#իվենթաPAN
October 3

Փի Դիդդիի սպիտակ փարթիները, Ջասթինի տրավմաներն ու Բեյոնսեի «հանցանքները».  Հոլիվուդում իսկական «պոռնո» է տիրում

Վերջին տասնամյակների հոլիվուդյան ամենամեծ սկանդալը սահուն քայլերով հասավ ռուսական մեդիա ու անգամ հայկական ՏիկՏոկ։ Աշխարհն ու սոցցանցերը քննարկում են Փի Դիդդիի «սպիտակ փարթիները», կարեկցում Ջասթին Բիբերին, չեղարկում Բեյոնսեին ու Ջեյ Զիին, դե իսկ դավադրության տեսությունների սիրահարների հոգին այս օրերին պարզապես փառավորվում է։ Հնչում է She Knows-ը, իսկ կադրում ամենաարտառոց վարկածներն են։

Բայց պետք չէ տրվել գայթակղությանն ու մոռանալ խնդրի բուն էությունը։ Վարկածները մի կողմ, բայց կան փաստեր ու ամենասարսափելի հանցագործությունների հստակ մեղադրանքներ։ Հարմար տեղավորվեք, որովհետև պատասխանելու ենք այս խճճված հոլիվուդյան սկանդալի ամենակարևոր հարցերին. Ո՞վ է 54-ամյա Փի Դիդդին, երբ անջատված են տեսախցիկները, ի՞նչ կապ ունեն այս ամենի հետ Բեյոնսեն, Ջասթին Բիբերը, Մայքլ Ջեքսոնը, Քանյե Ուեսթը, Քարդաշյաններն ու Դի Կապրիոն, ովքե՞ր են հանցակիցներն ու ովքե՞ր՝ զոհերը, ի՞նչ տեսություններ են պտտվում համացանցում և ի՞նչ պատիժ է սպառնում Դիդդիին։

She Knows

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ

Այս օրերին համացանցում այնպիսի տեղեկատվական շիլաշփոթ է, որ ամենևին էլ պետք չէ բացառել, որ որոշ ժամանակ անց Փի Դիդդիին կմեղադրեն, օրինակ, Ջոն Ֆ. Քենեդու սպանության մեջ։ Դրա համար առաջարկում ենք նախ ծանոթանալ հստակ փաստերին, մեղադրանքներին ու եղելությանը, և հետո անցնել վարկածներին ու տեսություններին։

Սեռական բռնություն, մարդկանց թրաֆիքինգ, զենքի վաճառք, թմրանյութերի տարածում, և այս ցանկը շարունակական է։ Փի Դիդդիի անվան հետ կապվող այս մեղադրանքները հետաքննության մի մասն են միայն։

1990-ականների և 2000-ականների աստղն այսօր կրկին գլխավոր էջերում է, բայց այս անգամ պատճառները բոլորովին այլ են։ Փի Դիդդիին ձերբակալել են Նյու Յորքում՝ սեպտեմբերի 16-ին։ Նրան կալանավորել և տեղափոխել են Բրուքլինի կալանավայրերից մեկը։ Փաստաբանները Դիդիի ազատ արձակման համար 50 միլիոն դոլար են առաջարկել, բայց դատարանը մերժել է այս հայցը՝ ազդեցիկ ու մեծ կապերով հայտնի արտիստին հասարակության համար վտանգավոր համարելով։ Եթե բոլոր հանցագործություններն ապացուցվեն, ապա Փի Դիդդիին մինչև անգամ ցմահ ազատազրկում է սպառնում։

Թեև ռեփերին ձերբակալել են Նյու Յորքում, բայց Լոս Անջելեսում և Մայամիում նրա առանձնատները ևս խուզարկվել են։ Արդյունքում հայտնաբերվել են զենքեր, փաստաթղթեր ու շատ ավելին, բայց ամենամեծ արձագանքը ստացել է Փի Դիդդիի տանը հայտնաբերված 1000 շիշ Johnson's Baby մանկական յուղը և քսուքը։ Ռեփերի փաստաբաններն ասել են, թե Փի Դիդդին սիրում է ապրանքները միանգամից մեծ քանակությամբ գնել, բայց այս «արդարացումը» լրացուցիչ զայրույթից բացի ուրիշ ոչ մի բանի չի հանգեցրել։


