#իվենթաPAN
August 29

‌Ռուսական Ցուկերբերգը, ֆրանսիական դատարանն ու Telegram-ի ճգնաժամը. Դուրովի շուրջ իրավական սկանդալի հետքերով

Վերջին օրերին Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը դարձել է աշխարհի քննարկման թոփ թեմաներից մեկը։ Սկանդալային ու հաջողակ ռուս միլիարդատերը ձերբակալվեց օգոստոսի 24-ին՝ Ֆրանսիայում։ Հաջորդող օրերին աշխարհը հետևում էր գործի զարգացումներին, քաղաքական առաջնորդների արձագանքներին, Telegram-ի հնարավոր անկմանը և մեղադրանքների տեղատարափին։ Այսօր արդեն պարզ է, որ Պավել Դուրովը 5 մլն եվրո գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից, բայց չի կարող հեռանալ Ֆրանսիայից։ Հիմա ամեն ինչ հերթով։

ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ

Դուրովին ձերբակալել են օգոստոսի 24-ին՝ Լե Բուրժե օդակայանի թռիչքուղու վրա՝ անձնական ինքնաթիռից դուրս գալուց անմիջապես հետո։ Գործարարը Ֆրանսիա էր ժամանել Ադրբեջանից։ Նրան ուղեկցում էին թիկնապահը և մի խորհրդավոր անծանոթուհի։ Դուրովի ձերբակալությունը նախնական քննության շրջանակում տրված հրամանի արդյունք էր, բայց այդ մասին՝ քիչ ուշ։

Դուրովի դեմ հետաքննությունը վարում են կիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժինը և խարդախության դեմ պայքարի վարչությունը։ Telegram-ի հիմնադիրը, ըստ ֆրանսիական մամուլի, կարող է մինչև 20 տարվա ազատազրկման ենթարկվել։ Հետաքննության շրջանակում քննվող Դուրովի ուղղակի կամ անուղղակի մասնակցությամբ հնարավոր հանցագործությունների թիվը հասնում է 12-ի։

Գործին առնչվող հանցագործությունների ցանկը ներառում է կազմակերպված հանցավոր խմբի կողմից փողերի լվացում, կազմակերպված խմբի կողմից անչափահասների պոռնոգրաֆիկ բնույթի լուսանկարների տարածմանը կամ տրամադրմանը մեղսակցություն, թմրամիջոցների ձեռքբերմանը կամ փոխանցմանը մեղսակցություն, կրիպտոլոգիական գործիքների տրամադրում, հանցագործություններին նպաստող գաղտնիություն ապահովող գործիքների տրամադրում, նաև օրենքի շրջանակում պատկան մարմինների պահանջը չկատարելու, անհրաժեշտ տեղեկատվություն չտրամադրելու, հետևաբար չգործակցելու մեղադրանքներ։

Ֆրանսիական կողմի գլխավոր արգումենտն այն է, որ Telegram-ը դարձել է խաբեբաների, հանցավոր խմբերի համար պարարտ հող, որտեղ անպատժելիության պայմաններում հնարավոր է հանցագործություններ և տարատեսակ գործարքներ իրականացնել։ Սա, անշուշտ, պայմանավորված է  Telegram-ում մոդերացիայի բացակայությամբ, ինչպես նաև տարբեր գործիքների, օրինակ՝ կրիպտոարժույթի միջոցով տարբեր գործարքներ կատարելու հնարավորությամբ։ Դուրովին Ֆրանսիայի իրավապահ մարմինները համարում են Telegram-ի միջոցով կատարվող այս հանցագործությունների հանցակից։

Ֆրանսիայում Telegram-ի հիմնադիրը պերսոնա նոն գրատա էր հայտարարված, իսկ այժմ դատարանի առջև է կանգնելու որպես Ֆրանսիայի քաղաքացի։ Ի դեպ, միլիարդատերը մի քանի երկրի քաղաքացիություն ունի՝ Ռուսաստան, Ֆրանսիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, ինչպես նաև Կարիբյան կղզիների Սենթ Քիթս և Նևիս կղզիներ։

