#cyberPAN
October 31, 2022

Առյուծի չափ ջրասամույրը, ծովային ահարկու գիշատիչն ու փոքրիկ տիտանը. Օգոստոսի ու սեպտեմբերի բրածո կենդանիների մասին

Ո՞վ չի սիրում դինոզավրերին: Բոլորն են սիրում: Ու խոսքը ոչ միայն կինեմատոգրաֆիկ հրեշների մասին է, այլև իրական, Երկիր մոլորակի վրա միլիոնավոր տարիներ առաջ ապրած հսկաների: Հնէաբանությունը 21-րդ դարի երրորդ տասնամյակում ահռելի առաջընթաց է ապրում, նոր տեխնոլոգիաներն ու մեթոդները թույլ են տալիս ամեն ամիս նկարագրել դինոզավրերի (ու ոչ միայն) մի քանի նոր տեսակ:

Մեր սիրելի N+1 կայքի խմբագիր Սեմյոն Մորոզովը, ով համատեղությամբ նաև հնէաբան է, յուրաքանչյուր ամիս պատմում է նախորդ ամսվա ընթացքում նկարագրված նոր տեսակների մասին: PAN-ն էլ որոշել է հայալեզու ընթերցողի համար երկու ամիսը մեկ թարգմանել Մորոզովի նյութերն ու հրապարակել լոնգրիդի տեսքով:

ՕԳՈՍՏՈՍ, 2022

ԱՆՍՈՎՈՐ ԶՐԱՀԱԿԻՐԸ

Օգոստոս ամսվա, նույնիսկ` ամբողջ 2022թ-ի հնէաբանական «աստղն» անշուշտ տիրեոֆոր (Thyreophora) խմբին պատկանող նոր տեսակն է, որոնց նաև անվանում են զրահապատ դինոզավրեր։ Տիրեոֆորներին են պատկանում մեջքին ոսկրային ելուստներ ունեցող ստեգոզավրերը, զրահապատ անկիլոզավրը, ինչպես նաև դրանց ավելի պրիմիտիվ ցեղակիցները, օրինակ` սկուտելոզավրը և սցելիդոզավրը։

Նոր տիրեոֆորի կմախքի ռեկոնստրուկցիան ու կենդանու քարացուկների լուսանկարները, Facundo J. Riguetti et al. / Scientific Reports, 2022 / CC BY 4.0

Քարացուկները հայտնաբերվել են Արգենտինայում, Կանդելերոս ֆորմացիայի վերին կավճային նստվածքներում։ Մոտավորապես 97-94 մլն տարի առաջ այստեղ էր գտնվում Կոկորկոմ (Kokorkom) անապատը, որը հատում էին սեզոնային ցամաքող գետերը։ Դինոզավրերից բացի, այստեղ ապրում էին, օրինակ, Najash rionegrina ոտքերով օձերն ու կրոնոպիո (Cronopio dentiacutus) կաթնասունները, որոնք նման էին «Սառցե դարաշրջան» մուլտֆիլմի թրատամ սկյուռին։

Տիրեոֆորը ստացել է Jakapil kaniukura անվանումը։ Ցեղատեսակի անվանումը վերցված է պուելչե հնդկացիների մեռած լեզվից ու նշանակում է «զրահակիր», իսկ տեսակի անվանումը կազմված է դեռ կենդանի մապուչե լեզվով «կատար» ու «քար» բառերից. նկատի ունի ստորին ծնոտի կատարը, որով յակապիլը տարբերվում է մյուս զրահապատ դինոզավրերից։

Տիրեոֆորների չափանիշներով յակապիլը բավականին անսովոր է։ Առաջինը` կենդանին խոշոր չէ, 1.5 մետրից ոչ երկար, իսկ քաշը` 4.5-ից 7 կիլոգրամ։ Երկրորդ, կենդանին քայլում էր հետևի թաթերի վրա, որովհետև դիմացի թաթերը չափազանց փոքր են շարժվելու նպատակով օգտագործելու համար։ Դրանք ավելի շատ հիշեցնում էին կարնոտավրի թաթերը։