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


Առանձնատանը Johnson's Baby յուղերի «պահեստ» ունենալու լուրը համացանցում անմիջապես զուգակցվեց ռեփերի՝ սեռական թրաֆիքինգի և սեռական բռնության մեջ ներգրավված լինելու մեղադրանքների հետ։ 14-էջանոց նախնական մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ ռեփերը տարիներ շարունակ ղեկավարել է «սեռական հանցագործությունների որջ»՝ կանոնավոր բռնության ենթարկելով կանանց և անչափահասների։

Նախնական մեղադրական եզրակացության մեջ նաև ասվում է, որ ռեփերը բազմաթիվ կանանց թմրանյութի ազդեցության տակ էր գցում, վերահսկում կյանքն ու կարիերան, սպառնում դադարեցնել ֆինանսական աջակցությունը, ահաբեկում և շանտաժի ենթարկում տարատեսակ տեսաձայնագրություններով։ Տուժողների մեղադրանքներից հետո բացված գործերի քննությունը շարունակվում է։ Վերջնական մեղադրանքը ռեփերին կներկայացվի ավելի ուշ՝ նախ պետք է ապացույցների բազա հավաքել։

Եթե ​​Փի Դիդդին մեղավոր ճանաչվի իրեն հասցեագրվող բոլոր մեղադրանքների համար, ապա, ըստ ամերիկյան օրենքների, նա բանտում կանցկացնի մի քանի տասնամյակ, կամ, գուցե, ամբողջ կյանքը։

Սեռական ոտնձգության համար՝ կախված հանգամանքներից, պատիժը կարող է հասնել ընդհուպ մինչև ցմահ ազատազրկման։ Մարդկանց թրաֆիքինգի համար պատիժը սկսվում է 15 տարվա ազատազրկումից։ Անօրինական գործողությունների (օրգիաների մասնակցություն) և թմրանյութերի օգտագործման հարկադրանքի համար պատիժը կարող է հանգեցնել ևս մի քանի լրացուցիչ տարվա ազատազրկման:

Փի Դիդդիի մեծ անկման պատճառ դարձան նաև նրա սիրելի «սպիտակ» երեկույթների մասին ամենասարսափելի դրվագները, այդ թվում՝ բռնաբարություն, մարդկանց թրաֆիքինգ, թմրանյութերի տարածում։ Բայց սպիտակ փարթիներին դեռ առանձին կանդրադառնանք, հիմա հիշենք, թե ինչից սկսվեց Հոլիվուդի մութ կողմն արտացոլող այս կեղտոտ պատմության բացահայտումը։

Ամեն ինչ սկսվեց 2023-ի նոյեմբերին, երբ Դիդդիի նախկին ընկերուհին՝ երգչուհի Քեսսի Վենտուրան մեղադրեց ռեփերին ավելի քան տասը տարի (սկսած 2005 թվականից) իրեն ֆիզիկական և հոգեբանական բռնության ենթարկելու մեջ։ Ըստ Քեսսիի, որն իրենց հարաբերությունների սկզբում ընդամենը 19 տարեկան էր, այն ժամանակ արդեն չափազանց ազդեցիկ ռեփերն իրեն թմրանյութեր է տվել, վերահսկել ամեն քայլը, բազմաթիվ անգամներ ծեծել, ստիպել սեռական հարաբերություն ունենալ և տեսանկարահանել է ընթացքը։

Քեսսին անկեղծացել է, որ ինքն էմոցիոնալ կախվածություն ուներ երգիչ-պրոդյուսերից և այդ պատճառով էլ երկար ժամանակ չէր կարողանում խզել նրա հետ հարաբերությունները։ Երգչուհին հայտարարել է, որ հարաբերությունների ավարտին Դիդդին ներխուժել է Քեսսիի տուն և բռնաբարել իրեն։

