Այրվող հսկան՝ անապատում, 80-ամյա Դալայ Լամայի ելույթն ու զինվորական գաղտնաբառը. Աշխարհի (ու Հայաստանի) հայտնի փառատոնների հետքերով
Ամառը շատերիս մոտ ասոցացվում է հանգստի, ծովափի, լավ ֆիլմերի, ընկերների հետ հանդիպումների և ճամփորդությունների հետ։ Այս ցանկում ոչ պակաս կարևոր տեղ է գրավում ևս մեկ ուղղություն՝ փառատոնները։ Աշխարհում հարյուր հազարավոր մարդիկ ամբողջ տարի պատրաստվում են համաշխարհային հաջողություն գրանցած փառատոններին։ Որոշներն ամբողջ տարի գումար են հավաքում այդ օրերի համար, մյուսներն ամիսներ առաջ արդեն պատրաստում են հատուկ այդ օրերի համար նախատեսված հագուստն ու աքսեսուարները։ Այս անդրադարձով փորձենք հասկանալ, թե որն է այս փառատոնների ֆենոմենը, ինչպես են դրանք ստեղծել և ինչ ճանապարհ են անցել։
BURNING MAN
Պատկերացրեք՝ ամեն տարի անապատում զրոյից ստեղծել քաղաք, մի շաբաթ ապրել այնտեղ ու հետո «հետ հավաքել» քաղաքը։ Burning Man֊ում հենց սա էլ արվում է։ Նևադայի Ռինո քաղաքից մոտ 193 կմ դեպի հյուսիս գտնվող Black rock անապատում ամեն տարի օգոստոսի վերջին երկուշաբթիից մինչև ամերիկյան Աշխատանքի օրն անցկացվում է ամենաքննարկվող փառատոններից մեկը։ Burning Man֊ն ավարտվում է հենց անվանը համապատասխան՝ այրում են փայտե հսկա մարդուն, որը նախորդող ութ օրվա ընթացքում ստեղծված արվեստի արդյունք է։
Առհասարակ, այս փառատոնը նկարագրվում է որպես ինքնարտահայտման հարթակ, որտեղ մարդիկ ազատ են ստեղծել այն, ինչ ուզում են, լինել այն՝ ինչ ուզում են, հագնել ու անել այն՝ ինչ ուզում են։ Անշուշտ՝ կարմիր գծերն ու «քաղաքային օրենքները» չխախտելու շրջանակում։
Փառատոնի ութ օրվա ընթացքում մասնակիցներն անապատում ներկայացնում ու ստեղծում են արվեստի գործեր, ծանոթանում ու շփվում տարբեր մոտեցումներ ունեցող մարդկանց հետ և ապրում են՝ ապավինելով սեփական ուժերին։ Սա նաև գոյատևման մի յուրօրինակ փորձություն է, քանի որ մասնակիցները պատասխանատու են իրենց տարածքի, ուտելիքի, անվտանգության, մաքրության, բարձր ջերմաստիճանի կամ ուժգին քամու պայմաններում գոյատևելու և այլ հարցերի համար։ Ի դեպ, այս փառատոնի շրջանակում ոչ մի սմարթֆոն, առհասարակ ոչ մի հեռախոս չեք գտնի։ Այստեղ հատուկ պատճառ փնտրել պետք չէ, պարզապես անապատում կապ չկա։
Առաջին փայտե մարդու նմանակը վառվել է դեռ 1986 թվականին՝ Սան Ֆրանցիսկոյի ափերից մեկում։ Ինչպես շատ լավ նախագծեր, սա ևս մի խումբ ընկերների գաղափար է եղել։ Հետո արդեն մասնակիցներն ավելացել են և Burning Man֊ը տեղափոխվել է Նևադայի անապատ։
Վերադառնալով քաղաքի օրենքներին։ Կա մի քանի պայման, որոնք հստակ կարմիր գիծ են։ Օրինակ՝ արգելվում է օգտագործել գումար՝ թղթադրամի կամ ցանկացած այլ տեսքով։ Փոխարենը մասնակիցները բարտերի կամ էլ նվիրատվության տարբերակներից կարող են օգտվել։ Ի դեպ, կատակ չէր, երբ ասում էինք, որ ամեն ինչի պատասխանատուն հենց մասնակիցներն են՝ սկսած անապատում մեկ շաբաթ ջուր ունենալուց մինչև էլեկտրաէներգիա։ Այս «քաղաքում» խանութներ չկան, վաճառվում են միայն ամենակարևորները՝ սուրճ և սառույց։ Քաղաքացիական և բնապահպանական պատասխանատվությունը ևս փառատոնի խիստ կանոններից է։