Յակապիլի գեղարվեստական ռեկոնստրուկցիան, Daniel Boh / CONICET / CC BY 2.5 AR

Արգենտինական հայտնագործության ֆիլոգենետիկ դիրքավորումը չի հաջողվել ճշգրիտ հաստատել։ Տվյալների մեկ մատրիցայի օգտագործումը ցույց է տվել, որ յակապիլը քույր տաքսոն է էվրիպիդների նկատմամբ (դա ստեգոզավրերն են ու անկիլոզավրերը), այլ մատրիցաներն էլ վկայում են, որ դա կամ քույր տաքսոն է անկիլոզավրերի նկատմամբ, կամ, ընդհանրապես, պրիմիտիվ անկիլոզավր են։

Ընդհանուր առմամբ, իր փոքրությամբ ու շարժվելու ձևով յակապիլն ավելի շատ հիշեցնում է բազալ (այսինքն` պրիմիտիվ) տիրեոֆորներին։ Սակայն այդ կենդանիներն ապրել են շատ ավելի վաղ` յուրայան դարաշրջանում ու շատ ավելի հյուսիսային շրջաններում` Լավրազիայի տարածքում (որը կազմված էր Հյուսիսային Ամերիկայից ու Եվրասիայից)։

Ֆիլոգենետիկ վերլուծություններից մեկի արդյունքները: Յակապիլը, ստեգոզավրերն ու անկիլոզավրերն առանձնացված են կարմիր, գույնով, Facundo J. Riguetti et al. / Scientific Reports, 2022 / CC BY 4.0

Սակայն ոչ բոլոր գիտականներն են պատրաստ համաձայնել, որ հայտնաբերված կենդանին տիրեոֆորների ներկայացուցիչ է։ Ստեգոզավրերի և այլ զրահապատ դինոզավրերի հայտնի մասնագետ Սյուզաննա Մեյդմենտը կարծում է, որ նոր տեսակը կարող է լինել կամ ցերատոպս, կամ ընդհանրապես դինոզավրերի առայժմ անհայտ խմբի ներկայացուցիչ։ Սակայն հստակ ասելու համար անհրաժեշտ է սպասել նոր գտածոների, եթե իհարկե, դրանք լինեն։

Յակապիլի երկու առանձնյակների գեղարվեստական ռեկոնստրուկցիան, Mauricio Álvarez y Gabriel Díaz Yanten (paleogdy) / CONICET / CC BY 2.5 AR

ԿՈՏՈՇԱՎՈՐԸ ՎԱՅՐԻ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՑ

Օգոստոսն ուրախացրեց մեզ նաև կոտոշավոր դինոզավրերի նոր տեսակով, որը ստացավ Bisticeratops froeseorum անվանումը։

Ցեղատեսակի անվանումը տրվել է ի պատիվ տեղանքի, որտեղ հայտնաբերվել է գանգը, իսկ տեսակի անվանումը` ի պատիվ Tangerine Dream խմբի լիդեր Էդգար Ֆրյոզեի ու նրա որդի Ջերոմի։ Ի դեպ, այս գիտական անվանումը հայտնվել է ցանցում դեռ նախորդ տարի. այն հիշատակվել է սյորացերատոպսին (Sierraceratops turneri) նվիրված հոդվածի օնլայն տարբերակում, սակայն ամսագրում տպագրելիս այն հեռացվել է։

Բիստիցերատոպսի կմախքի ռեկոնստրուկցիան, Sebastian G. Dalman et al. / New Mexico Museum of Natural History and Science Bulletin, 2022

Բիստիցերատոպսի գանգը հայտնաբերվել է դեռ 1975-ին` ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգում։ Սակայն այն ժամանակ կարծում էին, որ այն պատկանում է պենտացերատոպսի (Pentaceratops sternbergii)։ Քարացուկները հայտնաբերվել են Կիրտլանդ (Kirtland Formation) ֆորմացիայում` մոտ 74 մլն տարեկան շերտերում։ Այն ժամանակ Հյուսիսային Ամերիկան բաժանված էր երկու մասի` Լարամիդիայի ու Ապալաչիայի Արևմտյան ներքին ծովով, իսկ բիստիցերատոպսը բնակվում էր Լարամիդիայի հարավային մասում։

Sebastian G. Dalman et al. / New Mexico Museum of Natural History and Science Bulletin, 2022

Գանգի վրա լավ երևում են գիշատիկ դինոզավրի, ամենայն հավանականությամբ` տիրանոզավրի ցեղակցի կծածի հետքերը։ Ընդ որում, եթե հավատանք 2018-ի գիտական աշխատանքին, այդ ցեղակիցը (ի դեպ, բավականին խոշոր) պատկանում է մինչ այժմ գիտությանն անհայտ տեսակի։

