#իվենթաPAN
June 6

Բուլլինգ, թմրանյութեր, «սպիտակ» ռեփ ու անառողջ սեր. Էմինեմը սպանում է Slim Shady-ին

Իր կյանքի գրեթե կեսը Մարշալ Մաթերսը եղել է մոլորակի ամենահայտնի և ազդեցիկ սպիտակամաշկ ռեփ կատարողը, սահմանել է ռեկորդներ, թողարկել հիփ-հոփի պատմության մեջ ամենաքննարկվող ու ամենալսված ալբոմները։ Մարշալ Մաթերսը, նույն ինքը՝ Էմինեմը, նույն ինքը՝ Սլիմ Շեյդին, նույն ինքը՝ ռեփի աստվածը վերադառնում է։ Բայց այս անգամ, կարծես, վերադառնում է նոր ալբոմի միջոցով իր ալտեր էգոյին՝ Սլիմ Շեյդիին հրաժեշտ տալու։

Սա լավ առիթ էր վերհիշելու ռեփերի անցած ճանապարհն ու հերթական անգամ համոզվելու, որ անգամ ամենահաջողակ և հայտնի մարդկանց հաջողությանը շատ անգամ նախորդում է դժվար ու ծանր ճանապարհ։

Անգամ այն մարդիկ, որոնք Էմինեմից միայն Lose Yourself-ը կամ, օրինակ, Mockingbird-ն են լսել, պետք է որ հասկացած լինեն, որ Մարշալ Մաթերսը ծանր մանկություն է ունեցել։ Ոչ մի կենսագրական չի կարող պատմել Էմինեմի անցյալի մասին ավելի մանրամասն և զգացմունքային, քան նրա երգերը։ Ռեփերի համար դա միշտ իր կյանքի տարբեր դրվագների մասին գունեղ նկարագրություններով պատմելու լավագույն տարբերակն է եղել։

Հայրը Մարշալին լքել է, երբ նա դեռ փոքր երեխա էր, մայրն էլ ընդամենը 18 տարեկան էր, երբ տղան ծնվեց։ Մայր ու որդի առնվազն 20 անգամ ստիպված են եղել տեղափոխվել տարբեր քաղաքներ ու բնակավայրեր՝ ապրուստի նվազագույն պայմաններ գտնելու համար։ Մարշալը երկու-երեք ամիսը մեկ փոխում էր դպրոցը և, հետևաբար, չէր էլ կարողանում մշտական ​​ընկերներ գտնել:

Ընտանիքն ի վերջո հաստատվում է Դետրոյթում, բայց սա ոչ թե ծանր օրերի ավարտն էր, այլ միայն սկիզբը։ Քաղաքն այն ժամանակ նոր էր վերականգնվում ռասայական լայնածավալ խռովություններից և անկարգություններից։ Տղայի մայրն էլ  կարող էր իրեն թույլ տալ բնակարան գտնել միայն ծայրահեղ աղքատ թաղամասերում։ Էմինեմը նոր դպրոցում սպիտակամաշկ մի քանի երեխաներից մեկն էր, ու դպրոցական կյանքը տղային, մեղմ ասած, հեշտ չի տրվել։

Դպրոցներում նա մշտապես «նոր երեխան» էր ու հաճախ բուլինգի զոհ։ Այդպիսի կռիվներից մեկի ժամանակ տղային այնքան են ծեծում, որ ավելի ուշ նրան անգիտակից վիճակում ու արյան «լճակի» մեջ գտնում են զուգարանում։ Այս հարձակումից հետո Մարշալը 10 օր կոմայի մեջ էր, որին վերականգնման երկար փուլը հաջորդեց։ Այս ծեծի մանրամասները հետագայում Էմինեմը պատմում է  Brain Damage երգում։ Ռեփերը կարծում է, որ բուլինգը նրան ավելի ուժեղ է դարձրել ու իր մեջ ագրեսիա է առաջացրել, որը նա հետո օգտագործել է՝ իր երգերը ստեղծելիս։

