#իվենթաPAN
November 9, 2023

Քրուզի աղանդը, Դեփի անկողնու անակնկալն ու Բեզոսի ունեցվածքը. Հոլիվուդյան բաժանումներ՝ «ուղիղ եթերում»

Ամուսնալուծությունը սթրեսային և խիստ զգացմունքային շրջան է ցանկացած զույգի համար. անկախ նրանից՝ ամուսնալուծվող զույգը թագավորական ընտանիքից է, հոլիվուդյան աստղ, թե սովորական մահկանացու։ Բայց ինչ֊որ բան հուշում է, որ սթրեսային իրավիճակները մի քանի տոկոս ավելի քիչ են լինում, եթե այդ ամենը կատարվում է հանրության աչքից հեռու:

Համաշխարհային փառք ունեցող մարդիկ չեն կարող իրենց թույլ տալ այս ճոխությունը։ Նրանց ամուսնալուծությունները դառնում են ամսագրերի վերնագրեր ամբողջ աշխարհում, բաժանման պատճառները քննարկում ու սեփական երևակայության սահմաններում վարկածներ են առաջ քաշում բոլորը։

Ամենաթանկ ամուսնալուծությունից մինչև կրկնակի բաժանման դեպքեր. PAN-ը մեկտեղել է վերջին տասնամյակների ամենաքննարկված բաժանումները։

ՄԵՐԻԼ ՍԹՐԻՓ ԵՎ ԴՈՆ ԳԱՄՄԵՐ

Անթիվ ու անհամար բաժանությունների ֆոնին կան հինգ մատի վրա հաշվվող զույգեր, որոնց սիրո պատմությունը հուսադրում էր, որ անգամ Հոլիվուդում սերն իրական ու հարատև կարող է լինել։ Բազմաթիվ սրտեր կոտրվեցին ու հույսեր մարեցին, երբ պարզվեց, որ 45 տարվա ամուսնությունից հետո Մերիլ Սթրիփը բաժանվել է ամուսնուց՝ ճարտարապետ Դոն Գամմերից։

Թեև բաժանության մասին լուրերը հանրությանը հասան միայն անցած ամիս, ըստ ամենայնի, զույգը բաժանվել է դեռ վեց տարի առաջ։ Դերասանուհու ներկայացուցիչները պարզաբանել են՝ «որոշել են առանձին ապրել` հոգ տանելով միմյանց մասին»։

Նախկին ամուսինները ծանոթացրել են Մերիլի եղբոր միջոցով՝ 1978 թվականին և ամուսնացել են նույն տարում։

ԹՈՄ ՔՐՈՒԶ ԵՎ ՆԻԿՈԼ ՔԻԴՄԱՆ

Զույգը ծանոթացել է Days of Thunder-ի նկարահանման հրապարակում 1989 թվականին։ Նրանք ամուսնացել են 1990 թվականի դեկտեմբերին։ Քիդմանը 23 տարեկան էր, իսկ Քրուզը՝ 28։ Ամուսնության ընթացքում նրանք միասին նկարահանվել են մի քանի ֆիլմերում և որդեգրել երկու երեխայի։ Քրուզն ամուսնալուծության հայց է ներկայացրել 2001 թվականի փետրվարին։ Սա հոլիվուդյան զույգի սիրո պատմության առանց կոնտեքստի տարբերակն է։ Իսկ կոնտեքստն ամեն բան շատ ավելի լավ է բացատրում։

Թոմ Քրուզը սայենթոլոգիայի եկեղեցու հետևորդ է արդեն տասնյակ տարիներ ու ակտիվորեն մասնակցում է կրոնական այս ուսմունքի կամ աղանդի տարածմանն ու հանրայնացմանը։ Նա սայենթոլոգ է դարձել 1990 թվականին, երբ իր նախկին կինը՝ Միմի Ռոջերսը ծանոթացրել է իրեն գիտնական Ռոն Հաբբարդի հետ։ Ու քանի չեք հասցրել մտածել, թե ինչ կապ ունի այս ամենը Քրուզի և Քիդմանի բաժանության հետ՝ մանրամասնենք։ Սաենթոլոգները չէին սիրում Նիկոլին, որովհետև կարծում էին, որ Քիդմանն ու նրա հոգեբան հայրը վատ ազդեցություն են թողնում Քրուզի վրա ու հնարավոր է անգամ ազդեն նրա որոշումների վրա։