Ամեն տարի փառատոնին մասնակցում է մոտ 70,000 մարդ։ Մասնակիցները սա համարում են արվեստի և ինքնարտահայտման տոն, որտեղ յուրաքանչյուրն ինստալացիաների, ներկայացումների, համերգների, ցուցահանդեսների, երաժշտության և շատ այլ միջոցներով կարող է ներկայացնել իր պատկերացումները։ Փառատոնն ամեն տարի տարբեր թեմաներ է ունենում և ստեղծագործական գործընթացը հենց այդ թեմաների շուրջ է ձևավորվում։
TOMORROWLAND
Ի տարբերություն Burning Man֊ի՝ Tomorrowland֊ը հստակ ուղղվածություն ունի։ Եթե երաժշտությունը ձեզ էյֆորիկ ապրումներ է պարգևում և աշխարհի լավագույն դիջեյներին տեսնելը միշտ ձեր երազանքն է եղել, ապա Tomorrowland֊ն այն վայրն է, որտեղ պետք է կյանքում գոնե մեկ անգամ լինել։
Ամեն տարի Բելգիայում անցկացվող փառատոնն առաջին անգամ 2005 թվականին է կայացել։ Այդ ժամանակ մասնակիցների թիվը հասնում էր 10,000֊ի։ Առաջին տարում կազմակերպիչները բելգիացիներին անվճար տոմսեր էին բաժանում, որպեսզի փառատոնը բազմամարդ լինի։ Հետո արդեն՝ ոչ թե անվճար, այլ առհասարակ տոմս գտնելը բարդ գործ դարձավ։
Ի սկզբանե Tomorrowland֊ը մեկօրյա փառատոն էր, բայց այսօր արդեն այն անցկացվում է երկու կամ երեք ուիքենդի ընթացքում, և նույնիսկ այս դեպքում տոմսերը րոպեների ընթացքում են վաճառվում։ Փառատոնի մասնակիցների թիվն ամեն տարի հասնում է մի քանի հարյուր հազարի։ Tomorrowland֊ի հաջողության գրավականն այն է, որ կազմակերպիչները միջակ միջոցառումներ վստահաբար չեն սիրում։ Բելգիայի ամենահայտնի երաժշտական իրադարձությունն արդեն վաղուց դարձել է նաև Եվրոպայի այցեքարտը։
COACHELLA
Ամենամյա երաժշտական այս փառատոնը Միացյալ Նահանգներում և աշխարհում ամենահայտնի և ամենաշահութաբեր երաժշտական փառատոններից է։ Առաջին անգամ կայացել է 1999 թվականին, 2001֊ից էլ տեղի է ունենում ամեն տարի։ Այս ամառային ցանկի բացառությունն է Coachella֊ն, քանի որ տեղի է ունենում ապրիլի 3-րդ կամ 4-րդ շաբաթը։
Այս փառատոնը հարթակ է երաժշտական տարբեր ճաշակներ ունեցող մարդկանց ավելի լայն շրջանակի համար։ Հիփ֊հոփ, էլեկտրոնային, փոփ, ռոք և այլն. տարբեր ժանրերի երաժշտական խմբերի համար սա ելույթ ունենալու ամենացանկալի հարթակներից է։
Փառատոնի տարածքում միաժամանակ մի քանի բեմ և տաղավար է գործում։ Արտիստների կատարումները ևս միաժամանակ են տեղի ունենում։ Ի դեպ, փառատոնի շրջանակում նաև ցուցահանդեսներ են կազմակերպվում, մասնավորապես՝ քանդակների։ Այս փառատոնը ևս ինքնարտահայտման տարբերակներ փնտրող երիտասարդ արտիստների համար դարձել է ամենացանկալի հարթակներից մեկը։
Coachella֊ի մասնակիցների թիվը ևս հարյուր հազարների է հասնում։ Եթե առաջին փառատոնի տոմսի արժեքն ընդամենը 50 դոլար էր, ապա այսօր տոմսի արժեքը մի քանի հարյուր դոլարից միայն սկսվում է։
GLASTONBURY
