#իվենթաPAN
May 11, 2023

Վրացական «Պուտինը», շվեդական ABBA-ն և «ծաղիկներ Իսրայելի համար». «Ո՞ւմ ա պետք էդ ձեր» Եվրատեսիլը՝ from A to Z

Ահա կրկին տարվա այն օրերն են, որոնց մարդկանց մի մասը մեծ ոգևորությամբ է սպասում, մյուսները տանել չեն կարողանում, բայց անտարբեր մնալ չի ստացվում։ Ու ոչ, խոսքն Ամանորի մասին չէ։ Այս օրերին Լիվերպուլում ընթանում է «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը։ Քաղաքական դրամաներ, շքեղ շոուներ, սկանդալային քվեարկություն և ավելին։ Եվրատեսիլը վաղուց արդեն միայն երգի մասին չէ։ PAN֊ը մրցույթի պատմության և ընթացքի մասին համապարփակ անդրադարձ է պատրաստել՝ բոլոր հետաքրքիր թվերով, դեպքերով ու դեմքերով։

ՄՐՑՈՒՅԹԻ ՍՏԵՂԾՈՒՄՆ ՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ՝ ԹՎԵՐՈՎ

67 տարվա պատմության արդյունքում Եվրատեսիլը հարյուրավոր ժամերի ուղիղ եթերներ և մոտ 50 երկրից ավելի քան 1500 երգ ունի որպես ժառանգություն։ Եվ սա ձեռքբերումների մակերեսն է միայն։ Իրականում Եվրատեսիլ երգի մրցույթը պատմական փաստերի և ապշեցուցիչ թվերի հարուստ աղբյուր է:

Ամեն ինչ սկսվեց, երբ եվրոպացիները հասկացան, որ Երկրորդ համաշխարհայինից հետո մարդկանց միջև առաջացել է խորն անջրպետ։ Այս խնդիրը քաղաքական էր, տնտեսական, սոցիալական, նաև մշակութային։ Եվրատեսիլի գաղափարը մշակվեց՝ փորձելով միավորել եվրոպական երկրները՝ հեռուստատեսային ուղիղ հեռարձակումների միջոցով, որոնք կդիտի ամբողջ Եվրոպան։

Երկրորդ համաշխարհային պատերազմն ավարտվել էր Եվրատեսիլի ստեղծումից մոտ մեկ տասնամյակ առաջ, և եվրոպական միասնականության գաղափարն այդ ընթացքում ավելի ու ավելի սուր էր դառնում։ Եվրատեսիլը մարդկանց համախմբելու հնարավորություն էր, բայց այն նաև թույլ տվեց կազմակերպիչներին փորձարկել հեռարձակման միջազգային տեխնոլոգիան:

«Եվրատեսիլ» երգի առաջին մրցույթը կայացել է 1956 թվականին՝ միայն 7 երկրի մասնակցությամբ։ Խորհրդային Միության փլուզումից հետո միայն 1990-ականներին ավելի շատ երկրներ ցանկություն հայտնեցին միանալ մրցույթին։ 1993 և 1994 թվականներին մասնակից 25 երկրի թիվն այդ տարիների համար ռեկորդային էր։ Կիսաեզրափակիչ փուլ ավելացնելու անհրաժեշտությունն առաջացավ միայն 2004 թվականին, իսկ մրցույթի հանդեպ հետաքրքրության աճի ֆոնին արդեն 2008-ին կազմակերպվեց նաև երկրորդ կիսաեզրափակիչը։ Արդյունքում, 2008 թվականին առաջին անգամ ռեկորդային՝ 43 երկիր մասնակցեց համաեվրոպական մրցույթին։

«Եվրատեսիլ»֊ի առաջին հաղթողը՝  1956 թվականին
«Եվրատեսիլ»֊ի առաջին հաղթողի կատարումը

Մի հետաքրքիր փաստ ևս, որն առանձնացնում էր մինչև 2000֊ականների Եվրատեսիլը ներկայիս մրցույթից։ Մինչև 1998 թվականը բոլոր կատարումները կենդանի նվագախմբի նվագակցությամբ էին և ամեն երկիր բերում էր իր դիրիժորին: Այստեղ կարելի է նշել նաև այն տխուր փաստը, որ այդ տարիների ընթացքում նվագախումբը ղեկավարել է միայն երեք կին դիրիժոր։