Ֆիլոգենետիկ վերլուծությունը տեղակայում է բիստիցերատոպսին խազմոզավրինների (Chasmosaurinae) ենթաընտանիքում, որտեղ արդեն կան խազմոզավրն ու քաջ հայտնի տրիցերատոպսը։

Բիստիցերատոպսի գեղարվեստական ռեկոնստրուկցիան: Հետին պլանում տիրանոզավրիդը խժռում է մահացած բիստիցերատոպսին, Sergey Krasovskiy / Sebastian G. Dalman et al. / New Mexico Museum of Natural History and Science Bulletin, 2022

ԴԻՊԼՈԴՈԿԻ ՆՈՐ ՑԵՂԱԿԻՑՆԵՐԸ
Զաուրոպոդոմորֆները (Sauropodomorpha) դինոզավրերի մեծ խումբ է, որը ներառում է դիպլոդոկներին, բրախիոզավրերին ու այլ զաուրոպոդների, ինչպես նաև նրանց ավելի պրիմիտիվ ցեղակիցներին։ Օգոստոսին նրանց թիվը համալրվեց երկու նոր ներկայացուցիչով։

Դրանցից մեկը միանգամից դարձավ Աֆրիկայի՝ գիտական նկարագրություն ստացած հնագույն դինոզավրը։ Քարացուկները հայտնաբերվել են Զիմբաբվեում` Փեբլի-Արքոուզ (Pebbly Arkose Formation) ֆորմացիայի շերտերում, որոնց տարիքը թվագրվում է Կարնիյան յարուսի սահմանին, այսինքն` 237-ից 227 մլն տարի առաջ։ Բնականաբար, այն ժամանակ Աֆրիկան ինքնուրույն մայրցամաք չէր, այլ ներառված էր Պանգեայի կազմում։

Այս ոչ մեծ զաուրոպոդոմորֆը ստացել է Mbiresaurus raathi անվանումը։ Ցեղային անվանումը տրված է ի պատիվ Մբիրե շրջանի, որտեղ հայտնաբերվել են քարացուկները, իսկ տեսակայինը` հնէաբան Մայքլ Ռաատի (Michael Raath) պատվին, ով առաջիններից է հայտնաբերել քարացուկների գտնվելու վայրը։

Հոլոտիպի (նմուշի, որի վրա հիմնված է գիտական նկարագրությունը) հիստոլոգիական վերլուծությունը ցույց է տվել, որ դինոզավրը հասուն է, արդեն հասել է մորֆոլոգիական հասունության։ Սակայն մյուս նմուշը առաջինից խոշոր էր 15 տոկոսով։ Դա կարող է խոսել այն մասին, որ կամ մբիրեզավրը շարունակում է աճել նաև հասունության հասնելուց հետո, կամ էլ հասուն մբիրեզավրերին, ինչպես որոշ այլ վաղ դինոզավրերի դեպքում, հատուկ է չափերի վարիացիան։

Մբիրեզավրից բացի, նույն այդ վայրում հայտնաբերվել են նաև հերերազավրիդների (Herrerasauridae) ընտանիքի գիշատիչ դինոզավրերի, ռինխոզավրերի (կոկորդիլոսների ու դինոզավրերի հնագույն ցեղակիցների), ցինոդոնտերի (կաթնասունների նախնիների) ու էտոզավրերի (կոկորդիլոսների խոտակեր ցեղակիցների) քարացուկները։ Այս ֆաունան շատ նման է Հարավային Ամերիկայի ու Հնդկաստանի կարնիյան շերտերում գտնված ֆաունային, որոնք այն ժամանակ գտնվում էին նույն լայնություններում, ինչն ապացուցում է Պանգեայում կլիմայական խոչընդոտների առկայությունը, որոնք ազդում էին կենդանիների տարածման վրա (պերմյան անհետացումից հետո սկզբի ժամանակներում նման խոչընդոտներ դեռ չկային, ու սուպերմայրցամաքի ֆաունան շատ թե քիչ միատարր էր)։