Այս մեղադրանքներին հետևեց CNN-ի հրապարակած տեսաձայնագրությունը, որը ձեռք էին բերել հյուրանոցներից մեկի անվտանգության բաժնից։ Կադրերում ռեփերը հյուրանոցի միջանցքում Քեսսիին գցում է գետնին, ոտքերով հարվածում ու միջանցքով քարշ տալիս։ Այս դեպքը տեղի է ունեցել 2016 թվականին։

Մինչ տեսանյութի հրապարակումն ամեն ինչ հերքող և մեղադրողներին մեղադրող Դիդդին CNN-ի հրապարակումից հետո տեսաուղերձով ներողություն խնդրեց և ասաց, թե աշխատում է իր վրա։

«Ես հասել եմ ամենացածր կետին։ Չեմ արդարանում, այդ տեսանյութում իմ պահվածքն աններելի է։ Ես ամբողջությամբ պատասխանատու եմ այդ տեսանյութում իմ գործողությունների համար»։

Այդ ժամանակ ռեփերը չգիտեր, որ սա իր բացահայտնված հանցագործությունների սկիզբն է միայն։

Քեսսիի մեղադրանքից հետո տարբեր մարդիկ՝ հիմնականում անանուն, սկսեցին պատմել Փի Դիդդիի այլ հանցագործությունների մասին ևս։ Դրանց ճնշող մեծամասնությունը կրկին կապված էին սեռական բռնությունների, թրաֆիքինգի, սպառնալիքների ու շանտաժի, հարկադրաբար թմրանյութեր առաջարկելու և այլ երևույթների հետ։

Ըստ քննիչների՝ ռեփեր-պրոդյուսերն օգտագործել է իր դիրքն ու բիզնես կայսրությունը հանցագործություններ կատարելու համար։ Այս ամենը տասնյակ տարիներ է տևել, ընդհուպ մինչև մեր օրեր։

Հանցագործություններին մեղսակցելու մեջ կասկածվում են նրա աշխատակիցները՝ անվտանգության աշխատողներ, անձնական օգնականներ և ծառայողներ։ Նրանք, ըստ շրջանառվող տեղեկությունների, հյուրանոցային համարներ են պատվիրել մարմնավաճառության համար, նոր զոհեր գտել Դիդդիի համար և արել ամենը, որպեսզի իրավապահ մարմինները չբացահայտեն նրա հանցագործությունները:

«ՍՊԻՏԱԿ» ԵՐԵԿՈՒՅԹՆԵՐԻ ՍԵՎ ԿՈՂՄԸ

1998-ից 2009 թվականներին Դիդդին ամեն տարի «սպիտակ երեկույթներ» է կազմակերպել։ Բոլոր հյուրերն այս միջոցառումներին սպիտակ էին հագնում, այստեղից էլ անունը։ Ու հագուստն այս երեկույթների միակ «սպիտակ» ու «մաքուր» բանն էր։ Այս երեկույթներին մասնակցել են Հոլիվուդի աստղերից շատերը, և հիմա երկրպագուներն ամեն նոր անուն լսելիս վախով սպասում են, որ հանկարծ իրենց սիրելի արտիստի անունն այստեղ ևս չհայտնվի։

Ինչո՞ւ։ Մի պարզ պատճառով։ Եթե ներկա ես եղել այս երեկույթներին, ապա առնվազն տեղյակ ես եղել ու լռել ես կատարվածի մասին, իսկ վատագույն դեպքում՝ ինքդ էլ մասնակից ես եղել։ Իհարկե, բացառություններ, վստահաբար, կան ու պետք չէ շարունակել TikTok-ում տարածված հոլովակների տրամաբանությունը և մեղադրել բոլորին՝ առանց բացառությունների։

Ահա մի քանի անունն, որոնց մասնակցությունն այս երեկույթներին ապացուցված է լուսանկարներով. Լեոնարդո ԴիԿապրիո, Ուիլ Սմիթ, Փերիս Հիլթոն, Ջեյ Զի, Բեյոնսե, Մրայա Քերի, Պամելա Անդերսոն, Քիմ Քարդաշյան, Էշթոն Քաթչեր, Քրիս Բրաուն, Քլոե Քարդաշյան, Ջենիֆեր Լոպես, Աշեր... ցանկը շարունակելի է։ Այլ անուններ ևս հնչում են։