Նվագախումբը՝ 1968 թվականի Եվրատեսիլին

Թեև Եվրատեսիլ երգի մրցույթը կայացել է 66 անգամ, այն 69 հաղթող ունի։ 1969 թվականին 4 երկիր հավասար միավորներով գլխավորում էր աղյուսակը. Միացյալ Թագավորություն, Իսպանիա, Նիդերլանդներ և Ֆրանսիա: Այդ ժամանակ մրցույթը նման իրավիճակի չէր բախվել և կազմակերպիչները երևի վստահ էին, որ չեն էլ բախվի, որովհետև որևէ օրենք կամ կանոն նման դեպքերի համար չէին հստակեցրել։ Արդյունքում հաղթող ճանաչվեց բոլոր չորս երկիրը։ Իհարկե, այս դեպքից հետո կազմակերպիչները դասը լավ սերտեցին, և մրցույթի կանոններում միանգամից փոփոխություններ ավելացրին։

Չորս հաղթողից մեկը՝ Իսպանիայի ներկայացուցիչը
1969 թվականի չորս հաղթողը

Գաղտնիք չէ, որ Եվրատեսիլն ամենամեծ դիտելիությունն ունեցող երաժշտական մրցույթներից է և այս թվերն ամեն անգամ աճում են։ 2001 թվականին ռեկորդային էր Կոպենհագենում անցկացված մրցույթը։ Դահլիճում 38,000 հանդիսական կար։ Դե իսկ էկրաններից այն կողմ այս թիվը մի քանի հարյուր միլիոնի է հասնում։ 2016֊ին, օրինակ, 204 միլիոն մարդ դիտել էր երեք մրցութային օրերից առնվազն մեկը։

Հիմա անցնենք մասնակից երկրների արդյունքներին և մրցույթի գլխավոր ժառանգությանը՝ երգերին։ Ի դեպ, եթե որոշեք միանգամից լսել Եվրատեսիլի բոլոր 1500 երգը, ապա պետք է տրամադրեք առնվազն 72 ժամ։

Եվ այսպես։ 7 հաղթանակով Իռլանդիան մրցույթի ամենահաջողակ երկիրն է։ Շվեդիան հաղթել է մրցույթում 6 անգամ, իսկ Լյուքսեմբուրգը, Ֆրանսիան, Նիդերլանդները և Միացյալ Թագավորությունը՝ 5֊ական անգամ։ Մրցույթում նաև անհաջողականեր կան։ Նորվեգիան 11 անգամ հայտնվել է մրցութային աղյուսակի ամենաներքևում: Երկիրը վերջինն էր 1963, 1969, 1974, 1976, 1978, 1981, 1990, 1997, 2001, 2004 թվականներին, նաև 2012-ի եզրափակչում: Ամեն դեպքում, բոլորին էլ բախտը ժամանակ առ ժամանակ ժպտում է։ Նորվեգիան մրցույթը հաղթել է երեք անգամ՝ 1985, 1995 և 2009 թվականներին։

Գուցե չհավատաք, բայց Եվրատեսիլը նաև Գինեսի ռեկորդ է սահմանել։ 2015 թվականին Եվրատեսիլ երգի մրցույթը Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում ճանաչվել է որպես ամենաերկարատև հեռուստատեսային երաժշտական մրցույթ։ Միակ տարին, երբ մրցույթը չեղարկվել է, եղել է չարաբաստիկ 2020֊ը։ Կորոնավիրուսային համավարակի ֆոնին Եվրատեսիլին բնորոշ լեփ լեցուն դահլիճներն ու տարատեսակ միջոցառումները պարզապես անհնար էր պատկերացնել։

ՄՐՑՈՒՅԹԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՓԱՅԼՈՂ ԱՍՏՂԵՐԸ

Եվրատեսիլի ազդեցությունը թերագնահատել վստահաբար պետք չէ։ Այս ազդեցությունը սկսվում է երաժշտական, վերջանում նույնիսկ տնտեսական արդյունքներով։ Եվրատեսիլը դարձել է պետություն ներկայացնելու և մշակութային դիվանագիտության շատ կարևոր մաս։ Հետաքրքիր է, որ մրցույթի շուրջ բազմաթիվ հետազոտություններ են իրականացվում նաև գիտահետազոտական շրջանակում։ Օրինակ, այդ հետազոտություններից մեկն ազդեցությունը ներկայացնում է 2022֊ին Իտալիայի Թուրին քաղաքում անցկացված մրցույթի օրինակով։