Մբիրեզավրի գեղարվեստական ռեկոնստրուկցիան: Այս պրիմիտիվ զաուրոպոդոմորֆում դեռ դժվար է տեսնել ավելի ուշ երկարավիզ հսկաների ցեղակցին: Հետին պլանում երևում են ռինխոզավրերը (աջից), էտոզավրը (ձախից) ու գերերազավրիդը, որը հետապնդում է ցինոդոնտին, Andrey Atuchin / Virginia Tech

Մյուս նոր տեսակը շատ ավելի զարգացած է։ Սա արդեն հենց զաուրոպոդների ներկայացուցիչ է։ Կենդանու ողը հայտնաբերվել է Կոլումբիայում` Լա Կինտա (La Quinta Formation) յուրայան ֆորմացիայում, որի տարիքը կազմում է մոտ 175 մլն տարի, ինչը կենդանուն դարձնում է Հարավային Ամերիկայում հայտնաբերված ամենավաղ զաուրոպոդներից մեկը։ Այն ստացել է Perijasaurus lapaz անվանումը` ի պատիվ Սիերա դե Պերիխա լեռնաշղթայի ու Լա Պաս քաղաքի, ինչպես նաև 2016-ին կնքված խաղաղ պայմանագրի (Acuerdos de Paz) պատվին, որը, չնայած, ֆորմալ առումով չդադարեցրեց քաղաքացիական պատերազմը Կոլումբիայում, սակայն դադարեցրեց ռազմական գործողությունները, ինչը թույլ տվեց գիտնականներին զբաղվել դաշտային աշխատանքներով։

Perijasaurus lapaz-ի ողը, Aldo F. Rincón et al. / Journal of Vertebrate Paleontology, 2022

ԴԻՆՈԶԱՎՐԵՐԻՑ ԲԱՑԻ

Օգոստոսին նկարագրվել են ոչ միայն դինոզավրեր, այլև մոզազավրի նոր տեսակ։ Մոզազավրերը հսկա ծովային սողուններ են, օձերի ու վարանների մոտ ցեղակիցները։

Մոզազավրը հայտնաբերվել է Մարոկկոյի, ավելի հստակ` Ուլեդ Աբդուն (Ouled Abdoun Basin) ֆոսֆորիտակիր բասեյնի վերին կավճային նստվածքներում։ Մարոկկոյում նախորդ տարի հայտնաբերված մոզազավրը` Pluridens serpentis-ը, ամենայն հավանականությամբ զբաղվում էր փոքր ավարի որսով մեխանո ու խեմոռեցեպցիայի միջոցով, քանի որ կենդանու աչքերը փոքր էին։ Այս անգամ նկարագրվել է լրիվ այլ մասնագիտացմամբ մոզազավր, որը նախընտրում էր որսալ ավելի խոշոր կենդանիներ, այդ թվում` այլ մոզազավրեր։ Գիշատիչը ստացել է Thalassotitan atrox անվանումը, ինչը նշանակում է «կատաղի ծովային տիտան»։

Տալասոտիտանի չափերի համեմատությունը խոյադելֆինի ու մարդու չաերի հետ, Nicholas R. Longrich et al. / Cretaceous Research, 2022

Տալասոտիտանի արյունարբու էության մասին խոսում են նրա ատամները։ Մի կողմից, դրանք նման են տրանզիտային խոյադելֆինների ատամներին (որոնք ձկանը նախընտրում են կաթնասունների միսը) կամ հնագույն ատամնավոր կետ լեվիաթանին (Livyatan melvillei)։ Մյուս կողմից, բոլոր հայտնաբերված ատամները խիստ մաշված են։ Անգամ ավելի մաշված, քան տիրանոզավրինը, ինչը նշանակում է, որ դրանք շատ են աշխատել։

Այն, որ մոզազավրերի թվում եղել է նման գիշատիչ, որն ակնհայտորեն տեղի սննդային շղթայի գագաթին էր, ինչպես նաև ուշ կավճի դարաշրջանի մոզազավրերի ընդհանուր բազմազանությունը խոսում է այն մասին, որ 66 մլն տարի առաջ անհետացմանը ծովային էկոհամակարգերի անկում չի նախորդել։ Ավելին, այս կենդանիներին բազմազանությունը մինչ օրս ամբողջությամբ նկարագրված չէ։ Վերոնշյալ երկու մոզազավրերի հետազոտությունները ղեկավարող Նիկոլաս Լոնգրիչը (Nicholas R. Longrich) պնդում է, որ մեզ դեռ բազմաթիվ մարոկկոյան մոզազավրեր են սպասում։