Ամեն դեպքում, այս զույգի ամուսնալուծության ամենատպավորիչ կադրը Քիդմանի՝ մինչև օրս համացանցում ակտիվ քննարկվող լուսանկարներն էին։ Մեծ հաշվով, բաժանումը ամենահաճելի բանը չէ, ինչի միջով մարդիկ անցնում են, բայց Քիդմանի այս լուսանկարները թույլ տվեցին այլ տեսանկյունից նայել իրավիճակին։ Լուսանկարում ուրախ թռվռացող ու «ազատ շունչ քաշող» Նիկոլ Քիդմանը րոպեներ առաջ դուրս էր եկել իր փաստաբանի գրասենյակից, որտեղ վերջնականացնում էին բաժանման փաստաթղթերը։

Ավելի ուշ Քիդմանը հարցազրույցներում ասել է, որ իրականում բավականին ծանր է տարել բաժանումը, բայցև նշել, որ ամուսնական տարիներին իր մոտ տպավորություն էր, թե ապրում է Քրուզի ստվերում։

«Ես հայտնի դարձա շատ երիտասարդ տարիքում։ Հայտնի դարձա, քանի որ ինչ-որ մեկի կինն էի։ Չէի կարծում, թե իմ առաջին ֆիլմերը բավականաչափ լավն էին: Մտածում էի, որ արժանի չեմ այդ ուշադրությանը: Մենք միասին գնում էինք Օսկար մրցանակաբաշխության, և ես մտածում էի՝ այստեղ եմ միայն նրան աջակցելու համար։ Տպավորություն էր, որ ինձ տեսնում են, բայց չեն լսում»:

ԹՈՄ ՔՐՈՒԶ ԵՎ ՔԵՅԹԻ ՀՈԼՄՍ

Քիդմանի հետ ամուսնալուծությունից չորս տարի անց Քրուզի կողքին դերասանուի Քեյթի Հոլմսն էր։ Զույգը նշանադրվեց 2005 թվականին՝ ռոմանտիկ հարաբերությունների սկզբից ընդամենը յոթ շաբաթ անց։ Հարսանեկան արարողությունն անցկացվեց Իտալիայում՝ սայենթոլոգիայի եկեղեցու օրենքներով։ Ընտանեկան կյանքը կարծես առանց ավելորդ լարվածության ու սկանդալների էր, բայց 5 տարի անց Հոլմսն անակնկալի բերեց ամուսնուն ու ամուսնալուծության հայց ներկայացրեց։ Ապահարզանի թղթաբանական գործընթացն ընդամենը 10 օր տևեց, 11-րդ օրն անհրաժեշտ թղթերը ստորագրված էին։

Ամուսնալուծությունից հետո Հոլմսը վերադարձավ Կաթոլիկ եկեղեցի։ Զույգի դստեր հիմնական խնամակալը ևս Հոլմսն է։ Բաժանության պատճառների մի քանի վարկած է շրջանառվում, բայց հիմնական թեզերից մեկն այն է, որ դերասանուհին ցանկացել է դստերը հեռու պահել սայենթոլոգիայի եկեղեցուց և պաշտպանել աղանդից։

ԲՐԵԴ ՓԻԹ ԵՎ ՋԵՆԻՖԵՐ ԷՆԻՍԹՈՆ

Թվում էր, թե այս զույգն ուներ ամեն ինչ երջանիկ լինելու համար: Նրանք խելագարի պես սիրահարված էին, չափազանց հաջողակ էին որպես դերասաններ, Հոլիվուդի ամենագեղեցիկ ու հաջողակ մարդկանց ցուցակում էին: Բայց Մալիբուում շքեղ ամուսնական արարողությունից հինգ տարի անց զույգն ամուսնալուծվեց 2005 թվականին: Ենթադրյալ պատճառը Ջոլիի հետ Փիթի դավաճանությունն էր «Mr. & Mrs. Smith»-ի նկարահանման հրապարակում:

Ամուսնալուծությունից ընդամենը մեկ տարի առաջ Էնիսթոնը հարցազրույցում ասել էր, որ պատրաստ է երեխա ունենալ ու կարծում է, որ պահը հասունացել է։

«Ժամանակն է։ Կարծում եմ, որ հնարավոր է շարունակել աշխատել հղիության ընթացքում, հնարավոր է աշխատել, երբ արդեն երեխա ունես: Ես իսկապես անհամբեր սպասում եմ դրան»:

Ուղիղ մեկ տարի անց զույգը բաժանվեց, բայց հայտարարեց, որ «լավ ընկերներ» են մնում։ Բաժանումից գրեթե 20 տարի է անցել, բայց դերասանների երկրպագուները ոչ մի առիթ բաց չեն թողնում քննարկելու զույգի ամուսնալուծության հանգամանքները, վերամիավորվելու հնարավորությունը և շատ ավելին։ Իսկ այս տարիների ընթացքում որևէ հարցազրույցի ժամանակ արված ցանկացած փոքր մեկնաբանություն ավելի էր ակտիվացնում խոսակցությունները։ Օրինակ, երբ բաժանումից վեց տարի անց Փիթն ասաց, թե «Էնիսթոնի հետ ամուսնությունը հետաքրքիր չէր», դերասանուհու երկրպագուները նրա կյանքն իսկական մղձավանջի վերածեցին։ Այնքան, մինչև Փիթը ստիպված եղավ բացատրություն տալ ու ասել, որ խնդիրը ոչ թե Էնիսթոնի, այլ իր մեջ էր։

Փիթի և Ջոլիի բաժանումից հետո էլ սկսեցին խոսկացություններ տարածվել Էնիսթոնի հետ հնարավոր սիրավեպի մասին։ Այս շշուկներն ակտիվացան հատկապես 2020֊ին SAG մրցանակաբաշխության ժամանակ ջերմ հանդիպումից հետո։ Իհարկե, լուրերը չհաստատվեցին։ Նախկին ամուսինները պարզապես ջերմ հարաբերություններ են պահում։

ԲՐԵԴ ՓԻԹ ԵՎ ԱՆՋԵԼԻՆԱ ՋՈԼԻ

Ամենաքննարկված ու ամենասիրված հոլիվուդյան զույգի պատմությունը սկսվեց 2005 թվականին՝ նկարահանման հրապարակում։ Ու որքան հանկարծակի սկսվեց, նույնքան անսպասելի էլ ավարտվեց։ Երկար տարիներ հանդիպելուց հետո զույգը նշանադրվեց 2012 թվականին և ամուսնացավ 2014-ին՝ Ֆրանսիայում, իրենց վեց երեխաների ուղեկցությամբ։

Ամուսնալուծությունը երկար սպասված հարսանիքից ընդամենը երկու տարի անց էր։ Ջոլին ամուսնալուծության հայց ներկայացրեց, հետո արդեն Փիթին ուղղված բռնության մեղադրանքներ հնչեցին։

Ամուսնալուծությունը միայն «տարաձայնությունների» պատճառով չէր։ Անջելինան Փիթին մեղադրեց հարբեցողության, դավաճանության և երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի մեջ։ Դատավարություն, իրավական երկար ու ձիգ տարիների քաշքշուքներ և հանրային հնչեցվող մեղադրանքներ։

Իսկ ավելի ուշ գլխավոր կռվախնձորը դարձավ երեխաների խնամակալությունը։ Այս իրավական խրթին գործընթացը տարբեր փուլերում տարբեր հանգուցալուծումներ ստացավ ու շարունակվում է մինչև օրս։