Զեկույցը ցույց է տալիս Իտալիայում 2022 թվականի մրցույթի տնտեսական ազդեցությունը։ Օրինակ՝ մրցույթի օրերին Թուրին ժամանած զբոսաշրջիկների 57%-ը միայն Եվրատեսիլին ներկա գտնվելու համար էին Իտալիայում։ Իսկ մրցութային օրերի մասին առցանց 119,000 հոդվածի արդյունքում գեներացվել էր 702 միլիոն եվրո գովազդից ստացված եկամուտ։

Անցած տարի մշակութային առումով ևս երգի մրցույթը մեծ ազդեցություն ունեցավ: Զեկույցի հրապարակման պահին 40 մրցող երգ հեռարձակվել էր ավելի քան 544 միլիոն անգամ: Կարևոր է նաև նշել, որ 2022-ի երգերի 40%-ը մասնակիցների մայրենի լեզվով էին, ընդ որում՝ ընդհանուր առմամբ բեմից հնչել էին երգեր 16 տարբեր լեզվով:

Մեկ այլ հետազոտություն էլ փաստում է, որ Եվրատեսիլում հաղթելն էականորեն ազդում է երկրի տնտեսական ցուցանիշների վրա, որոնցից ամենաուշագրավը զբոսաշրջության, հարկային եկամուտների և արտահանման աճն է։ Բացի այդ, կան առավելություններ, որոնք հնարավոր չէ ներկայացնել զուտ թվերով։ Եվրատեսիլը փոքր երկրներին հնարավորություն է տալիս ճանաչվել ավելի լայն շրջանակում և հաճախ նրանց ներկայացնում է որպես զարգացող զբոսաշրջային ուղղություններ:

Խոսենք նաև մրցույթին մասնակցած հնչեղ անունների մասին։ Իհարկե, Եվրատեսիլին մասնակցած արտիստներից շատերը միջազգային մեծ ճանաչում են ձեռք բերում հիմնականում մրցույթին մասնակցելուց հետո, բայց կան նաև բացառություններ։ Եվրատեսիլի «շրջանավարտներից» ամենահայտնին, վստահաբար, շվեդական ABBA խումբն է։ Այն Շվեդիային հաղթանակ բերեց 1974 թվականին՝ «Waterloo» երգով։ Չնայած մրցույթից տասը տարի անց խումբն արդեն պաշտոնապես ցրվեց, բայց այդ ընթացքում հասցրեց ֆենոմենալ հաջողություններ գրանցել։

ABBA խումբը

Բայց Եվրատեսիլը Եվրատեսիլ չէր լինի, եթե այստեղ ևս սկանդալային դրվագներ չգրանցվեին։ Պարզվում է՝ նույնիսկ ամենահաջողակ խումբն ու անքննելի հաղթողը բոլորի ճաշակով չի կարող լինել։ Խմբի երգը ոչ միանշանակ էին ընդունել Մեծ Բրիտանիայում, կամ ավելի ճիշտ՝ բրիտանական ժյուրին։ Հանրային քվեարկություն այդ ընթացքում դեռ չկար, և ստացվում է այնպես, որ Մեծ Բրիտանիան ABBA-ին տալիս է զրո միավոր։ Մրցույթից կարճ ժամանակ անց միավորներ չստացած խումբն արդեն իր հաղթարշավն էր տոնում Մեծ Բրիտանիայում։

ABBA֊ի Եվրատեսիլի ելույթը Եվրատեսիլում

Մեկ այլ համաշխարհային անուն, որ հայտնվեց Եվրատեսիլի բեմում՝ Սելին Դիոն։ Երգչուհին 1988 թվականին ներկայացրեց Շվեյցարիան և հաղթեց «Ne Partez Pas Sans Moi» երգով։