15 տարեկանում Մարշալը հանդիպում է ապագա կնոջը՝ Քիմ Սքոթին։ Այն ժամանակ նա ընդամենը 13 տարեկան էր: Էմինեմն աղջկան տուն է բերում և մորը համոզում, որ նրան ընդունի իրենց տանը։

Ավելի ուշ մայրը պատմում է՝ Քիմին իրենց տուն ընդունելիս չգիտեր, որ որդու հետ սիրային կապ ունեն։ Երբ հայտնաբերեց՝ աղջկան դուրս հանեց տնից, Մարշալն էլ հեռացավ նրա հետ ու թողեց դպրոցը։ Սկզբնական շրջանում զույգը սոցիալապես շատ վատ է ապրել, դրան ուղեկցել են նաև անընդհատ կռիվներն ու բաժանման և կրկին միանալու շարունակական դրվագները։ 1995 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Էմինեմի պաշտելի Հեյլին։

Էմինեմն ամեն կերպ փորձում էր պահպանել ընտանիքը, ապահովել նրանց ֆինանսական կայունությամբ։ Աշխատում էր որպես խոհարար կամ էլ ափսեներ լվանում ռեստորանում։ Դրան զուգահեռ փորձում էր ռեփ battle-ների մասնակցել։ Չնայած այդ «մենամարտերի» հարաբերական հաջողություններին, ռեփերը չէր կարողանում շահել մշտական ունկնդիրների։

Նրա ձայնագրած երաժշտությունը պարզապես չէր հասնում իր պատկերացրած լսարանին, և վերջ։ Նրա դեբյուտային՝ Infinite ալբոմը, որը թողարկվել է 1996 թվականին, իրարանցում չառաջացրեց ո՛չ սպիտակ, ո՛չ սևամորթ հանդիսատեսի շրջանում։ Մարդիկ տարօրինակ էին համարում, որ մի նիհարիկ սպիտակ տղա փորձում է իր տեղը գտնել հիփ-հոփի աշխարհում։

Առաջին ալբոմը չդարձավ Էմինեմի հաջողության բանալին ու ավելին՝ կոտրեց նրան։ Ռեփերը սկսեց թմրանյութեր օգտագործել, հեռացվեց աշխատանքից ու անգամ ինքնասպանության փորձ արեց։ Հոգեբանական, ընտանեկան, ֆինանսական ծանր խնդիրների ֆոնին Էմինեմը Քիմի ու դստեր հետ ստիպված էր տեղափոխվել մոր մոտ։

Արդեն տարիներ անց Էմինեմը The Way I Am-ում պատմում է, որ այդ ծանր շրջափուլից իրեն օգնեց դուրս գալ մանկության ընկերը՝ Proof-ը։ Այդ փուլում երկու ընկեր մտածում էին 12 արտիստից բաղկացած խումբ ստեղծելու մասին։ Հաջողվեց հավաքել միայն 6-ին։ Արդյունքում Proof-ը գտավ լավագույն այլընտրանքը. Խմբի յուրաքանչյուր անդամ իր անունից բացի հանդես կգա նաև մեկ այլ կերպարով՝ իր ալտեր էգոյով։ Այդպես էլ ծնվեց D12-ը, որը, թեև երկար կյանք չունեցավ, բայց նպաստեց Slim Shady-ի ստեղծմանը, որը որոշիչ դեր ունեցավ Էմինեմի կարիերայում։

Էմինեմն այլևս կորցնելու բան չուներ ու նույն շրջապտույտից դուրս գալու միակ տարբերակը խաղի կանոնները փոխելն էր։ Սլիմ Շեյդին ազատորեն խոսում էր թմրանյութերի, բռնաբարությունների, սպանությունների մասին, բարձրաձայնում թեմաներ, որոնց մասին սովորաբար լռում են։