Glastonbury փառատոնն ամենահնաբնակն է։ Անցկացվում է 1970 թվականից՝ Մեծ Բրիտանիայի Գլասթոնբերի քաղաքի մոտակայքում։ Այս փառատոնը համարվում է բրիտանական երաժշտական տարվա գլխավոր իրադարձություններից մեկը։ Glastonbury֊ի դեպքում ևս տարբեր ժանրեր, ներկայացումներ ու ցուցադրություններ կտեսնեք, բայց ռոք համերգները գլխավոր շեշտադրումներից են։ Glastonbury֊ի հիմնադիրը ֆերմեր Մայքլ Իվիսն է։ Հենց նրա տարածքում էլ անցկացվում է փառատոնը։ Իվիսն այս գաղափարով վարակվել է, երբ նույն 1970 թվականին փառատոններից մեկի ժամանակ մասնակցել է Led Zeppelin֊ի համերգին։
Փառատոնին մասնակցելն առաջին հերթին ենթադրում է, որ երկար ճանապարհ պիտի կտրեք֊անցնեք, անգամ եթե Մեծ Բրիտանիայում եք։ Ներս մտնելու հերթերը ևս դաժան են, բայց մասնակիցները պնդում են, որ «վրանապատ քաղաք» մուտք գործելուց հետո մոռանում եք բոլոր անհարմարությունների մասին։ Այստեղ ևս քաղաքն իր օրենքներն ունի։ Բրիտանական օրենքները, իհարկե, գործում են, բայց ներքին կանոնները փոքր-ինչ այլ են, այսպես ասած՝ ավելի «ազատ»։ Մարդկանց հնարավորություն են տալիս հատել անձնական ու հասարակական ինչ֊որ սահմաններ և զգալ ազատության շունչը։
Ի դեպ, 2020 թվականին Glastonbury֊ի 50-րդ հոբելյանական փառատոնը պիտի նշվեր մեծ շուքով։ 135,000֊ից ավելի տոմս արդեն վաճառվել էր։ Բայց, ինչպես ենթադրում եք, կովիդը փչացրեց նաև այս պլանները։ Ամեն դեպքում, 2022 թվականին փառատոնն իր պատմության մեջ ամենազանգվածային և ամենահնչեղ comeback֊ն արեց։ Բեմում էին Բիլլի Այլիշը, Քենդրիկ Լամարը, Փոլ ՄըքՔարթնին և շատ այլ հայտնիներ։
Glastonbury փառատոնի շրջանակում ելույթ է ունեցել անգամ Դալայ Լաման։ 2015 թվականին նրան հրավիրել էին փառատոնի փակմանը խոսք ասելու համար։ Դալայ Լաման հանդիսատեսին խաղաղության և կարեկցանքի մասին ուղերձ հղեց և սա դարձավ փառատոնի ամենահայտնի դրվագներից մեկը։
LOLLAPALOOZA
Եվ վերջապես՝ Lollapalooza։ Ամենամյա այս փառատոնն անցկացվում է Չիկագոյում։ Փառատոնի բեմերից կլսեք ծանր մետալ, հիփ հոփ, փանկ ռոք խմբերի ելույթներ, նաև շոուների ականատես կլինեք։ Փառատոնն առաջին անգամ կազմակերպվել է 1991 թվականին։ Հիմնադիրը Փերի Ֆարելն է, որն այս փառատոնն ի սզբանե կազմակերպել էր որպես իր Jane's Addiction խմբի հրաժեշտի շրջագայություն։ Հետո արդեն փառատոնը դարձավ ամենամյա։
Հետաքրքիր է փառատոնի անվան ծագումնաբանությունը։ Այս բառը 19֊րդ դարավերջի և 20֊րդ դարասկզբի ամերիկյան արտահայտություն է։ Նշանակում է «ինչ֊որ արտասովոր բան»։ Իսկ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ ԱՄՆ զինվորականները բառն օգտագործում էին որպես գաղտնաբառ՝ լրտեսներին բացահայտելու համար։ Բանն այն էր, որ լեզվական առանձնահատկությունների պատճառով ճապոնացիները բառը ճիշտ արտաբերել չէին կարողանում։
Վերադառնալով մեր օրեր։ Lollapalooza֊ն և երաժշտական մյուս փառատոնները ևս միայն լավ ժամանցի, երաժշտության ու շրջապատի մասին չեն։ Այստեղ վերահսկողություն պահելը շատ բարդ գործ է, և հաճախ կարող է խնդիրների հանգեցնել։ Օրինակ, 2022 թվականի Lollapalooza֊ի մասնակիցների 96%֊ն ասել է, որ պլանավորում է փառատոնի ընթացքում թմրանյութ օգտագործել։ Մի քանի տասնյակ մարդ փառատոնի ժամանակ հոսպիտալացվել Է, մոտ երկու տասյակն էլ՝ ձերբակալվել։ Անշուշտ, ազատ և չքննադատող միջավայր ձևակերպումը բազմաթիվ մեկնաբանություններ կարող է ստանալ և չափազանց դժվար է կառավարել մի քանի հարյուր հազար մարդու գործողությունները։ Ամեն դեպքում, թե՛ Lollapalooza֊ի, թե՛ մյուս փառատոնների դեպքում կազմակերպիչներն առնվազն փորձում են ապահովել միջավայր, որի պայմաններում իրավիճակը վերահսկողությունից դուրս չի գա։
ՀԱՅԿԱԿԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. LOOPDEVILLE
Հայաստանը, իհարկե, երկար ճանապարհ ունի անցնելու մինչև նման մեծամասշտաբ փառատոնների հետ համեմատվելը։ Բայց այնպես էլ չէ, որ մեր երկրում փառատոնային այս մշակույթն առհասարակ բացակայում է։ Ավելին, մի քանի օրից Հայաստանում հինգ տարեկան է դառնում Loopdeville փառատոնը, որը վերջին տարիներին հարյուրավոր մարդկանց համախմբում է էլեկտրոնային երաժշտության և մարդկային շփումների շուրջ։
Մի փոքր բացահայտենք հայաստանյան իրականության համար եզակի այս փառատոնը։ Դրա անունը շատ արագ է որոշվել։ Loop՝ շրջափուլ, de ville՝ գյուղ։ Փառատոնի և «Պոլիգրաֆ» ակումբի համահիմնադիր Դավիթ Սուքիասյանը հարցրել է իր լիտվացի DJ ընկերոջը, որն էլ առանց վարանելու պատասխանել է՝ Loopdeville, և չի պարզաբանել՝ ինչու։
«Գյուղ, որտեղ հայտնվելուց հետո այլևս չես կարողանում դուրս գալ շրջափուլից։ Ես այդպես եմ ընկալել։ Այս ձևաչափի շուրջ էլ ստեղծվել է փառատոնը, որովհետև իսկապես ցանկացել ենք, որ այն երկար կյանք ունենա»,- նշել է նա:
2018 թվականին Դիլիջանում տեղի ունեցավ Loopdeville-ի 3-րդ միջոցառումը, որին մոտ 200 մարդ մասնակցեց։ 2019-ին նույն վայրում այցելուների թիվն արդեն եռապատկվեց, ու հենց այդ ժամանակ Loopdeville-ն ընկալվեց ոչ թե պարզապես որպես միջոցառում, այլ որպես փառատոն։
Պոլիգրաֆ ակումբի հաղորդակցման տնօրեն Հարմիկ Մաքերթումյանի խոսքով՝ Loopdeville-ը սկիզբ դրեց «Պոլիգրաֆի» ստեղծմանը, ինչպես նաև մի ամբողջ նոր բնագավառի զարգացմանը, որը Հայաստանի համար լուրջ տնտեսական ուղղություն կարող է դառնալ։
Loopdeville-ին նվագում են թե՛ միջազգային, թե՛ տեղի արտիստները։ Այս տարի փառատոնին են միանալու վրացական Bassiani ակումբի ռեզիդենտ DJ-ները։ Նրանք ելույթ են ունենալու փառատոնի առաջին օրը։ Անցյալ տարիներին Loopdeville-ին մասնակցել են այնպիսի արտիստներ, ինչպիսիք են Գերմանիայից DJ Spit-ը, Ամստերդամից Rene Wise-ը, Վրաստանից Ani Kvirkvelia-ն, Դանիայից Schacke-ն, Ֆինլանդիայից Sansibar-ը։ Չնայած միջազգային այս ներկայացվածությանը, տեղի արտիստները փառատոնի տարբեր բեմերում մեծամասնություն են կազմում, այս տարի 20-ից ավելի հայ արտիստ է ելույթ ունենալու։
Բացի երաժշտական տոն լինելուց, այս փառատոնը ձևավորում է համակեցության մշակույթ։ Այն առաջին հերթին համերաշխ ապրելու, կարեկցելու, ազատ ինքնարտահայտման հնարավորություն տալու մասին է։ Այս գաղափարն արտահայտվում է ոչ միայն երաժշտության, այլև ներկայացված ձեռքի աշխատանքների, համատեղ ակտիվությունների, բնության գրկում հանգիստն ու երաժշտությունը վայելելու և այլ արտահայտչամիջոցներով։
Դե իսկ հիշարժան պահերի մասին խոսելիս Loopdeville֊ի կազմակերպիչներն ասում են՝ ինչ տեղի է ունենում Loopdeville֊ում, մնում է Loopdeville֊ում։