Նեթֆլիքսյան դեմոկրատիայի պարտությունը «գոռվարդանյանական իրականությանը». Թրամփի մեծ comeback-ը
Քաղաքագետներն ու անգամ Facebook-ի «քաղաքագետները» ԱՄՆ 47-րդ նախագահի ընտրությունն անվանում էին Միացյալ Նահանգների պատմության ամենաանկանխատեսելի ընտրություններից մեկը։ Նախնական հարցումների համաձայն, երկու թեկնածուի միջև տարբերությունն այնքան չնչին էր, որ կանխատեսում անելը գրեթե անհնարին էր։ Քվեարկության արդյունքներն ամփոփված են։ ԱՄՆ 47-րդ նախագահը երկրի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփն է։
ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐՆ ՈՒ ԹՐԱՄՓԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Հանրապետական Թրամփի և դեմոկրատ, գործող փոխնախագահ Քամալա Հարիսի պայքարն ու իրավիճակի հանգուցալուծումը պատմական էր մի քանի պատճառով։ Բայց այդ մասին՝ հերթով։ Քամալա Հարիսը դեռ 2020 թվականին պատմություն էր կերտել՝ դառնալով առաջին սևամորթ կինը, որ զբաղեցրեց ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը։ Այս անգամ ևս նա պատմություն կերտելու հնարավորություն ուներ, և կարող էր դառնալ առաջին կին նախագահը։ Փոխարենը Հարիսը դարձավ Թրամփին պարտված երկրորդ կին թեկնածուն։ Սակայն այստեղ մի նրբություն կա. Հիլարի Քլինթոնը 2016-ի ընտրություններում Թրամփից մի քանի միլիոն ավելի ձայն էր ստացել, բայց պարտվել ընտրիչների ձայների բաշխման արդյունքում։ Իսկ այս անգամ Թրամփը հակառակորդին կարողացավ հաղթել թե՛ ժողովրդական ընտրության, թե՛ ընտրիչների ձայների բաշխման ընթացքում։
Վերադառնալով Թրամփին։ ԱՄՆ 45-րդ և 47-րդ ընտրված նախագահն ԱՄՆ պատմության մեջ երկրորդ նախագահն է, որն այս պաշտոնը զբաղեցնելու է իրար չհաջորդած նախագահական շրջափուլերում։ Օրենքն ասում է, որ նախագահի պաշտոնում անձը կարող է լինել առավելագույնը երկու շրջափուլ՝ այսինքն 8 տարի, սակայն չի պարտադրում, որ դրանք իրար հաջորդող լինեն։ Նաև այս գրեթե բացառիկ արդյունքն է պատճառը, որ Թրամփի վերադարձը Սպիտակ տուն անվանում են ամենատպավորիչ ու նշանավոր քաղաքական comeback-երից։
Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ
Մի հետաքրքիր փաստ էլ արձանագրենք։ Թրամփի պաշտոնավարումը կսկսվի 2025-ի հունվարին, և այդպիսով նա կդառնա ԱՄՆ պատմության տարիքով ամենամեծ նախագահը։ Եթե գոնե մի փոքր հետևել եք ԱՄՆ քաղաքական զարգացումներին ու դեբատներին, ապա հաստատ տեղյակ եք, որ Բայդենին ուղղված Թրամփի քննադատության և հեգնանքի մեծ մասը ուղղված էր հենց նախագահ Բայդենի տարիքին։ 2020-ի իր երդմնակալության ժամանակ Բայդենը 78 տարեկան էր, Թրամփն իր երդմնակալության ժամանակ ևս 78 տարեկան կլինի, բայց ամիսների տարբերությամբ ավելի մեծ՝ քան Բայդենն էր 2020-ին։
Թրամփը վերադառնում է Վաշինգտոն՝ 2020 թվականին կրած պարտությունից հետո։ 2020-ին Բայդենի հաղթանակը «նշանավորվեց» Կապիտոլիումում Թրամփի կողմնակիցների ներխուժմամբ և հետընտրական ճգնաժամով, բայց արդյունքում Թրամփը զենքերը վայր դրեց ու փոխանցեց իշխանությունը Բայդենին։
Այս չորս տարիների ընթացքում ևս Թրամփը ուշադրության պակաս չի ունեցել՝ հատկապես իրավական առումով։ Դոնալդ Թրամփն առաջին ԱՄՆ նախագահն է, որ դատապարվել է որևէ հանցագործության համար, այս դեպքում՝ 2016 թվականի ընտրություններին միջամտելու մեղադրանքով։ Բայց անշուշտ, Թրամփի դեմ իրավական խնդիրներն այդքանով չէին սահմանափակվում: Նրա հաղթանակից հետո լրատվամիջոցների առաջին հարցը հետևյալն է. «Իսկ ի՞նչ է լինելու Դոնալդ Թրամփի իրավական գործընթացների հետ»։
