Հագուստը՝ բնավորություն, գնահատականը՝ ավելորդությո՞ւն. Ֆիննական դպրոցական համակարգը՝ առանց կանխակալ հիացմունքի
Ամառային արձակուրդներին հասցրինք խոսել լավագույն գրքերից, ֆիլմերից, երգերից, փառատոններից ու շատ այլ թեմաներից, իսկ հիմա իրականություն վերադառնալու ժամանակն է. Վաղը սեպտեմբերի 1-ն է։
Ինչո՞ւ է դպրոց հաճախելը երեխաների մի մասի մոտ բացասական ասոցիացիաներ առաջացնում ու ի՞նչ անել, որպեսզի երեխան փոքր տարիքից գիտակցի կրթության կարևորությունը, կամ էլ այնպիսի պայմաններ ստեղծված լինեն, որ դպրոցականը սիրահարվի ուսումնական այդ միջավայրին և կարիք չլինի հիշեցնելու, որ «զանգն ուսուցչի համար է»։
Ֆինները սրա լուծումը քիչ թե շատ գտել են։ Իհարկե, ծայրահեղությունների հետևից ընկնել և առասպելական հաջողություններ էլ վերագրել պետք չէ, բայց այո՛, ֆիննական կրթական մոդելն աշխարհում լավագույններից է։ PAN-ն առաջարկում է հասկանալ, թե ինչու են մարդիկ դպրոցական կրթության մասին խոսելիս անմիջապես Ֆինլանդիայի օրինակը բերում։ Ի դեպ, շատ դեպքերում այս օրինակը բերող մարդիկ անգամ իրենք էլ ծանոթ չեն համակարգին, բայց մի տեղ լսել կամ կարդացել են, որ «ճիշտը ֆիննական մոդելն ա»։
ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
Ֆիննական կրթական համակարգի ձևավորումը մեկ կամ երկու տարվա գործ չէ։ Դեռ նախորդ դարի կեսերից երկիրը լուրջ և համակարգային փոփոխությունների էր ենթարկում կրթական ոլորտը։ Արդյունքները ևս տեսանելի չէին ոչ մեկ֊երկու տարում, ոչ էլ անգամ մեկ տասնամյակում։ Տեղային լուծումների փոխարեն Ֆինլանդիան ընտրեց երկարաժամկետ ներդրումների և թիրախային ու համակարգային փոփոխությունների ճանապարհը։ Արդյունքում արդեն 2000֊ականների սկզբում մեկը մյուսի հետևից գրանցած արդյունքներն ու միջազգային որակավորումները փաստեցին՝ Ֆինլանդիայում կրթական բարեփոխումները հասել են որակապես նոր մակարդակի։
Կրթական տուրիզմ արտահայտությանը ֆինները ծանոթացան սեփական օրինակի վրա։ Աշխարհի տարբեր ծայրերում՝ զարգացած ու զարգացող երկրներից հազարավոր մասնագետներ, ուսանողներ, կրթական քաղաքականություն մշակողներ մեկնում էին Ֆինլանդիա՝ տեղում և ներսից ծանոթանալու կրթական համակարգի առանձնահատկություններին և պրոեկտելու դրանք սեփական երկրի վրա։
Հենց սկզբում հերքենք այն լեգենդը, թե ֆիննական դպրոցները գործում են ամբողջապես անկախ պայմաններում և միայն իրենք են որոշում՝ ինչ ռազմավարություն որդեգրել։ Իրականում հատկապես մինչև 2000֊ականների բումը՝ նախկին առնվազն երեք տասնամյակը ծանր աշխատանքի տարիներ էին։ Դպրոցները մշտապես հաշվետվություն էին ներկայացնում ազգային կրթական խորհրդին, ստանում համապատասխան ցուցումներ ու վերանայում արվող աշխատանքը։ Հենց այդ խիստ վերստուգող համակարգն էր, որ վերջին գոնե երկու տասնամյակում ֆիններին թույլ է տալիս քիչ թե շատ ազատականացնել համակարգը և դպրոցներին նաև անկախ գործելու և որոշումներ կայացնելու հնարավորություն տալ։