Այս կեղծանվամբ Էմինեմը 1997 թվականի դեկտեմբերին թողարկեց Slim Shady մինի ալբոմը։ Սա ևս հիթ չդարձավ, բայց արեց գլխավորը՝ գրավեց պրոդյուսերների ուշադրությունը, իսկ եթե ավելի հստակ՝ Interscope Records-ի հիմնադրի։ Լեյբլն այն ժամանակ ակտիվորեն փնտրում էր նոր արտիստների և սերտորեն համագործակցում էր Dr. Dre-ի հետ։

Հենց նրան էլ լեյբլի հիմնադիրը փոխանցեց Էմինեմի ձայնագրությունները ու այսպես սկսվեց երկու լեգենդի համատեղ աշխատանքը։ Դրեն ռեփերին հրավիրեց իր ստուդիա, ցույց տվեց բիթը, որի վրա աշխատում էր, իսկ Էմինեմը տեղում freestyle արեց, և արդյունքում ընդամենը մեկ ժամում ստեղծվեց նրա առաջին հիթը՝ My Name Is-ը։

The Slim Shady LP ալբոմի ձայնագրությունն էլ երկար չտևեց։ Այս համագործակցությունը, կարծես, այն էր, ինչ Էմինեմին պետք էր։ Dr. Dre-ն ևս հայտնվեց ալբոմում։ Guilty Conscience-ում նրանց «երկխոսությունը» ալբոմի ամենաստացված գործերից էր։

Երբ ալբոմը գրեթե պատրաստ էր, Դրեն Էմինեմին առաջարկեց կտրուկ արտաքին փոփոխության դիմել։ Արդյունքում Էմինեմը ներկեց մազերը (ընդ որում, հետո ասաց, որ չի էլ հիշում, թե ինչ նյութերի ազդեցության տակ է դա արել), լայն տաբատ ու oversize շապիկ հագավ և հաջորդ օրը մտավ Դրեի ստուդիա։ Dr. Dre-ն էլ իր պրոդյուսերի հոտառությամբ ասաց՝ «արտիստը գտավ իր ոճը»։

Slim Shady LP-ն թողարկվեց 1999 թվականի փետրվարին և դարձավ տարվա ու անգամ տասնամյակի ամենահաջողված ձայնագրություններից մեկը։ Այս ալբոմն Էմինեմին բերեց իր առաջին Գրեմմի մրցանակը՝ լավագույն ռեփ ալբոմի համար։ Վաճառքի առաջին շաբաթվա ընթացքում այն ​​գրավեց երկրորդ տեղը Billboard 200 չարթում, ապրիլին ստացավ պլատինե կարգավիճակ՝ վաճառվելով ավելի քան 1 միլիոն օրինակով, իսկ տարբեր հիթ-շքերթներում մնաց գրեթե երկու տարի։ Ու այդկերպ Էմինեմը underground-ից հայտնվեց լայն զանգվածների տեսադաշտում։

Այս հաջողության ֆոնին ոչ այնքան հարթ էր Էմինեմի անձնական կյանքը։ Ռեփերն ու Քիմն առաջին անգամ ամուսնացան 1999 թվականի հունիսին ու բաժանվեցին երկու տարի անց։ Ամուսնությունը ռեփերի առաջին խոշոր շրջագայությունից առաջ էր։ Նորաստեղծ ընտանիքը ռեփերի նոր ձևավորվող փառքին կարծես չդիմացավ։ Ավելի ուշ Քիմն անկեղծացել է.

«Փառքը նրան շատ փոխեց։ Ինձ ասում էր, որ պետք է շնորհակալ լինեմ, որ ինքն ընդհանրապես ինձ հետ շփվում է, քանի որ իր շրջապատի բոլոր կանայք պատրաստ էին տրվել իրեն։ Ես ինձ հիմարի մեկն էի զգում»։

Ի դեպ, զույգը վերամիավորվեց ու կրկին ամուսնացավ 2006-ին, ու նույն տարի էլ բաժանվեց։ Նրանց կապող գլխավոր օղակն իրենց դուստրն է, իսկ դստեր հանդեպ Էմինեմի սերը մշտապես եղել է այն «նուրբ» կետը, որտեղ ռեփերը դուրս է եկել իր կերպարից։