Եվ այս պատմական ընտրարշավն ամփոփող երկու կարևոր շեշտադրում ևս։ Դեռ թարմ-թարմ վերլուծություններ անողները կարծում են, որ Քամալային խանգարեց Ջո Բայդենը։ Խանգարեց անուղղակիորեն, որովհետև քաղաքացիներն այդպես էլ Քամալայի ընտրարշավում հստակ տարանջատում չտեսան Բայդենի ու Հարիսի քաղաքական առաջնահերթություններում և մեթոդներում, իսկ մարդիկ, նաև դեմոկրատներից շատերը, բազմաթիվ անհամաձայնություններ ու դժգոհություններ ունեին վերջին տարիներից։
Քամալային չօգնեցին անգամ ԱՄՆ-ում ու աշխարհում ամենաազդեցիկ Հոլիվուդյան աստղերի աջակցությունը՝ Բեյոնսե, Թեյլոր Սվիֆթ, Օփերա Ուինֆրի, Ջենիֆեր Լոպես, Էմինեմ և այս ցանկը շատ երկար է։ Մյուս կողմից Թրամփի աջակիցների թվում ձեզ ամենածանոթ անունը կլինի Իլոն Մասկը, որն այնքան եռանդով էր աջակցում Թրամփին, որ անգամ խոստացել էր քաղաքացիների շրջանում գումար խաղարկել՝ Թրամփին ընտրելու համար։
Արդյունքում պարզ չէ, թե ինչը Թրամփին հաջողություն բերեց. Իր դեմ մահափորձը, America first` «Ամերիկան առաջինը» մոտեցումը, թիրախային ու մանրամասն արված ընտրարշավը, թե Իլոն Մասկը, բայց արձանագրված փաստ է, որ այս համադրությունը բերեց այդ հաղթանակը։
Ամեն դեպքում՝ վերլուծությունները թողնենք մասնագետներին։ Թեև հայաստանյան ֆեյսբուքյան տիրույթում ապագայի ու Թրամփի նախագահության մասին կանխատեսումների պակաս չկա, բայց քաղաքագիտական ու փորձագիտական շրջանակի անելիքը «սեփականաշնորհելու» տենդենցը նվազագույնն արդյունավետ չէ, իսկ վատագույն դեպքում՝ վտանգավոր է։
ՎԵՐՀԻՇԵԼՈՎ ԹՐԱՄՓԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԸ
Արդեն հունվար ամսին Թրամփը կվերադառնա համաշխարհային քաղաքական թատերաբեմ ու անկանխատեսելի փոփոխությունների պակաս չի լինի, բայց Թրամփի ֆենոմենը կայանում է նաև նրանում, որ նա չի սահմանափակվում զուտ քաղաքական որոշումներով կամ հայտարարություններով և երբեմն այնպիսի դեպքեր է արձանագրում, որ տարիներ անց էլ աշխարհում շատերը նրան հիշում են ոչ թե քաղաքական այս կամ այն որոշմամբ, այլ այս կամ այն կծու-թթու մեկնաբանությամբ, ծիծաղելի իրավիճակով, աբսուրդային պնդմամբ։
Թրամփը դասագրքային պոպուլիստ է ու շատ փնտրել պետք չէ, որպեսզի գտնեք նրա «սենսացիոն» խոսքը կամ արարքը։ Եթե այսօր «Թրամփի Պատը» արտահայտությունը ականջին տարօրինակ չի հնչում, ապա Թրամփի 2017-ին՝ Թրամփի նախագահության սկզբում Մեքսիկայի հետ սահմանային պատի կառուցման նախագիծը տարօրինակ, աննախադեպ, անհասկանալի ու անիրականանալի էին որակում։
Սա Թրամփի նախագահության ամենահայտնի և վիճահարույց ծրագրերից մեկն էր։ Դեռ նախընտրական քարոզարշավի ընթացքում բազմիցս հայտարարել էր ու խոստացել, որ կառուցելու է պատը ու պաշտպանելու է Միացյալ Նահանգներն անօրինական ներգաղթից, թմրամիջոցների շրջանառությունից և հանցագործություններից։
Իրականում Թրամփի վարչակազմը անմիջապես սկսեց քայլեր անել այս պատի կառուցման ուղղությամբ։ Բազմաթիվ դատական գործեր բացվեցին պատի կառուցման դեմ, իսկ Կոնգրեսը հրաժարվեց ամբողջությամբ ֆինանսավորել նախագիծը, ինչի արդյունքում Թրամփը որոշեց դաշնային միջոցներ օգտագորել։ Ստացվեց, որ ամերիկացի հարկատուների միջոցով միլիոնավոր դոլարներ հատկացվեցին պատի կառուցմանը, իսկ դրա խոստացված արդյունքն այդպես էլ վիճակագրորեն չապացուցվեց։