Մինչ ավելի մանրամասն քննարկման անցնելը, կարելի է պարզապես արձանագրել, որ ֆիննական մոդելի հիմքում հենց ամենասկզբից երեխաներին տրամաբանելու, վերլուծելու, փորձառություն ձեռք բերելու և կյանքում պիտանի ու անհրաժեշտ հմտություններ ստանալու առանցքային գաղափարն էր։ Այլ կերպ ասած՝ ֆիննական դպրոցական համակարգի սկզբունքը հետևյալն է՝ սովորեցնել այն հիմունքները, որոնք կնպաստեն ինքնավստահ, պատասխանատու և խելացի քաղաքացի դաստիարակել։ Ու երևի հենց սա է բացատրում այն հանգամանքը, որ ֆինն աշակերտների արդյունքները միջազգային օլիմպիադաներում հաճախ գերազանց են, բայց ոչ արտառոց փայլուն։
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Ֆիննական դպրոցներում դասերը սկսվում են օգոստոսի կեսին ու ավարտվում մայիսի վերջ֊հունիսի սկիզբ շրջանում։ Օրերը հստակեցված չեն, այստեղ յուրաքանչյուր դպրոց որոշումն ինքն է կայացնում՝ հաշվի առնելով դասացուցակը և այլ անհատական մոտեցումներ։ Ուսումնական տարվա ընթացքում երեխաները երկու֊երեք կարճատև արձակուրդ են ունենում։
Տարրական դպրոց երեխաները սկսում են հաճախել 7 տարեկանից։ Սա ևս հատուկ հետազոտությունների արդյունք է։ 6 կամ հատկապես 5 տարեկանից դպրոց հաճախելը Ֆինլանդիայում չի անցնում։ Փոխարենը մինչև դպրոցը մեկ տարի նախակրթարան հաճախելը և դպրոցական կյանքին նախապատրաստվելը պարտադիր է։ Ընդհանուր առմամբ, 2021 թվականից դպրոցական կրթությունը Ֆինլանդիայում 12 տարի է տևում։ Նախկինում պարտադիր կրթությունը 9 տարի էր, բայց 2021-ից դարձավ 12։ Սրա հիմքում այն հետազոտությունն ու պնդումն էր, որ ժամանակակից աշխարհում աշխատանք գտնելու և հասարակության լիիրավ անդամ դառնալու համար մարդը պետք է մի շարք գիտելիքներ և հմտություններ զարգացնի, որոնք ձեռք բերելու համար պետք է առնվազն 12 տարի սովորել։
Տարրական դպրոցում՝ առաջին տարիներին, երեխաները սովորում են մաթեմատիկա, մայրենի լեզու, բնագիտություն և ընթերցանություն։ Ի դեպ, այս բոլոր առարկաները նույն ուսուցիչն է դասավանդում։ Հետո արդեն ավելանում է երկրորդ, երրորդ լեզուների ուսուցումը, ինչպես նաև երեխաների ընդհանուր զարգացվածությանը նպաստող առարկաներ, օրինակ՝ մեդիագրագիտություն, փայտով աշխատելու հմտություններ, համակարգչային դասընթացներ։ Երաժշտական որևէ գործիքի տիրապետելը դպրոցների մեծ մասում պարտադիր կամ գոնե խիստ ցանկալի պայման է։
Ինչ վերաբերում է դպրոցական համազգեստներին, ապա ֆիննական կրթական համակարգը հագուստի նման սահմանափակումներ չի դնում։ Այստեղ երեխաներին թույլ են տալիս իրենց բնավորությունը արտահայտել նաև հագուստի միջոցով։ Անգամ ոտաբոբիկ դասարանում քայլելը նորմալ երևույթ է։
Երևի կարդացած կլինեք click֊ի հույսով գրված ինչ֊որ վերնագիր, որտեղ ասվում է, թե Ֆինլանդիայի դպրոցներում տնային աշխատանք չեն հանձնարարում ու երեխաները դասերից հետո ազատ են անել միայն այն, ինչ ցանկանում են։ Իհարկե, նման վերնագրեր գրելիս մարդիկ հաճախ օգտվում են չափազանցության կամ փոխաբերության գործիքներից, բայց չխեղաթյուրենք փաստերը։ Ֆինլանդիայի դպրոցներում տնային առաջադրանքներն իսկապես ավելի քիչ են, քան օրինակ մինչև գիշերը երեքը հաջորդ օրվա հանձնարարությունն անող հայ երեխաներինը։ Բայց նպատակն ամենևին էլ երեխաներին ծուլացնելը կամ համակարգչային խաղերի աշխարհում թողնելը չէ։ Հիմնական նյութն ուսումնասիրվում է դասարանում, ինչից հետո հենց դասարանում առաջադրանքներն են արվում։ Ի դեպ, երեխաներին գրատախտակի մոտ կանչելու երևույթը ֆիննական դպրոցներում հաճախ չեք հանդիպի։ Հետո արդեն տանը երեխաները ամրապնդում են օրվա գիտելիքները ու ժամանակ ունենում այլ զբաղմունքների համար։ Դպրոցները խրախուսում են ծնողների հետ գնալ թանգարաններ, համերգներ, շատ ժամանակ անցկացնել բնության գրկում և ընտանիքի հետ։
ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Ֆինլանդիայում երեխաներին կամ չեն գնահատում, կամ էլ գնահատում են խրախուսելու, ոչ թե պատժելու համար։ Ու, որ ամենակարևորն է՝ երեխայի գնահատականը տեսնում են միայն ինքն ու իր ծնողները։ Ինչ֊որ մեկի բարձր կամ ցածր նիշը դասարանում քննարկման կամ ծաղրի թեմա չի դառնում։
Ուսման առաջին տարիներին՝ տարրական դպրոցում, երեխաներն առհասարակ չեն գնահատվում։ Բայց որպեսզի ծնողներն ընդհանուր պատկերացում կազմեն երեխայի առաջադիմության մասին՝ ուսուցիչները նրանց հատուկ ֆորմատով բնութագրեր են տալիս։ Ավագ դպրոցում արդեն աշակերտներին 10 բալանոց համակարգով են գնահատում՝ էլեկտրոնային մատյանների մեջ։
Քննությունների մասին։ Ֆինլանդիայում քննություն ասվածը մի փոքր տարբերվում է մեր պատկերացրած քննությունների ստանդարտ ձևաչափից։ Ստուգողական աշխատանքներ լինում են, բայց քննություն որպես այդպիսին հանձնում են միայն ընդունելության քննությունների ժամանակ։ Ֆինլանդական կրթական մոտեցումները բնորոշող շատ մեջբերված մի արտահայտություն կա. «Երեխաներին կամ կյանքի համար պետք է պատրաստել, կամ քննությունների. Մենք ընտրում ենք առաջին տարբերակը»։
Այս մոտեցումը կյանքի կոչող ուսուցիչները Ֆինլանդիայում իսկապես շատ հարգված են։ Եթե այլ երկրներում ուսուցչի մեկ հաստիքի համար ասենք երկու֊երեք մարդ է պայքարում, ապա Ֆինլանդիայում այս թիվը կարող է հարյուրի հասնել։ Կողքից կարծիք ասողները պնդում են, որ ուսուցիչները Ֆինլանդիայում բժշկին ու իրավաբանին հավասար անուն ունեն։ Ի դեպ, ուսուցիչների կրթական մակարդակը ևս այստեղ չափազանց կարևոր է։ Մագիստրոսական աստիճան ունենալը՝ պարտադիր։
ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Սկսենք նրանից, որ Ֆինլանդիայում դպրոց հաճախելն անվճար է։ Ու անվճար ասելով նկատի ունենք ամբողջ համակարգը՝ դասագրքերից մինչև լանչ ու անհրաժեշտության դեպքում նաև տրանսպորտ։ Այս ծախսերը հոգում է պետությունը։ Ֆիննական համակարգում դպրոցների մեծ մասը պետական է, մասնավոր դպրոցներ թեև կան, բայց համեմատության մեջ շատ ցածր տոկոս են կազմում ու կրկին պետության հետ են համագործակցում։
Հավասարության սկզբունքը ֆիննական համակարգում առաջնային կետերից է։ Այստեղ կողք կողքի սովորում են ամենաօժտված երեխաներն ու մտավոր հաշմանդամություն ունեցողները։ Երեխաների համար մշակվում է ուսուցման անհատական ծրագիր, իսկ այն, ինչը մենք կրկնուսույցի մոտ պարապել ենք անվանում, արվում է դպրոցում՝ դասերից հետո ու անվճար։ Աշակերտներին համեմատության մեջ դնելը, ըստ ընդունակությունների բաժանումներ անելը խիստ խորթ երևույթ է։ Ֆիննական համակարգում ասում են՝ «ոչ թե մրցակցություն, այլ համագործակցություն»։
