Էսօր կանք, վաղը` չկանք... Երկրի պատմության 5 խոշորագույն զանգվածային անհետացումը
Մոտ 4.5 մլրդ տարի առաջ Երկիր մոլորակի վրա առաջացած կյանքը բուռն էվոլյուցիայի, փոփոխությունների, նոր տեսակների առաջացման հետ մեկտեղ ենթարկվել է նաև փորձությունների, որոնց ընթացքում կյանքի զգալի մասն անհետացել է մոլորակի երեսից։ Բայց, ինչպես ասում է հայտնի ֆիլմի հերոսը, կյանքը միշտ կգտնի ճանապարհը, ու անհետացումներին կրկին հաջորդել է կենսաբազմազանության վերականգնումը։
Շատ գիտնականներ համոզված են (եթե արդար լինենք` գրեթե բոլորը), որ ներկայումս Երկիր մոլորակի կենսաբազմազանությունը կանգնած է հերթական զանգվածային անհետացման` Հոլոցենյան իրադարձության շեմին, որի գլխավոր պատճառը համարվում է մարդու ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։
Կյանքի պատմության ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ մեծ ու փոքր հայտնի զանգվածային անհետացումներ, էլ ավելի շատ են, հավանաբար, անհայտները։ Անհետացումների միջև սահմանները հստակ չեն, հաճախ` պայմանական, սակայն մասնագետներն առանձնացնում են դրանցից հինգը, որոնք առավելագույն ազդեցություն են թողել կենսաբազմազանության վրա։ PAN-ը պատմում է այդ հինգ խոշորագույն իրադարձությունների մասին։
1. Ուշ Օրդվիկյան զանգվածային անհետացում կամ Օրդվիկ-Սիլուրյան անհետացում
Հինգ խոշորագույն հայտնի անհետացումներից առաջինը տեղի է ունեցել մոտ 443 մլն տարի առաջ։ Անհետացած ցեղերի տոկոսի տեսանկյունից այն համարվում է երկրորդ խոշորագույն անհետացումը` Մեծ Պերմյան անհետացումից հետո։ Իրադարձությունն առնչվել է բոլոր հիմնական տաքսոնոմիկ խմբերին, անհետացել է ուսոտանիների ու մամռակերպերի բոլոր ընտանիքների մեկ երրորդին, ինչպես նաև կոնոդոնտերի, տրիլոբիտների, փշամորթների, կորալների, երկփեղկանիների ու գրապտոլիտների մեծաքանակ խմբերի։ Անհետացման ժամանակ ամենաբարդ բազմաթիվ օրգանիզմներն ապրում էին ծովում, ցամաքում բազմաբջիջ կյանքը ներկայացված էր փոքր վաղ ցամաքային բույսերի տեսքով։ Հետևաբար, Ուշ Օրդվիկյան զանգվածային անհետացման արդյունքում վերացել է մոտ 100 ծովային ընտանիք, որը ներառում էր ցեղերի մոտ 49 տոկոսը կամ ծովային տեսակների մոտ 85 տոկոսը։
Չնայած իր տաքսոնոմիկ լրջությանը, Օրդվիկյան զանգվածային անհետացումը չի բերել լուրջ կառուցվածքային փոփոխությունների էկոհամակարգերում կամ մորֆոլոգիական նորամուծությունների, ինչպես դա տեղի էր ունեցել մյուս զանգվածային անհետացումների դեպքում։ Մոտ հինգ մլն տարվա ընթացքում կենսաբազմազանեւթյունն աստիճանաբար վերականգնվել է մինչև մինչ անհետացումը եղած մակարդակի։
