#ֆինանսաPAN
November 4

Կանաչի 10 երանգը. EasyPay-ը դարձավ 10 տարեկան

⏳ 10 տարի առաջ, երբ շուրջբոլորը՝ թե՛ տղա, թե՛ աղջիկ պարծանքով և икона стиля-ի վստահությամբ հագնում էին ցածր գոտկատեղով անհարմար կիպ տաբատներ (ի դեպ, այդ խայտառակությունը վերադառնում է), Instagram-ն ու Snapchat-ը նոր-նոր մուտք էին գործում հայկական շուկա, և իրեն հարգող ցանկացած հայուհու ստիպում տանն ունենալ սելֆիի ձող, Արամ MP3-ը ներկայացնում էր Հայաստանը «Եվրատեսիլում» և զբաղեցնում 4-րդ հորիզոնականը, Pharrell-ը յուրաքանչյուր թեյնիկից երգում, որ շատ Happy է, Արմեն Աշոտյանը միանում համաշխարհային Ice Bucket Challenge ֆլեշմոբին և ինքն իր վրա մի դույլ սառույցով ջուր լցնում, իսկ այս տողերի հեղինակը ստանում ժուռֆակի մագիստրոսի դիպլոմ՝ վստահ լինելով, որ այդ դիպլոմով երբևէ գումար չի աշխատի (բայց անհոգ եղեք՝ աշխատում է), Երևանի տարբեր հատվածներում սկսում էին հայտնվել կանաչ բրենդավորմամբ տերմինալներ։ Հենց այդպես էլ արդեն հեռավոր 2014-ին սկսվեց EasyPay-ի ուղին։


Եվ քանի որ EasyPay-ը մեր ամենասիրելի գործընկերներից է, որոշել ենք ոչ միայն շնորհավորել նրանց, այլև ձեզ ներկայացնել 10 կարճ փաստ հոբելյարի 10-ամյակի առթիվ՝ թվերով և առանց ձանձրալի ավելորդությունների.

Եթե 2014-ին քաղաքում հատուկենտ վայրերում և կանգառներում էին հայտնվում EasyPay-ի տերմինալներ, ապա այսօր դրանց թիվն ամբողջ հանրապետության տարածքում հասել է 4200-ի։

Այսօր ընկերությունն իր օգտատերերին առաջարկում է ավելի քան 1000 վճարատեսակ՝ ավելին, քան ցանկացած այլ ընկերություն հայաստանյան շուկայում։

Մոտ այսքան զանգ է ստացել EasyPay-ի call center-ն այս տարիների ընթացքում և լուծել իր հաճախորդների խնդիրները, լսել բողոքներ ու շնորհակալական խոսքեր, օգնել և ուղղորդել մարդկանց ու, ինչու ոչ՝ բաց չի թողել հայկական մուննաթի իր չափաբաժինը։

EasyPay-ը՝ որպես ֆինտեխ ոլորտի առաջատար ընկերություններից մեկը, այս տարիների ընթացքում շահել է ոչ միայն օգտատերերի վստահությունը, այլև՝ միջազգային մրցանակների արժանացել։ Օրինակ՝ ընդամենը մի քանի ամիս առաջ easywallet-ը լավագույնն է ճանաչվել «Ամենաարագ զարգացող թվային դրամապանակը Հայաստանում 2024» անվանակարգում հանրահայտ Global Business Outlook հրատարակչության կողմից։

2021-ի դեկտեմբերին EasyPay ընկերությունը սկսեց ամանորյա արշավ՝ առաջարկելով տոնին ընդառաջ եղևնի կտրելու և օրեր անց դեն նետելու փոխարեն տնկել մեկը։ Արդյունքում՝ 2022-ի ապրիլին EasyPay-ի ֆինանսավորմամբ «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությունը (My Forest Armenia) Դիլիջանի ազգային պարկի իր անտառվերականգնման տարածքում տնկեց 2470 ծառ։

Ընկերությունն արագ աճում է, և այսօր արդեն իսկ ունի ավելի քան 250 աշխատակից, բայց պլանավորում է ունենալ էլ ավելին։

Ի դեպ, այդ 250+ աշխատակցից 13 հոգի անցնում է այս ճանապարհն ընկերության հետ դրա ստեղծման պահից (այստեղ ուզում ենք գլուխ գովել, որ PAN-ը ևս ունի այդպիսի հավատարիմ թիմակիցներ)։

EasyPay-ը ֆինտեխ ոլորտի լուրջ ընկերություն է, որտեղ շատ են սիրում հաշվել և խոսել թվերով… նույնիսկ եթե դա… ըմմ… այդքան էլ անհրաժեշտ չէ։ Այսպիսով, EasyPay-ի բոլոր աշխատակիցների գումարային տարիքը 8767 տարեկան է. ապրեք այս ինֆորմացիայով։

Զարմանալի չէ, որ մեծ թիմում նույն անուներով աշխատակիցներ կարող են լինել։ EasyPay-ում այս պահին կա 7 Արմեն, 5 Արմինե և 4 Արմենուհի։ EasyPay-ն այժմ մի քանի թափուր հաստիք ունի, ուստի, եթե ձեր անունը Արմեն, Արմինե կամ Արմենուհի է, կարող եք դիմել՝ շանսերն ավելի բարձր են։

1.5 տարի առաջ մի հիանալի ու շատ ջերմ գործնական հանդիպումից ծնվեց EasyPay-ի և PAN-ի գործակցությունը՝ ստանալով #ֆինանսաPAN անվանումն ու ամեն շաբաթ մատուցելով հանրությանը ֆինտեխ ոլորտի ամենակարևոր նորությունները, ինչպես նաև իր փոքրիկ լուման ներդնելով ընթերցողի ֆինանսական գրագիտության մեջ։ Այսօր մենք նույն ջերմությամբ շնորհավորում ենք մեր գործընկերոջն ու հույս հայտնում, որ մի օր առիթ կլինի տոնելու նաև մեր համատեղ աշխատանքի 10-ամյակը։