Սելին Դիոնի ելույթը Եվրատեսիլում

Խուլիո Իգլեսիասը մրցույթում և մրցույթից դուրս հաջողություններ գրանցած մյուս արտիստն է։ Այսօր երիտասարդները շատ լավ ճանաչում են Էնրիկե Իգլեսիասին, բայց ավագ սերնդի համար Իգլեսիասը մեկն է՝ Խուլիոն։ Նա պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ էր, բայց ավտովթարից հետո թողեց մարզական կարիերան ու սկսեց երգել։ 1970 թվականին Իգլեսիասը Եվրատեսիլում ներկայացնում էր Իսպանիան։ Թեև չհաղթեց, բայց հիշվեց ու սիրվեց շատ ավելի, քան տարբեր տարիների հաղթողները։

Խուլիո Իգլեսիասի ելույթը Եվրատեսիլում

Երիտասարդ սերնդի շարքում հայտնի անունները շատ են, բայց թե նրանցից ովքեր նույնչափ հայտնի ու լեգենդար կլինեն մի քանի տասնամյակից՝ բարդ հարց է։ Մրցույթում և Եվրատեսիլից հետո հաջողություն գրանցող արտիստներից շատերն անցնում են նույնիսկ Եվրոպայի սահմանները, անգամ հայտնվում Գրեմմի մրցանակաբաշխության կարմիր գորգին։

ՄՐՑՈՒՅԹԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇՂԱՐՇԸ

Եվրատեսիլը քաղաքականացված մրցույթ է, և սա հերքելու կամ կասկածի տակ դնելու համար մեծ համարձակություն է պետք։ Մրցույթի քաղաքական ենթատեքստը հասկանալու համար կարելի է միանգամից մի քանի ուղղությամբ նայել՝ երգի ընտրություն, քվեարկություն, մամուլի ասուլիսներ ու նույնիսկ ծածանվող դրոշներ։ Հայաստանը մրցույթին մասնակցում է միայն 2006 թվականից և գուցե շատերի մոտ տպավորություն լինի, թե Եվրատեսիլում քաղաքական սկանդալ կոչվածը նոր բան է, բայց իրականում այս խնդիրը կար անգամ հեռավոր 1970֊ականներին։

1978 թվականին, օրինակ, Հորդանանն Իսրայելի ելույթի ժամանակ ոչ թե կատարումն էր ցուցադրել, այլ պարզապես ծաղիկներ։ Ամեն ինչ դուրս եկավ հսկողությունից, երբ Իսրայելը հաղթեց, իսկ Հորդանանը որոշեց, որ որպես հաղթող է ներկայացնելու Բելգիային։

Պետք է ընդունենք, որ քաղաքական կրքերը հատկապես թեժացան, երբ խրախճանքին միացան հետսովետական երկրները։ Ռուսաստան֊Ուկրաինա, Ռուսաստան֊Վրաստան, Հայաստան֊Ադրբեջան, և այս ցանկը շարունակվում է։ Սա կարող եք մեկնաբանել ինչպես կուզեք՝ մարտեր առանց կանոնների, ինքնահաստատվելու փորձ, Եվրոպային ինչ֊որ բան «լսեցնելու» պատրվակ կամ էլ մշակութային դիվանագիտության պրոֆեսիոնալ կիրառում։

Երբ 2009֊ին Վրաստանը որոշել էր Եվրատեսիլ ուղարկել  We Don't Wanna Put In երգը, շատ հստակ էր բոլորի համար, որ այդ բառերով այն բեմից հնչել չի կարող։ Ու, իհարկե, Վրաստանն այդ տարի հրաժարվեց մասնակցությունից։ Ամեն ինչ շատ ավելի ծիծաղելի է դառնում, երբ հիշում ենք, որ այդ տարի երգի մրցույթն անցկացվում էր Մոսկվայում։