Տալասոտիտանը որսի ժամանակ, գեղարվեստական ռեկոնստրուկցիա, Andrey Atuchin / University of Bath

ՍԵՊՏԵՄԲԵՐ, 2022

ԱՍՏՎԱԾԸ՝ ՄՇՈՒՇԻՑ

Սեպտեմբերը մեզ նվիրեց աբելիզավրիդ ընտանիքի նոր տերոպոդի։ Այս գիշատիչ դինոզավրերը հայտնի են իրենց փոքրիկ ձեռքերով ու կարճ մռութով։ Քարացուկները հայտնաբերվել են արգենտինական Պորտեսուելո (Portezuelo Formation) ֆորմացիայում, որի տարիքը թվագրվում է վերին կավճի տուրոնյան ու կոնյակյան յարուսներով` 93.9-86.3 մլն տարվա սահմաններում։ Մատիա Բայանոն (Mattia A. Baiano) գործընկերների հետ նոր տեսակն անվանել են Elemgasem nubilus. ցեղային անվանումը տրված է ի պատիվ տուելչեների Էլեմգասեմ աստծո, իսկ տեսակայինը լատիներենից թարգմանվում է, որպես «մշուշոտ», ինչը հղում է անում կայուն մառախուղին, որն ուղեկցում էր պեղումները։

Elemgasem nubilus-ի կմախքի ռեկոնստրուկցիան, հայտնաբերված մասերը առանձնացված են կարմիրով, Abel Germán Montes / CONICET / CC BY 2.5 AR

Հնէաբաններն ուսումնասիրել են դինոզավրի ոսկորների հիստոլոգիական կառուցվածքն ու պարզել, որ մահանալիս կենդանու տարիքը 8 տարեկանից ոչ պակաս էր։ Ընդ որում, դինոզավրը, հավանաբար, արդեն հասել էր սեռային հասունության, սակայն շարունակում էր աճել։

Էլեմգասեմի ու Պորտեսուելո ֆորմացիայի մյուս դինոզավրերի գեղարվեստական ռեկոնստրուկցիան, Abel Germán Montes / CONICET / CC BY 2.5 AR

Ընտանիքի հնէաբանական տարեգրությունը ներառում է յուրայան ու կավճի դարաշրջանները, սակայն կավճի տուրոնյան յարուսում աբելիզավրիդները ներկայացված են ընդամենը երկու տեսակով, իսկ կոնյակից մինչ օրս ընդհանրապես անհայտ էին։ Էլեմգասեմը լրացնում է այս բացը։

ԹԱՔՆՎԱԾ ԶԱՈՒՐՈՊՈԴՈՄՈՐՖԸ

Սեպտեմբերի մյուս նորույթը մի ամբողջ դար թաքնվում էր այլ անվան տակ։ Այս դինոզավրի քարացուկները հայտնաբերվել էին դեռ 1922-ին` Տրոսինգեն ֆորմացիայի (Trossingen Formation) նստվածքներում, որոնք թվագրվում են վերին տրիասի նորիյան ու ռետյան յարուսներով` 227-201.3 մլն տարի առաջ։ Այն ժամանակ ոսկորները նույնականացվել էին որպես պլատեոզավր (Plateosaurus) պրիմիտիվ զաուրոպոդոմորֆին պատկանող։

Հնէաբաններ Օմար Ռաֆայել Ռեգալադո Ֆերնանդեսն (Omar Rafael Regalado Fernández) ու Ինգմար Վերնեբուրգը (Ingmar Werneburg) վերջերս կրկին ուսումնասիրել են քարացուկներն ու դրանց հիման վրա նկարագրել նոր տեսակ, որը ստացել է Tuebingosaurus maierfritzorum անվանումը։ Ցեղային անվանումը տրված է ի պատիվ Թյուբինգեն քաղաքի, որի մոտակայքում հայտնաբերվել են քարացուկները, իսկ տեսակայինը կազմված է Վոլֆգանգ Մայերի (Wolfgang Maier) ու Ուվե Ֆրիցի (Uwe Fritz) ազգանուններով։

Tuebingosaurus maierfritzorum-ի ռեկոնստրուկցիան՝ կմախքի հայտնի մասերի պատկերմամբ, Regalado Fernández & Werneburg / Vertebrate Zoology, 2022 / CC BY 4.0