Ավելին՝ համացանցում տարածվում է Diddy List-ը, որտեղ մոտ 100 անուն կա, այդ թվում՝ Մեգան Ֆոքս, Դրեյք, Փինք, Մեթյու Բրոդերիկ, Սառա Ջեսիկա Փարքեր, Լեդի Գագա, Արքայազն Հարրի, և այլ։ Որոշ աղբյուրներ հայտնում են, որ մասնակիցների թվում նաև բարձրաստիճան բազմաթիվ պաշտոնյաներ, անգամ նախկին նախագահների անուններ են շրջանառվում։

Կարճ ասած՝ բոլորը վախեցած են և լիովին հնարավոր սցենար է, որ Փի Դիդդին կարող է իր հետ անդունդը գլորել նաև մյուսներին։ Այս ամբողջ ցանկից միայն մեկ մարդ է մինչև այս պահն արձագանքել մեղադրանքներին։ Լեոնարդո ԴիԿապրիոն ասել է, որ իր՝ այնտեղ գտնվելու ընթացքում հանցագործության ականատես չի եղել, իսկ Դիդդիի հետ շատ վաղուց չի շփվում։

Երեկույթներին ներկա այլ մարդիկ լրիվ այլ բան են պատմում։ Ասում են՝ երեկույթը մի քանի «մակարդակ» ուներ, սկսվում էր ընդհանուր մուտքից մինչև ներքին «սրբավայր», որտեղ էլ տեղի էր ունենում «իսկական երեկույթը»։ Հենց այնտեղ հյուրերն օրգիաների էին մասնակցում, թմրանյութեր օգտագործում, գրանցվում էին սեռական բռնության դեպքեր։

Թմրամիջոցների ազդեցության ու սպառնալիքների տակ մարդկանց ստիպում էին իրենց կամքին հակառակ օրերով մնալ ու մասնակցել այդ երեկույթներին։ Երեկույթի՝ մի քանի «մակարդակ» ունենալու վարկածը թույլ է տալիս ենթադրել, որ հայտնի ցանկում հայտնված անուններից որոշներն իսկապես կարող էին այդ ամենի մասնակիցը չլինել։

Ի դեպ, կան նաև վկայություններ, որ այն մասնակիցները, որոնք այս կամ այն կերպ որոշում էին կապ հաստատել իրավապահ մարմինների հետ՝ շատ արագ դժբախտությունների էին բախվում։ Նրանց առևանգում էին, խոշտանգում, շանտաժի ենթարկում ինտիմ տեսանյութերով ու լուսանկարներով, այրում մեքենաներն ու տները։

Կա նաև տեղեկություն, որ հյուրերից շատերը երեկույթից հեռանում էին մինչև ժամը մեկը, քանի որ դրանից հետո պրոդյուսերի առանձնատանը սկսվում էր իրական քաոս։ Անգամ մի տեսանյութ է տարածվել, որտեղ Դիդդին հյուրերին հորդորում է երեխաներին ուղարկել տուն, որպեսզի մեծերը զվարճանան։ Այս երկրորդ հատվածն անգամ իր առանձին անունն ուներ՝ Freak Offs։

Դատարան դիմած կանանցից ոմանք պատմել են, որ ռեփերի հետ ծանոթացել են, երբ դեռ 16-ից 18 տարեկան էին։ Հենց այդ ժամանակ երեկույթներին մասնակցելու հրավեր են ստացել։ Հետո պարզվել է, որ նրանք ոչ թե պարզապես հյուր էին, այլ այնտեղ էին որպես «հյուրասիրություն»՝ մյուս հյուրերի համար։ Նրանցից մեկը պատմում է.