Ի դեպ, այս հավասարության սկզբունքը կիրառելի է նաև առարկաների դասավանդման դեպքում։ Հետագայում աշակերտը որևէ հստակ ուղղվածություն կարող է ընտրել, բայց ընդհանուր համակարգը չի խրախուսում գերադասել ու կարևորել մեկ առարկան՝ մյուսից։ Ասենք, պնդել, որ ֆիզիկան նկարչությունից կարևոր է։ Բոլորը ստանում են հավասար պայմաններ իրենց ցանկություններն ու ունակություններն առանց ճնշման բացահայտելու համար։ Իհարկե, կան նաև մասնագիտացված դպրոցներ՝ հստակ ուղղվածությամբ, այստեղ արդեն այլ պայմաններ և նաև ընդունելության հստակ կանոններ են գործում։
Վերադառնալով անհատական մոտեցման սկզբունքին՝ մի կարևոր դիտարկում ևս։ Դասարանում կամ տանը արվող առաջադրանքները ամենևին էլ պարտադիր չէ, որ նույնը լինեն բոլոր աշակերտների համար։ Ըստ երեխայի ունակությունների ու այլ հանգամանքներ հաշվի առնելով ուսուցիչը կարող է հատուկ մշակված պլանով առաջնորդվել յուրաքանչյուր աշակերտի հետ։
Պրակտիկ լինելն ու կյանքին պատրաստ լինելը, ինչպես նկատեցիք, ֆիննական ուսուցման կարևոր սկզբունքներից ու նախապայմաններից մեկն է։ Սովորեցնել այն՝ ինչը կիրառելի կլինի կյանքում։ Ու որպեսզի ավելի պատկերավոր հասկանաք՝ երեխաներին օրինակ սովորեցնում են, թե ինչ է պայմանագիրը, բանկային քարտը, ինչպես հաշվել շահույթը կամ համացանցում կայք ստեղծել։
Ու մի բան ևս. Ֆիննական համակարգը չի պարտադրում «գերազանցիկների» սերունդ մեծացնել։ Հենց դպրոցից հստակ է, որ ոչ բոլորն են տիեզերագնաց կամ ֆիզիկոս դառնալու։ Ու ո՞վ ասաց, որ մյուս մասնագիտությունները պակաս կարևոր են։ Աշակերտներին հնարավորությունների ամբողջ գունապնակը ներկայացնելուց հետո ուղղորդում են ընտրել այն, ինչը համապատասխանում է նրա կարողություններին ու ցանկություններին։
ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ
Ամփոփելով ֆիննական կրթական համակարգի մասին մեր քննարկումն ու երազելով Հայաստանում խորը ուսումնասիրությունների վրա հիմնված և երկրին հատուկ առանձնահատկությունները հաշվի առնող կրթական համակարգ տեսնել, պետք է հստակ ընդգծենք մի բան։ Ֆիններն ամենևին էլ չեն կարծում, որ իրենց կրթական համակարգը երազանքի համակարգ է ու հենց այն է, ինչ պետք է ամբողջ աշխարհին։ Իրականում այս համակարգը ևս բազմաթիվ խնդիրներ ունի, որոնք գուցե առաջին հայացքից չեն երևում կամ ընդհանուր պատկերի վրա չեն ազդում, բայց ամեն դեպքում՝ խնդրահարույց են։
Շատ լավ է, որ ֆինն դպրոցականներն աշխարհի ամենաընթերցասեր դպրոցականներն են համարվում, բայց մի շարք հետազոտություններ ցույց են տալիս, որ դեռահաս աշակերտների շրջանում հոգեբանական բազմաթիվ խնդիրներ կան ու նրանցից շատերը սոցիալական աշխատակիցների կամ էլ հոգեբանների հետ են աշխատում։ Աշակերտների մի մասն էլ կարծում է, որ ուսուցիչներն իրենց մասին բավականաչափ հոգ չեն տանում, իսկ համակարգը հստակ գծված կանոններով է և բացառություններ չի սիրում։
Ամեն դեպքում, ֆիններն առողջ ինքնաքննադատություն ունեն։ Ընդունում են, որ նույն համակարգով տասնյակ տարիներ հաջողություն գրանցելն այնքան էլ խելքին մոտ չէ։ Նոր ծրագրեր ու մեթոդներ են մշակում ճգնաժամային իրավիճակները հաղթահարելու համար, իսկ այդ ընթացքում մեր դպրոցներում ֆոնդի փող են հավաքում, իսկ որոշ դասագրքերում այնպիսի «բանաստեղծություններ» տպագրում, որոնք օրերով Facebook-ում մեծահասակների քննարկման թեման են դառնում։