Ֆերնանդեսի խմբի աշխատանքը ցույց է տալիս, որ թյուբինգոզավրը էվոլյուցիոն ծառի վրա զբաղեցնում է ավելի առաջավոր տեղ, քան պլատեոզավրը։ Հեղինակները կոչ են անում վերանայել մյուս բրածո մնացորդները, որոնք նախկինում նույնպես նկարագրվել են, որպես պլատեոզավրեր, քանի որ լրիվ հնարավոր է` դրանց թվում այլ նոր տեսակներ հայտնաբերվեն։

Տյուբինգոզավրի գեղարվեստական ռեկոնստրուկցիան, ում խժռում է տերատոզավրը (Teratosaurus)՝ կոկորդիլոսի հեռավոր ցեղակիցը: Հետին պլանում՝ իսկական պլատեոզավրեր են, Marcus Burkhardt / Regalado Fernández & Werneburg / Vertebrate Zoology, 2022 / CC BY 4.0

ԹԶՈՒԿ ՏԻՏԱՆԸ

Զաուրոպոդները, ինչպիսիք են դիպլոդոկը, բրախիոզավրն ու բրոնտոզավրը (վերջին ցեղատեսակը վերականգնել են մի քանի տարի առաջ) հայտնի են իրենց ահռելի չափերով։ Սակայն զաուրոպոդների թվում լինում նաև թզուկ տեսակներ։ Որպես կանոն, այսպիսի զաուրոպոդները փոքրանում էին այսպես կոչված «կղզու էֆեկտի» պատճառով, երբ խոշոր կենդանիների չափերը կղզիներում մյուսների հետ նիշան կիսելու պատճառով փոքրանում են, իսկ փոքր կենդանիների չափերը` մեծանում։

Սեպտեմբերին Բրունո Նավարոն (Bruno A. Navarro) գործընկերների հետ նկարագրել է տիտանոզավրերի խմբին պատկանող թզուկ զաուրոպոդի, որը ստացել է Ibirania parva անվանումը։ Կենդանու երկարությունը չի գերազանցում 5.7 մետրը, ինչը դարձնում է նրան ամենափոքր զաուրոպոդներից մեկը։

Իբիրանիայի քարացուկները հայտնաբերվել են բրազիլական Սան Ժոզե դու Ռիու Պրետու (São José do Rio Preto) ֆորմացիայում, որի տարիքը 86.3-72.1 միլիոն տարվա սահմաններում է։ Հոլոտիպի ոսկորների հիստոլոգիան խոսում է այն մասին, որ դա իրոք հասուն (անգամ` ծերացող) առանձնյակ է, ոչ թե երիտասարդ կենդանի, որը դեռ կարող էր աճել։

Ibirania parva-ի կմախքի ռեկոնստրուկցիան: Նարնջագույնով առանձնացված են հոլոտիպի ոսկորները, կապույտով՝ մյուս առանձնյակներինը, Sérgio Lages / Navarro et al. / Ameghiniana, 2022

Զաուրոպոդի ցեղային անվանումը կարելի է թարգմանել, որպես «Իբիրայի օտարականը» (սա այն մունիցիպալիտետն է, որի տարածքում հայտնաբերվել են քարացուկները), կամ, եթե թարգմանենք հենց «Իբիրա» բառը, ապա կստացվի «փայտյա օտարականը» (նկատի ունի դինոզավրի սննդային վարքագիծը)։ Տեսակային անվանումն էլ նշանակում է «փոքրիկ»։

Իբրիանիաների խումբը՝ նկարչի պատկերացմամբ, Hugo Cafasso & Matheus Fernandes Gadelha / Jornal da USP

Նույն շերտերում հայտնաբերված մյուս տիտանոզավրերից շատերը նույնպես աչքի չեն ընկնում հսկա չափերով, դրանց երկարությունը կազմում է 8-12 մետր։ Սակայն այն ժամանակներում այստեղ կղզիներ չկային, հետևաբար` այս զաուրոպոդների փոքրացումը չի կարող բացատրվել կղզու էֆեկտով։ Նավարոն ու իր գործընկերները, այդուհանդերձ, նկարագրում են կենդանիների փոքրությունը` հղում անելով նույն մեխանիզմին ու ասում են, որ մեղավոր են չոր կլիմայական պայմանները։ Դրա պատճառով խոշոր կենդանիներն այստեղ, ինչպես դա տեղի է ունենում կղզիներում, փոքրացել են սննդային ռեսուրսների սահմանափակ լինելուց։ Բացի այդ, ֆիլոգենետիկ վերլուծությունը ցույց է տալիս, որ իբիրանիան պատկանում է սալտազավրիններին (Saltasaurinae), իսկ այդ խմբի ներկայացուցիչներն աչքի չեն ընկնում մեծ չափերով։