Ուշ Օրդվիկյան զանգվածային անհետացումը, ըստ մասնագետների, տեղի է ունեցել երկու առանձին իմպուլսով։ Առաջինը` Ուշ Օրդվիկի Կատիանյան ու Հիրնանտյան փուլերի սահմանին, կապում են ուշ օրդվիկյան սառցակալման հետ, երբ ածխաթթու գազի կտրուկ նվազման արդյունքում սառցադաշտերն արագ տարածվել էին Գոնդվանա մայրցամաքով` երկրի կլիման ջերմոցայինից վերածելով սառցադաշտայինի, բերելով ծովի մակարդակի կտրուկ նվազման։ Երկրորդ իմպուլսն էլ տեղի է ունեցել Հիրնանտյան փուլի երկրորդ կեսին, երբ սառցադաշտերը նույնքան կտրուկ նահանջել են ու վերադարձել են տաք պայմանները։ Երկրորդ իմպուլսը կապում են ինտենսիվ համաշխարհային անոքսիայի (թթվածնի նվազում) ու էվքսինիայի (թունավոր սուլֆիդների առաջացում) հետ։
Որոշ հիպոթեզների համաձայն, Ուշ Օրդվիկյան զանգվածային անհետացման պատճառ կարող էր լինել Ծիր կաթին գալակտիկայի հանդիպակաց թևքում հիպերնոր աստղի պայթյունից առաջացած գամմա ճառագայթումը։ Այլ պատկերացումների համաձայն, սառցակալման պատճառը հրաբխային ակտիվությունն էր, որը, որոշ դեպքերում, կարող է բերել մթնոլորտում ածխաթթու գազի նվազմանը։
2. Ուշ Դևոնյան մասսայական անհետացում
Ուշ Դևոնում Երկիրը բնակեցված էր բույսերով ու միջատներով, օվկիանոսներում կորալների ու ստրոմատոպորոիդները կառուցում էին հսկայական խութեր, Եվրամերիկա ու Գոնդվանա մայրցամաքները սկսել էին աստիճանաբար ձուլվել, ինչի արդյունքում կառաջանա Պանգեյա սուպերմայրցամաքը։
Ուշ Դևոնյան մասսայական անհետացումը տեղի է ունեցել երկու փուլով։ Առաջինը` մոտ 372 մլն տարի առաջ` Ֆրասնյան ու Ֆամենյան դարաշրջանների սահմանին (Կելվասսերի իրադարձություն), ընդհանուր առմամբ` անհետացել է բոլոր ընտանիքների 19 ու բոլոր ցեղերի 50 տոկոսը։ Երկրորդ փուլը` Հանգենբերգի իրադարձությունը, տեղի է ունեցել մոտ 359 մլն տարի առաջ, ինչից հետո Երկիրն անցել է Քարածխային ժամանակաշրջան։
Անհետացումը, ամենայն հավանականությամբ, առնչվել է միայն ծովային կենսաբազմազանությանը։ Զգալիորեն տուժել են բրախիոպոդները, տրիլոբիտներն ու կորալային խութերի ձևավորմանը մասնակցող օրգանիզմները, պլակոդերմները մեծապես տուժել էին Կելվասսերի իրադարձության ժամանակ ու լրիվ անհետացել Հանգենբերգի իրադարձության ընթացքում։
Զանգվածային անհետացման պատճառները անհայտ են։ Գլխավոր հիպոթեզների համաձայն` պատճառը կարող էր լինել ծովի մակարդակի նվազումն ու օվկիանոսի անոքսիան` կապված գլոբալ սառեցման կամ օվկիանոսային հրաբխային ակտիվության հետ։ Ենթադրվել է նաև գիսավորի կամ այլ տիեզերական մարմնի ազդեցություն, իսկ որոշ վիճակագրական վերլուծություններ ենթադրում են, որ կենսաբազմազանության նվազեցումն ավելի շուտ պայմանավորված էր տեսակառաջացման տեմպերի նվազեցմամբ, քան անհետացման ավելացմամբ։
3. Պերմ-Տրիասյան անհետացում կամ Մեծ Անհետացում
Պերմյան ու Տրիասյան երկրաբանական փուլերի կամ Պալեոզոյան ու Մեզոզոյան դարաշրջանների միջև` մոտ 251.9 մլն տարի առաջ տեղի է ունեցել հայտնի խոշորագույն անհետացումը Երկրի պատմության ընթացքում։ Անհետացել է կենսաբանական ընտանիքների մոտ 57 տոկոսը, բոլոր ցեղերի 83 տոկոսը, ծովային տեսակների 81 տոկոսը ու ցամաքային ողնաշարավորների տեսակների 70 տոկոսը։ Սա միջատների հայտնի խոշորագույն անհետացումն էր։