«Երիտասարդ աղջիկներին ալկոհոլ ու թմրանյութ էին տալիս, որպեսզի նրանք չկարողանան դիմադրել, ու անեին այն ամենը, ինչ իրենցից պահանջում էին»։

Նման խնջույքները սովորաբար տևում էին մի քանի օր և վերջում շատ մասնակիցներ այնքան ուժասպառ էին, որ բառացիորեն ուշագնաց էին լինում։ Դրանից հետո շատերին ոտքի կանգնելու համար հատուկ դեղորայք էին նշանակում, մասնագետների էին հրավիրում։ Փի Դիդդիի առանձնատներից մեկում անգամ հատուկ սենյակ է գտնվել, որը նախատեսված էր «առաջին բուժօգնության» համար։

Ինտերնետային տեսությունների մեկնարկային կետը հենց այս երեկույթներն են։ Հասկանանք, թե ինչ անուններ ու տեսություններ են շրջանառվում համացանցում՝ ամերիկյան տիրույթից մինչև ռուսական մեդիա ու հայկական ՏիկՏոկ։

ՀԱՄԱՑԱՆՑԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Փի Դիդդին օգտվում էր հայտնիների և ազդեցիկ մարդկանց շրջանակում ունեցած իր կապերից ու ակտիվորեն հենց նրանց հրավիրում իր երեկույթներին։ Սա մի տեսակ օրինականության փայլ էր տալիս սպիտակ փարթիներին։ Նրանցից ոմանք կարող էին լինել Փի Դիդդիի հանցագործությունների լուռ վկաները, մյուսները՝ մասնակիցները, որոշները՝ զոհերը։

Այս գործն այնքան մեծ արձագանք գտավ հանրության շրջանում, որ կարճ ժամանակ անց համացանցն ուղղակի ողողվեց դավադրության տեսություններով, ճշմարտություն ներկայացվող վարկածներով, կասկածներով, երբեմն անհավանական թվացող «ապացույցներով»։ Մի խոսքով՝ թաց ու չորը խառնվեցին, և ինչ-որ պահից այս պատմությանը հետևող մարդիկ կորցրին փաստերին հետևելու թելը։ Մենք առանձնացրել ենք այս վարկածներից մի քանիսը, որոնք առավել հաճախ են հանդիպում սոցցանցերում։

Առաջին վարկածի համաձայն, Դիդդին ուղիղ մասնակցություն ունի Թուփաքի և The Notorious B.I.G.-ի սպանություններին: Ի դեպ, այս տեսությունը շրջանառվում է դեռ շատ վաղուց, բայց այս օրերին հատկապես ակտիվ քննարկման թեմա է դարձել։ Այս վարկածն առաջ տանողները պնդում են, որ Դիդդին ցանկանում էր ազատվել Թուփաքից՝ որպես իր լեյբլի գլխավոր մրցակից։

Ի դեպ, 50 Cent-ը դեռ վաղուց այս վարկածն առաջ տանողներից մեկն է եղել։ Հիմա էլ պարզվում է, որ ռեփերը նախատեսում է վավերագրական ֆիլմ թողարկել Դիդդիի սկանդալային կյանքի մասին։ Ֆիլմը ցուցադրվելու է Netflix-ով և խոստանում է դառնալ վերջին շրջանի ամենասկանդալային վավերագրական ֆիլմերից մեկը։ 50 Cent-ի խոսքով, այս պատմությունը մեծ ազդեցություն է ունեցել բազմաթիվ մարդկանց վրա, շատ մարդկանց ճակատագրեր է կործանել, տասնամյակների պատմություն ունի, հետևաբար մարդիկ իրավունք ունեն իմանալ ճշմարտությունը։

Ինչ վերաբերում է The Notorious B.I.G.-ի սպանությանը, ըստ վարկածի՝ ռեփերը պատրաստվում էր խզել Bad Boy Records լեյբլի հետ հարաբերությունները, իսկ պրոդյուսեր Դիդդիին սա այնքան էլ դուր չէր եկել։ The Notorious B.I.G.-ի սպանությունից հետո նրա ալբոմները վաճառվեցին միլիոններով և հարստացրին ո՞ւմ՝ անշուշտ՝ Դիդդիին։ Ամեն դեպքում՝ ռեփերների սպանությանը Դիդդիի մասնակցության ուղղակի ապացույց մինչև օրս չկա։