Վերադառնալով 2000-ականների սկիզբ։ Տպավորություն է, որ որքան մռայլ էր անձնական կյանքը, այնքան, զուգահեռ, լավ էր զարգանում ռեփերի կարիերան։

Նրա հաջորդ երկու սկավառակը՝ The Marshall Mathers LP-ն և The Eminem Show-ն, նույնպես արժանացան Գրեմմի մրցանակների ու Էմինեմին դարձրին առաջին կատարողը, ով արժանացավ այդ մրցանակին երեք անգամ անընդմեջ։ Կարելի է ասել, որ Էմինեմը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց միայն The Marshall Mathers LP-ի թողարկումից հետո։

Այս ալբոմն առաջին հորիզոնականում էր հնարավոր բոլոր չարթերում և սահմանում էր հնարավոր բոլոր ռեկորդները։ Այդ ընթացքում Էմինեմը նաև սեփական լեյբլը ստեղծեց՝ Shady Records-ը, որտեղ պայմանագրեր կնքեց D12-ի իր ընկերների հետ։ Քաղաքական թեմաների Էմինեմն առաջին անգամ անդրադարձավ 2004 թվականին թողարկված Encore ալբոմում, իսկ այս ալբոմի շրջագայությունից հետո ստեղծագործական դադար վերցրեց։

Բայց մինչև 2009 թվական հասնելը հիշենք ռեփերի դերասանական հաջողված փորձառությունը։ 2002 թ․ Էմինեմը նկարահանվեց «8-րդ մղոն» ֆիլմում, որի համար արժանացավ «Օսկարի»՝ ֆիլմում լավագույն երգի համար։ Այսկերպ նա դարձավ առաջին ռեփ կատարողը, ով ստացավ այդ մրցանակը։ Ի դեպ, ֆիլմը մասամբ հիմնված է հենց ռեփերի կյանքի պատմության վրա։

Էմինեմն իր հաջորդ ալբոմը թողարկեց 2009 թվականին՝ իր կյանքում շատ ծանր շրջանից հետո։ 2006-ին ընկերոջ՝ Proof-ի սպանությունն Էմինեմի համար ծանր հարված էր, որը ռեփերը մեծ դժվարությամբ հաղթահարեց։ Նա մի քանի տարի փորձում էր ինքնուրույն պայքարել թմրանյութերից կախվածության դեմ, ու միայն 2008 թվականին գնաց վերականգնողական կենտրոն։ Հենց այս բարդ ընթացքի մասին էր 2009-ին թողարկված Relapse ալբոմը։

2010-ականներին Էմինեմի ալբոմները թողարկվում էին, այսպես ասած՝ անկանոն կերպով։ 2010-ին Recovery-ի թողարկումից հետո հաջորդ ալբոմը՝ The Marshall Mathers LP 2-ը, թողարկվեց միայն երեք տարի անց, դրան հաջորդեց Revival-ը՝ 2017 թվականին, իսկ արդեն 2020-ին ռեփերը թողարկեց Music to Be Murdered By ալբոմը։ Բայց այս ալբոմներից և ոչ մեկը չհասավ այն փառքին, որին Էմինեմը հասել էր 2000-ականներին։

Ընդամենը մի քանի օր, ու Էմինեմի երկրպագուները կվայելեն երկար սպասված նոր ալբոմը։ Իսկ 2024-ը ռեփերի համար միայն ստեղծագործական առումով չէ, որ ակտիվ է։ Վերջերս ամուսնացել է Էմինեմի սիրելի դուստրը՝ Հելյի Ջեյդը։

Արարողության ամենահուզիչ պահը  Հեյլիի ու 51-ամյա ռեփերի պարն էր։ Իսկ համացանցը քննարկում էր, որ կես դար ապրած ռեփերը շատ ավելի երիտասարդ է երևում, քան իր փեսան։