Անհետացման ընթացքում առավել մեծ վնասներ են կրել ծովային անողնաշարավորները, 329 ծովային ցեղերից անհետացել են 286-ը։ Ընդ որում, կենսաբազմազանության նվազեցումը պայմանավորված էր հենց անհետացման կտրուկ մեծացմամբ, ոչ թե տեսակառաջացման տեմպերի նվազեցմամբ։ Ցամաքում, Պերմյան ժամանակաշրջանն աչքի էր ընկնում միջատների ու անողնաշարավորների մեծ բազմազանությամբ, հենց այս ժամանակահատվածում էին ապրում երբևիցե ապրած խոշորագույն միջատները։ Որոշ աղբյուրների համաձայն, սա միակ զանգվածային անհետացումն է, որը զգալիորեն ազդել է միջատների բազմազանության վրա։ Միջատների ութ կամ ինը կարգ անհետացել է, ևս տասը զգալիորեն կրճատվել են բազմազանության առումով։ Ինչ վերաբերում է ցամաքային ողնաշարավորներին, ապա ցամաքային երկկենցաղ-լաբիրինտոդոնտների, զաուրոպսիդների (սողունների նախնիների) ու տերապսիդների (պրոտոկաթնասունների) տաքսոնների երկու երրորդն անհետացել են։ Ամենամեծ կորուստները կրել են խոշոր խոտակերները։ Անհետացումից հետո ժամանակակից բիոսֆերայի էկոլոգիական կառուցվածքը սկսեց զարգանալ անհետացումը վերապրած տաքսոններից։
Գիտական կոնսենսուսի համաձայն, անհետացման հիմնական պատճառը ածխաթթու գազի մեծ քանակությունն էր, որը մթնոլորտ է նետվել հրաբխային ժայթքումների հետևանքով, որոնք բարձրացրին գլոբալ ջերմաստիճանները, իսկ օվկիանոսում բերեցին համընդհանուր թթվածնային քաղցի ու թթվայնացման։ Ենթադրյալ նպաստող հանգամանքներից են ածխաթթու գազի մեծ քանակության արտազատումը ածխաջրածնային հանքավայրերի, այդ թվում` նավթի ու քարածուխի ջերմային քայքայման հետևանքով, ինչպես նաև մեթանի արտանետումները նոր մեթանոգեն միկրոօրգանիզմների պատճառով։
Կենսաբազմազանության վերականգնման արագությունը բանավեճի առարկա է։ Որոշ գիտնականների գնահատմամբ, այն տևել է մոտ 10 մլն տարի` մասամբ անհետացման լրջության, մասամբ էլ այն պատճառով, որ անբարենպաստ պայմանները պարբերաբար վերադառնում էին առաջին հինգ մլն տարիների ընթացքում։ Որոշ մասնագետներ էլ կարծում են, որ անհետացման հետևանքները մոլորակի ինչ-որ հատվածներում, օրինակ` օվկիանոսում, ավելի քիչ է իրեն զգացնել տվել, ու որ ծովային էկոհամակարգերի վերականգնումը տևել է մոտ 3 մլն տարի։
4. Տրիասյան-Յուրայան զանգվածային անհետացում
Անհետացումը նշում է սահմանը Տրիասյան ու Յուրայան դարաշրջանների միջև` 201.3 մլն տարի առաջ, այն խորը ազդեցություն է թողել կյանքի վրա ծովում ու ցամաքում։ Ծովում անհետացել է կոնոդոնտների ամբողջ դասը ու ծովային ցեղերի 23-34 տոկոսը։ Ցամաքում բոլոր արխոզավրոմորֆերը, կոկորդիլոսակերպերից, պտերոզավրերից ու դինոզավրերից բացի, անհետացել են, ընդ որում, որոշ անհետացած խմբեր, ինչպիսիք են էտոզավրերը, ֆիտոզավրերն ու ռաուիզուխիդները, մինչև այդ մեծաքանակ էին։ Որոշ մնացած տերապսիդներ ու շատ խոշոր երկկենցաղներ նույնպես անհետացել են։ Անհետացումից խուսափել են միայն բույսերը, պտերոզավրերը, դինոզավրերն ու կաթնասունները։ Դա թույլ տվեց դինոզավրերի ու պտերոզավրերին հետագա 135 մլն տարիներին վերածվել գերակշռող ցամաքային ողնաշարավորների։