Անցնենք առաջ։ Սպիտակ երեկույթների լուսանկարներից մեկում համացանցի հետաքննողները փնտրել ու գտել են Ուիլ Սմիթին։ Եվ եթե, օրինակ, Լեոնարդո ԴիԿապրիոյի դեպքում կադրերից հստակ է, որ նա փարթիին ցերեկային ժամերի է մասնակցել, ապա Ուիլ Սմիթի դեպքում հստակ է, որ նա մասնակցել է երեկույթի հենց այն հատվածին, որտեղ «ինչ-որ բան այնպես չի գնացել»։ Հետևաբար Սմիթը ստիպված կլինի երկրպագուներին շատ բան բացատրել։ Ավելին, վարկածներից մեկի համաձայն, Սմիթը այդ երեկույթներին իր հետ տարել է նաև որդուն, որն այն ժամանակ գուցե դեռ չափահաս էլ չէր։ Թե ինչ է կատարվել փակ դռների հետևում՝ մեկը մյուսից սարսափեցնող վարկածներ են պտտվում։

«Սարսափեցնող» բառը չէր խանգարի կիրառել նաև Ջասթին Բիբերի և Աշերի անունների հետ կապվող պատմությունները նկարագրելիս։ Իր երեկույթներից բացի, Փի Դիդդին ակտիվորեն զբաղվում էր նաև երիտասարդ երաժիշտների ու արտիստների առաջխաղացմամբ, այսպես ասած՝ «ճամբարներ» էր կազմակերպում խոստումնալից նորաթուխ երգիչների համար և օգնում նրանց ձեռք բերել փորձ ու կապեր։

Պարզվում է, 14 տարեկանում Աշերն ուղիղ մեկ տարի ապրել է Փի Դիդդիի կողքին ու անգամ տեսել այդ «խելահեղ» երեկույթներից որոշները։ Տարիներ առաջ հարցազրույցներից մեկում Աշերն անկեղծացել ու ասել էր, որ «դա այն չէր, ինչ այդ տարիքի դեռահասը պետք է տեսներ»։ Աշերն այլ մանրամասներ չի պատմել ու հիմա էլ լուռ է, բայց նրա երկրպագուներն օր ու գիշեր հիշում են Աշերի հայրիկին ու մայրիկին ու ապշում, թե ինչպես կարելի էր այդ տարիքում դեռահասին միայնակ թողնել Դիդդիի հետ։

Այս առումով հատկապես շատ է քննարկվում Ջասթին Բիբերի և Դիդդիի շփումը։ «48 ժամ Փի Դիդդիի հետ» տեսանյութը դիտում ու քննարկում են միլիոնավոր մարդիկ, Բիբերի սոցցանցերի էջերը ողողված են կարեկցանքի խոսքերով։ Թե ի՞նչ է «արժեցել» 15-ամյա Բիբերի համար ռեփեր-պրոդյուսերի հետ հանդիպումը՝ ոչ մի փաստ ու վկայություն չկա, բայց ամենասուր վարկածներն անգամ պնդում են, որ խոսքը կարող էր սեռական ոտնձգության մասին գնալ։

Բիբերն այս իրավիճակը որևէ կերպ չի մեկնաբանում, բայց երկրպագուները վերհիշում են տարիների ընթացքում նրա հոգեբանական վիճակը, մեջբերում նրա որոշ երգերի բառեր ու պնդում, որ դրանք ուղիղ կապ ունեն Դիդդիի հետ։ Նրանք ենթադրում են, որ Ջասթինին վախեցրել են կամ էլ ճնշում են գործադրել, որպեսզի լռությունը չխախտի։ Ինքը՝ Բիբերը, պատանեկան տարիքում ունեցած տրավմատիկ փորձառությունների մասին հաճախ է խոսել՝ առանց անունների։

Դավադրության տեսությունները երբեմն դուրս են գալիս վերահսկողությունից ու հնչում են այնպիսի վարկածներ, որոնք առնվազն հավատ չեն ներշնչում։ Նման տեսություններից մեկը պնդում է, որ Դիդդին պատվիրել է Մայքլ Ջեքսոնի սպանությունը։ Սա, թերևս, սկանդալի հետ կապված ամենաանհավանական տեսություններից մեկն է։ Անգամ Ջեքսոնի երկրպագուներն են այս տեսությունն անհեթեթ անվանում։