Պետք է ընդգծել, որ պաշտոնական հետաքննությունը Ֆրանսիայում չի ենթադրում մեղավորություն, նաև չի նշանակում, որ հետաքննությունը պարտադիր կերպով հանգեցնելու է դատավարության։ Սա նշանակում է միայն, որ կան  բավարար ապացույցներ՝ դատական մարմինների կողմից գործի քննությունը շարունակելու համար:

Այս պահի դրությամբ Պավել Դուրովին 5 միլիոն եվրո գրավի դիմաց ազատ են արձակել, նա դատական հսկողության տակ է,  շաբաթը երկու անգամ պարտավոր է ներկայանալ ոստիկանություն։  Telegram-ն էլ հայտարարել է, որ հիմնադիրը թաքցնելու ոչինչ չունի։

Այս դեպքին քաղաքական ենթատեքստ չտալը շատ բարդ է։ Առավել ևս, որ ՌԴ արտգործնախարարության և Ֆրանսիայի նախագահի մակարդակով մեկնաբանություններ կան։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է, որ ռուս  դիվանագետներն անում են այն ամենը, ինչ պարտավոր են անել Ֆրանսիայում Telegram-ի հիմնադրի դեմ հարուցված գործի համատեքստում, բայց Դուրովը հետապնդման է ենթարկվում որպես Ֆրանսիայի քաղաքացի, հետևաբար Փարիզը կարող է ձերբակալվածին հասանելիություն չտալ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ հայտարարել է, որ Դուրովի կալանավորումը քաղաքական ենթատեքստ չունի։

«Սա ոչ մի դեպքում քաղաքական որոշում չէ։ Որոշումը պետք է կայացնեն դատավորները»։

Արձագանքել է անգամ Իլոն Մասկը։ Մեկնաբանելով Պավել Դուրովի կալանավորման մասին լուրերը, կես կատակ, կես լուրջ ասել է, թե մինչև 2030 թվականը մեմեր հավանելու համար Եվրոպայում մահապատժի կենթարկեն։ Նա հայտարարել է, որ Դուրովը ենթարկվում է գրաքննության պետության կողմից, իսկ օրինակ Ցուկերբերգը համագործակցում է պետության հետ, հետևաբար նրան քրեական հետապնդում չի սպառնում։

Ո՞Վ Է ՊԱՎԵԼ ԴՈՒՐՈՎԸ

Սա գուցե ռուս ձեռնարկատիրոջ անվան հետ կապված ամենամեծ սկանդալն է, բայց Դուրովը ինքն իրենով մշտապես քննարկված, երբեմն էլ քննադատված կերպար է։

2006 թվականին կարմիր դիպլոմով ավարտեց Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, բայց դիպլոմը մինչ օրս չի վերցրել։ Համալսարանն ավարտելուց անմիջապես հետո ստեղծեց VK-ն, որը ՌԴ-ում խոշորագույն սոցիալական հարթակ դարձավ կարճ ժամանակում։ Դեռ 2011 թվականին Դուրովը ունենալով 7.9 միլիարդ ռուբլի կարողություն, ռուս միլիարդատերերի ցանկում զբաղեցնում էր 350-րդ տեղը։

Դուրովին անվանում են ռուսական Մարկ Ցուկերբերգ, թեև ինքն այս ձևակերպման հետ այնքան էլ հաշտ չէ։ 2016 և 2017 թվականներին նա մտավ Ֆորբսի՝ Ռուսաստանի ամենահարուստ բիզնեսմենների ցուցակի մեջ։ 2018 թվականին ամսագիրը նրա կարողությունը գնահատեց 1,7 միլիարդ դոլար։


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


Բայց տեխնոլոգիաների հանդեպ Դուրովի հետաքրքրությունը միայն համալսարանական տարիներին չէ, որ ձևավորվել է։ Դեռ 11 տարեկանում նա փոխում էր դպրոցական բոլոր համակարգիչների նկարներն ու տեղադրում ինֆորմատիկայի ուսուցչի լուսանկարը՝ «Must die»՝ «պետք է մահանա» գրությունը։ Համակարգիչներին հասանելիությունից զրկվելու դեպքում էլ Դուրովը կոտրում էր բոլոր համակարգիչների գաղտնաբառերը։