Թրամփը անկանխատեսելի էր նաև միջազգային հարաբերություններում։ Նախագահության սկզբում Թրամփը որոշեց սպառնալ Հյուսիսային Կորեային ու ամբողջ աշխարհը լարված սպասում էր հետևանքներին։ Թրամփի հռետորաբանությունը խիստ տարբեր էր նախորդ նախագահներից։ Որոշներն այս մոտեցումը համարում էին շատ ռիսկային՝ կապում միջուկային պատերազմի սպառնալիքի հետ։ Իսկ որոշ ժամանակ անց Թրամփը կտրուկ փոխեց մարտավարությունը։ Այնքան կտրուկ, որ Թրամփի ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի միջև պատմական հանդիպում կայացավ։ Սինգապուրում տեղի ունեցավ պատմության մեջ առաջին հանդիպումը ԱՄՆ գործող նախագահի և Հյուսիսային Կորեայի առաջնորդի միջև:
Կամ գուցե հիշեք, թե ինչպես 2017-ին Թրամփը կոպտորեն հրեց Մոնտենեգրոյի վարչապետին՝ առաջին շարքում հայտնվելու համար։ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընթացքում միջադեպի տեսանյութը տարածվել էր սոցցանցերում ու մեդիայի ուշադրության կենտրոնում։ Հետաքրքիր է, որ սա հենց այն ընթացքում էր, երբ Թրամփին մեղադրում էին իշխող դիրքի և ՆԱՏՕ-ի համագործակցային մթնոլորտը խեղաթյուրելու մեջ։ Շատերը սա ընդունեցին որպես Թրամփի՝ կոշտ ու ավանդական դիվանագիտությունից դուրս եկող պահվածքի օրինակ։
Վերհիշենք նաև Թրամփի իմփիչմենթի պատմությունը։ Այս առումով ևս նախագահ Դոնալդ Թրամփը մտավ պատմության գիրկը։ 2019 թվականին հետաքննություն հարուցվեց, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հեռուստատեսային ելույթում հայտարարեց Թրամփի պաշտոնազրկման պաշտոնական հետաքննության մեկնարկի մասին։ Հետաքննությունը հայտարարվել էր անանուն հաղորդագրությունից հետո, որում ասվում էր, թե Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում Թրամփը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը, եթե ուկրաինացիները չհետաքննեն Ջո Բայդենի և նրա որդու` Հանթերի գործունեությունն Ուկրաինայի տարածքում:
Չմոռանանք նաև Թրամփի՝ Covid-19-ի մասին արված հայտարարությունները։ Թրամփի արտահայտությունները և վարքագիծը համավարակի ընթացքում գուցե այնքան տարօրինակ ու աբսուրդային չէին հնչում, որքան ամիսներ անց՝ հետահայաց նայելիս։ Նախագահն ի սկզբանե թերագնահատում էր վիրուսի վտանգավորությունը՝ այն անվանելով «ոչ այլ ինչ, քան մի փոքրիկ գրիպ» և նույնիսկ խորհուրդ էր տալիս օգտագործել դեղեր, որոնց կարիքն իրականում չկար։ Նա նաև հաճախ էր առանց դիմակ հայտնվում հանրային վայրերում՝ անտեսելով մասնագետների խորհուրդները։ Արդյունքում կորոնավիրուսի շուրջ հանրային կարծիքը պառակտվեց հե՛նց սկզբից՝ Թրամփի թեթև ձեռքով։
Ամփոփենք այս ցանկը Թրամփի ամենաքննարկված հայտարարություններից ու ցանկություններից մեկով։ ԱՄՆ նախագահը ցանկանում էր գնել Գրենլանդիան։ Ամերիկյան մամուլի փոխանցմամբ, Դոնալդ Թրամփն օգնականների հետ քննարկել էր Դանիային պատկանող Գրենլանդիան գնելու հնարավորությունը, լսել նրանց պարզաբանումներն այդ տարածքի բնական հարստությունների և ռազմավարական նշանակության մասին: Դանիայի արտաքին գործերի նախարարությունն էլ հայտարարել էր, որ «բաց են բիզնեսի համար, բայց չեն վաճառվում»։
Թրամփի հաղթանակը նշանակում է, որ առաջիկա չորս տարուն Ամերիկան ու աշխարհը կլսեն և ականատես կլինեն բազմաթիվ անսպասելի դեպքերի, որոշումների ու ելույթների։ Մնում է միայն հույս ունենալ, որ այդ իրադարձություններն աշխարհի ու ամերիկացիների համար ծանր հետևանքներ չեն ունենա։