Մեկ այլ մեղմ ասած քիչ հավանական սցենարով Դիդդին և ընկերներն են Բարաք Օբամային դարձրել ԱՄՆ նախագահ։ Այս տեսությանը հավատացողները հիշել են հեռավոր 2004-ի մի հարցազրույց, որտեղ Դիդդին կատակով Օբամային անվանում է «ապագա նախագահ»։ Չորս տարի անց Օբաման փաստացի հաղթեց ընտրություններում։ Կա անգամ վարկած, որ Օբաման ևս մասնակցել է սպիտակ երեկույթներին և պրոդյուսերը քաղաքական գործչի դեմ կոմպրոմատներ է հավաքել հենց այնտեղ։ Ամեն դեպքում, այս ամենն ապացուցող իրական փաստեր կամ, առնվազն, անուղղակի ապացույցներ չկան։

Այս շարքում հերթական խիստ կասկածելի ու անհասկանալի տեսությունը կապված է Քանյե Ուեսթի անվան հետ։ 2009 թվականին Քանյեն MTV Video Music Awards-ի ընթացքում Թեյլոր Սվիֆթից խլեց միկրոֆոնն ու հայտարարեց, որ Բեյոնսեն առավել արժանի էր այդ մրցանակին։ Հիմա որոշ մարդիկ պնդում են, թե այսկերպ Քանյեն փորձել է պաշտպանել Սվիֆթին, որովհետև հակառակ դեպքում Դիդդի-Բեյոնսե-Ջեյ Զի եռյակը կկործաներ նրան։ Իհարկե, այս տրամաբանությամբ Հոլիվուդի բոլոր սկանդալները կարելի է կապել այս դեպքի հետ, բայց իրականության զգացողությունը կորցնել ևս պետք չէ։

Բայց այս բոլոր անուններից ամենաշատն ու բարձրը երկու անուն է հնչում՝ Բեյոնսե և Ջեյ Զի։ Սոցցանցերում զանգվածաբար տարածվում են հոլովակներ, որտեղ պնդում են, որ Ջեյ Զին և Բեյոնսեն ոչ միայն երկար տարիներ ընկերություն են արել Փի Դիդդիի հետ, այլև զբաղվել են նրա մութ գործերով և օգտվել նրա ծառայություններից։ Դե իսկ She Knows երգում համացանցի հետաքննողների կարծիքով she-ն հենց Բեյոնսեն է։

Օրինակ, լուրեր են տարածվում, թե աստղային զույգը «ամենազոր» պրոդյուսերի օգնությամբ կազմակերպել է 2000-ականների սկզբին մեծ անուն ձեռք բերած երգչուհի Ալիայի սպանությունը։ Նրան համարում էին Բեյոնսեի գլխավոր մրցակիցը R&B թագուհու կոչման համար։ Այս և այլ հանցագործություններում Ջեյ Զիի և Բեյոնսեի մասնակցության ապացույց չկա։ Կան միայն ենթադրություններ, որոնք հիմնված են արդեն հիշատակված տեսությունների վրա։

Ամեն դեպքում՝ վերադառնանք իրական փաստերի դաշտ։ Եվս 100 մարդ պարտաստվում է Փի Դիդդիի դեմ հայց ներկայացնել, ինչը նշանակում է, որ «հորինված» վարկածների կարիք չկա, առանց այդ էլ Դիդդիի մեղադրանքների շարքը, կարծես, վերջ չունի։

Ռեփերը հացադուլ է հայտարարել։ Սա, որքան էլ կոպիտ հնչի, տրամաբանական է, որովհետև նրա անվան ու մեղադրանքների հետ են կապվում աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից մի քանիսի անունները։ Հետևաբար, ավելորդ զգուշությունը հաստատ չի խանգարի։ Իրավիճակն այնքան արագ է զարգանում, որ անգամ այս տեքստը կարդալու ընթացքում գուցե մի նոր տեսություն հայտնվի կամ էլ մի նոր մեղադրանք առաջադրվի։ Խոստանում ենք հետևել զարգացումներին և ձեզ ևս մանրամասն տեղեկացնել Հոլիվուդի մութ կողմում կատարվող իրադարձությունների մասին։


✍️ Նանե Մանուկյան / PAN