ԹՌՉՈՂ ՁԿՆՈՐՍԸ

Սրանով սեպտեմբերյան դինոզավրերն ավարտվում են, սակայն նկարագրվել են նաև այլ հնադարյան կենդանիներ։ Ցուցակը բացում է թռչող սողունների` պտերոզավրերի նոր տեսակը։ Կենդանու քարացուկները հայտնաբերվել են Նամիբ անապատում` Անգլիայում, Բենտիաբա (Bentiaba) տարածքում, որը պատկանում է Մուկուիո ֆորմացիային (Mucuio Formation). Բենտիաբայի ապարների տարիքը կազմում է մոտ 71,64–71,4 մլն տարի (վերին կավիճ)։

Ալեքսանդրա Ֆերնանդեշն (Alexandra E. Fernandes) ու իր գործընկերները նկարագրել են պտերոզավրի երկու առանձնյակ (հոլոտիպ ու պարատիպ), որոնց թևերի բացվածքը կազմում է 4.7 ու 5.6 մետր։ Նոր պտերոզավրը ստացել է Epapatelo otyikokolo անվանումը, ինչը նյանեկա ժողովրդի լեզվից թարգմանաբար նշանակում է «թևավոր մողես» (նույն կերպ թարգմանվում է նաև «պտերոզավր» բառը)։ Նրանք չեն բացառում, որ թևերի վեց մետրանոց բացվածքը դեռ սահմանը չէ, ինչի մասին վկայում են ավելի խոշոր պտերոզավրերի ֆրագմենտար մնացորդները` հայտնաբերված նույն վայրում (ու որոնք, հնարավոր է, պատկանում են նույն տեսակին)։ Էպապատելոյի քարացուկները դուրս էին բերվել ծովային նստվածքներից, այդ իսկ պատճառով հնէաբանները կարծում են, որ այս պտերոզավրը սնունդը հայթայթում էր ծովում։

Epapatelo otyikokolo-ի պրատիպը: Վերևում արմնկային ոսկորն է, ներքևում՝ ճաճանչաոսկրը, Alexandra E. Fernandes et al. / Diversity, 2022 / CC BY 4.0

Նոր տեսակը գլխիվայր շրջում է նիկտոզավրիդների ընտանիքի դասակարգումը. ֆիլոգենետիկ վերլուծությունը ցույց է տալիս, որ էպապատելոն ալցիոնայի (Alcione elainus) ու սիմուրգիայի (Simurghia robusta) հետ միասին խմբավորվում է նիկտոզավրիդների դասակարգման սահմաններից դուրս (նախկինում, ալցիոնան ու սիմուրգիան ներառված էին այս ընտանիքում)։ Այնպես որ, նիկտոզավրիդների ընտանիքում այժմ մնում է նիկտոզավրը (Nyctosaurus spp.), որը ներառում է բարբարիդակտիլին ու մուսկիսոպտերիքսին (Muzquizopteryx coahuilensis): Բոլոր այս տեսակները միավորող խումբը հեղինակներն անվանել են Aponyctosauria։

Էպապտելոյի ու բարբարիդակտիլի ֆիլոգենետիկ ծառը: Բարբարիդակտիլն (Barbaridactylus grandis) այստեղ ներառված է այստեղ նիկտոզավրերի տեսակների ցանկում՝ Nyctosaurus grandis անվանմամբ, Alexandra E. Fernandes et al. / Diversity, 2022 / CC BY 4.0
Էպապտելոյի գեղարվեստական պատկերումը, Սեմյոն Մորոզով

ԵՐԿԱՐԱՎԻԶ ԾՆՈՏՆԵՐԸ

Նախորդ սեպտեմբերին համալրվել է նաև ծովային սողունների շարքը: Ուոլթեր Սքոթ Փերսոնսը (Walter Scott Persons IV) ու իր թիմը նկարագրել են երկար պարանոցով ու երկար ծնոտներով պլեզիոզավրի: Սա շատ անսովոր է, քանի որ, որպես կանոն, այս սողունների մոտ երկար է կամ պարանոցը, կամ ծնոտները:

Պլեզիոզավրի երկու մորֆոտիպերը: Kronosaurus պլեզիոզավրիդի մոտ կարճ պարանոց է ու երկար ծնոտներ, Woolungasaurus էլասմոզավրիդի մոտ՝ երկար պարանոց, փոքր գլուխ ու կարճ ծնոտներ, Dmitry Bogdanov / Wikimedia Commons / CC BY 3.0

Պլեզիոզավրը ստացել է Serpentisuchops pfisterae անվանումը: Ցեղային անվանումը կազմված է «օձ» (ակնարկում է երկար պարանոցը), «կոկորդիլոս» ու «մռութ» (նկատի ունի ծնոտները) բառերից, իսկ տեսակայինը՝ ի պատիվ Աննա Պֆիստերի, ում պատկանող տարածքում հայտնաբերվել են քարացուկները: Երկրաբանական տեսանկյունից, քարացուկները պատկանում են Վայոմինգի Պիռ Շեյլ (Pierre Shale) ֆորմացիայի նստվածքներին, որոնց տարիքը գնահատվում է մոտ 70 մլն տարի:

Յոթ մետրանոց սերպենտիզուխոպսը որսում էր ոչ մեծ, արագ կենդանիներ, նաև՝ ձկներ ու կակղամորթեր: Ֆիլոգենետիկ վերլուծությունը ցույց է տալիս, որ սերպենտիզուխոպսը պատկանում է պոլիկոտիլիդներին (Polycotylidae), որոնց հատուկ են երկար ծնոտներն ու կարճ պարանոցը (չնայած, Thililua longicollis պրիմիտիվ պոլիկոտիլիդն ուներ բավականին երկար պարանոց՝ երկար ծնոտների հետ համատեղ):

Serpentisuchops pfisterae-ի ֆիլոգենետիկ դիրքն ու գեղարվեստական ռեկոնստրուկցիան, Nathan Rogers / Persons et al. / iScience / CC-BY-NC-ND

ՀՍԿԱ ՋՐԱՍԱՄՈՒՅՐԸ

Սեպտեմբերին նկարագրվել են ոչ միայն նոր դինոզավրեր ու սողուններ, այլև մեկ նոր կաթնասուն: Նկարագրվածը հսկա, առյուծի չափերի հասնող ջրասամույր է, որը կշռում էր նվազագույնը 200 կիլոգրամ: Կենդանու քարացուկները՝ ատամներն ու կոնքոսկրը, հայտնաբերվել են Եթովպիայի հարավ-արևմուտքում՝ Օմո գետի հարթավայրում: Հսկա ջրասամույրը ապրել է 3.4-ից 2.5 մլն տարի առաջ (պլիոցեն-պլեյսոցեն), այսինքն՝ ավտրալոպիտեկների հետ նույն ժամանակներում:

Կամիլա Գրոեն (Camille Grohé) ու իր գործընկերները պարզել են, որ այս տեսակը պատկանում է արդեն հայտնի Enhydriodon ցեղին: Գիտնականները կենդանուն անվանել են E. omoensis ՝ ի պատիվ հայտնաբերման վայրի:

Enhydriodon omoensis-ի ռեկոնստրուկցիան, կենդանու քարացուկները, ինչպես նաև չափերի համեմատությունը ժամանակակից ջրասամույրի, ավստրալոպիտեկի ու մարդու հետ, Sabine Riffaut, Camille Grohé / Palevoprim / CNRS – Université de Poitiers

Կենդանու ատամների էմալում թթվածնի ու ածխածնի կայուն իզոտոպների անալիզը ցույց է տվել, որ ջրասամույրը ունիկալ էկոլոգիական նիշա է զբաղեցրել. ի տարբերություն մյուս ջրասամույրների, կենդանին սնվում էր ոչ միայն ձկներով, այլև՝ ցամաքային կենդանիներով (հնարավոր է՝ անգամ լեշով): Ո՞վ գիտի, միգուցե մեր հնագույն նախնիները նույնպես սնունդ էին այս հսկայի համար:


✍ Արման Գասպարյան / PAN