We Don't Wanna Put In

Ի դեպ, 2009-ին Մոսկվայում անցկացված երգի մրցույթն իր մասշտաբներով մինչև այդ կազմակերպված ամենահզոր միջոցառումն էր: Եվրատեսիլն ու դրա ենթատեքստն ուսումնասիրող փորձագետներն ասում են, որ ռուս-վրացական լարվածությունից հետո մրցույթը Եվրոպայում Ռուսաստանի իմիջը շտկելու լավ առիթ էր, որն արժեցավ 30 միլիոն եվրո: Մոսկվայում հյուրերին դիմավորելուց առաջ մայրաքաղաքի փողոցներից 30 հազար փողոցային շուն էին հեռացրել: Անտուններին ու մարմնավաճառներին եվրոպացիների աչքից հեռու էին տարել: Մի խոսքով՝ քաղաքը պատրաստել էին եվրոպական տեսախցիկների համար:

Հայաստանում ամեն երկրորդը կարող է Եվրատեսիլի հարցերով փորձագետ աշխատել, բայց սա իրականում կատակ բան չէ, և փորձագիտական լուրջ ու փաստարկված կարծիք ձևավորելու համար մարդիկ տարիներով հետազոտություններ են անում։ Վերևում արդեն քննարկված դրվագներից զատ այդ հետազոտությունները քաղաքական մեկ առանձնահատկություն էլ են նկատում։ Երբեմն հարց է առաջանում՝ ինչո՞ւ են ավտորիտար երկրները, ասենք` Ադրբեջանը, ժամանակին Թուրքիան, կամ էլ Լուկաշենկոյի Բելառուսը մասնակցում այս եվրոպական արժեքներ քարոզող մրցույթին։ Պատասխանն, իհարկե, մեկը չէ, բայց Եվրոպացիների աչքերին «թոզ փչելը», քաղաքակիրթ ու «մերոնցական» երևելը վստահաբար փափուկ ուժի կիրառման առանցքային պատճառներից է։

Ի դեպ, Ադրբեջանի մասին։ Եվրատեսիլի ընթացքում սկանդալային դեպքերի անդրադարձող ոչ մի հոդված ու հոլովակ չի շրջանցում այս երկրին։ Նույնիսկ ձևակերպում են, որ «սկանդալներն Ադրբեջանի համար նոր բան չեն»։ Ու ինչպես կարելի է ենթադրել, այդ երկրի ջղաձգումներն ուղիղ համեմատական են Հայաստանի և հայկական պատվիրակության քայլերին ու հաջողությանը։

2009-ին Ադրբեջանին մեղադրեցին իր քաղաքացիների նկատմամբ լրտեսության մեջ։ Պարզվեց, որ ադրբեջանցիները, ովքեր քվեարկել էին Ինգա և Անուշ Արշակյանների «Ջան֊Ջան»֊ի օգտին՝ կանչվել էին հարցաքննության։

Հարցաքննվածներից մեկը հետո եվրոպական լրատվամիջոցներին ասել է. «Նրանք պնդում էին, որ դա ազգային անվտանգության խնդիր է։ Նրանք փորձում էին հոգեբանական ճնշում գործադրել ինձ վրա՝ ասելով, թե դու ազգային հպարտության զգացում չունես»։

2013֊ին էլ Ադրբեջանը քվեարկությունը կեղծելու մեղադրանքով լուրջ սկանդալի մեջ ընկավ։ Այս անգամ Հայաստանը հաստատ կապ չուներ։ Շվեդական ԶԼՄ-ների հետաքննությունը պարզեց, որ Ադրբեջանն առուծախի մեջ է եղել ու փորձել է «ձայներ գնել» իր մասնակցի համար։ Արդյունքում, ադրբեջանցի մասնակիցը զբաղեցրել է երկրորդ տեղը: Սկանդալը ստիպեց Եվրոպական հեռարձակողների միությանը (EBU) խստացնել քվեարկության կանոնները, սակայն այս դեպքը միանշանակ ստվերեց մրցույթի հեղինակությունը:

Իսկ ինչ վերաբերում է քվեարկությանը, ապա ոչ թե ենթադրություններով, այլ տասնյակ տարիների տվյալները վերլուծելով, Եվրատեսիլում քվեարկության հստակ միտումներ են առանձնացվել: Սկանդինավյան խումբ, Բալկանյան խումբ, Ռուսաստանին միավորներ շնորհող հետսովետական երկրների խումբ, Թուրքիայի դեմ աշխատող Հունաստան-Կիպրոս տանդեմ և այլն։ Կարծես, բոլորն էլ գիտեն ու անգամ ընդունում են, որ ժյուրիի քվեարկությունը զուտ քաղաքական շահեր սպասարկելու համար է, ու քիչ թե շատ չքաղաքականացված քվեարկություն կարելի է ակնկալել հանրությունից։

ԵՎՐԱՏԵՍԻԼԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Հայ հեռուստադիտողն ամեն տարի՝ անկախ մրցույթի արդյունքներից, շատ դժգոհ է մնում ու որոշում, որ «մյուս տարի էլ չեմ նայելու»։ Իսկ երբ գալիս է «մյուս տարին»՝ բոլորը ֆեյսբուքում սկսում են քննարկել հայ մասնակիցների երգը, բեմադրությունը, հագուկապն ու ժեստերը։

Հայաստանը Եվրատեսիլին մասնակցում է 2006 թվականից։ Առաջին մի քանի տարին ՀՀ-ն թոփ 10֊ում կարողանում էր պահել իր դիրքն ու շատերին թվում էր, թե այդպես էլ պիտի լինի, այլ սցենար չկա։ Մարդիկ նույնիսկ չգիտեին, որ կարելի է դուրս մնալ կիսաեզրափակիչ փուլից։ Ու հենց դրա համար էլ 2011֊ին Էմմիի անհաջողությունն այնքան քննարկվեց ու քննադատվեց, որ մինչև օրս էլ շատերը Եվրատեսիլում հայաստանյան անհաջողությունները հենց այդ տարվա հետ են ասոցացնում։

Իսկ իրականում հաջորդող տարիներին մեր երկիրը ևս երկու անգամ չկարողացավ դուրս գալ եզրափակիչ, իսկ եզրափակչում հայտնված երգերի մի մասը թոփ 10 այդպես էլ չմտան։ Մեր երկիրը լավ արդյունքներով հիշվող ելույթներ ևս ունեցել է։ Օրինակ՝ Իվետա Մուկուչյանի ելույթը։ Թեև այդ տարի Իվետան միայն երգով չէ, որ հիշվեց։ Ապրիլյան պատերազմից մեկ ամիս հետո մրցույթին մասնակցող երգչուհին Ստոկհոլմում բարձրացնում է Արցախի դրոշը։ Սա, իհարկե, ադրբեջանցիները չեն մարսում և ամեն կերպ փորձում են պատասխանատվության ենթարկել Հայաստանին։

Սա, կարծես, քիչ էր՝ հայերն էլ աջակցում են Իվետային և Ստոկհոլմի երկնքում պտտվում է «Ղարաբաղ-Իվետա» պաստառը։

Եվրատեսիլում մեր վերջին մեծ հաջողությունն իրականում գրանցվեց մրցույթից հետո։ 2022 թվականին Հայաստանը ներկայացրեց Ռոզա Լինը։ Նրա Snap երգը եզրափակչում  գրավեց 20-րդ տեղը։ Սա, իհարկե, առանձնապես ոգևորիչ արդյունք չէ։

Իսկ հետո Ռոզայի երգը «Տիկտոկի էֆֆեկտ»֊ի միջոցով տարածվեց ամբողջ աշխարհում։ Եվրոպայից մինչև ԱՄՆ՝ Snap֊ը հնչում էր ռադիոներով, համերգներին ու համացանցում։ Արդյունքում Լինի երգը հեռարձակվեց ավելի քան մեկ միլիարդ անգամ, պլատինե կարգավիճակ ստացավ 11 երկրում։ Հիմա Ռոզան նոր երգեր է թողարկում, պարբերաբար որպես հյուր հայտնվում ամերիկյան տարբեր հեռուստանախագծերում, պատրաստվում ամերիկյան շրջագայությունների և որպես հյուր ելույթ է ունենալու Էդ Շիրանի, Young the Giant֊ի, Milky Chance֊ի համերգներին։

Այս տարի Հայաստանը Եվրատեսիլում ներկայացնող մեր մասնակցին՝ Brunette-ին մաղթում ենք հաջողություն և վստահ ենք, որ Եվրատեսիլյան փորձը հայ երիտասարդ կատարողի հաջողության ճանապարհի միայն սկիզբն է։


✍️ Նանե Մանուկյան / PAN