ԳԱՅ ՌԻՉԻ ԵՎ ՄԱԴՈՆՆԱ

Մադոննան և Ռիչին ամուսնացան 2000 թվականին և  բաժանվեցին գրեթե ութ տարի անց: 2000֊ականների ամենաքննարկվող զույգերից մեկի բաժանությունը ևս բուռն քննարկումների առիթ դարձավ։

Նախ՝ ֆինանսական հարցեր։ Ռիչին այս ամուսնալուծությունից կարողացավ ստանալ 92 միլիոն դոլար, իրեն պահեց զույգին պատկանող լոնդոնյան փաբն ու Մեծ Բրիտանիայում ընդհանուր առանձնատունը։

Դատական մեկ այլ գործի շրջանակում էլ Ռիչին Մադոննային մեղադրում էր ամուսնալուծության պայմանագրի կետերը չկատարելու մեջ։ Արձանագրությունների համաձայն, Ռիչին դատարանից պահանջում էր ստիպել Մադոննային հետևել իրենց ամուսնալուծության և խնամակալության պայմանագրի դրույթներին։

Ու երբ թվում էր, որ երկար քաշքշուքներից հետո ամեն մեկն իր ճանապարհով է գնում՝ առաջ եկան նրանց որդու՝ Ռոկկոյի խնամակալության հարցերը։ Երկար դատավարությունից հետո նախկին ամուսիններն ընդհանուր հայտարարի եկան ու թեև մանրամասները չհանրայնացվեցին, պարզ դարձավ, որ որդին ապրում է հոր հետ՝ Լոնդոնում։

ԷՇԹՈՆ ՔԱԹՉԵՐ ԵՎ ԴԵՄԻ ՄՈՒՐ

Երբ Էշթոն Քաթչերն ամուսնացավ իրենից 16 տարի մեծ Դեմի Մուրի հետ, Հոլիվուդը թերահավատորեն էր նայում այդ հարաբերություններին ու դա նկատելի էր անգամ ամսագրերի վերնագրերում։ Այդ ժամանակ Մուրն արդեն երեք դստեր մայր էր, բայց սա զույգին չխանգարեց։ Ավելին, հարցազրույցներում Քաթչերն ասում էր, որ շատ է սիրում երեխաների և եթե չսիրեր, հաստատ չէր ամուսնանա բազմազավակ մոր հետ։

2003 թվականին զույգն իրենց երեխային էր սպասում, բայց նա լույս աշխարհ չեկավ։ Ու կա նաև վարկած, որ հենց այս ողբերգական դեպքն էլ սեպ խրեց զույգի հարաբերություններում։

Ամուսնության վեցերորդ տարելիցին Մուրը նոր ֆիլմի պրեմիերային էր Նյու Յորքում, իսկ Քաթչերը, ըստ ամենայնի, դավաճանում էր կնոջը Սան Դիեգոյում։ Հենց հաջորդ ամիս դերասանուհին հայտարարեց ամուսնալուծության մասին։

Այս հարաբերություններից հետո Քաթչերը 2015 թվականին ամուսնացավ Միլա Կունիսի հետ և այժմ ունի երկու երեխա: Իսկ Դեմի Մուրը հայտարարում է, որ կենտրոնացած է ինքն իր հետ հարաբերությունների վրա։

ՋՈՆԻ ԴԵՓ ԵՎ ԷՄԲԵՐ ՀԵՐԴ

Առարկություններ չեն լինի, եթե ասենք, որ վերջին շրջանի ամենաաղմկահարույց բաժանումը Ջոնի Դեփի և դերասանուհի Էմբեր Հերդի ամուսնալուծությունն էր։

Դեփն ու Հերդը ծանոթացել էին The Rum Diary-ի նկարահանման հրապարակում՝ 2011-ին: Նրանք սկսեցին հանդիպել 2014 թվականին ու նույն տարում էլ նշանադրվեցին։ Ամուսնացան Բահամյան կղզիներում՝ 2015 թվականին:

Ընդամենը մեկ տարի անց՝ 2016-ի մայիսին Հերդն ամուսնալուծության հայտ ներկայացրեց, պնդելով, որ բռնության է ենթարկվում: Ամուսնալուծության արդյունքում Հերդը ստացավ 7 միլիոն դոլար, որը նվիրաբերեց ընտանեկան բռնության զոհերին աջակցող բարեգործական կազմակերպություններին:

Թվում էր, թե դրանով դրաման ավարտվեց, բայց ամեն ինչ իրականում նոր էր սկսվում։ 2022 թվականին ամբողջ աշխարհը դիտում էր «Ջոնի Դեփն ընդդեմ Էմբեր Հերդի դատավարությունը», կարծես, դա Netflix֊ի ամենահայտնի շոուն էր։

Այս զույգի ամուսնական կյանքը լի էր անակնկալներով, կային դեպքեր, երբ դրանք մեղմ ասած հաճելի չէին։

Դեփի անվտանգության աշխատակիցը դատավարության ժամանակ պատմում էր, որ մի անգամ Էմբերի հետ զրույց է ունեցել, որտեղ Էմբերը հպարտանում էր, թե ինչ անակնալ է թողել ամուսնու անկողնում։ Էմբերը սա սարսափելի վատ կատակ անվանեց ու պնդում էր, որ իրենց շներից մեկն է կեղտոտել անկողնում՝ ամուսնու հատվածում։

Դատավարությունը Դեփի օգտին ավարտվեց: Երդվյալ ատենակալները որոշեցին, որ Washington Post-ի հրապարակած՝ Էմբեր Հերդի հոդվածը զրպարտող բնույթ է կրել, միաժամանակ պնդելով, որ երկու կողմն էլ զրպարտել են միմյանց:

Այս սկանդալային պատմության ընթացքում Դեփը միլիոնավոր դոլարների արժողությամբ գործարքներ կորցրեց, իսկ դերասանի կարիերան տուժեց այնպես, որ վերականգնվելու հույսեր գրեթե չկային։ Բայց դատավարության ավարտից հետո զույգը, կարծես, տեղերով փոխվեց։ Դեփի կարիերան երկրորդ շունչը ստացավ, իսկ Հերդը, կարելի է ասել, անհետացավ հասարակության աչքից։

ՋԵՖ ԲԵԶՈՍ ԵՎ ՄԱԿՔԵՆԶԻ ՍՔՈԹ

Amazon-ի հիմնադիրը և նրա կինը 25 տարվա ամուսնությունից հետո կերտեցին պատմություն՝ դառնալով մինչ օրս ամենաթանկ ամուսնալուծությունն ունեցող զույգը:

Բեզոսը համարվում էր աշխարհի ամենահարուստ մարդը՝ 160 միլիարդ դոլար ընդհանուր կարողությամբ, իսկ Մակքենզին անմիջապես դարձավ աշխարհի երրորդ ամենահարուստ կինը, երբ նրանց ամուսնալուծությունն ավարտվեց՝ Սքոթին թողնելով  38 միլիարդ դոլար։

Մինչև 2020 թվականի հունիս Մակքենզին 1,7 միլիարդ դոլար էր հատկացրել բարեգործությանը և շարունակում է մեծ նվիրատվություններ կատարել ամբողջ աշխարհում գործող բարեգործական կազմակերպություններին։

Կրոնական տարաձայնություններ, բռնություն, դավաճանություն թե պարզապես չհասկացված լինելու ցավ. ամուսնալուծությունների պատճառները շատ տարբեր կարող են լինել, բայց մի բան հստակ է` անկախ նրանից, թե որքան հարուստ կամ հանրային է զույգը՝ բաժանումն էմոցիոնալ առումով ծանր գործընթաց է։ Իսկ ենթադրություններ անելիս էլ պետք է հիշել մի պարզ ճշմարտություն՝ ոչ ոք չգիտի, թե ինչ է կատարվում փակ դռների հետևում։


✍️ Նանե Մանուկյան / PAN