Վերադառնալով համալսարանական տարիներ։ Դեռևս Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում սովորելու ընթացքում Պավելն ստեղծում է ինտերնետ-նախագծեր, որոնք նախատեսված էին համալսարանի հանրային և գիտական կյանքի զարգացման համար։ Ինչ-որ պահի երիտասարդ ուսանողը հասկանում է, որ ուսանողական կայքերը այնքան էլ արդյունավետ չեն, որովհետև մարդիկ իրական դեմքերն ու անունները թաքցնում են ավատարների տակ։

Այս ընթացքում Պավելի հին ընկերը ուսում ստանալուց հետո վերադառնում է ԱՄՆ-ից և նրան ծանոթացնում ամերիկյան համալսարանների ուսանողների համար նախատեսված ինտերնետ-նախագծին՝ Ֆեյսբուքին։ Դուրովը որոշում է նմանատիպ ձևաչափ ներդնել նաև Ռուսաստանում։ Արդյունքում ստեղծվում է  «Студент.ру»-ն, որն ավելի ուշ վերափոխվում է և դառնում  «ՎԿոնտակտե», քանի որ  «վաղ թե ուշ մենք բոլորս դառնում ենք շրջանավարտներ»։

Ինչ վերաբերում է դատական գործերին, ապա Ֆրանսիայի սկանդալային դեպքը միակը չէ Պավելի կյանքում։ Իհարկե, մասշտաբներով համեմատելի չեն դեպքերը, բայց ամեն դեպքում, փաստը մնում է փաստ։ 2013 թվականին Դուրովը խախտել է ճանապարհային նշանի պահանջները։ Իրավախախտումը տեսած ճանապարհային ոստիկանության աշխատակիցը փորձել է կանգնեցնել ավտոմեքենան։ Վարորդը չի ենթարկվել պահանջին՝ շարունակելով գնալ, և արդյունքում վրաերթի է ենթարկել ոստիկանության աշխատակցին՝ նրան հասցնելով ոտքի վնասվածք և թեթև քերծվածքներ։

Նախ Պավելի թիմը հերքում էր այս պատահարին նրա մասնակցությունը, բայց կարճ ժամանակ անց ապացուցվեց, որ ղեկին հենց Դուրովն է եղել։ Պատահարից հետո հարուցվեց քրեական գործ, որը հետաքննության անցկացումից հետո 2013 թվականի հունիսին փակվեց։ 2013 թվականի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ քրեական գործը վերադարձվել է նախաքննության՝ Պավել Դուրովի գործողություններում կանխամտածված հանցանքի առկայությունը կամ բացակայությունը հաստատելու նպատակով։ 2014 թվականի սկզբին քրեական գործը նորից կարճվեց։

Եվ  վերջում, վերադառնալով Telegram-ին։ The New York Times-ին տված հարցազրույցում Պավելն ասել է, որ հարթակը ստեղծելու գաղափարն առաջացել էր 2011 թվականին, երբ հատուկ նշանակության ջոկատայինները հայտնվեցին իր տան առաջ։ Դրանից հետո Դուրովն անմիջապես գրել է եղբորը՝ Նիկոլային։ Այդ պահին հասկացել է, որ եղբոր հետ անվտանգ հաղորդակցման տարբերակ չունի։ Արդյունքում որոշել են ստեղծել մի հարթակ, որն անվտանգության բարձր մակարդակ կունենա։

Արդյունքում ստացվում է այնպես, որ այդ նույն անվտանգության խիստ բարձր մակարդակը նաև հակառակ ազդեցությունն է թողնում։ Այսինքն, այդ գործիքից կարողանում են օգտվել նաև հանցագործներն ու խաբեբաները, իսկ Դուրովը հայտնվել է իրավական սկանդալի կենտրոնում՝ այդ ամենին ակամայից «աջակցելու» մեղադրանքով։


✍️ Նանե Մանուկյան / PAN