Մասնագետների մեծ մասը անհետացումը կապում է աստիճանաբար տեղի ունեցած կլիմայական փոփոխությունների հետ։ Ուշ Տրիասում ծովի մակերևույթի տատանումներն ու օվկիանոսի կտրուկ թթվայնացումը, հնարավոր է, հասել էին կրիտիկական կետին։ Որոշ գիտնականներ առաջ են քաշել հիպոթեզներ, համաձայն որոնց Տրիասյան-Յուրայան զանգվածային անհետացումը կարող էր հետևանք լինել աստերոիդի կամ գիսավորի հետ բախման, մյուսներն այն կապում են ակտիվ հրաբխային պրոցեսների հետ։
5. Կավճե-Պալեոգենյան զանգվածային անհետացում
Հինգերորդ ու վերջին խոշորագույն զանգվածային անհետացումը հասարակությանը քաջ հայտնի է, քանի որ հենց դրան զոհ դարձան դինոզավրերը։ Մոտ 66 մլն տարի առաջ անսպասելի անհետացել է բույսերի ու կենդանիների երեք քառորդը։ Բացառությամբ որոշ էկզոտերմիկ տեսակների, ինչպիսիք են ծովային կրիաներն ու կոկորդիլոսները, 25 կիլոգրամից ավելի քաշ ունեցող ոչ մի չորքոտանու տեսակ չի վերապրել այս անհետացումը։ Դրանով ավարտվեց Կավճի ժամանակաշրջանն ու ամբողջ Մեզոզոյան դարաշրջանն ու սկսվեց Կայնոզոյը, որը շարունակվում է մինչև հիմա։ Կավճե-Պալեոգենյան զանգվածային անհետացման զոհ են դարձել ոչ թռչնային դինոզավրերը, որոշ կաթնասուններ, թռչուններ, մողեսներ, միջատներ ու բոլոր պտերոզավրերը։ Օվկիանոսում անհետացել են պլեզիոզավրերն ու մոզազավրերը, շատ ոսկրոտ ձկներ, շնաձկներ, փափկամարմիններ ու պլանկտոնի շատ տեսակներ։ Ըստ հաշվարկների, անհետացել են բոլոր տեսակների 75 տոկոսը։
Պատճառի հետ կապված` գիտական կոնսենսուս գոյություն ունի դեռ 1980-ականներից, երբ Լուիս Ալվարեսն առաջարկել էր աստերոիդի հարվածի մասին իր հիպոթեզը։ Ըստ դրա, անհետացման պատճառը 10-15 կմ տրամագծով աստերոիդի հետ Երկրի բախումն էր, որին հաջորդած երկարատև ձմեռը դադարեցրել էր ֆոտոսինթեզը բույսերում ու պլանկտոնում։ Հարվածի մասին հիպոթեզն իր դիրքերն ավելի ամրացրեց Յուկատան թերակղզում Չիկշուլուբ 180 կիլոմետրանոց խառնարանի հայտնաբերումից հետո 90-ականների սկզբին, որը համոզիչ ապացույցներ ներկայացրեց առ այն, որ Կավճե-Պալեոգենյան սահմանային կավը պարունակում է աստերոիդի հարվածի բեկորներ։
Այս անհետացումը նաև լայն էվոլյուցիոն հնարավորություններ բացեց, շատ խմբեր ենթարկվեցին զարմանալի ադապտիվ ռադիացիայի` ոչնչացված ու դատարկած էկոլոգիական նիշաներում նոր ձևերի ու տեսակների անսպասելի ու բեղմնավոր տարածման։ Մասնավորապես, կաթնասունները հնարավորություն ստացան դիֆերենցվելու ու առաջացնելու նոր տեսակներ, որոնք էլ, տասնյակ միլիոնավոր տարիներ հետո, կբերեն բանական մարդու առաջացմանը։