շուկա։

Բայց այնպես չէ, որ երիտասարդ ժամանակ Դիդդին օրենքի հետ խնդիրներ չուներ ու գլուխը կախ իր գործով էր զբաղվում։ Նրա անունը ամենատարբեր սկանդալների հետ է կապվում։

Ռեփերին մեկ անգամ չէ, որ մեղադրել են Թուփաքի սպանության հետ կապ ունենալու մեջ։ Մի քանի անգամ մեղադրել են Interscope Records-ի պրոդյուսերի վրա հարձակումների մեջ, ինչպես նաև՝ Def Jam Recordings-ի հիմնադրի հղի կնոջը սպառնալու։

1999 թվականին նա ձերբակալվել է՝ մեկ այլ պրոդյուսերի աթոռով, հեռախոսով և շամպայնի շշով ծեծելու համար։ Արդյունքում ռեփերը ստիպված էր տուգանք վճարել և այցելել զայրույթի կառավարման դասերի: Նույն տարում նա Մանհեթենի ակումբներից մեկում ներգրավվել էր հրաձգության մեջ։ Այդ օրը Դիդդին երեկույթին մասնակցում էր այն ժամանակվա ընկերուհու՝ Ջենիֆեր Լոպեսի հետ։ Տարածվում էին ականատեսների վկայություններ, ըստ որոնց՝ Դիդդիին այդ օրն ատրճանակով են տեսել, բայց ի վերջո ռեփերն արդարացվեց։

Ինչ վերաբերում է Քեսսի Վենտուրայի դեպքին, ռեփերի նախկին թիկնապահը խոստովանել է, որ Դիդդին իսկապես բռնության է ենթարկել ընկերուհուն։ Իսկ 2019-ին ռեփերի նախկին ընկերուհիներից մեկը հայտարարել է, որ Դիդդին իր վրա կոշիկ է շպրտել ու քաշել մազերից։

Բազմատեսակ ու խայտաբղետ մեղադրանքներից քանի՞սը կհաստատվեն, իսկ քանիսի՞ մասով Դիդդին կարդարացվի։ Մի բան հստակ է՝ դատական քաշքշուկներից խուսափել ռեփերին չի հաջողվի։ Մնում է հետևել ու հասկանալ, թե ինչ ճակատագրի է արժանանում ռեփերի՝ տասնամյակների ընթացքում ձևավորված անունն ու համբավը։


✍️ Նանե Մանուկյան / PAN